Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ…
ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ…

ԼԻԼԼԻ ՊՐՈՄԵՏ (1922-2007), էստոնացի արձակագիր, դրամատուրգ

 

ՈՐ ԵՐԿԻՐԸ ԾԱՂԿԻ…Տանջալի  ճանապարհ էր. պայթեցված կամուրջներ, քաղաքներ` նման դատարկ ակնախոռոչներով գանգերի, ժանգով ծածկված սպանելու զենքեր` թափված սերմնացանի և հունդի կարոտ հողին:

Այդ ճանապարհով քայլող պատանու աչքերում վիրավոր հողի դժգունած պատկերն էր: Նա քայլում էր փլատակների վրայով, որոնք մի ժամանակ բանուկ փողոցներ էին, շեն, կյանքով լեցուն օջախներ: Վերջապես հայտնվեց կծղած մի դաշտում: Լայնարձակ հարթավայրում կանգնած էր այրին` չորս մանկահասակ երեխաների հետ: Մոտենալով՝ պատանին նկատեց այրու աչքերի դատարկությունը: Դեռ հեռվից կինը ձեռքը պարզել էր տղայի ուղղությամբ` ուտելիքի ակնկալությամբ: Ճամփորդը գլուխը բացասաբար օրորեց:

-Հաց, ուտելիք չունեմ, որ քեզ տամ,  մոտս միայն սա է,- ու գրպանից հանելով նորածիլ սոխուկը` մեկնեց կնոջը:

-Ինչի՞ս է դա պետք, երբ շուրջբոլորը միայն գերեզմաններ են ու մահ:

-Որ երկիրը ծաղկի,- ասաց տղան,- ես ոչինչ չունեմ քեզ տալու, ո՛չ հողագործ եմ, ո՛չ շինարար, ես ընդամենը բանաստեղծ եմ:

Կինը չէր հավատում, որ երկիրն այլևս ունակ կլինի ծաղկելու, շենանալու:

-Իմ զավակների հայրն այլևս չի վերադառնալու,- հազիվ լսելի մրմնջաց:

-Բայց գարունը, անկախ ամեն ինչից, գալիս է,- մխիթարեց բանաստեղծը հուսահատված կնոջը,- վերցրո՛ւ և տնկի՛ր ծաղկի այս սոխուկը, որ առավոտները այլեւս այսչափ անգթորեն  ու անգույն չբացվեն: Եվ թող բոբիկ ոտքերի տակ, ով այսուհետ կանցնի այս ճանապարհներով, ծաղկի կարմիր ծաղիկը, ինչպես սերը, կապույտ ծաղիկը` ինչպես խաղաղ օրվա երկինքը, դեղին ծաղիկը` ինչպես արևը…Ու անգույն օրեր թող չլինեն, չլինի աչքերում այլևս դատարկություն…

Եվ այրին վերցրեց բանաստեղծի նվիրած սոխուկն ու տնկեց, որ երկիրը ծաղկի…

Թարգ.՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ