Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԱՐՏԱՐՑԻ ՍԱՐԻԲԵԿԸ



ՃԱՐՏԱՐՑԻ ՍԱՐԻԲԵԿԸԵրևի թե քչերին է հայտնի, որ Արցախյան շարժումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի Մարտունի ավանից, երբ 1988 թ. փետրվարի 12-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո բոլորը մի ընդհանուր մղումով շարժվել են դեպի հրապարակ` պատկերացում չունենալով անգամ, որ այդ օրը բացվում է Արցախ աշխարհի պատմության նոր էջը…

Հաջորդ օրերին ցույցեր են տեղի ունեցել մարզկենտրոն Ստեփանակերտում և մարզի մյուս շրջաններում, սակայն Մարտունին այդպես էլ մնաց շարժման առաջամարտիկը: Եվ, հավանաբար, ի թիվս այլ գործոնների, նաև դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ պայքարի հետագա տարիներին Մարտունին այդպես էլ մի թիզ հող չզիջեց թշնամուն:

Ռաջիկ Գեորգիի Մարտիրոսյանը, կամ ինչպես նրան տեղացիներն են կոչել՝ Սարիբեկը, եղել է շարժման առաջամարտիկներից ու նվիրյալներից մեկը: Օժտված լինելով մարդկանց համախմբելու և իր խոսքը տեղ հասցնելու բնատուր կարողությամբ, 1988 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին  ղեկավարել է Մարտունու թաղամասերի ինքնապաշտպանական խմբերի գործողությունները։

Եվ պատահական չէ, որ ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռեկունկովի հրամանով ստեղծված և Արցախ գործուղված ԽՍՀՄ գլխավոր դատախազության հատուկ կարևորության գործերով քննչական խմբի անդամները, ժամանելով Արցախ և ադրբեջանցիների կողմից ստանալով հատուկ հանձնարարություն, 1988 թ. սեպտեմբերի 26-ին, առաջինն Արցախում ձերբակալում են հենց նրան և ուղիղ մեկ տարի Աղդամի և Շուշիի բանտերում խոշտանգումների ու կտտանքների ենթարկելով` փորձում նրանից կորզել շարժման մյուս ակտիվիստների անունները: Սակայն ապարդյուն: Նույնիսկ դաժան, անմարդկային կտտանքներն անգամ չեն սասանում, չեն կոտրում հերոս հայորդու աննկուն ոգին:

Սարիբեկը ծնվել է 1957 թ. հունվարի 2-ին, ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո բնակվել է Մարտունի քաղաքում, հիմնել ձայնագրման ստուդիա և աշխատել որպես օպերատոր-ձայնագրող, միաժամանակ մշակույթի տան «Երազ» էստրադային համույթի գեղարվեստական ղեկավարն ու մենակատարն էր:

Եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում,  մասնակցել է ընդհատակյա գաղտնի հավաքներին, անցկացվող ստորագրահավաքներին, միտինգներում կազմակերպել է քաղաքացիների ելույթները: 1988 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին ղեկավարել է թաղամասերում գործող ինքնապաշտպանական խմբերը։ Դատելով այն բանից, որ այդ ամիսներին ոչ մի խոշոր ընդհարում չի եղել ադրբեջանցիների հետ, իսկ նրանց հրահրած անկարգություններն էլ ստացել են արժանի հակահարված և ավարտվել ամոթալի փախուստով, ակնհայտ է դառնում, թե որքան արդյունավետ է եղել նրա այդ ամիսների գործունեությունը: Նրանից տարիքով մեծ մարդիկ անգամ նրան ընդգծված հարգանքով են վերաբերվել, ինչից նա իրեն ավելի պարտավորված է զգացել և գիշեր ու զօր, առանց քուն ու դադարի պայքարել քաղաքի անվտանգությունն ապահովելու համար:

ՃԱՐՏԱՐՑԻ ՍԱՐԻԲԵԿԸՊատմում են այդ օրերին պատահած մի դեպք: Նրա հայրը` Գեորգի Մարտիրոսյանը, որն այդ ժամանակ Մարտունու շրջանի միլիցիայի պետն էր, քաղաքում տիրող իրավիճակը ստուգելուց հետո, գիշերվա ժամը 3-ին վերադառնում է տուն և իրենց շենքի բակում հերթապահություն իրականացնող տղամարդկանց հայտնելով, որ իրավիճակը քաղաքում կայուն է, առաջարկում է նրանց գնալ իրենց տները: Վերջիններս հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ Սարիբեկից թույլտվություն չունեն: Եվ նրա այն հարցին, թե ո՞վ է այս քաղաքի կարգուկանոնի համար պատասխանատուն՝ Սարիբեկը, թե միլպետը, նրանք կատակով պատասխանում են, որ ընկեր Մարտիրոսյան, ցերեկը Դուք, գիշերը` Սարիբեկը:

Արհամարհելով կրկին բռնվելու վտանգը՝ Սարիբեկը շարունակում է իր ազգապաշտպան գործունեությունը՝ դառնալով հարևան գյուղերում բնակվող ադրբեջանցիների ահն ու սարսափը: Ունենալով շրջանում գործող պարետային խմբերի աջակցությունը` ադրբեջանցիները, ինչպես նաև «Կոլցո» օպերացիան իրականացնողները, բազմիցս նրան բռնելու փորձեր են կատարել, սակայն՝ ապարդյուն:

Լինելով էությամբ ըմբոստ, աննկուն կամքի տեր և նպատակաուղղված անձնավորություն, լավագույնս հասկանալով Արցախ աշխարհին նետված մարտահրավերը, նա առանց վայրկյան իսկ երկնչելու, չնայած որ հինգ երեխաների հայր էր, մշտապես ամենաթեժ կետերում էր։ Մարդկային որակների շնորհիվ Սարիբեկը առաջին իսկ օրից գրավում է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ուշադրությունը, դառնում նրա զինակիցը:

Ծառայելով Մարտունու շրջանի հետախուզական ջոկատում որպես ջոկատի հրամանատարի տեղակալ, Սարիբեկը ուներ ցանկացած տեսակի տեխնիկայի հետ վարվելու բնատուր տաղանդ, առանց փոքր-ինչ պատրաստության, բազմափորձ մեխանիկի  հմտությամբ ու  վարպետորեն է վարել թուրքերից առգրավված հետևակի մարտական մեքենան՝ զարմացնելով բոլորին։

– Նա շատ բարի ու կարեկից սիրտ ուներ: Իմանալով գերի վերցված և Մարտունու միլիցիայի բաժնում պահվող ադրբեջանցի ծերունու մասին, նրա համար անկողին և ամեն օր ուտելիք էր տանում և չցանկանալով ցույց տալ թուրք ծերունու հանդեպ ունեցած խղճահարությունն ու կարեկցանքը, իր արարքն արդարացնում էր նրանով, որ այդ մարդը ճանաչում է իր հորը,- հիշում է կինը՝ Լիլյա Ավանեսյանը:

Սարիբեկի մարդկային վեհ նկարագիրը բացահայտող ևս մեկ դիպված: Ներքին Վեյսալուն գրավելու ժամանակ, հատուկ հետախուզական խումբը, որի մարտական մեքենան Սարիբեկն էր վարում, գյուղի թաղամասերից մեկի  փողոցում տեսնում է հինգ-վեց տարեկան մի աղջկա, որը վազում էր դեպի այն կողմ, ուր մայրն էր ճողոպրել` մոռացած զավակներ ու տուն, որովհետև ազերի գաղափարախոսները քարոզում էին, թե հայ «ղուլդուրլարները» գթասրտություն հանդես չեն բերում անգամ կանանց ու աղջիկների նկատմամբ:

ՃԱՐՏԱՐՑԻ ՍԱՐԻԲԵԿԸ-Տեսնո՞ւմ ես այն երեխային,- խոսափողով հարցնում է մարտական ընկերոջը՝ Վալերիկին:

-Հետո ի՞նչ,- ասվածը չըմբռնելով պատասխանում է Վալերիկը:

-Հետո այն, որ մեղք է երեխան, երեխան ի՞նչ մեղավոր է:

Ու ԲՄՊ-ն քշում է երեխայի կողմը: Երեխան դա տեսնելով, փախչում ու կորչում է բակերում:

Սարիբեկը գտնում է նրան, սիրտ տալիս, հետաքրքրվում ծնողների մասին և իմանում, որ րոպեներ առաջ մայրը թողել է նրան ու փախել:

-Կգտնենք, կգտնենք մայրիկիդ ու քեզ կհասցնենք նրան,- ասում Սարիբեկն ու դարձյալ ԲՄՊ-ն քշում խճուղին ի վար: Հինգ րոպե չանցած՝ երեխային հասցնում է ահաբեկված մորը, ու քանի որ հիանալի տիրապետում էր ադրբեջաներենին, վերջինիս բացատրում է, որ հայ զինվորը երբեք երեխայի ու կնոջ վրա չի կրակում: Ո՛չ այս երեխան է մեղավոր, ո՛չ դու, մեղավորը ձեր աղվես Էլչիբեյն ու  ձեր… ամուսիններն են: Մի խոսքով, մարդուդ կասես, որ ինքը Սարիբեկին տասը լիտր սալյարկա է պարտք այս լավության դիմաց, և այնքան է սպասում, մինչև նրանք անվնաս հեռանում են տեսադաշտից,- պատմում է հերոսի դուստրը՝ Հասմիկը:

Շրջանի հետախուզության պետ Վլադիկ Խաչատրյանի («Կոմիսարի») զոհվելուց հետո, 1992 թ. դեկտեմբերի 10-ին նշանակվել է հետախուզության պետ։ Մասնակցել և անձնական խիզախություն է ցուցաբերել Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարության իրականացրած բոլոր մարտերին, մասնավորապես՝ Ավդալ-Գյուլափլուի, Ամիրանլարի, Կուրոպատկինոյի, Մուղանլուի, Իսուն յալի, Գևորգավանի, Ուրյանա բարձունքի (Ուրյանդաղի), Վերին և Ներքին Վեյսալուների, Դիլաղարդայի, Մարտակերտի, Քարվաճառի, Մարզիլուի և այլ բնակավայրերի ազատագրության համար մղված, ինչպես նաև Մեխակավանի, Ժդանովի, Վարանդայի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողություններին:

-Որտեղ էլ նա հայտնվում էր, իր ուրախ բնավորությամբ ցրում էր զինվորների մեջ եղած խուճապը և բոլորին համակում վաղվա օրվա և հաղթանակի նկատմամբ ունեցած լավատեսությամբ,- վկայում է զինակից ընկերներից մեկը:

Մարտակերտի շրջանը ազատագրելիս, որին Մարտունու ջոկատը մասնակցել է 1993 թ. մարտի 5-ից մինչև ապրիլի 6-ը, իր հետևակի մարտական մեքենայով (հրամանատար Վարդան Խաչատրյան, նշանառու` Կառլեն Աղաբեկյան) առաջինն է մտել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Չարեքտար, մասնակցել է Պուշկեն յալի գրավմանը: Այնուհետև Մոնթեի հետ  նա մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը:

-Նրա խանդավառությունը տեսնելով, ես ակամա մոռանում էի, որ պատերազմ է, և ամեն րոպե կարող էր կատարվել վատթարագույնը,- ասում է տիկին Լիլյան:

Մարտերում ցուցաբերած նրա քաջության, խիզախության, անձնվիրության ու առաջինը մարտի դաշտ նետվելու նրա պատրաստակամության մասին պատմում են թե՛ նրա մարտական ընկերները և թե՛ բոլոր նրանք, ովքեր մարտերի ընթացքում թեկուզ մեկ անգամ տեսել կամ շփվել են նրա հետ: Մասնավորապես, Պուշկեն յալի համար մղված մարտում նրա և հետևակի մարտական մեքենայի անձնակազմի մյուս անդամների` Կառլեն Աղաբեկյանի և Վարդան Խաչատրյանի ցուցաբերած արիության մասին իր հարցազրույցներից մեկում պատմել է Մոնթե Մելքոնյանը:

Ցավոք, 1993 թ. հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզիլու գյուղի ազատագրման համար մղած մարտը վերջինը եղավ: Իրականացավ նրա կանխատեսումը`«Ես զոհվելու եմ միայն Ավոյի հետ»: Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար 1994 թվականին Ռաջիկ Գեորգիի Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է  «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Ապրել ու արարել, կռվել ու ստեղծագործել, շենացնել մեր հայրենիքը, որ այն հավերժ կանգուն մնա, մնա անառիկ թշնամու համար, հանգիստ ու խաղաղ հանգրվան զոհվածների աճյունների և ապահով օթևան՝ ապրողներիս համար, թերևս այսպիսին կլիներ Մեծն Մոնթեի հավատարիմ զինակից ճարտարցի Սարիբեկի պատվիրանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #2 (1373) 20.01.2021 - 26.01.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


21/01/2021