Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ



ԵՐԵՔ ԸՆԿԵՐ

Պատերազմի առաջին օրվանից Ջրականում էինք, բայց պարբերաբար փոխում էինք տեղներս։ Արդեն անցել էր երեք շաբաթից ավելի: Արաքսի հովտում խրամատ էինք փորում, երբ հրամանատարը կապ տվեց.

– Շտապ իջեք ներքև, վերադասի հրամանով տեղափոխվում եք: Ռազոյին ասա, թող ինքն էլ իջնի։

Իջանք, նստեցինք «Ուրալը» ու բարձրացանք սարի գագաթը` հակատանկային  հաշվարկին փոխարինելու։

Մեզնից մի քանի կիլոմետր հեռու թշնամու թաքցված տանկ նկատեցինք` կրակեցինք։ Կոորդինատները ճիշտ էինք բռնել՝ պայթեց: Իրենք սկսեցին պատասխան կրակ բացել։

Հաջորդ առավոտ ես ու մեր հաշվարկի ավագ Գոռը, որը քաշել էր տանկը խոցած կոռնետի ձգանը, հեռադիտակով նայում էինք հակառակորդի դիրքերին: Հետևից բղավոց լսեցինք՝ «մեզ վրա է», փորձեցինք պատսպարվել, բայց երկուսս ոտքից վիրավորվեցինք. Գոռինը հարվածից էր, իմը` բեկորային։ Շատ խորը չէր, ինքս իմ ձեռքով ոտքիցս հանեցի երկաթի կտորն ու նետեցի…

Վիրավորներ կային: Մեկը մոբից էր, չհասցրին կյանքը փրկել։

Այդ վիճակով ամեն մեկս քարշ գալով` հասանք զորքի տեղակայման վայր, որտեղից բոլորով շարժվեցինք դեպի Տիգրանավան։ Այնտեղ էլ գիշերեցինք։

Առավոտյան ծառի տակ  նախաճաշում էինք, երբ Աբոն հեռվից ձայն տվեց։ Քայլեցի այդ ուղղությամբ, ու հանկարծ անօդաչուն խփեց ծառին… Ինձ ու Աբոյին ալիքը շպրտեց այս ու այն կողմ… Զոհերն ու վիրավորները շատ էին։ Ոչինչ չէի լսում: Տեսարանը, ինչպես ֆիլմերում, կարծես դանդաղեցված լիներ: Մի որոշ ժամանակ անց սկսեցի լսել, ավելի հստակ տեսնել։

Վիրավորներ էինք տեղափոխում…

Նոյեմբերի 9-ին՝ հրադադարի օրը, լրացավ իմ ու Ալբերտի ծառայության 4-րդ ամիսը, իսկ Գոռը օրերս զորացրվեց…

 

 

ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/01/2021