Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՆԱԿԻ ՏՂԱՆ» ԾՆՎԵԼ Է ԲԱՆԱԿԻ ՕՐԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ



«ԲԱՆԱԿԻ ՏՂԱՆ» ԾՆՎԵԼ Է ԲԱՆԱԿԻ ՕՐԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ2016թ. քառօրյա մարտերի լեգենդար մարմնացումն է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ հերոսաբար մարտնչած ստորաբաժանումը։ Այս տղաների անունները, որոնց հայրենասիրությամբ ու քաջությամբ, բարոյական արժեքներով է դաստիարակվում մատաղ սերունդը, հավերժ կմնան ապրողներիս սրտերում:

Երիտասարդ գրող Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը։ Արմենակի հարազատների, ինչպես նաև մարտական ընկերների, ընթերցողների սպասելիքներն արդարացված են. ստեղծագործությունը ազդեցիկ է իր անմիջականությամբ, ասելիքի անաղարտությամբ, փաստերի ճշմարտացի նկարագրությամբ. իսկը Արմենակն է` իր հերոսական կերպարով։ Հեղինակի էսսեները, էտյուդները, պատմվածքները, ինչպես նաև հրամանատարական կազմի և զինվորների հետ անցկացրած հարցազրույցները, էլ ավելի են խտացնում հերոս քաջորդու մարդկային էությունը։

«2016 թվականից Արմենակն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ։ Արմենակի հայացքը միշտ իմ աչքերում է ` ժպիտով ու կյանքով լեցուն։ Երկրից դեպի երկինք հանդիպումները գիրք գրելու պատճառ դարձան»,- ասում է հեղինակը՝ Վովա Արզումանյանը։

Գիրքն ամբողջացնում է Արմենակ Ուրֆանյան մարդու և հերոսի կերպարը։ Հեղինակը, իր գրած տողերը վերընթերցելով, ասում է. «Նա ինձ կարծես այնքան մոտ լինի, որ հանդգնում եմ ասել` « Արմե՛ն, դու ինչ հզոր ես , ախպե՛րս»։ Անցյալով խոսել չի ստացվում, կներեք»:

«ԲԱՆԱԿԻ ՏՂԱՆ» ԾՆՎԵԼ Է ԲԱՆԱԿԻ ՕՐԸ` ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ«Ես դեռ նրա արձագանքին եմ սպասում։ Երկինքը շշնջում է սպասման ճանապարհին…»,-ասում է հեղինակն անթաքույց հուզմունքով։

Գրքի վերնագիր է ընտրվել հերոսի խոսքից, որ ասել է մորը. « Ես քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»:

Քանի դեռ մեր սիրտն է զարկում՝ 116 մարտական դիրքը կապիտան Արմենակ ՈՒրֆանյանի և նրա հերոս մարտիկների շնորհիվ հավերժ կմնա մեր հիշողության մեջ։

2020թ. սեպտեմբերին կապիտան Արմենակ Ուրֆանյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

Բանակի տղան ծնվել է հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը։ Երկնային ծնունդդ շնորհավոր, հերո՛ս։

 

ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #03 (1374) 27.01.2021 - 02.02.2021, Հոգևոր-մշակութային


29/01/2021