Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՄեր հայրենիքի պաշտպանները շարունակում են իրենց սրբազան առաքելությունը՝ ամրապնդել  հայրենիքի բնագծերի պաշտպանությունը: Թեև ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն նրանք չեն մոռանում ռազմի դաշտում տեղի ունեցած իրադարձությունները: Մեր տղաները համեստությամբ են խոսում իրենց տված կռվի, իրենց կատարած սխրագործությունների մասին:

Լեյտենանտ Նարեկ Բարոյանը մեկ տարի առաջ ինքնակամ որոշեց ծառայության գալ սահմանամերձ զորամաս: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նորավարտ սպաներից է: Նորավարտ, սակայն արդեն պատերազմական պատկառելի փորձով,  մարտական կենսագրությամբ ու գործած հերոսական սխրանքների պատմությամբ:

– Տպավորիչ մարտական խնդիրը եղել է այն, երբ թշնամին մեր հարևան գումարտակի մարտական հենակետի վրա զինտեխնիկայի ուղեկցությամբ, մոտ 300 հոգանոց հետևակային շարասյուններով, բացահայտ գրոհ ձեռնարկեց: Անմիջապես խնդիր ստացանք ականանետային մարտկոցի կրակային ուժերը կենտրոնացնել և կասեցնել թշնամու գրոհը: Մի քանի ժամ տևած համազարկային անդադար կրակով ճնշեցինք գրոհը, որից հետո թշնամին մարտի դաշտում թողնելով մի քանի միավոր խոցված տեխնիկա ու շատ դիակներ, դիմեց փախուստի: Ոչ մի դժվարությունից չենք երկնչել, ոչ մի դժվարություն չէր կարող մեզ կանգնեցնել, խանգարել  կատարելու մարտական առաջադրանքը, պաշտպանելու մեզ վստահված մարտական դիրքը,- վերհիշում է մարտկոցի հրամանատար, լեյտենանտ Նարեկ Բարոյանը:

ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՄիասնաբար կռվել են,  զինվորական երդմանը հավատարիմ պաշտպանել հայրենիքի իրենց վստահված սահմանը:

– Մենք կատարել ենք մեր հրամանատարության առաջադրանքը՝ պաշտպանել մեր հայրենիքը, մեր ընկերներին ու մեր ընտանիքները,- ասում է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մանուկյանը:

– Կռվել ենք անձնվիրաբար: Մարտական ոգին եղել է բարձր,- մարտական ընկերոջ խոսքն է շարունակում   ժամկետային զինծառայող, շարքային Սերոբ Պողոսյանը:

Թեև պատերազմի հիշողությունները ցավոտ են, սակայն մարտկոցի անձնակազմը հատկապես շեշտում է մեկ փաստ. այն, ինչի միջով անցել են, էապես փոխել է իրենց մտածելակերպը կյանքի ու ծառայության նկատմամբ:

Մարտական դիրքերում է եղել նաև նռնականետորդ Տիրան Գևորգյանը: Պատերազմական բարդ իրավիճակում  Տիրանն ու հենակետի տղաները արագ կողմնորոշվելով, հմուտ ու համարձակ գործողություններով ոչնչացրել են դիրք ներթափանցած երկու տասնյակից ավելի ելուզակների:

ՆՐԱՆՔ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ– Հենակետի ավագը հաղորդեց, որ մեր դիրքեր են ներխուժել թշնամական ուժեր: Եղավ հրահանգ դիրքավորվել ու պատրաստվել մարտի, ինչն էլ կատարվեց հաշված վայրկյաններում: Այնուհետև տեսա, որ վերևից մի 20 հոգի գալիս են դեպի խրամատը: Ինձ նկատելով՝  սկսեցին կրակել: Կրակահերթի տակ վազեցի դեպի թունել, վերցրի արկերը, լիցքավորեցի ու հենակետի ավագի հրամանով սկսեցի կրակել քերծի վրա: Կարծես երկրաշարժ եղավ. ժայռերն անկանոն թափվեցին՝ քարերի տակ առնելով հարձակվողներից մի քանիսին, իսկ մնացածին էլ մենք շարքից հանեցինք…,-  պատմում է Տիրանն այնպես հանգիստ, կարծես բակային կռվի մասին է խոսքը:

– Վստահեցնում եմ՝ մեզնից ոչ ոք չի մտածել իր մասին, այլ մտածել է ընկերոջ կյանքի մասին, միմիայն ընկերոջ կյանքի մասին, նրան պաշտպանելու ու թիկունք լինելու մասին: Միայն այդ դեպքում կհաղթես: Ու մենք հաղթել ենք,- ասում  է կապիտան Արկադի Ավետյանը, որն անձնական օրինակով է քաջալերել իր ենթականերին:

Հետպատերազմյան օրերին անձնակազմն ավելի կոփված ու հմտացած արդեն անցել է առօրյա ծառայողական խնդրի կատարմանը: Իսկ սահմանային զորամասի խնդիրն անփոփոխ է՝ անառիկ պահել հայրենի եզերքը՝ ոչ մի վայրկյան չկորցնելով զգոնությունն ու աչալրջությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆ