Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԱշխարհագրական տեղեկատվությունը ժամանակակից բանակների համար ձեռք է բերում ավելի ու ավելի շատ արդիականություն: Բոլոր երկրներում էլ պաշտպանական գերատեսչությունները հասկանում են, որ զորքերին տեղանքի նկարագրության, գեոդեզիական տվյալների, ժողովրդագրության, տնտեսական ներուժի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ կերպով տրամադրումը կարող է վճռել հակամարտությունների ելքը:

Հայաստանի Հանրապետությունն, ունենալով սակավ մարդկային և տնտեսական ռեսուրսներ, պարտադրված է երկրի անվտանգության ապահովման տարբեր ոլորտներում օգտագործելու ասիմետրիկ գիտական մոտեցումներ՝ առկա ռեսուրսների պայմաններում ճիշտ ռազմավարություն որդեգրելու և զինված ուժերի ծառայողական և մարտական առաջադրանքների արդյունավետ պլանավորման համար:

Ռազմական նշանակության ավտոմատացված կառավարման համակարգերի հետագա զարգացման և արդյունավետության բարձրացման, թվային տեղեկատվության ստացման և դրա մշակման ավտոմատացված համակարգերի ներդրումը բոլորովին նոր մոտեցումներ են պահանջում որոշումների ընդունման գործընթացում: Այս ուղղության հիմնական կետը իրավիճակի համակողմանի գնահատումն է, որի ներքո հասկացվում են ռազմական գործողությունների վրա ազդող բոլոր գործոնները:

Կարևոր դեր է հատկացվում հատկապես աշխարհագրական գործոններին, որոնց իմացությունը թույլ կտա հաշվի առնել ֆիզիկական և սոցիալ-մշակութային միջավայրի դերը ռազմական գործողությունների պլանավորման և անցկացման վրա:

Մենք փորձել ենք, օգտագործելով պատմական և միջազգային փորձը, հանրապետությունում աշխարհագրական և ռազմական գիտություններում ներդնել նոր գիտական ճյուղի` ՀՀ տարածքի ռազմաաշխարհագրական համալիր հետազոտությունների, հիմքը, որը,կարծում ենք, շատ օգտակար կլինի ինչպես երկրի տնտեսության տարածքային կազմակեպմամբ զբաղվող գերատեսչությունների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերլուծությամբ զբաղվող կազմակերպությունների, այնպես էլ տարբեր օղակների հրամանատարական կազմերի համար` ռազմական կենսագործունեության տարատեսակ պայմաններում պլանավորման ժամանակ արդյունավետ որոշումներ կայացնելիս:

Դեռևս XIX դարի սկզբներին, որպես աշխարհագրության առանձին ճյուղ սկիզբ առած ռազմական աշխարհագրությունը, մոտ կեսդարյա «դեգերումներից» հետո, որոշակիացրեց իր հետազոտման շրջանակն ու մեթոդները: Այդ ժամանակաշրջանը նշանավորվեց ռազմական աշխարհագրության մեջ տեղ գտած երկու հիմնական միտումների շուրջ ծավալված քննարկումներով: Առաջին խմբի ներկայացուցիչները` Հ.Ժոմինին, Պ.Յազիկովը և մի շարք արևմտաեվրոպական մասնագետներ, հիմնական շեշտը դնում էին ֆիզիկաաշխարհագրական գործոնների վրա, իսկ երկրորդ խումբը` Ռուսական կայսրության ֆելդմարշալ` Դ. Միլյուտինի գլխավորությամբ, կարևոր էր համարում ուսումնասիրվող օբյեկտի վիճակագրական տվյալների վերլուծությունը: Արդյունքում ձևավորվեց և կայացավ ժամանակակից ռազմական աշխարհագրության հետազոտությունների շրջանակը, որն, ըստ էության, նշված երկու միտումների հավասարակշռված միջինն էր:

ՀԱՅՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆXX դարում Ռուսական կայսրությունում և ԽՍՀՄ-ում ռազմական աշխարհագրության զարգացումը կրում էր իմպուլսիվ բնույթ: Գիտության դերը կարևորվում էր հատկապես պատերազմական իրավիճակներում, այն է` 1914-1920 և 1939-1945 թթ., երբ ամենուրեք թիկունքի և ճակատի հիմնախնդիրների լուծումը աշխարհագրագետներից պահանջում էր ոչ թե տեսական հարցադրումների վերլուծություն, այլ տարբեր իրավիճակներում ի հայտ եկող ամենօրյա խնդիրներին օպերատիվ արձագանքում: Նաև հենց այս տրամաբանությամբ էլ տարածաշրջանի և ՀՀ տարածքի ռազմաաշխարհագրական համալիր հետազոտությունները, գնահատումն ու կիրառական առաջարկությունները համարվում են խիստ արդիական:

Աշխարհագրական գործոնը միշտ էլ ուղեկցել է մարդկային պատմության բոլոր ռազմական բախումների ժամանակ: Այն ռազմական գործիչները, որոնք կարողացել են ճիշտ ընկալել պատերազմների բնական միջավայրի ազդեցությունը ռազմական տարբեր մասշտաբի գործողությունների և օպերացիաների ելքի վրա, հմտորեն օգտագործել են աշխարհագրական առանձին տարրերը` տեղադիրքը, վիճակը, հատկությունները և այլն, հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու համար, իրենց անունը փառքով են պսակել սեփական ժողովրդի և համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ: Տեղանքի տարրերի ուսումնասիրման կարևորությունը ռազմական հաջողությունների մեջ կարևորել են տարբեր ժամանակաշրջանների հայտնի զորահրամանատարներ և ռազմական տեսաբաններ։ Որպես ակնառու օրինակներ կարելի է ներկայացնել Ք.ա. V դարի չին հռչակավոր զորավար Սուն Ցզիին և XV-XVI դդ. իտալացի հայտնի մտածող և ռազմական տեսաբան Ն. Մաքիավելիին, սակայն այդ բոլոր գաղափարները դասակարգված չէին մեկ ամբողջական գիտության մեջ:

Թերևս XIX դարի սկզբներին սկսված նապոլեոնյան արշավանքները, որոնք մեծ տարածություններ էին զբաղեցնում` Իսպանիայից մինչեւ Ռուսաստան, Լա-Մանշից մինչև Եգիպտոս, ստիպեցին կարևորել աշխարհագրական բազմազան գործոնները, պահանջ զգացվեց կատարել դրանց համակարգված վերլուծություններ, և նշմարվեց արդեն նոր աշխարհագրական և միևնույն ժամանակ ռազմական գիտության` ռազմական աշխարհագրության ծնունդը: Հարկ ենք համարում նշել, որ նոր գիտության կարևորողներից էր բոլոր ժամանակների ամենատաղանդավոր զորավարներից մեկը` Նապոլեոն Բոնապարտը: Այստեղ չի կարելի չհիշել նրա դիպուկ խոսքը երկրի աշխարհագրական դիրքի վերաբերյալ` «Երկրի աշխարհագրությունը կերտում է նրա պատմությունը: Աշխարհագրությունը ճակատագիր է»:

Ռուսաստանում ռազմական աշխարհագրության գիտական ճյուղի սկիզբը դրեց իր ժամանակի ճանաչված ռազմական տեսաբան, շվեյցարական (1812թ.-ից ռուսական) բանակի գեներալ Անրի Ժոմինին: Յոթ հակաֆրանսիական կոալիցիոն պատերազմների ժամանակ ռազմական աշխարհագրագետները հավաքել էին հսկայական փաստական նյութ, և Վաթեռլոոյից անմիջապես հետո սկսեցին բուռն բանավեճերը իրենց գիտության առարկայի և մեթոդաբանության հարցերի շուրջ:

Ժոմինիի ղեկավարությամբ Ռուսաստանում այս բանավեճին ներգրավվեց գնդապետ Պ. Յազիկովը, որը 1838թ. գրեց և հրապարակեց Ռազմական աշխարհագրության դասագիրքը` ռուսական գլխավոր շտաբի ակադեմիայի համար: Ռուսաստանի ռազմական գործունեության պրակտիկան իրենից ներկայացնում էր տարբեր մարտաբեմերում համարյա մշտական արշավներ և ճակատամարտեր, որոնք միմյանցից արմատապես տարբերվում էին պայմաններով: Հենց դա էլ կանխորոշեց Պ. Յազիկովի ուսումնասիրությունների խորությունը:

Արևմտյան Եվրոպայում (հիմնականում` Գերմանիայում) ռազմական աշխարհագրության հայեցակարգերի էությունը միայն տեղանքի մարտավարական և ռազմավարական օգտագործման համար տեղեկատուների կազմումն էր,իսկ Պ. Յազիկովն առաջինը նշեց ռազմական գործողությունների և պետության ռազմական  համակարգի վրա ոչ միայն տեղագրության, այլև այլ գործոնների` բնակչության, տնտեսության, պետական կառուցվածքի, կլիմայի և այլնի ազդեցությունը:

Յազիկովի գիրքը լայն բանավեճերի առիթ առաջացրեց Ռուսաստանում: Հիմնական մոտիվը դարձավ այն հարցը, թե ռազմական աշխարհագրության ուսումնասիրության առարկա են հանդիսանում միայն բնական պայմաննե՞րը (ինչպես պնդում էին գերմանացի հեղինակները), թե՞ երիտասարդ գիտության ուսումնասիրության շրջանակների մեջ պետք է ներառվեն նաև տեղեկություններ քաղաքական և տնտեսական աշխարհագրությունից, փիլիսոփայությունից և ժողովրդագրությունից, ինչպես նաև հասարակության այլ երևույթների մասին (ինչպես դա պնդում էր Յազիկովը): Բանավեճը ավարտվեց նրանով, որ ռազմական տեսաբանները միաձայն որոշեցին,որ առարկայի սահմանափակումը միայն ֆիզիկաաշխարհագրական գործոնների ուսումնասիրությամբ՝ չի համապատասխանում պատերազմի իրական պահանջներին. դրա մեջ պետք է ներառել տնտեսության, քաղաքականության, բնակչության, հասարակական այլ երևույթների ուսումնասիրությամբ զբաղվող գիտությունների շրջանակը:

1845թգ գնդապետ Դ.Ա. Միլյուտինը նշանակվում է Գլխավոր շտաբի ակադեմիայի պրոֆեսոր և Ռազմական աշխարհագրության ամբիոնի վարիչ: Շուտով նա հրատարակում է «Ռազմական աշխարհագրության և վիճակագրության քննական հետազոտություններ» գրքույկը:

Դրանում պարզ երևում է գիտության նոր ճյուղի զարգացման հիմնական ուղղությունը: Նկատի է առնվում այն հանգամանքը, որ ռազմական աշխարհագրությունն իր բնորոշմամբ՝ չի ընդգրկում պետության ռազմական գործի և ռազմական քաղաքականության վրա ազդող աշխարհագրական գործոնի բոլոր հարցերը: Անհրաժեշտ էր սկսել գիտության նոր ճյուղի ձևավորումը, որը Դ. Միլյուտինն անվանեց «Ռազմական վիճակագրություն»: Ներկայում այն գիտությունը, որն համապատասխանում է Դ. Միլյուտինի պահանջներին, անվանում են գեոստրատեգիա (երկրառազմավարություն): Քանի որ գեոստրատեգիան աշխարհաքաղաքականության ռազմական ոլորտի անվանումն է, ապա կարելի է համարել, որ XIX դ. կեսերին Դ. Միլյուտինը ստեղծեց այն, ինչն այժմ անվանում են աշխարհաքաղաքականություն` գեոպոլիտիկա:

Միլյուտինի մշակած հիմնական դրույթները առաջ էին անցել Ռատցելի, Չելենի և Մաքինդերի՝ կես դար հետո մշակած դրույթներից:

Նրա ռազմական աշխարհագրության և ռազմական վիճակագրության վերաբերյալ առարկաները կազմում էին ռուսական գլխավոր շտաբի ակադեմիայի ամբողջ ռազմաուսումնական գործընթացի քառորդ մասը: Մտցվեցին գեոդեզիայի գործնական կուրսեր և համապատասխան մասնագիտացում:

Նա հիմնեց ռուսական ռազմական աշխարհաքաղաքականության դպրոցը: «Մարդը պատերազմում է երկրի մակերևույթի վրա, օդում և գետնի տակ, այստեղից էլ աշխարհագրական գործոնը դառնում է պատերազմի մշտական ուղեկիցը: Աշխարհագրությունից, ինչպես և տարածությունից դուրս պատերազմը անհնար է պատկերացնել». այս խոսքի հեղինակը Միլյուտինի աշակերտ, 1920-1922 թթ. ռուսական գլխավոր շտաբի ակադեմիայի պետ Ա. Ե. Սնեսարյովն է:

Ըստ Սնեսարյովի` ռազմական աշխարհագրությունը «զբաղվում է տվյալ պատմական պահին, ռազմական տեսակետից, պետության տարածքի, ուժերի և միջոցների ուսումնասիրությամբ»: Դրա հետ մեկտեղ` Սնեսարյովի մոտեցման յուրահատկությունը այն է, որ նա Ռազմական աշխարհագրությունը դիտում էր ոչ միայն ինչ-որ ֆիզիկական մեծությունների մասին չոր գիտելիքների ընդհանրություն (տարածքը, սահմանները, բնակչության քանակը և այլն), այլ նաև՝ որպես «շնչավորված գիտություն»:Ըստ նրա՝ «Քանի որ ժամանակակից պատերազմն իր հաջողությունների հիմքում հանդիսանում է ժողովրդական մտքի ճկունության և ժողովրդական ոգու փորձաքար, ապա այս տեսանկյունից ժողովրդական զանգվածների ուսումնասիրումը, ինչքան էլ դժվար լինի դա, ռազմական աշխարհագրագետի համար դառնում է պարտադիր»։

Պատմությունը բազմաթիվ օրինակներ է պահպանում,թե ինչպես է աշխարհագրությունը,որպես գիտություն, լուծել երկրի անվտանգային համակարգերի ստեղծման համար մեծ կարևորություն ունեցող հարցեր` Ռուսաստանի տարածաշրջանների համալիր նկարագրություններ, որոնք պարունակում էին բազմաթիվ տարաբնույթ տվյալներ` բնության, բնակչության, տնտեսության մասին: Դրանք ուսումնասիրություններ էին, որ կատարվում էին աշխարհագրագետների ղեկավարությամբ` դեռևս Պետրոս Մեծի ժամանակներից:

Ճանաչված ճանապարհորդներ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ Ն.Մ. Պրժևալսկին, Ս. Տյան-Շանսկին, Ա.Արսենևը և այլք, եղել են ռուսական գլխավոր շտաբի սպաներ և զբաղվել են ոչ միայն իրենց այցելած վայրերի հանրամատչելի աշխարհագրական նկարագրությամբ, այլ նաև լուրջ համալիր ռազմաաշխարհագրական վերլուծական բնութագրություններով:

1942 թ. ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Ա. Ե. Ֆերսմանը «ծՈցՍՈ Ռ ՋՌջվՖ» (թիվ 11-12) ամսագրում լույս տեսած «Աշխարհագրությունը և պատերազմը» հոդվածում նշել է. «Աշխարհագրությունը, որը համարվում էր նկարագրական գիտություն, այժմ հիմնարար գիտությունների շարքում դարձել է համաշխարհային հակամարտության կարևորագույն խնդիրների լուծման առաջատար ուժը։…Աշխարհագրությունը բոլորովին էլ մեզ շրջապատող աշխարհի առանձին փաստերի մասին գիտություն չէ: Աշխարհագրությունը գիտություն է` կապերի, խորը փոխհարաբերությունների մասին, որ բնության մեջ գոյություն ունեն առանձին երևույթի և դրանում աշխատող մարդու միջև»:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի երկրաբանա-աշխարհագրական ապահովման հանձնաժողովի օղակներից մեկը ԽՍՀՄ ԳԱ աշխարհագրության ինստիտուտն էր: Գիտնականներն արդեն 1942թ. հուլիսից սկսեցին կազմել Վոլգայից մինչև Բեռլին ապագա ճակատամարտերի տարածքների ռազմաաշխարհագրական նկարագրությունները:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Գ.Կ. Տուշինսկու հաշվարկների և հանձնարարականների հիման վրա` Կովկասյան ռազմաճակատում ձնահյուսերը թափվում էին գերմանական լեռնահրաձգային ստորաբաժանումների վրա: Նա նաև մասնակցում էր ռազմական ճանապարհների վրա ձնահյուսերի դեմ պայքարի կազմակերպմանը։ Նրա մշակած երթուղիներով խորհրդային զորքերը շարժվում էին առավել անվտանգ լանջերով:

Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Կ. Կ. Մարկովը,որը Կարելական ռազմաճակատի ինժեներական զորքերի շտաբում էր գործում (1944թ. հուլիս-օգոստոս), Ֆրունզեի անվան Ռազմական ակադեմիայի համար մշակեց «Ռազմական աշխարհագրության» դասընթաց և 1944 թ. արժանացավ ակադեմիայի պրոֆեսորի կոչման:

Հետպատերազմյան տարիներին ակադեմիկոս Հ.Պ. Գերասիմովը բնագիտության մեջ մտցրեց «կոնստրուկտիվ (կառուցողական) աշխարհագրություն» տերմինը` դրանով ընդգծելով աշխարհագրական գիտության նշանակությունը ոչ միայն ռազմական, այլ նաև ժողտնտեսական բազմաթիվ այլ խնդիրների լուծման համար:

Արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, ռազմաաշխարհագրական հետազոտությունների հիմքերը դրվել են դեռևս XIX դարի երկրորդ կեսին: Սակայն հարկ է նշել, որ դրանք հիմնականում վերաբերում էին մարտաբեմերի ֆիզիկաաշխարհագրական նկարագրություններին: Արդեն XX դարի կեսերից սկսած` այս բնագավառի հետազոտությունները հիմնականում համապատասխանում էին առարկայի ուսումնասիրման ներկա շրջանակներին: Ամերիկյան հեղինակներից հիշատակման արժանի են` Ջոն Մ.Քոլինզը, Եվգենի Ջ. Պալկան, Ֆրենսիս Ա. Գալգանոն, Հարոլդ Ա. Վինթերսը։

Ջոն Քոլինզի «Ռազմական աշխարհագրություն մասնագետների և լայն հասարակայնության համար» գիրքը հրատարակվել է 1998 թվականին, ԱՄՆ Ազգային Ռազմավարության ինստիտուտի կողմից (Վաշինգտոն): Հեղինակը ԱՄՆ բանակ է մտել 1942թ. և ծառայությունն ավարտել է 1972 թ.` գնդապետի կոչումով: Ծառայել է Եվրոպայում, Կորեայում և Վիետնամում: 1951թ. Մասաչուսեթսում, Քլարկի համալսարանում ստացել է աշխարհագրության մագիստրոսի աստիճան: Կոնգրեսի գրադարանում 24 տարի շարունակ եղել է ազգային պաշտպանության գծով առաջատար մասնագետ:

Ջոն Քոլինզը իր գիտական աշխատություններում ներկայացնում է ժամանակակից ռազմաաշխարհագրական հետազոտությունների շրջանակը` տեսական նյութը համեմելով ԱՄՆ ռազմարվեստի տարբեր ժամանակաշրջանների օրինակներով: Ըստ նրա` ժամանակակից ռազմական աշխարհագրության առջև դրված հիմնախնդիրների բնույթը պայմանավորված է ռազմաքաղաքական և ռազմական իրավիճակից` սկսած ռազմավարական խնդիրների լուծման ժամանակ առաջացած խոշոր հիմնախնդիրներից մինչև առանձին մարտիկի պայքարի ժամանակ առաջացող մանրուքները: Աշխարհագրության հիմնահարցերը ամենուրեք և միշտ ունեն կիրառական նշանակություն` ռազմական մարտավարությունում և ռազմավարությունում, թիկունքի և ռազմավարական ռեսուրսների կիրառական խնդիրների լուծման ժամանակ: Բուն առաջնագծում, ինչպես առանձին զորամասերի և ամբողջական բանակների շարժման ժամանակ, այնպես էլ առանձին մարտիկի յուրաքանչյուր քայլի ընթացքում, ռազմական խնդիրների լուծման հաջողությունը կախված է հրամանատարության՝ աշխարհագրական միջավայրի վերաբերյալ գիտելիքների և իմացությունների տիրապետումից:

Արևմտյան ռազմարվեստը ժամանակակից և ապագա սերունդների՝ մարտական օպերացիաների հաջող իրականացման մեջ անգնահատելի է համարում ռազմական գործողությունների միջավայրի վերաբերյալ առժամանակյա և հավաստի աշխարհագրական տեղեկատվությունը, որը կուղղորդի հրամանատարական կազմին՝ տարբեր զորատեսակների կիրառման համար արդյունավետ որոշումներ կայացնելու համար:

Ժամանակակից զինված պայքարի առանձնահատկություններից մեկն այն է, որ ռազմական գործողությունները կարող են ընթանալ աշխարհագրական բոլոր ոլորտներում` տիեզերքում, մթնոլորտում, ջրոլորտում և քարոլորտում` երկրագնդի տեղային և տարածաշրջանային տարածքների ընդգրկմամբ: Ընդ որում, ժամանակի ընթացքում փոխվում են պատերազմների վարման տարածաժամանակային չափորոշիչները: Այդ պատճառով էլ մարտական գործողությունների և օպերացիաների աշխարհագրական օրինաչափությունների հետազոտումը պետք է դառնա ռազմական տեսաբանների գործունեության հիմնական ուղղություններից մեկը:

«Քաղաքական և ռազմական աշխարհագրություն» հատուկ դասընթացը խորհրդային ժամանակաշրջանում դասավանդվում էր մի շարք ռազմական բուհերում, և ափսոսում ենք, որ այժմ Հայաստանի ռազմակրթական միջավայրում դա բացակայում է կամ ներկայացվում է կրճատված ծավալներով: Քաղաքական և ռազմական աշխարհագրության միասնական կամ անկախ ուսումնասիրությունը ռազմաքաղաքական տեսանկյունից ընդլայնում է զինվորական մասնագետների աշխարհայացքը, մտահորիզոնը, բացահայտում է միջազգային քաղաքականության սուբյեկտների` մեր հեռու և մոտիկ հարևանների՝ տարբեր իրավիճակներում պահվածքի շատ թաքնված շարժառիթներ: Բնաաշխարհագրական, հասարակական և ռազմական աշխարհագրական գիտելիքների խոր իմացությունն է, որ կարող է մեր հասարակությանը, մասնավորապես` երիտասարդ սերնդին ցույց տալ, թե հարաբերությունների ինչ բարդ համակարգում է այժմ Հայաստանի Հանրապետությունը և օգնել գտնելու այդ համակարգում անկախացած Հայրենիքի արժանի տեղն ու դերը:

…Ռազմական աշխարհագրության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել նաև ռազմարվեստի համաշխարհային մեծության հայազգի երեք զավակները` Յանոշ Ցեցը, Զատիկ Խանզատյանը և ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը (Տեր-Իսահակյանը):

Յանոշ Ցեցը (Հովհաննես Ցեցյանը) ծնվել է Հունգարիայում, մարտնչել է Հունգարիայում և Գարիբալդիի բանակում, 1861թ. բնակվել է Արգենտինայում, Բուենոս Այրեսում հիմնադրել է Արգենտինայի ռազմական ակադեմիան (որի բակում կանգնեցված է նրա հուշարձանը), եղել է դրա տնօրենը (1870-74), 1885 թ. հրատարակել է «Արգենտինայի Հանրապետության ռազմական աշխարհագրություն» ձեռնարկը, որը երկար ժամանակ եղել է արգենտինյան բանակի բարձրագույն հրամանատարական կազմի սեղանի գիրքը: Այս գրքի հրատարակությամբ Հովհաննես Ցեցյանը դարձավ ամբողջ Լատինական Ամերիկայում առաջին ռազմաաշխարհագական հետազոտություն կատարած հեղինակը:

Գիտության և կրթության ականավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ, Հայկական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ Զատիկ Հակոբի Խանզատյանը 1919թ. աշխատելով Ազգերի լիգայում, վարել է աշխարհագրագետ-քարտեզագրի պաշտոնը: 1920 թ. հրատարակել է 25 քարտեզից կազմված «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլասը»: 1920-32 թթ. կազմել և հրատարակել է «Թուրքիայի տնտեսական աշխարհագրություն», «Ալժիրի պատմական աշխարհագրություն», «Պաղեստինի տնտեսական աշխարհագրություն» և այլ ատլասներ: 1930-55 թթ. եղել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի աշխարհիկ տնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Ֆրանսիական Դիմադրության շարժմանը: Պատերազմից հետո ծավալել է հայրենասիրական գործունեություն, կազմել մի շարք ատլասներ, այդ թվում` Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված «Հայաստանի պատմական ատլասը»(1960):

Հովհաննես Ստեփանի Իսակովի խմբագրությամբ հրատարակված «Ծովային ատլասը» ռազմածովային աշխարհագրության համաշխարհային մասշտաբի երևույթ է։ Ինքնուրույն և ինքնատիպ աշխարհագրական աշխատանք է «Ծովային ատլասի» առաջին հատորին կից «Աշխարհագրական անունների տեղեկատուն» (1952թ.):

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունում ռազմաաշխարհագրական հետազոտություններ, իհարկե, իրականացվել են, բայց դրանք բոլորն էլ պատվիրված են եղել ԽՍՀՄ ՊՆ կողմից և կատարվել են «գաղտնի» դրոշմագրի ներքո: Ճանաչված աշխարհագրագետներ Ս. Բալյանը և Ռ. Մկրտչյանը նույնպես ուսումնասիրել են աշխարհագրական առանձին երևույթների ազդեցությունը ռազմական գործընթացների վրա: Մասնավորապես` աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնի պատվավոր վարիչ Սողոմոն Բալյանը (1917-2002), 1970-ական թթ. սկզբներին, համագործակցելով Լենինգրադի տանկային գործարանի հետ, իր ղեկավարած աշխարհագրագետների խմբի հետ տվել է Արագածի մերձգագաթային շրջանում տանկերի բարձրլեռնային փորձարկումների երթուղու գեոմորֆոլոգիական հիմնավորումը: Կիրառական ռազմական աշխարհագրության վերաբերյալ այս աշխատանքն, իհարկե, փակ է եղել, և հետազոտությունների արդյունքների հաշվետվության միակ օրինակը հանձնվել է պատվիրատուին:

Կիրառական աշխարհագրության առանձին ոլորտի հետաքրքիր ուսումնասիրություն էր աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրֆեսոր Ռ. Մկրտչյանի, Դ. Ստեփանյանի և Ա. Սարգսյանի «Զինվորական սեզոնային համազգեստի կրման ժամկետների կլիմայական հիմնավորումն` ըստ Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիականության» հոդվածը: Այս հոդվածի էությունն այն է, որ հեղինակները, կիրառելով աշխարհագրության մեթոդները և աշխարհագրական տեղեկատվությունը, ՀՀ տարբեր բարձադիր մարզերի համար ստացել են տարբեր եղանակային պայմանների համար նախատեսված զինվորական համազգեստի կրման ճշգրիտ ժամկետներ, ինչը մեծ կիրառական նշանակություն կարող է ունենալ թիկունքային մատակարարումները պլանավորող ստորաբաժանումների համար:

Շարունակելի

ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #4 (1375) 3.02.2021 - 9.02.2021, Ռազմական


04/02/2021