Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ



Նրա երազանքը աշխարհը սիրով լցնելն էր

 

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԱԿԱՆՆԵՐԸԳոռ Ավետիքյան

 

Մարդասեր, ազատասեր, ընկերասեր. այսպես են քսանամյա Գոռին բնութագրում ընկերներն ու ընտանիքի անդամները. լավություն անելու համար խելքն իրենը չէր, իր ուրախ ու խնդուն բնավորությամբ  բոլորին բարձր տրամադրությամբ էր վարակում,- այսպես հակիրճ որդուն է ներկայացնում մայրը՝ Փիրուզա Թեմուրյանը:

-Գոռը որոշել էր դառնալ նկարիչ: Դեռ չորս տարեկանում նրա նկարների վառ գույները դառնում են նրա այցեքարտը: Որտեղ էլ որ հայտնվեր, ամեն ինչին նայում էր իր վառ գույների միջով: Կյանքին հավերժ սիրահարված եղբայրս աներեւակայելի բարի էր: Նրա միամտության հասնող բարությունը երբեմն հունից հանում էր ինձ: Երբ ես բողոքում էի, որ ինչ-որ մեկն իմ հանդեպ սխալ է վարվել, փորձում էր արդարացնել վերջինիս, ասելով՝ գուցե ինչ-որ բանից նեղված ա եղել… պետք չի զայրանալ, պետք չի չարանալ,- պատմում է հերոսի քույրը՝ Միլենան:

-Գոռը կյանքը սիրելու իր բանաձևն ուներ, և դա ընդունելի էր նաև մեզ՝ իր մտերիմներից շատերի համար,- մեր զրույցին է միանում ընկերուհին՝ Լիլիթը:

Ծառայել է Մարտունիում: Նրա ծառայության վերջին հարյուր օրվա հետհաշվարկն սկսվել է հենց սեպտեմբերի 27-ին: Գոռի բարությունն ու ընկերասիրությունը դրսևորվել են նաև զինծառայության ժամանակ: Պատերազմի հենց առաջին օրը թշնամու հրետակոծոթյունից փլուզվում է զորամասը, սակայն Գոռը չի լքում տարածքը, մինչև դուրս չի բերում վերջին վիրավոր ծառայակից ընկերոջը։

Ու երբ վնասվածքներով հայտնվում է հոսպիտալում, ամեն ինչ անում է րոպե առաջ ոտքի կանգնելու և նորից կռվող ընկերների կողքին լինելու համար։ Երբ հայրը, որը նույնպես այդ օրերին պատերազմի դաշտում էր, իմանում է որդու վնասվածքների մասին ու փորձում  օգնել,  Գոռը ոչ մի կերպ չի համաձայնում՝ ընկերներս ինձ են սպասում:

Մի քանի օրից Գոռը վերադառնում է մարտադաշտ: Արիակամ ու խիզախ հայորդին հերոսաբար զոհվում է նոյեմբերի 3-ին թշնամու տանկի կրակոցից:

 

Տղաս հաղթել է

 

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԱԿԱՆՆԵՐԸԱրման Հարությունյան

 

Արմանը հասակ է առել արվեստագետի ընտանիքում։ Ստեփանակերտցի  երիտասարդը դեռ վաղ տարիքից վճռել էր շարունակել պապիկի և հոր մասնագիտությունը: Եվ պատանի Արմանն սկսում է դաշնամուրի խմբակ հաճախել, հետագայում  գտնելով իր կյանքի սերը՝ ջազը:

-Մի օր դիմելով ինձ՝ ասաց՝ քո շնորհիվ էդ ջազը մեջս մտավ,- պատմում է հերոսի հայրը՝ Էդգար Հարությունյանը:- Մասնակցում էր երաժշտական մրցույթների, գրում էր երգեր, ընկերներով խումբ էին ստեղծել, փորձեր էին անում…

Մոր՝ տիկին Մարինայի խոսքով՝ որդին ուղնուծուծով տարված էր երաժշտությամբ. Միշել Պետրուչիանի, Կոմիտաս, Համասյան… լսում էր անվերջ և հետո ինքն էր փորձում ստեղծագործել։

-Տեսնել էր պետք, թե ինչ սիրով էր նվագում, մանավանդ իր ստեղծագործությունները: Ախր, ամեն գործ էր սիրով անում,- ասում է կրտսեր քույրը՝ Նառան:

-Որդիս շատ էր շտապում: Իր յուրաքանչյուր ստեղծագործությունը տեսանկարահանում էր: Երբ բացեցինք նոթբուքը, մնացել էինք զարմացած, թե երբ էր հասցրել այսքան շատ գործեր ստեղծել: Նա երաժշտական լուրջ ժառանգություն թողեց մեզ,- արցունքախառն աչքերով պատմում է մայրը:

Արմանը բազմաթիվ ծրագրեր ուներ, սակայն առաջին տեղում Կոնսերվատորիա ընդունվելն էր։ Տղան խոստացել էր՝ բանակից կվերադառնա ու կիրագործի իր երազանքը… Սակայն վերահաս պատերազմը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ։ Ծառայության երկրորդ ամիսը դեռ չէր լրացել, սկսվեց Արցախյան պատերազմը, և Հադրութում ծառայող տղան ընկերների հետ ելավ մարտի:

-Բանակի մի քանի շաբաթը նրան մեծացրեց, ավելի ճիշտ՝ հասունացրեց: Տղամարդ դարձավ: Վերջին խոսակցությունը շատ կարճ էր. վստահ տոնով ասաց՝ ամեն ինչ լավ կլինի, կհաղթենք,- հիշում է մայրը՝ տիկին Մարինան:

Հենց առաջին օրվանից Արմանը կռվել է ամենաթեժ կետերում, պատմում են, որ  նույնիսկ  կարողացել է միայնակ ռազմի դաշտից դուրս բերել քսան վիրավորի։

Արմանն ընկերների հետ մասնակցել է նաև Շուշիի մարտերին և բերդաքաղաքի մատույցներում էլ հերոսաբար զոհվել իր տասնիններորդ տարեդարձի հաջորդ օրը՝ նոյեմբերի յոթին:

-Տղես չի պարտվել, տղես հաղթել է,- ասում է հերոսի հայրը:

 

Նրան խաղաղության աղավնի էին ասում

 

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԱԿԱՆՆԵՐԸԽորեն Հաջաթյան

 

Խորենը ծնունդով Թալինի շրջանի Նոր Արթիկ գյուղից է: Դեռևս դպրոցում սովորելիս նա  միանում է շրջանի Պատանի երկրապահների խմբին, ինչը նրա մեջ ավելի է արմատավորում հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը.

-Դեռ փոքր տարիքից Խորենս ուզում էր զինվոր դառնալ, ուզում էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունվել, բայց մեր կամքին հակառակ չէր ուզում գնալ և ընդունվեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,- հիշում է հերոսի հայրը՝ Արամ Հաջաթյանը:

Դավիթն ընտրում է քանդակագործության բաժինը։ Ուսումնարանում ստացած գիտելիքներով էլ արդեն զորակոչվելով՝ Խորենը բանակում թարմացնում է ռազմական քարտեզները, դիրքերում բազմաթիվ քանդակներ պատրաստում, որոնք սակայն չի հաջողվում փրկել սեպտեմբերի քսանյոթի չարաբաստիկ առավոտից հետո: Արցախյան պատերազմի օրերին Խորենն ամեն հարմար պահի ինքն էր սահմանից գոտեպնդում  ծնողներին.

-Պապ ջան, չմտածեք, շատ լավ եմ, չհարցնեք՝ ուր եմ, ինչ եմ անում: Կհաղթեմ, նոր կգամ,- ահա այսպես մի երկու խոսք ու վերջ,- ծանր հոգոց հանելով ասում է հայրը:

Խորենը կռվել է պատերազմի ամենաթեժ կետերում, Ջրականում ծառայակից ընկերներով տասնինը հոգու հանել են շրջապատումից, հետո իրենք են հայտնվում շրջապատման մեջ, հրաշքով փրկվում, ապա Կարմիր Շուկայի շրջանում մասնակցում թեժ մարտին, որի ժամանակ էլ Խորենը հերոսաբար զոհվում է։

Կյանքը մերօրյա հերոսի քրոջ՝ Օֆելյայի համար բաժանվել է երկու մասի՝ Խորենից առաջ և Խորենից հետո:

Եղբայրս ինձ համար նաև ծնող էր: Երբ հայրս գնում էր արտագնա աշխատանքի, ինքն էր իմ հայրը. նա ինձ համար ամեն ինչ էր:

Մարտական ընկերները վաշտում Խորենին խաղաղության աղավնի էին ասում: Բոլորին առանց բացառության պատրաստ էր օգնել, եթե ինչ-որ տարաձայնություն էր լինում՝ հաշտեցնում էր, պատկերավոր ասած՝ հարթում էր  զինակիցների հարաբերություններում առկա սուր եզրերը:

-Տղես ահավոր անվախ էր, ես վախենում էի նրա անվախությունից,- ասում է տիկին Ասյան:

Խորենի անվախ բնավորությամբ, հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրով ու նրա կատարած սխրանքներով էլ այսօր ծնողները փորձում են փարատել իրենց սրտի կսկիծն ու ցավը…

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #5 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/02/2021