Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ
ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ

Հատված Արցախյան պատերազմի հերոս Դավիթ Սարապյանին նվիրված «Մեր օրերի Դավիթը» գրքից

 

«ԵՍ ԻՄ ՊԱՏԻՎՆ ԷԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ…»

 

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ1972 թվականին, երբ Դավիթը դեռ 6 տարեկան էր, ծնողները, տեսնելով փոքրիկի օժտվածությունը, որոշեցին նրան ուղարկել դպրոց: Ձերժինսկու անվան դպրոցի տնօրենը, սակայն, կտրականապես հրաժարվում է ընդունել երեխային, որի յոթ տարին դեռ չէր լրացել: Ինչքան էլ մայրը՝ տիկին Էմման, համոզում էր նրան՝ ասելով, որ տղան շատ ընդունակ է, տնօրենն անդրդվելի էր:

Այդ խոսակցության ժամանակ Դավիթը լուռ էր, սակայն, երբ մայրն արդեն հրաժեշտ էր տալիս տնօրենին, նա ասաց վերջինիս.

-Դուք ինձ չեք ճանաչում, չցանկացաք անգամ հարցեր տալ, ստուգել իմ գիտելիքները և չեք ուզում ինձ ընդունել:

Տնօրենը, որ անչափ զարմացել էր լսելով մանկան խելամիտ դատողությունները, ասում է.

-Դե, լավ, փորձենք քեզ ստուգել: Ի՞նչ կարող ես պատմել:

Դավիթը պատասխանում է.

– Ուզո՞ւմ եք՝ Ձեզ պատմեմ Բեռլինի գրավումը:

Տնօրենն ստիպված է լինում արտակարգ խելացի փոքրիկին ընդունել առաջին դասարան…

Դպրոցը ռուսական էր, և Դավիթը, իր կամքից անկախ, ռուսական կրթություն ստացավ, որի համար ապագայում շատ էր ափսոսում. չէր ներում ծնողներին: Այս զգացողությունն է՛լ ավելի խորացավ, երբ սկսեց ստեղծագործել: Նա ուզում էր գրել մայրենի լեզվով, որպեսզի կարիք չլիներ թարգմանելու:

Առաջին և սիրելի ու անմոռանալի ուսուցչուհին Արփենիա Եփրեմովնան էր: Նա ամբողջ կյանքում հիշում էր, թե ինչպես է Դավիթն առաջին դասարանում կռվել համադասարանցի տղաներից մեկի հետ, իսկ իր հարցին, թե ինչո՞ւ է այդպես վարվել, փոքրիկ ասպետը լրջորեն պատասխանել է.

– Ես իմ պատիվն էի պաշտպանում…

Եվ այդ ասպետական օրենքներով էլ նա ապրեց իր ողջ հետագա կյանքում:…

Տարիներ անց, գիտակցելով իր արտաքինի փոփոխության անհրաժեշտությունը, սկսեց հաճախել տարբեր մարզախմբակներ: Ուժերը փորձելով գրեթե բոլոր մարզաձևերում՝ ընդհուպ մինչև լեռնագնացություն: Դավիթն ընտրեց արևելյան մարտարվեստը: Այդ պարապմունքները շատ դրական ազդեցություն թողեցին նրա վրա. նա դարձավ ֆիզիկապես ուժեղ և ձեռք բերեց լավ մարզավիճակ, գեղեցիկ կազմվածք: Իսկ արդեն ավարտական դասարաններում Դավիթն իսկական աթլետ էր՝ բարձրահասակ, բարեկազմ, մարտիկի ճկուն քայլվածքով:

Նրա մարզիչ Գրիգոր Միքայելյանը (այժմ՝ Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ) շատ գոհ էր իր ջանասեր աշակերտից, որն իր աշխատասիրության և համառության շնորհիվ լավ արդյունքների էր հասնում:

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸՀատկանշական է, որ մրցումների ժամանակ Դավիթին նկատել էր նաև Գրիգորի ընկերը՝ Արցախի թեմի ապագա առաջնորդ Պարգև քահանա Մարտիրոսյանը, որն այն ժամանակ աշխարհական էր և սև գոտի ուներ: Նա շատ լավ էր հիշում Դավիթին, որին տարիներ անց հանդիպեց Արցախում՝ որպես ազատագրական պայքարի մարտիկ:

Դավիթը գրավել էր նրա ուշադրությունն իր մարտական հատկանիշներով:

-Այդ համեստ և դաստիարակված երիտասարդի մեջ զգացվում էր ուժեղ ոգին, և ինձ թվում է՝ մարտարվեստում կոփված հենց այդ ոգին է հետագայում կռվի դաշտում այդպես փայլուն կերպով դրսևորվել,- ասում է Պարգև Սրբազանը:

-Ի դեպ, այն խումբը, որտեղ պարապում էր Դավիթը, շատ լավն էր: Այդ խմբից էլի տղաներ զոհվեցին պատերազմում: Նրանցից ամեն մեկը յուրահատուկ էր. մեկը մյուսին նման չէր, բայց, միևնույն ժամանակ, մարդկային հատկանիշներով իրար չէին զիջում: Արտակարգ տղաներ էին,- հիշում է Գրիգոր Միքայելյանը:

 

ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ «ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ»

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1982 թվականին, Դավիթը հաջողությամբ ընդունվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ: Սակայն շատ շուտով նա հասկացավ, որ ընտրությունը սխալ էր. այդ բուհն իր տեղը չէր. ուսումն այնտեղ նրան ոչ մի բավականություն չէր պատճառում: Կիբեռնետիկան իր կոչումը չէր. չէ՞ որ ինքն ուներ ստեղծագործական հակումներ: Բայց, այնուամենայնիվ, նա շարունակում է սովորել: Նրա համար դժվար չէր տեխնիկական բարդ առարկաների յուրացումը, սակայն շուտով օբյեկտիվ պատճառներով նրա ուսումնառությունն ընդհատվեց: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում ընդունվեց օրենք, ըստ որի՝ ուսանողներն այլևս չէին ազատվում ժամկետային զինծառայությունից: Ի դեպ, այդ օրենքը գործեց ընդամենը մի քանի տարի:

Այսպիսով՝ 2-րդ կուրսից հետո 18-ամյա Դավիթի համար առաջ եկավ բանակ զորակոչվելու խնդիրը: Զինծառայությունից նրան ազատելու օրինական հիմնավորումներ կային. մանկուց Դավիթի տեսողությունն աստիճանաբար վատթարացման միտում ուներ, իսկ այդ պահին նրա կարճատեսությունն արդեն -9-ն էր: Զորակոչից ազատվելու համար կային նաև բժշկական և ծանրակշիռ այլ փաստարկներ, որոնցից կօգտվեին այլ զինակոչիկներ: Բայց ո՛չ Դավիթը: Ընդհակառակը, անկախ ամեն ինչից, նա հաստատապես որոշել էր ծառայել բանակում, և որպեսզի տեսողության հարցը չխանգարեր նրան, անգիր էր արել տեսողությունն ստուգելու համար կազմված տառերի աղյուսակը: Նա համոզված էր, որ իսկական տղամարդը պետք է անցնի «Արիության դպրոցը»: Այդ դպրոցը, իհարկե, անհրաժեշտ էր, բայց խորհրդային բանակը չէր կարող այդպիսի դպրոց լինել նրա համար: Դրանում Դավիթը շատ շուտով համոզվելու էր, իսկ այն ժամանակ նա լի էր վճռականությամբ, և ո՛չ մտերիմների կարծիքները, ո՛չ ծնողների հորդորները նրա վրա չազդեցին: Ծնողները, հարգելով որդու որոշումը, ստիպված համակերպվեցին: Սակայն այդ ապրումներից հոր առողջական վիճակը վատթարացավ. նա արդեն բավական առաջացած տարիքում էր:

♦♦♦

1984 թ. մայիսի 30-ին Դավիթը մեկնեց Ղազախստան: Այնտեղից էլ սկսվեց նրա ոդիսականը:

Հենց ծառայության սկզբից Դավիթն առողջական լուրջ խնդիրներ ունեցավ: Բայկոնուրի անբարենպաստ կլիման, տեղի անհասկանալի բաղադրությամբ ջուրը նրա վրա անասելի վատ հետևանքներ ունեցան: Դավիթը հյուծվել, ուժասպառ էր եղել: Իր համար այդ դժվար ժամանակահատվածում նա ծանր հարված ստացավ՝ մահացավ հայրը…

Ճակատագիրը նրան իրոք փորձության էր ենթարկում: Դավիթը չկարողացավ մասնակցել հոր թաղմանը: Նրան թույլատրեցին Երևան մեկնել ավելի ուշ: Այստեղ Դավիթը ժամերով նստում էր հոր շիրիմի մոտ. ներողություն էր խնդրում: Նա դեռ շատ վաղուց էր որոշել, որ կանի առավելագույնը, որպեսզի պաշտելի հայրը հպարտանա իրենով: Տարիներ անց իր մոր հայրենի Տող գյուղն ազատագրելուց հետո նա երազում էր ազատագրել նաև հոր նախնիների ծննդավայրը՝ Կարինը (Էրզրում):

♦♦♦

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՎԻԹԸ1984 թվականի սեպտեմբերին Դավիթին տեղափոխեցին Ուկրաինա՝ ծառայությունը շարունակելու Խմելնիցկու շրջանում: Հույս կար, որ կլիմայի փոփոխությունից հետո նրա առողջական վիճակը կբարելավվի:

Ավա՜ղ…

Իրականում Խմելնիցկի քաղաքում Դավիթին մեծ ողբերգություն էր սպասում: Բայկոնուրի կլիմայական ծանր պայմաններին այստեղ փոխարինեց գերլարված բարոյական մթնոլորտը: Զորամասում ամենաթողություն էր, ծաղկում էր «դեդովշինան», ավելին՝ այստեղ այլադավան բազմաթիվ զինվորներ կային՝ թաթարներ, ադրբեջանցիներ, միջինասիացիներ, այդ պատճառով էլ հայ երիտասարդներն ազգային հողի վրա մշտապես առճակատման մեջ էին, հատկապես՝ մուսուլմանների հետ:

Հայերն այստեղ փոքրաթիվ էին, բայց բոլոր գրոհներին արժանի հակահարված էին տալիս միասնաբար: Դժբախտաբար, շուտով հայ տղաները զորացրվեցին, և Դավիթը, մնալով լրիվ մենակ, հայտնվեց վտանգավոր կացության մեջ:

Ակնհայտորեն նա չէր համապատասխանում բանակային այդ «համերաշխ» կոլեկտիվին ո՛չ իր ինտելեկտով, ո՛չ աշխարհայացքով և ո՛չ էլ հավատքով: Հայ մտավորական երիտասարդի շուրջ օրավուր թանձրանում էր ատելությունը. անընդհատ կռիվներ էին հրահրում: Եվ, իհարկե, Դավիթը Դավիթ չէր լինի, եթե կուլ տար իր ազգային ու մարդկային արժանապատվությունը նսեմացնող վիրավորանքները և լռությամբ հանդուրժեր նրանց արհամարհական արտահայտությունները: Ըստ էության, Դավիթն ստիպված էր հենց այն տարիներին սկսել իր ազգային-ազատագրական պայքարը…

Միայնակ դիմադրել այդ կազմակերպված հարձակումներին չափազանց դժվար էր, իսկ ընդհարումներն օրեցօր հաճախանում էին: Մի անգամ՝ հերթական կռվի ժամանակ, երբ ընկնում է Դավիթի ակնոցը, այդ տականքներից մեկը, որ տեղյակ էր Դավիթի տեսողական խնդիրներին, զինվորական իր ծանր սապոգներով ցուցադրաբար տրորում, ջարդում է այն:

Վաշտի հրամանատարները, ի դեպ, նույնպես այլադավան, ամենևին ուշադրություն չէին դարձնում այդ զազրելի գործողություններին: Ընդհակառակը, ամեն ինչ տեղի էր ունենում նրանց լուռ համաձայնությամբ: Շարունակական դարձած այս կռիվներից հերթականը ճակատագրական էր Դավիթի համար: Նրան ուղղված մարդկային և ազգային արժանապատվությունը նվաստացնող վիրավորանքներին հաջորդում է բռնցքակռիվը, և «գիշատիչների ոհմակը» հարձակվում է Դավիթի վրա: Այդ քաշքշուկի ժամանակ Դավիթը տեսնում է օդում շողացող դանակի շեղբը: Նա հազիվ է հասցնում խլել այն, և հրմշտոցի պահին պատահաբար դանակի սայրը քերծում է հարձակվողներից մեկին: Վնասվածը, այսպես ասած՝ տուժածը, շատ արագ ապաքինվում է: Նա արդեն զղջում էր իր արարքի համար, սակայն նրա ուշացած զղջումը Դավիթին արդեն չի օգնում. վաշտի հրամանատարությունն ամենևին էլ չէր պատրաստվում անտեսել կատարվածը: Նրանք հասան իրենց նպատակին՝ վերջապես այդ ատելի բարեկիրթ հայը կպատժվի…

Դատական գործ են հարուցում: Զինվորական իրավաբանները համոզում էին Դավիթի մորը՝ կատարվածին ազգային երանգ չտալ, այլ ներկայացնել որպես տղայական սովորական կռիվ: Խոստանում էին իրադարձությունների այդպիսի մոտեցման դեպքում ավելի մեղմ դատավճիռ կայացնել, սակայն Դավիթը, ինչպես միշտ, անկոտրում էր և սկզբունքային: Դատարանում նա հայտարարում է, որ կռիվն սկսվել է իր անձին և ազգային արժանապատվությանը հասցված վիրավորանքների պատճառով:

Բնականաբար, բոլոր «վկաներն» այս հանգամանքը միաձայն հերքում են: Դավիթի անհնազանդությունը զայրացնում է դատավորներին: Նրանք խստագույն վճիռ են ընդունում՝ հաշվի չառնելով ո՛չ տղայի աֆեկտիվ վիճակը, ո՛չ թեթև աստիճանի վնասվածքը և ո՛չ էլ տուժածի մեղայականը: Անտեսում են, որ Դավիթը պաշտպանվել է, որ մենակ կռվել է տասը հոգու դեմ, որ, եթե չհասցներ դանակը խլել նրանց ձեռքից, նրա կյանքը մազից էր կախված…

Չընդունեցին մեղմացուցիչ ոչ մի հանգամանք և իրականացրին իրենց ստոր նպատակը՝ հայ երիտասարդին ուղարկեցին բանտ…

 

ՎԵՐԱԴԱՐՁ ԱԶԱՏ ԿՅԱՆՔԻ

Եկավ այնքան սպասված բաղձալի պահը, հետևում մնացին անազատության սոսկալի տարիները. 1989 թվականի սկզբին Դավիթը դուրս եկավ բանտից: Ազատության օդն արբեցնող էր…

Բանտից դուրս գալուց հետո նրան առաջին հերթին հյուրընկալում է Նիկողոսյանների ընտանիքը.

– Բառեր չեմ գտնում իմ երախտագիտությունը հայտնելու,- հուզված ասում է Դավիթը նրանց՝ իր պահապան հրեշտակներին:

Սկսվեցին ուրախությամբ հագեցած օրերը: Նա անչափ կարոտել էր բնականոն կյանքը, կարոտել էր իր ընկերներին, մտերիմներին: Եվ համարյա ամեն օր Սարապյանների բնակարանը լի էր հյուրերով, գալիս էին մարդիկ, որոնք երազում էին հանդիպել Դավիթի հետ, տեսնել նրան և ուրախանալ նրա հետ…

Արևելյան մարտարվեստի մարզիչը՝ Գրիգոր Միքայելյանը, Դավիթին առաջարկում է իր ղեկավարած մարզադպրոցում աշխատել որպես մարզիչ: Միքայելյանը համոզված էր, որ իր տաղանդաշատ սանը կկարողանա լավագույնս մարզել երեխաներին, կկարողանա փոխանցել նրանց այդ գեղեցիկ մարզաձևի հմտություններն ու փիլիսոփայությունը: Եվ նա չսխալվեց:

Դավիթը, կիրառելով մարզման հատուկ տեխնիկա, մեծ ոգևորությամբ էր անցկացնում պարապմունքները: Այդ հագեցած և չափազանց հետաքրքիր մարզումների ընթացքում երեխաները ֆիզիկապես կոփվում ու ձեռք էին բերում գերազանց մարզավիճակ: Պատանիները հիանում էին իրենց հմուտ և ուժեղ մարզչով ու ամեն կերպ ջանում էին արժանանալ նրա գովասանքին:

♦♦♦

Որոնումների ու փորձերի այս ընթացքում էլ ի հայտ է գալիս Դավիթի ստեղծագործելու ցանկությունը: Նա խորասուզվում է գրական-ստեղծագործական աշխատանքի մեջ, որն իրեն անչափ դուր էր գալիս: Իր տեսածը, զգացածն ու վերապրածը նա հանձնում էր թղթին: Դավիթի շնորհալի գրիչը ծնունդ տվեց մի շարք պատմվածքների՝ «Բայկոնուր», «Կիչա», «Դուռոչկա», «Ձիուկներ», գրեց նաև «300 վայրկյան» վիպակը: Այդ գործերն այն ժամանակ շատերն էին կարդում ու հավանում՝ համոզված, որ Դավիթն օժտված է գրական տաղանդով:

Այդպիսի կարծիք ուներ նաև Լեոնիդ Ազգալդյանը. նա ամենայն ուշադրությամբ էր կարդում Դավիթի ստեղծագործությունները: Նրան դուր էին գալիս հեղինակի առնական արձակը, նրա զուսպ ու տպավորիչ գրելաոճը: Նրան զարմացնում էր, թե ինչպես է Դավիթին հաջողվում այդպես վարպետորեն գրել չափազանց բարդ թեմաներով, հոգեբանական նուրբ վերլուծություններ անել, արտացոլել հերոսների բարդ ներաշխարհը: Կարդալով Դավիթի ստեղծագործությունները և ավելի լավ պատկերացնելով, թե ինչի միջով է անցել դրանց հեղինակը, Լեոնիդը հասկացավ, թե ինչ մեծ ներքին ուժ ու կարողություններ ունի իր ընկերը՝ իր սանը: Իսկ Դավիթի համար անչափ կարևոր էր Լեոնիդի այդօրինակ արձագանքը:

 

ԵՐԿՈՒ ԱՍՊԵՏՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Տարիների ընթացքում Դավիթի ու Լեոնիդի հարաբերությունները վերածվել էին ընկերության: Դավիթը շատ արագ էր հասունանում ու զարգանում՝ գերազանցելով իր հասակակիցներին և՛ գիտելիքներով, և՛ մտածելակերպով, և՛ մտավոր ու ֆիզիկական կարողություններով: Լեոնիդի համար նա արդեն այն փոքրիկ տղան չէր, որին նա դաս էր տալիս, այլ կայացած երիտասարդ. Դավիթի հետ հետաքրքիր էր շփվելը, լուրջ թեմաներով զրուցելն ու բանավիճելը:

Նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեին: Երկուսն էլ սիրում էին սպորտը: Լեոնիդը գերազանց լողորդ էր, սպորտի վարպետ: Միջազգային տարբեր մրցույթներում նա հաճախ է նվաճել պատվավոր տեղեր: Իսկ Դավիթը ոգևորված զբաղվում էր արևելյան մարտարվեստով և հասնում էր տպավորիչ արդյունքների, ուներ սև գոտի:

Երկուսն էլ լայն մտահորիզոն ունեցող անձնավորություններ էին, երկուսն էլ շատ կարդացած էին և խելացի, երկուսն էլ սկզբունքային էին և չափազանց արդարամիտ:

Ըստ էության՝ նրանք դասական իմաստով կատարյալ ասպետներ էին, որոնք չգրված օրենքով հետևում էին դեռևս վաղ միջնադարում Մամիկոնյան սպարապետների որդեգրած զինվորական պատվի վարքականոնին, որը ներառում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության և հայ ազգի առջև ստանձնած գլխավոր հանձնառությունները՝ հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը, ասպետական պատվի և քաջի անվան անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով, հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բարեպաշտ վերաբերմունք քրիստոնեական հավատի ու ազգային եկեղեցու նկատմամբ և դրանց անձնուրաց պաշտպանություն, նվիրվածություն ընտանիքին, զինակիցներին և այլն:

Նրանք այդ արժեքների կրողներն էին, և պատահական չէ, որ հետագայում երկուսն էլ պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը…

♦♦♦

Թե՛ Լեոնիդին, թե՛ Դավիթին խորապես խոցում էր սեփական ազգի ողբերգական պատմությունը: Այն ժամանակ նրանք դեռ չգիտեին, որ իրենց բախտ է վիճակվելու շրջել այդ պատմության մեկ էջը, դեռ չգիտեին, որ երկուսն էլ օժտված են փայլուն ռազմական տաղանդով:

Շարունակելի

ԷՎԵԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ Սարապյանի անձնական արխիվից