Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՍ ՄԵՆԱԿ ԹՈՂՆԵԼ



ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՍ ՄԵՆԱԿ ԹՈՂՆԵԼԽաչատուր Մանուկյանը արդեն 22 տարի ծառայում է զինված ուժերում: Նա լեյտենանտ Սարգիս Մանուկյանի հայրն է:

– Ես եմ որդուս մեջ ներարկել անմնացորդ սեր հայրենիքի նկատմամբ, – ասում է Խաչատուր Մանուկյանը:- Ակամա, ինքնաբերաբար եմ արել դա՝ սեփական օրինակով տղամարդակային արժանապատվության, խիզախության, հայրենիքը անձնվիրաբար պաշտպանելու դասեր տալով որդուս: Սարգիսը ուզում էր մարզիկ դառնալ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ընդունվել. ուշքն ու միտքը սպորտն էր: Ես էլ դեմ չէի, որ մարզիկ դառնա, բայց հանկարծ որոշեց ուսումը շարունակել Տիգրան Մեծ վարժարանում: Ասաց՝ ուզում եմ զինվորական դառնալ: Ես անակնկալի եկա: Ասաց՝ սիրում եմ համազգեստը, զորամասի կյանքը, սպայի ծառայությունը, բանակի կարգապահությունը, ուժը, պատիվը: Ես հոգուս խորքում հպարտ էի, որ տղաս զինվորական է դառնալու: Իսկ երբ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, հասկացա, որ Սարգիսը ճիշտ ընտրություն է արել: Նա իսկական զինվորական էր՝ քաջ, պատվախնդիր, հայրենասեր, ճշմարտախոս ու օրինավոր:

Խաչատուր Մանուկյանը այնպիսի խանդավառությամբ է խոսում որդու մասնագիտական ընտրության ու նրա զինվորական որակների մասին, որ ես տալիս եմ «ամենաանսիրտ» հարցը: Ես անկեղծորեն ուզում եմ իմանալ.

-Չե՞ք զղջում, որ Ձեր օրինակով, Ձեր ուղղորդումով՝ Սարգիսը զինվորական մասնագիտությունն էր ընտրել: Չե՞ք զղջում, որ հենց էդպիսին եք դաստիարակել նրան:

Խաչիկ Մանուկյանը պատասխանում է առանց մտածելու, առանց երկընտրանքի.

-Չեմ զղջում: Իմ որդին պիտի հայրենասեր, համարձակ ու արժանապատիվ լիներ: Իմ որդին պիտի պաշտպաներ հայրենիքը: Պիտի հերոսանար: Չեմ զղջում, որ հայրենիքին արժանի որդի եմ դաստիարակել, բանակի արժանի սպա…

Եթե տասը որդի ունենայի, տասին էլ նույն ոգով կդաստիարակեի:

Խաչատուր Մանուկյանը միայն մեկ որդի ուներ: Ու Երբ ծառայության վայրից արձակուրդ եկած դասակի հրամանատար տղան չէր համբերում արձակուրդն ավարտվեր, շտապում էր վերադանալ զորամաս՝ իր զինվորների մոտ, հայրը հասկանում էր, որ նա ավելի շատ Հայրենիքի որդին է, քան իր:

-Ասում էր՝ պապ, ուշքս ու միտքս զորամասում է, գնամ-հասնեմ զինվորներիս:

Երբ, որպես դասակի հրամանատար, ծառայության անցավ զորամասում, ու ամիսներ անց տեսա տղայիս, անմիջապես նկատեցի, որ առաջվա Սարգիսը չէ. մեծացել էր, հասուն տղամարդ էր դարձել: Այդպես մարդուն մեծացնում է հոգսը, ուրիշների համար պատասխանատվություն կրելու պարտքը:

Երբ պատերազմն սկսվեց, լեյտենանտ Սարգիս Մանուկյանը մարտական հերթապահություն էր կատարում իրեն վստահված դիրքում՝ իր զինվորների հետ:

Սեպտեմբերի 28-ին դասակի հրամանատար Սարգիս Մանուկյանը բեկորային վիրավորում է ստանում հրթիռակոծության ժամանակ: Նրան տեղափոխում են Հադրութի հոսպիտալ, որտեղ համապատասխան բուժօգնությունից հետո տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ: Նույն մեքենայով Ստեփանակերտ էին տանում նաև Սարգիսի զինակցին՝ դասակներից մեկի հրամանատարին: Սակայն ճանապարհին լեյտենանտ Սարգիս Մանուկյանը իջնում է մեքենայից՝ ծառայակից ընկերոջը հորդորելով շարունակել ճանապարհը և բուժվել Ստեփանակերտում: Բուժքույրը Սարգիսին հիշեցնում է, որ վիճակը լավ չէ, չի կարող գնալ դիրքեր ու շարունակել կռիվը, սակայն 23-ամյա հրամանատարը համառում է:

-Իմ 18 տարեկան զինվորներին չեմ կարող մենակ թողնել: Նրանք անփորձ են, ես պետք եմ իմ զինվորներին:

Դիրքեր չհասած Սարգիս Մանուկյանի ինքնազգացողությունը վատանում է: Զինվորները նրան օգնում են ու հասցնում դիրքեր:

-Չեմ կարող ասել, թե ինչպես, բայց ես զգացի, որ տղաս վիրավոր է: Հարցրի՝ որտեղի՞ց ես վիրավորվել: Ծիծաղեց, թե՝ պապ, ոտքերս են, լուրջ բան չկա, բեկորային հարված է: Նա թեժ կռրվների մեջ էր, բայց ամեն անգամ ասում էր՝ ամեն ինչ լավ է, չանհանգստանաք: Ձայնը էնքան խաղաղ էր, հանգիստ, որ ես էլ սրտապնդվեցի:

…Ընդամենը 23 տարեկան էր տղաս, ե՞րբ էր հասցրել էդքան հասունանալ, էդքան ամրանալ:

Վերջին անգամ լեյտենանտ Սարգիս Մանուկյանը հոր հետ հեռախոսով խոսել է հոկտեմբերի 20-ին: Օրեր անց հայրն իմացել է, որ որդին հոկտեմբերի 21-ին վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: Թշնամին հրթիռակոծել է նրան հոսպիտալ տանող շտապ օգնության մեքենան:

Հարազատները լեյտենանտ Սարգիս Մանուկյանին փնտրեցին բոլոր հոսպիտալներում, բայց չգտան: Ոչ մի լուր չկար նաև հրթիռակոծված մեքենայից, բժշկական անձնակազմից ու մյուս վիրավորներից: Օրեր անց ադրբեջանցիները համացանցում տեսանյութ տարածեցին, որտեղ պարզ երևում էին մեր չորս զոհված տղաներն ու խոցված շտապ օգնության մեքենան: Հարազատները ճանաչեցին լեյտենանտ Սարգիս Մանուկյանին…

23-ամյա հերոս հրամանատարի մարմինը ադրբեջանցիները հանձնեցին հայրենիքին նրա զոհվելուց երկու ամիս անց: Լեյտենանտ Սարգիս Մանուկյանը ննջում է Աբովյանի գերեզմանատանը՝ հայրենիքի ազատության համար զոհված քաջերի կողքին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #4 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


04/02/2021