Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄ



ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄՀանրապետությունում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Զինակոչիկները վերջին հետազոտություններն են անցնում 4-րդ տարածքային ստորաբաժանումում: Նրանցից մեկն էլ Մուշեղ Հովհաննիսյանն է։ Զինկոմիսարիատում նրա անձնական գործն են աչքի անցկացնում ու այդ ամենն ամբողջացնում հավելյալ բժշկական ստուգումների արդյունքներով, հայրենիքի ապագա պաշտպանի առողջական վիճակին վերաբերող ևս մի քանի կարևոր ու պարտադիր հարցերով։ Մուշեղին ճանապարհելու է եկել ընտանիքը, ընկերները: Նրա տրամադրությունը բարձր է:

-Պատերազմից հետո մարտական եմ տրամադրված: Ամեն ինչ լավ կլինի: Հարազատներիս խնդրել եմ չմտածել, չանհանգստանալ: Ժամանակավոր բացակայություն է, գնում եմ Հայրենիքս պաշտպանելու: Սիրով եմ գնում: Ծառայությունը կարևոր է տղայի համար: Պատվով կծառայենք, կվերադառնանք: Քիչ առաջ բուժզննումն անցա, ամեն ինչ նորմալ է: Սպասում եմ անվանականչին, որ գնամ,- ժպտացող աչքերով ասում է զինակոչիկն ու փարվում մորը:

Մարտական տրամադրություն է նաև Մուշեղին ճանապարհելու եկած հարազատների մոտ։ Թե՛ պատերազմից առաջ և թե՛ հետո Հայրենիքին պատվով ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄծառայելը անփոփոխ հրամայական է:

– Հպարտ եմ , որ դարձա զինվորի մայր: Որդիս հանուն Հայրենիքի է գնում, հանուն իր ընտանիքի, հանուն հարատև խաղաղության է գնում ծառայելու: Ճիշտ է՝ ներքին հուզմունք կա, դե, մայր եմ, չեմ կարող չհուզվել, բայց Մուշեղիս խոստացել եմ այլևս չհուզվել,- անկեղծանում է զինակոչիկի մայրը՝ Մերի Հովհաննիսյանը:

Հայրենիքի ապագա պաշտպանների շարքում քիչ չեն նաև արտերկրից եկած երիտասարդները։ Նրանցից մեկն էլ Ֆրանսիայից Հայրենիք վերադարձած Արթուր Գասպարյանն է: Իր ցանկությամբ ու նախաձեռնությամբ Հայրենիքի կանչով Արթուրը Հայաստան է եկել պատերազմի օրերին։

-Պարտավորված եմ զգում հերոսաբար կռված իմ եղբայրների առաջ: Այդ գաղափարն է ինձ ուղեկցելու ծառայությանս ընթացքում, դրանով եմ առաջնորդվելու ոչ միայն այս երկու տարիներին, այլև ընդմիշտ։

Արթուրի զինվորագրման որոշումը  նաև մայրն է ողջունել ու քաջալերել.

– Իմ տրամադրությունն էլ է մարտական, հորդորել եմ, որ դուխը տեղը պահի,- որդու ճակատը համբուրելով՝ ասում է մայրը:

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄԶորակոչիկներին հարազատները, ընկերներն ու բարեկամները ճանապարհում են բարձր տրամադրությամբ ու  ծափերով։ Մինչև հավաքակայան հասնելը, սակայն, ապագա զինվորների նոր հերթափոխը ևս մեկ կանգառ ունի՝ եկեղեցի, որտեղ էլ ստանում են օրհնություն՝ խաղաղության համար հնչող միասնական Տերունական աղոթքով։

Եկեղեցում զորակոչիկները ստանում են օրհնված աղոթագրքերը և փոքրիկ ծանրոցներ՝ վարչական շրջանի ղեկավարի անունից։ Օրվա խորհուրդն ու բարեմաղթանքներն էլ ամփոփում է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ա. Հակոբջանյանը։

Եվս մի քանի րոպեանոց կարճատև դադար, գրկախառնություններ ու բարեմաղթանքներ, և զինակոչիկների ավտոբուսը շարժվում է հանրապետական ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ԵՄհավաքակայան: Զորակոչային ընթացակարգն այստեղ անփոփոխ է: Զորակոչիկներին դիմավորում են, ուղեկցում ջերմաչափման և արյան նմուշառման՝  կորոնավիրուսային  հակամարմինների առկայությունը ստուգելու նպատակով: Արյան փորձաքննությունը կատարվում է հենց հավաքակայանում: Հատուկ կահավորված լաբորատորիան կարճ ժամկետում  տալիս է հետազոտության պատասխանը: Կասկածելի արդյունքի դեպքում զորակոչիկը արագ մեկուսացվում է  և անցնում ՊՇՌ թեստավորում՝ վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: Բուժհետազոտության փուլերն այսքանով չեն ավարտվում. հաջորդում է  կրծքավանդակի ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունն ու մարմնազննությունը:

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը վստահեցնում է՝ զորակոչիկի որևէ առողջական գանգատ հավաքակայանում բժիշկ-մասնագետների ուշադրությունից չի վրիպում:

– Երիտասարդների նոր հերթափոխը բանակ է զորակոչվում Հայրենիքին պատվով ծառայելու պատրաստակամությամբ՝ պատերազմի հերոսների արժանի հետնորդը դառնալու գաղափարով ու տրամադրությամբ,- ասում է փորձառու զինվորականը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #5 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/02/2021