Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՑԵՂԱՇՈՒՆՉ ԵՎ ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐ ԷՐ...
ՑԵՂԱՇՈՒՆՉ ԵՎ ԱՌՅՈՒԾԱԾԻՆ ՄԱՅՐ ԷՐ…

«Ոչ իմաստուններ, ոչ թագավորներ օգնության կանչեք հայրենիքին, այլ տոհմածին մայրերի ազդեցությունը: Ցեղաշունչ մայրն է ազգային բարքերի սնուցողը: Սեր և նվիրում դեպի հայրենիքը ներշնչում և սնուցում է ցեղաշունչ մայրը»,- երիցս ճշմարիտ են բոլոր ժամանակների մեծագույն մտածողներից մեկի` Նժդեհի այս խոսքերը: Այո՛, մայրն է մեր տեսակը սնուցող Կաթնաղբյուրը, մեր մհերական զորեղության ակունքը: Եւ ամեն անգամ, երբ նրանց սուրբ դասից մեկը պակասում է, մենք մեզ որբացած ենք զգում, նորից նորոգվում է մեր կռիվը բնության դեմ, ու թվում է, թե տաք հողաթմբին խոնարհված ծաղիկները գարուն չտեսած` գրկել են աշնան ցուրտ օրերը, իսկ նրանց քնքուշ կրծքի տակ մի մայր քնքշություն է քարացել, մի լուսեղեն մոր սիրտ:

Ահա այսպես, օրեր առաջ հանկարծ ու անսպասելի կանգ առավ Ցեղաշունչ ու առյուծածին մայրերից մեկի` Արցախյան ազատամարտի նահատակ հերոս Արման Զոհրաբյանի (Ցուլ) մոր` տիկին Սուսաննա Ենգիբարյանի սիրտը: Արմատներով բայազետցի, կրակոտ էությամբ այդ կինը մարդկայնության, իսկական հայ կնոջ ու հայ տեսակի մարմնացում էր` երբեմն ազդու և խիստ, բայց և անչափ մեղմ ու քնքուշ բնավորությամբ: Նա կարողանում էր մարդկանց հավատ ու վստահություն ներշնչել ինչպես իր, այնպես էլ այլոց ու կյանքի, Հայրենքի ու պետականության հանդեպ: Անձամբ իր համար Հայրենիքն ամեն ինչ էր, Հայրենիքի շահը` ամեն բանից վեր, այդ ոգով էր դաստիարակել նաև իր բոլոր սաներին ու զավակներին: Եվ բնավ էլ պատահական չէր, որ երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ընդամենը 17-ամյա որդին` Արմանը, առանց երկմտանքի նետվեց կռվի բոցերի մեջ. Հայրենիքի հանդեպ անձնուրաց սերը դեռևս մայրական կաթի ու ծնողական դաստիարակության հետ էր փոխանցվել նրան:

Արմանի զոհվելուց հետո էլ տիկին Սուսաննան, ցավը խեղդելով սրտի մեջ, միշտ մնաց հավատարիմ իր տեսակին, չկորցրեց հույսն ու հավատը այն գաղափարների հանդեպ, որոնք իր կյանքին ուժ ու եռանդ էին հաղորդում: Ավելին, որդուց հետո նա ապրում էր այն գիտակցումով, որ պիտի գործի և՛ իր, և՛ Արմանի փոխարեն: Դեռևս պատերազմի ծանր օրերին նա դարձել էր Արմանի և նրա ընկերների լավագույն ընկերը, գոտեպնդողն ու խորհրդատուն, և այդ ընկերությունը տիկին Սուսաննան շարունակեց մինչև իր կյանքի վերջը: Ծանր վշտի պահին տղերքին ասել էր` «Արմանը չկա` ես եմ ձեր ընկերը»: Եվ տղերքը միշտ իր կողքին էին, ինքը` տղերքի: Ամենքի ընտանիքի հոգսը իրենն էր. ապրում էր նրանց հետ ամեն դժվարություն և հարկ եղած դեպքում գոտեպնդում իր վարքով, աներեր կամքով օրինակ ծառայում ու հաղթանակի հավատ ներշնչում: Իսկ բոլորից թաքուն… Բոլորից թաքուն նա կին էր ու մայր` փխրուն, քնքուշ բնավորությամբ, ու նրա արցունքներն ու անքուն գիշերների տանջանքները, հոգում անթեղված կարոտն ու վիշտը միայն իրենն էին, որ պիտի տաներ անմռունչ:

Ստանձնել էր «Քանաքեռ-Զեյթուն համայնքի զոհված և վիրավոր ազատամարտիկների իրավապաշտպան խորհրդի» նախագահի պարտականությունները և միշտ փորձում էր անել հնարավորը` ազատամարտիկների, նրանց ընտանիքների ու ծնողների համար: Նաև «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր անդամ էր և հաճախ էր լինում Հայոց բանակի տարբեր զորամասերում: Նրա շնորհիվ բազում հայորդիներ եղան ազատագրված Արցախում, տեսան ու զգացին, թե ինչ թանկ, անգին ու սուրբ գանձ է Արցախը:

Տիկին Սուսաննան սիրելի ու սպասված մարդ էր այնտեղ: Ամեն անգամ Արցախ գնալիս նրա հոգում խառնվում էին սերը, կարոտը, որդեկորույս մոր ցավն ու վիշտը, բայց և երբեք հոգին չլքող հպարտության զգացումը. նա գնում էր Արմանի հետքերով և կարծես գնում էր Արմանին որոնելու: Գնում ու գտնում էր նրան արցախցու անպարտելի հոգու միջնաբերդում, զինվորական կուռ շարքերում, Արցախի բոլոր այն անկյուններում, ուր ազատ կյանքը նոր երազ է հյուսում:

Իսկ ամեն ազգային տոն նրա համար նաև բոլոր տղերքին մի տեղ հավաքելու հրաշալի առիթ էր: Նման պահերին ոգևորությունը հասնում էր բարձրակետին, տիկին Սուսաննան երգում էր, ասմունքում, կատակում և ամենքին պարուրում ջերմությամբ… Հպարտանում էր, որ աշուղ Գուրգենի աղջիկն է և նրանից ժառանգել է սերը երգի ու երաժշտության հանդեպ: Ինքն էլ երբեմն խոհերն հանձնում էր թղթին, դրանք հաճախ վերածվում էին բանաստեղծական տողերի ու դառնում սիրված երգեր: Իր հոգու երգը, թերևս, որդու` Արմանի հիշատակին գրված երգն էր, որ բազում անգամներ հնչել է անվանի երգիչների կատարմամբ:

Այսպիսին էր մեր բոլորի սիրելի, մեր անմոռաց տիկին Սուսաննան և, սգալով նրա կորուստը, մեզ մնում է հավատալ կյանքի հավերժության խորհուրդին, հավատալ ինքներս մեզ, որ մեր հիշողության մեջ միշտ վառ կպահենք նրա անունն ու հիշատակը, կլինենք ու կմնանք նրա դավանած արժեքների անբեկ հետևորդն ու նվիրյալը:

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ