Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ԶԻՆՎՈՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԵս սպասում եմ հայրենիքը ազատագրելիս հերոսաբար զոհված, տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մեսրոպ Վարդանյանի այրուն՝ Վարսուհուն: Ես չգիտեմ՝ տեղյա՞կ է արդյոք Վարսուհին, թե ինչպես է զոհվել իր ամուսինը, ինչպես է գիտակցաբար մահվան գնալով՝ փրկել զինակիցների կյանքը և ինչպես է փրկվելու վերջին հնարավորությունից հրաժարվելով՝ մնացել իր մեռնող զինվորի կողքին, որ վերջին պահին գրկի նրա գլուխը, սեղմի ձեռքը: Որ զինվորը հանգչի իր հրամանատարի գրկում, այլ ոչ թե մենակ ու անօգնական: Ես չգիտեմ, թե ինչպես ապրեց իր կյանքի վերջին վայրկյանները մայոր Մեսրոպ Վարդանյանը: Ոչ ոք չգիտի: Ու չի իմանա: Նրան գտան իր զինվորի կողքին, արդեն հավերժությանը ձուլված…

-Ես Վարսուհին եմ, – ասում է երիտասարդ աղջիկը: Աչքերը բաց կապույտ են: Նուրբ, սպիտակամաշկ, գեղեցիկ աղջիկ է:

-Մեսրոպիս մասի՞ն պիտի պատմեմ:

Ես գլխով եմ անում: Մի պահ սևեռուն մտածում է, հետո միանգամից աչքերը լցվում են ժպիտով ու արցունքով:

-Երբ առաջին անգամ հանդիպեցինք, ես հասկացա, որ նա ոչ մի կապ չունի զինվորական տղամարդու մասին իմ պատկերացումների հետ: Մեղմ է, կիրթ, համեստ, նրբանկատ ու ամբողջովին լցված սիրով:

Նրա հայացքից, աչքերից սեր էր թափվում, երբ խոսում էր իր զինվորներից, զորամասից, ծառայակից ընկերներից: Նրա ամեն բառը լցված էր սիրով, երբ պատմում էր իր ընտանիքի մասին՝ ծնողների, եղբայրների, քրոջ, նրանց երեխաների: Ես տուն գնացի մի մեծ ջերմություն սրտիս մեջ, որ Մեսրոպից էր փոխանցվել ինձ: Նա 15-օրյա արձակուրդ վերցրեց, ու մենք սկսեցինք հանդիպել օրը մի քանի անգամ: Միասին կինո էինք գնում, ճաշում էինք, զբոսնում: Իմ կողքին մի ամուր, հուսալի ու գեղեցիկ հանդարտություն կար, ապահովություն, հավատարմություն, նվիրում:

Մինչև հիմա ականջներիս մեջ զնգում է հորս ձայնը՝ գիտե՞ս որքան դժվար ու պատասխանատու է զինվորականի կին լինելը: Այն ժամանակ ես չէի էլ պատկերացնի, թե այսքան դժվար ու պատասխանատու պիտի լինի…

– Դժվարությունը պատերազմի հե՞տ էր կապված:

– Ոչ միայն պատերազմի հետ: Մեր ամուսնությունից մի քանի օր անց արդեն ես հասկացա, որ զորամասին, ծառայությանը, զինվորին պիտի զոհաբերվի ամեն ինչ: Ես Քարինտակից եմ, Մեսրոպը` Սպիտակից: Նա տուն էր վարձել Ստեփանակերտում՝ զորամասին մոտ: Զորամասից տուն մի քանի րոպեի ճանապարհ էր, բայց ընդմիջմանը տուն չէր գալիս, զորամասում էր ճաշում, որ թեկուզ կարճ ժամանակով զինվորներին չթողնի առանց իր հսկողության: Կիրակի օրերը մի քանի ժամով զորամաս էր գնում՝ անձամբ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է, զինվորները լավ են:

Մեսրոպը երբեք, թեկուզ մի քանի րոպե, չի ուշացել ծառայությունից: Նա այնքան բծախնդիր էր հետևում իր արտաքինին, ասում էր՝ զինվորները ինձնից են օրինակ վերցնում, պիտի անթերի տեսք ունենամ: Գիտեք, նա այնքան գեղեցիկ էր զինվորական համազգեստով՝ բարձրահասակ, ձիգ, դեմքին՝ ընդգծված ինքնահարգանք ու արժանապատվություն:

Երբ տրտնջում էի, ասում էի՝ մենակ դժվար է երկու երեխաների հետ, չարաճճի են, քո ներկայության կարիքն ունեն, ասում էր՝ քոնը երկուսն են, իմը ՝ քսանը, ես իմ զինվորների ծնողն եմ՝ բոլոր պարտականություններով: Այդուհանդերձ, մենք երջանիկ ընտանիք էինք: Երեկոյան, երբ տուն էր գալիս, մենք զբոսնում էինք Ստեփանակերտում, կամ մնում էինք տանը. ամենասովորական առօրյան, միասին անցկացրած ժամանակը մեզ համար վայելք էր: Մեսրոպը շատ էր սիրում որդիներին՝ 5-ամյա Ալիկին ու 2- ամյա Աբելին: Խաղում էր նրանց հետ, միասին պարում էին: Մեր տունը ափեափ լցված էր ուրախությամբ: Հրաշալի էին նաև Սպիտակում՝ Մեսրոպի ընտանիքի հետ անցկացրած օրերը: Մեսրոպի ծնողները, եղբայրներն ու քույրը ապրում էին կողք կողքի: Բոլորն էլ ամուսնացած էին, երեխաներ ունեին, բայց շատ կապված էին իրար: Մենք մի մեծ ընտանիք էինք, որը լցված էր սիրով ու ջերմությամբ: Մեսրոպի ծնողները հրաշալի մարդիկ են, խելացի, առաքինի, բարեսիրտ, կիրթ: Մեսրոպը ընտանիքի կրտսերն էր, ու միշտ շրջապատված է եղել սիրով ու հոգատարությամբ: Կարծես՝ այդ սերը տարիներ շարունակ ամբարել էր սրտում, որ հետո շռայլորեն բաժանի մարդկանց:

Մենք սիրում էինք երազել միասին: Երազում էինք մեր սեփական տունն ունենալ: Երազում էինք ճամփորդել, բազմաթիվ երկրներ տեսնել: Երազում էինք մեր երեխաների ապագայի մասին: Մեսրոպն անընդհատ ասում էր, որ ես պիտի շատ ուշադիր հետևեմ Ալիկի դասերին, որ լավ սովորի, զարգանա, կրթվի: Մենք այնքան սպասումներ ունեինք կյանքից, առաջին հայացքից փոքրիկ, բայց այնքան ուրախություն կար մեր կյանքում:

– Պատերազմը անակնկա՞լ սկսվեց, թե՞ նախապես գիտեիք, որ հարձակում է սպասվում:

– Զինվորականները գիտեին, որ կուտակումներ կան, լարված էին: Առավոտյան դեռ մեր զարթուցիչը չէր զնգացել, պայթյունների ձայնից վեր թռանք: Շուրջբոլորը ծուխ էր ու կրակ: Երեխանե՜րս՝ գոռաց Մեսրոպն ու վազեց զորամաս: Որոշ ժամանակ անց զանգեց ու ասաց, որ Ալիկին ու Աբելին մեր մեքենայով տանեմ Սպիտակ, բայց ես գնացի Գորիս՝ քեռուս տուն, որ մոտ լինեմ ամուսնուս: Հրթիռակոծության տակ մի կերպ հասանք Գորիս: Հետո Մեսրոպը զանգեց ու պնդեց, որ գնանք Սպիտակ: 44 օր ես ապրեցի պատերազմի սարսափն ու արհավիրքը, հույսն ու ուրախությունը Մեսրոպի հետ: Ամեն օր զանգում էր: Մեկ ոգևորված ասում էր՝ լավ է լինելու, առաջ ենք գնում, մեկ երեխայի պես լաց էր լինում, ասում էր՝ զինվորս զոհվեց, ընկերս զոհվեց: Հայրս, որ Արցախյան ազատամարտի վիրավոր մարտիկներից էր, ոտքը թողել էր ռազմի դաշտում, մահացավ այս պատերազմի ավարտից մի քանի օր առաջ: Որքան խնդրեցի Մեսրոպին գալ Հայաստան ու մասնակցել հուղարկավորությանը, չհամաձայնեց: Ասաց՝ զինվորներիս մենակ չեմ թողնի:

– Պատերազմի վերջին օ՞րն է զոհվել Մեսրոպ Վարդանյանը:

– Այո: Շուշիի մատույցներում Մեսրոպն իմանում է, որ քաղաքն արդեն ադրբեջանցիների հսկողության տակ է, բայց ներսում հարյուրավոր զինվորներ ու սպաներ կան շրջափակված: Նա որոշում է տանկով շարժվել դեպի Շուշի:

– Միայնակ, մի հատիկ տանկով ի՞նչ պիտի աներ, եթե անգամ մտներ Շուշի:

– Պիտի թշնամու ուշադրությունը սևեռեր իր վրա, փոխեր կրակի ուղղությունը՝ շրջափակված զինակիցներին փախչելու հնարավորություն տալով: Նրան ասում են, որ ով փորձել է մոտենալ քաղաքին, հետ չի եկել, բայց Մեսրոպը իր երկու զինվորների հետ շարժվում է Շուշիի ուղղությամբ: Նա առաջին երթի ժամանակ հաջողությամբ հետ է գալիս, շատ է ոգևորվում, որ կարողացել է փրկել մեծ թվով զինծառայողների: Ու երկրորդ անգամ է շարժվում նույն ճանապարհով: Երկրորդ երթը նույնպես հաջող է լինում. ադրբեջանցիները կրակում են, սակայն չեն կարողանում խոցել Մեսրոպի տանկը: Այս անգամ էլ շրջափակման մեջ ընկած որոշ խմբեր օգտվում են փոխհրաձգությունից ու կարողանում են ճեղքել շրջափակումը: Մեսրոպը որոշում է երրորդ անգամ գրոհել: Ընկերներն ամեն ինչ անում էն, որ հետ պահեն նրան այդ մտքից, բայց չեն կարողանում: Երբ ադրբեջանցիները խփում են տանկին, Մեսրոպն ու զինվորներից մեկը օդ են թռչում, Մեսրոպը մյուս զինվորին ձեռքով հասկացնում է, որ փախչի, և զինվորը այրվող տանկով վերադառնում է յուրայինների մոտ: Մեսրոպը զանգում է բժշկին ու ասում, որ իրենք ձորում են, վիրավոր զինվորի վիճակը լավ չէ, նա շտապ բժշկական օգնության կարիք ունի, սակայն ճանապարհը հրթիռակոծվում էր, ու բժիշկը չի կարողանում մոտենալ նրանց: Բժիշկը հորդորում է Մեսրոպին վերադառնալ, սակայն Մեսրոպն ասում է՝ վիրավոր զինվորիս ո՞նց մենակ թողնեմ: Նա անընդհատ խոսում է բժշկի հետ, նկարագրելով զինվորի վիճակը ու հուսալով, որ կկարողանան մոտենալ ու փրկել զինվորի կյանքը:

-Մեսրոպ Վարդանյանը վիրավոր չէ՞ր այդ ժամանակ:

– Վիրավոր էր: Այրվածքներ ուներ: Հետո նա զանգում է բժշկին ու ասում է, որ զինվորն արդեն չի շնչում: Բժիշկը խորհուրդ է տալիս Մեսրոպին շտապ վերադառնալ, սակայն նա ասում է, որ շատ թույլ է ու չի կարող հաղթահարել բարձունքը:

– Ի՞նչ բարձունք:

– Տանկը խոցվել էր խոր ձորում, ու Մեսրոպը ընկերներին հասնելու համար պիտի կարողանար դուրս գալ ձորից: Հրամանատարը, ծառայակից ընկերները, բժիշկը անընդհատ զանգում են Մեսրոպին, փորձում են օգնել, սակայն երեկոյան նրանց զանգերը անպատասխան են մնում: Օրեր անց, երբ ադրբեջանցիները թույլ են տալիս փրկարարների փոքրիկ խմբին մտնել Շուշի՝ որոնելու զոհվածների մարմինները, նրանք գտնում են Մեսրոպին՝ իր զինվորի կողքին: Մեսրոպը մինչև վերջ մնաց իր զինվորի մոտ, վանելով նրանից մահվան սարսափն ու մենակ մահանալու ողբերգությունը: Քանի դեռ նոր էր վիրավորվել, քանի դեռ ուժ ուներ, նա կարող էր փրկել սեփական կյանքը, բայց գերադասեց մինչև վերջ մնալ իր զինվորի կողքին ու վերադառնալ եռագույնի մեջ փաթաթված, զինվորական պատիվներով… Ասես՝ քնած լիներ, դեմքին փոքրիկ այրվածքներ կային ու ինչ-որ ինքնաբավ, գոհ ու հպարտ արտահայտություն: Իսկական հերոս էր…

Վարսուհին լռում է: Կապույտ, լճացած արցունքից փայլող աչքերը նայում են հարցական: Հանկարծ ես հասկանում եմ, որ ժպտում եմ լայնաշուրթ: Չէ, ծիծաղում եմ: Ես ծիծաղում եմ բոլոր նրանց վրա, ովքեր ասում են, թե մենք պարտվել ենք ադրբեջանցուն, ավելի ճիշտ՝ մի քանի երկրներից եկած բաշիբոզուկների ու Ադրբեջանի օդային գրոհը կառավարող թուրքերի համատեղ հարձակմանը: Ես ծիծաղում եմ՝ հիշելով ահաբեկչական խմբերի ու թուրքական էլիտար ստորաբաժանումների թիկունքից մեզ վախեցնել ցանկացող ադրբեջանական թղթե բռունցքը: Համեմատում եմ հայկական բանակի սպա, տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Մեսրոպ Վարդանյանի սխրանքի հետ ու ծիծաղում եմ: Ակամա, բաց աչքերով ես տեսնում եմ, թե ինչպես են ծածանվում մեր եռագույն դրոշները մեր կորուսյալ հայրենիքի բոլոր ծագերում: Որովհետև այն ռազմատեխնիկական առավելությունները, որ ուներ թշնամին այս պատերազմում, բոլորը կարող են ունենալ, բայց այն, ինչ մենք ունենք, գալիս է մեր հազարամյա ակունքից, որ անհայտությունից պատմության թատերաբեմ իջած ոչ մի քոչվոր չի կարող ունենալ:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/02/2021