Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
30 ՏԱՐԻ ԱՆՑ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՊԵՍ ԿՌՎԵՑ ՈՒ ԶՈՀՎԵՑ ՀԱՆՈՒՆ ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԻ...
30 ՏԱՐԻ ԱՆՑ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՊԵՍ ԿՌՎԵՑ ՈՒ ԶՈՀՎԵՑ ՀԱՆՈՒՆ ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԻ…

30 ՏԱՐԻ ԱՆՑ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՊԵՍ ԿՌՎԵՑ ՈՒ ԶՈՀՎԵՑ ՀԱՆՈՒՆ ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԻ...Արցախյան պատերազմում հավերժացած զինվորների շարքը համալրվեց ևս մեկ հերոսով՝ Ալեքսանդր Սարգսյան. երեսուներկուամյա երիտասարդը Հայրենիքի կանչով պատերազմի առաջին օրն իսկ զինվորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ։  Ալեքսանդրը դեռ մանկուց գիտեր, թե ինչ է նշանակում պայքարել հանուն մեծ նպատակի. նրա հայրը արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից էր, պայքարի առաջամարտիկներից մեկը։ Արցախ Համլետ անունն ստացած հայ ռազմիկը 1993 թ. մասնակցել է Սարսանգի ջրամբարի ազատագրմանն ու ընկել հերոսի մահով։ Նախախնամության վճռով, երեսուն տարի անց Արցախ Համլետի որդին է  կռիվ տվել ու զոհվել նույն դիրքում…

Հերոսն արմատներով արցախցի էր։ Համեստ, նվիրյալ, ազնիվ ու հայրենասեր տեսակ։ Մայրը՝ տիկին Արևիկը, միակ զավակին դաստիարակել ու մեծացրել էր ամուսնու պատգամով՝ հայրենիքի համար  վերջնական հաղթանակը կերտելու մղումը ներարկելով։ Ալեքսանդրը բժշկական  համալսարանի քոլեջում  էր սովորել, այնուհետև ԵՊՀ բանասիրության  ֆակուլտետն էր ավարտել։ Երեք զավակների հայրը ամեն հնարավոր առիթով հպարտանում էր որդով, շեշտելով, որ իր փոքրիկ Համլետը մեր երկրի վաղվա զինվորն է լինելու։ Ինքը՝ Ալեքսանդրը, պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել. ծնողազուրկ էր։ Բայց  հայրենիքի նվիրյալը չէր կարող անմասն մնալ այդ առաքելությունից։ Որոշել էր բացը լրացնել  պայմանագրային ծառայությամբ։ Վեց տարի Ալեքսանդր Սարգսյանը ծառայել է  խաղաղապահ ուժերի բրիգադի կազմում, առաքելությունների մասնակցել Աֆղանստանում։ Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սանձազերծեց պատերազմը, նա անտեսելով կնոջ՝ Լիլիթի հորդորները, մեկնեց ռազմաճակատ՝ ընտանիքին փոխանցելով՝ Արցախը հայինն է ու հայինն է լինելու միշտ…

30 ՏԱՐԻ ԱՆՑ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՊԵՍ ԿՌՎԵՑ ՈՒ ԶՈՀՎԵՑ ՀԱՆՈՒՆ ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԻ...Ռազմաճակատում Ալեքսանդրը կռվել է արիաբար, իրեն վստահված մարտական խումբը առաջնորդել ու ապահով հասցրել է հրամկազմի մատնանշած վայրը։ Զոհվել է հոկտեմբերի 1-ին Մարտունու շրջանից դեպի Մատաղիս գնացող ճանապարհին՝  արկի պայթյունից, ճիշտ այն հատվածում, որտեղ հայրն էր զոհվել Արցախյան ազատամարտի ժամանակ։ Փետրվարի 18-ին Ալեքսանդր Սարգսյանը կդառնար 33 տարեկան։ Ընկերների հուշերում նա  մնաց որպես հայրենասեր ու պայքարող, հայի չնահանջող տեսակ։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ