Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՐ ՎԱՐԴՈՒՇԿԱՆ
ՄԵՐ ՎԱՐԴՈՒՇԿԱՆ

Մի օր անցնելով Ստեփանակերտի շտաբի շենքի մոտով, դռան վրա հայտարարություն նկատեցի փակցված։ Կարդալով շտապեցի մեկնել Շուշի՝ նշված հասցեով։

Նախկին հայորդաց վարժարանում հավաքվել էին մի խումբ կամավորներ՝ տարբեր տարիքի կանայք` լեցուն վճռականությամբ եւ հաղթանակի նկատմամբ մեծ հույսով։

Տեղ հասա եւ ցանկացա տեսնել կանանց խմբի հրամանատարին։ Ասացին՝ բարձրացել է դիմացի սարերը՝ կրակել սովորելու։ Առանց ժամանակ կորցնելու գնացի նրա մոտ։ Դեռ սարին չհասած` նկատեցի, որ մոտ 15-20 կին զենքը ուսներին երգելով իջնում են։ Առջեւից գնացող ամրակազմ տղային հարցրի.

-Ո՞վ է հրամանատարը։

Նա մի տեսակ ինձ նայեց, գլխով վերջը ցույց տվեց եւ գնաց։ Հետո իմացա, որ հրամանատարը կին էր՝ Մարգարիտան։ Շարքի վերջում նկատեցի մեկին, որ գլուխը կախ քայլում էր։ Մոտեցա նրան։ Գլուխը հազիվ բարձրացնելով՝ մտամոլոր նայեց ինձ։ Ասացի, որ կարդացել եմ հայտարարությունը եւ ցանկանում եմ զինվորագրվել կանանց ջոկատին։ Զրուցելով հասանք զորանոց։ Ներսից այն դպրոց էր հիշեցնում։ Նրա խոսքերից հասկացա, որ հայաստանցիների չեն վերցնում ջոկատ, միայն ղարաբաղցիներին։ Զգում էի, որ պատճառ էր փնտրում ինձ մերժելու։ Նկարագրում էր դժվարությունները, իրենց պայմանները եւ այլն։ Ասացի, որ արդեն եղել եմ Շահումյանում, Չինգյաթաղի, Գյուլաթաղի, Մեհմանայի մարտերին եմ մասնակցել եւ որ ինձ համար ոչ մի դժվարություն արգելք չէ։ Մի խոսքով, տեսավ ինձնից պրծում չունի։ Համակերպվելով՝ ինձ ծանոթացրեց աղջիկներին, եւ գնացինք ճաշելու։ Այստեղ առաջին անգամ զգացի բանակի շունչը։ Բոլորը մեկ մարդու պես հավաքվեցին բակում, երկուական շարք կազմեցին։ Դեռ 92-ին այստեղ իշխում էր զինվորական կարգ ու կանոնը։ Շատ գումարտակներ նրանց կնախանձեին։ Կանայք արժանապատվորեն էին կրում զինվորականի համազգեստը։ Ամենուրեք մաքրություն էր, զինվորական կարգապահություն։

Առաջին հայացքից Վարդուհին, որին աղջիկները Վարդուշկա էին ասում, տխուր, ինքնամփոփ, անմարդամոտ, չխոսկան էր երեւում։ Նա շատ մտահոգ էր, կարծես ամբողջ պատերազմի հոգսը իրեն էին տվել։ Այդպես էլ կար։ Դեռ այն տարիներին, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, եւ ազատագրական պայքարը իր սաղմնային վիճակում էր, ակտիվ մասնակցում էր շարժմանը՝ թռուցիկներ տարածում, հավաքներ կազմակերպում, թաքցնում շարժման մասնակիցների, զենք ու զինամթերք հայթայթում, հասցնում տարբեր շրջաններ։ Եվ այս ամենը աչալուրջ օմոնի հսկողության ներքո։ Իսկ երբ մի օր գաղափարակից մի տղայի հետ դեպի Մարտունի զենք ու զինամթերք էին տանում մեքենայով, նրանց կանգնեցնում է ռուսներից եւ ադրբեջանցիներից բաղկացած պարեկային խումբը։ Պարեկների այն հարցին, թե ինչ կա մեքենայում, Վարդուհին ծիծաղելով պատասխանում է՝ զենք, եւ հետո ձեւացնում` իբր սիրահարներ են։ Պարեկները կարծելով, թե աղջիկը կատակում է, առանց ստուգելու բաց են թողնում։ Այսպես փրկվում են։ Նախախնամությունը երեւի կամենում էր, որ Վարդուհին ապրի, գործի, պայքարի, կռվի ու հաղթի։

Ոչնչի առաջ կանգ չէր առնում, եւ երբ մի օր պետք էր թռուցիկներ տարածել, Վարդուհին հանձն առավ։ Երբ ոտնաձայներ էին լսում, Վարդուհին ձեւացնում էր, թե գրկում էր հետի անծանոթ տղային, եւ տղայի թիկունքում կատարում իր «սեւ» գործը՝ պատին փակցնելով հերթական թռուցիկն ու չքվում։ Անցնողները կամ ժպտում էին, կամ երեսները թեքում՝ չտեսնելու տալիս «սիրահարներին»։ Այդպես բազմիցս խուսափելով բացահայտվելուց, մահն աչքի առաջ, ժպիտը նշաձեւ սեւ աչքերում, աներկյուղ գնում էր գյուղից գյուղ, քաղաքից քաղաք՝ կոչ անելով միավորվել, պայքարել հանուն անկախության եւ ազատության։

Մտախոհ, թախծոտ աչքեր. ահա այսպես տեսա քեզ առաջին անգամ, իմ լավ, իմ անվախ, իմ անուշ մարտական ընկերուհի։ Դու ինքդ վրեժի մարմնացում էիր։ Չէիր գտնում տեղդ, անհամբեր սպասում էիր քո ժամին։

Երբ վերադառնում էիր դիրքերից, քեզ հատուկ հումորով եւ թեթեւությամբ պատմում էիր գլխովդ անցածը եւ տեսածը, կարծես ոչինչ էլ չէր եղել, եւ դու ոչ թե մարտի դաշտից էիր գալիս, այլ կոմեդիայի թատրոնից։ Արհամարհում էիր վախկոտներին…

Դու միշտ առջեւում էիր։ Քո ետեւից մարտի էիր տանում, դու հույս էիր ներշնչում բոլորին։ Դու թշնամուն երբեք թիկունք ցույց չտվեցիր։

Իմ աչքերը լցվեցին, երբ դու եւ էլի մի քանի աղջիկներ Սարի բաբայի ուղղությամբ գնացիք, կարծեցի` դա վերջն էր, եւ քեզ էլ ավելի ամուր գրկեցի հրաժեշտի պահին։

Շատ տղաներ սարսափում էին գնալ այդ ուղղությամբ, բայց դուք հպարտ էիք, չտրտնջացիք, ավելին` ծիծաղում էիք եւ ուրախ էիք, որ հենց դուք եք գնում այդ «դժոխքը»՝ հերոսանալու։

Աղոթել չգիտեի, բայց այդ օրերին «ախ Աստված ջան» էի մրմնջում, որ ողջ-առողջ դուրս պրծնենք այդ գեհենից, վերադառնաք։

Թշնամու կրակը չէր դադարում… «Տեսնես ինչպես եք այնտեղ, Վարդուհի»,- մտածում էի։ Դու ինձ համար մեր էպոսի ծուռն էիր. համոզված էի, որ ուր էլ լինես` դուրս կգաս, դու չէիր կարող, իրավունք չունեիր զոհվելու։

Կալաշնիկովի ավտոմատը քեզ համար խաղալիք կարծես լիներ, իսկ ձեռնամարտի պարապմունքների ժամանակ ընտրում էիր ամենաուժեղ հակառակորդին։ Մեր շարքերում քեզ հաղթող չկար։ Ես էլ չկարողացա քեզ գետնել, հիշո՞ւմ ես, երկուսով շնչակտուր մնացինք գետնին պառկած։

Արդար էիր ու նույնն էիր պահանջում ընկերներիցդ։ Պատերազմը չկոպտացրեց քեզ. հոգով մնացիր նույնը՝ փխրուն, նուրբ։ Անարդարությունը կատաղության էր քեզ հասցնում, պատրաստ էիր վագրի նման հարձակվելու։ Շողոքորթելը, ստելը, վախենալը, ուրանալը քեզ խորթ էին ու անծանոթ։ Երբեք չէիր ասի այն, ինչը քո սրտով չէր։

Հիմա էլ շատ լավ հիշում եմ մեր զրույցները, կատակները։ Դու մեզ համար ոչ թե հրամանատար էիր, այլ լավ ընկերուհի, քույր։ Չգոռոզացար, կուրծքդ չծեծեցիր, մնացիր համեստ եւ խոնարհ։ Կարծես դու չէիր այն աղջիկը, որ վիրավորներին շալակել, հանել է կրակի գծից, օգնություն ցուցաբերել, նորից նետվել մարտի։ Ոգեւորությունը կրկնապատկվում էր, երբ մարտական ընկերներդ տեսնում էին քեզ։ Անտրտունջ դիմացար սառնամանիքին, սովին եւ պատերազմական դաժան պայմաններին։

Եվ երբ մի փոքր հանգստանալու ժամանակ էիր գտնում, ծիծաղում էիր այդ ամենի վրա՝ չհիշելով ցրտահարված մատներիդ, ոտքերիդ մրմուռը։ Գիշերը, երբ հոգնած մարմինդ հանգիստ էր ուզում, աչքերդ փակվում էին, քնել էիր ուզում, ականջներումդ դեռ հնչում էր արկերի ոռնոցը, կրակոցների ձայնը, վիրավորների վերջին հառաչը։ Տանջվում էիր, եւ հոգիդ մղկտում էր։ Որտեղի՞ց էիր, սակայն, կրկին ուժ գտնում, վեր կենում, մոտենում վիրավորներին եւ ինչպե՞ս էիր կարողանում մի կերպ, կիսաքուն հերթական գիշերը լուսացնել։

Երբ սեղան էինք նստում, դու առաջին բաժակով հոտնկայս հարգանքի տուրք էիր մատուցում զոհված ընկերների հիշատակին։ Դու, որ ստեղծված էիր կյանք պարգեւելու եւ նորածնի բարուր գրկելու համար, զենք էիր գրկում։ Ձեռքդ չէր դողում թշնամուն գետին տապալելիս, բայց սրտիդ խորքում տխրում էիր. «Էլի մի մոր տան ճրագ մարեց»։ Եվ ամեն անգամ բարձրաձայն նույն խոսքերն էիր կրկնում. «Երբ պիտի էս կռիվը պրծնի»։

Կռիվը պրծա՞վ. դժվար է ասել։ Արցախը ծաղկեց, խաղաղվեց երկինքը…

Մի օր էլ, երբ վիրակապում է ծանր վիրավորված մարտական ընկերոջը, վերջինս կատակում է. «Թե սաղ մնամ, քեզ ուզելու եմ»։ Վարդուհին ժպտում է նրան. «Իմ ձեռքից դեռ վեչ մինը մեռալ չէ, էդ թուրքի ձեռից են մեռնում»։ Եվ ահա տարիներ հետո առողջություն եւ երիտասարդություն կորցրած մարտական ընկերները մի օր հանդիպում են, հիշում են անցյալը եւ տխրում իրենց կորցրած ընկերների համար։ Նախկին զինվորը հիշում է իր կատակը. «Թե սաղ մնամ, քեզ ուզելու եմ»։ Հետո ավելի լուրջ է նույն կատակն արել, շատ ավելի լուրջ…

Վարդուհին այժմ երջանիկ մայր է. նրա դուստրը ժառանգել է մոր նշաձեւ գեղեցիկ աչքերը։ Իսկ ամուսինը հիմա ամեն առիթով կատակում, ասում է. «Կամանդիր կնիկ ունեմ, է»։

Մեր մարտական ընկերուհին՝ մեր Վարդուշկան, եզակի քաջության, հայրենանվիրության եւ պատերազմի դաշտում ցուցաբերած արիության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» մեդալով։ Աստված անի, երկար տեւի արյան գնով նվաճած մեր այս խաղաղությունը, եւ Վարդուհու աչքերը այլեւս երբեք չթախծեն, այլ միայն խնդան եւ ուրախանան կյանքով։

ՍԻԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ (ՍՅՈՒԶԻ)