Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏԸ



ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏԸ

Փետրվարի 4-ին Արցախյան ազատամարտի անմահ հերոս Դավիթ Սարապյանը, որն առավել հայտնի է Դեւ ռազմանունով, դարձավ 55 տարեկան: Նրա կարճատև՝ 26-ամյա կյանքի հասուն լիությունը այսօր էլ շարունակում է զարմացնել ու հիացնել  շատերին:

Դավիթ Սարապյանը անվանի ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և Հայաստանի կիբեռնետիկայի զարգացման ակունքներում կանգնած ականավոր գիտնական Էմմա Սարապյանի միակ որդին էր: Նրա ազգային դաստիարակության գործում մեծ ավանդ ունի փառապանծ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը: Պատանի Դավիթը հաճախ էր դասերից հետո լինում մոր աշխատավայրում, որտեղ աշխատում էր նաև ֆիզիկոս Ազգալդյանը:

Տարիներ անց կիբեռնետիկայի ուսումը թողնելով՝ Դավիթ Սարապյանը նվիրվում է կինոյին և գրականությանը, առաջին քայլերն անում որպես սցենարիստ՝ համագործակցելով կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի հետ: Նրա «Երեք հարյուր վայրկյան» վիպակ-սցենարը Օդեսայի կինոստուդիան հաստատել էր նկարահանման, երբ սկսվեց Արցախյան պատերազմը: Դավիթն առաջիններից մեկն անդամագրվեց Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակին»: Ավելի ուշ լեգենդար Կոմանդոսի հրամանատարության ներքո մշակեց և միայնակ իրականացրեց մի խենթ ռազմագործողություն, որի շնորհիվ ազատագրվեց իր պապենական Տող գյուղը: Տողն Արցախյան ազատամարտի առաջին ազատագրված բնակավայրն էր: Դավիթն ապրում էր Մեծ Հայքի երազանքով՝  պիտի ազատագրեր նաև հոր հայրենի քաղաքը՝ Կարինը…

Բայց ընկավ Թոդան գյուղի թեժ մարտերում՝ դարանակալած թշնամու նենգ գնդակից: Մոնթե Մելքոնյանը, որ շտապել էր Դավիթի հուղարկավորությանը, ասել է. «Դավիթը միշտ մտքիս մեջ է, և ես համոզված եմ, որ եթե յուրաքանչյուր ազատամարտիկ ունենա գոնե մեկ տոկոս Դավիթի հայրենասիրությունից, մենք շատ շուտով կազատագրենք Արևմտյան Հայաստանը»:

Դեւի ռազմական գործողությունները տարիների հեռվից արդեն լեգենդների նման են հնչում, ասպետական ամենավեհ արժանիքների խտացում էր նրա կերպարը, միտքն ու գեղագիտությունը՝ այդ կերպարից հորդող ստեղծարարություն, ուստի ամենևին չափազանցված չեն գրականագետ Վարդան Դևրիկյանի խոսքերը, թե՝ «Նյութական գաղջ մեր օրերում ավելի դժվար է հավատալ, որ նա եղել է, քան հավատալ, որ նա էլ չկա»:

ԷՎԵԼԻՆԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #5 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Ճակատագրեր


11/02/2021