Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ



Ինչո՞ւ ընկավ Կարսի ամրոցը

Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի բարձրաստիճան սպայական կազմում (գեներալներ, գնդապետներ, փոխգնդապետներ եւ այլն) զգալի տոկոս էին կազմում ցարական բանակի ոչ հայազգի սպաները, իսկ հայազգի բարձրաստիճան հրամանատարների մեծ մասը ոչ միայն անծանոթ էր հայոց լեզվին եւ հայ իրականությանը, այլեւ խորթ էր հայ զինվորին: Նրանց զգալի մասը, որ ծնվել էր հիմնականում մայր հայրենիքից դուրս, իրեն հոգեբանորեն չէր նույնացնում հայ ազգի ու նրա պատմամշակութային ժառանգության, այդ թվում` հազարամյակների ավանդույթներ ունեցող հայկական ռազմարվեստի կրողների հետ: Հայրենի հողի հետ հոգեբանական խոր կապ չունենալով` նրանց համար այդ հողի պահպանումը կամ կորուստը չէր կարող ընկալվել որպես անձնական պատվի, կյանքի ու մահու հարց կամ ողբերգություն։ Ռուսական իրականության մեջ մեծացած կամ ռուսական դպրոցներում սովորած սպաների մի մասն ուղղակի «հաջողության զինվոր» էր` վարձկան, օտար՝ մեր ձգտումներին, մեր ժողովրդի կարիքներին։

Հայաստանի կառավարությունը չկարողացավ վերակազմավորել մեր զորքն ազգային հիմունքներով։ Բարձրաստիճան հրամանատարներից շատերը երազում էին ռուսական զորքի մուտքը Հայաստան եւ դենիկինյան օրերին բարձրաձայն արտահայտվում էին մեր բանակի մասին` որպես ռուսական բանակի մի զորամասի։ Նրանք Հայաստանի Հանրապետությունը համարում էին ժամանակավոր մի երեւույթ, որ պիտի վերանար Ռուսաստանի ազդեցությամբ։ Ընդ որում, նրանց համար միեւնույնն էր, թե ինչ իշխանություն է Ռուսաստանում` ցարակա՞ն, թե՞ բոլշեւիկյան: Անհնար է առանց վրդովմունքի կարդալ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հետեւյալ տողերը. «Արհամարհալից եւ հեգնորեն այդ գեներալները եւ գնդապետները ծաղրում էին հայկական սուվերենիտետը, դրվատում էին ռուս պետական անցուդարձը, հայ մինիստրներին ծաղրում էին, իսկ կառավարության պահանջը բանակի ազգայնացման մասին զավեշտ, զառանցանք համարելով, այդ առիթով ռուսերեն էին սրախոսում… Բաժակաճառերը վերջանում էին ռուսերեն «ուռայով», ու բոլորի հայացքը դառնում էր դեպի հյուսիս»:

Հայկական բանակի սպայությանը բնութագրող նմանատիպ տեղեկություններ շատ կան։ Բարձրաստիճան հրամանատարությունն ապրում էր մի աշխարհում, զինվորությունը` բոլորովին այլ։ Հենց այս օտարամոլության եւ հայկական երազանքին նվիրված չլինելու պատճառով էլ սկիզբ էին առել եւ գնալով խորանում էին սպայության եւ ազգային-ազատագրական պայքարի ներկայացուցիչ հրամանատարների տարաձայնությունները, որոնք երբեմն վերաճում էին անձնական թշնամանքի եւ վնասում պետական գործին: Երեւույթը մեծապես նպաստեց բանակի քայքայմանը, 1920թ. հայ-թուրքական պատերազմում պարտությանը եւ ընդհանրապես` հանրապետության կործանմանը:

Որոշ հրամանատարների ապազգային-հակազգային եւ հակապետական նկարագիրը դրսեւորվել է նույնիսկ թուրքական գերության մեջ։ Ըստ Ա. Բաբալյանի վկայության` Կարսում գերության մեջ գտնվող ռուսահայ սպաների մեծ մասն ուրախ էր, որ Հայաստանում խորհրդային իշխանություն էր հաստատվել, եւ «միայն երեք-չորս հոգով էինք հոգով-սրտով տանջվում մեր երկրի կորուստով։ Մյուսները դեն նետեցին ուսադիրները եւ սկսեցին օգտագործել «ընկեր» բառը»։

Թեեւ ՀՀ-ը 1918թ. ստեղծեց սեփական բանակ, սակայն այն այդպես էլ չդարձավ ազգային: Ազգային լեզուն եւ ազգային ինքնագիտակցությունն անխզելիորեն փոխկապակցված են, մինչդեռ ՀՀ բանակում հրամանատարները հայ զինվորների հետ խոսում էին թարգմանչի միջոցով։ ՀՀ կառավարության՝ 1920թ. մայիսի 30-ին հաստատված` Պետական լեզուն չիմացող պաշտոնյաների պաշտոնանկության մասին օրենքը, որն այդպես էլ մնաց թղթի վրա, արդեն ուշացած էր։ Գնդապետ Նիկոլայ Ղորղանյանն անգամ մի բառ հայերեն չգիտեր, իսկ Սմբատը եւ զինվորները, որոնց անմիջական հրամանատարն էր նա մինչեւ Սեպուհով փոխարինվելը, բացի հայերենից ուրիշ որեւէ լեզու չգիտեին։ Չափազանց բնութագրական է հետեւյալ դեպքը. 1919 թ. ամռանը ՀՀ խորհրդարանի շենքի մի սենյակից լսվում է ռուսերեն երգ։ Խորհրդարանի փոխնախագահը եւ ուրիշներ շտապում են այնտեղ` ստուգելու, թե ի՞նչ է կատարվում։ Պարզվում է, որ ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները երգում էին ցարական Ռուսաստանի «Բոժե, ցարյա խրանի» հիմներգը՝ ՀՀ ղեկավարությունից էլ առաջ իմացած լինելով, որ իրենց կուռքը՝ այդ օրը Երեւան ժամանող գնդապետ Զինգեւիչը, նշանակվել է Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչ ՀՀ-ում: Իզուր էր Տիգրանյանը սաստում եւ խորհրդարանի անունով սպառնում հայ սպաներին։ Ընդհակառակը, նա ինչքան ավելի լուրջ բնույթ էր տալիս իր սպառնալիքին, սպաներն այնքան ավելի ոգեւորված էին երգում ցարական պաշտոնական երգը, որը նրանց համար շատ սիրելի էր:

Ազգային-պետական մտածողությունը թույլ էր նաեւ քաղաքացիական ծառայողների մեծ մասի մեջ, որոնք եւս անցել էին ցարական մեքենայի ատամնանիվների միջով։ Նրանք նույնպես անկիրթ զանգված էին համարում ազգային-ազատագրական պայքարի ներկայացուցիչներին, որոնց զգալի մասն աչքի էր ընկնում հայկական պետականությանը իր անմնացորդ նվիրվածությամբ եւ երբեմն խելահեղության հասնող հայրենասիրությամբ: Հայության, մասնավորաբար ՀՀ քաղաքական ու զինվորական ղեկավարության մեծ մասն իր փրկությունը տեսնում էր օտարի միջոցով։ Նրանց մի մասը սպասում էր դաշնակիցների քաղաքական ու ռազմական օգնությանը, իսկ մյուս մասն էլ երազում էր ռուսական իշխանության վերադարձը։ Այդ օրերին իշխանական մարմիններում քիչ էին սեփական զորությանն ապավինելու կոչերը, հստակ երեւում էր Արամի բացակայությունը: Հույսը միայն սեփական ուժերի վրա դնելու հորդոր-մարտակոչ էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի կոնդակը. Հայոց հայրապետը հայտարարում էր, թե մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, օտարը մեզ չօգնեց եւ չի՛ օգնելու: Հոգեւորականության պետական մտածողությունն ավելի բարձր մակարդակի վրա էր, քան զինվորականներից շատերինը:

Ահա թե իրականում ինչու մենք պարտություն կրեցինք 1920թ. հայ-թուրքական պատերազմում, ահա թե ինչու կործանվեց վերջապես անկախություն ձեռք բերած ու անընդմեջ կռիվների բովում տապակվող, սակայն օր օրի ոտքի կանգնող մեր պետականությունը:

Շատ է արծարծվել այն հարցը, թե ինչո՞ւ 1920թ. հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսի անառիկ ամրոցը կամ ինչու՞ հայկական բանակը պարտվեց 1920թ. հայ-թուրքական պատերազմում: Որոշ հայ հեղինակներ նշում են, որ թուրքերը, նախ, քանակական առավելություն ունեին, եւ հետո` ավելի լավ էին զինված: Չեմ կարող համաձայնել, որ դա էր այդ պատերազմում մեր պարտության պատճառը: Նախ` թուրքական զորքի թվաքանակն առավելագույնը 50 000 էր, իսկ հայկական բանակինը, տարբեր գնահատականներով, 25 000 – 40 000: Նման հարաբերակցությունը միանգամայն նորմալ է` մարտական գործողություններ վարելու համար: Ավելին, հայ-թուրքական բախումների պատմության մեջ դա մեզ համար բարենպաստ հարաբերակցության եզակի դեպք է:

Գրեթե բոլոր հեղինակները միաբերան նշում են պարտության ուրիշ պատճառ եւս` հայկական բանակի մարտունակության ցածր լինելը: Զինվորական գործին ծանոթ մարդու համար առավել եւս տարօրինակ է լսել այդ մասին: Ընդամենը 2.5 տարի առաջ պատերազմի արդյունքում ծնված եւ այդ ժամանակի ընթացքում գրեթե միշտ պատերազմների մեջ գտնվող, ընդ որում` ոչ մի խոշոր պարտություն չկրած երկրի ու բանակի մարտունակությունը չէր կարող ցածր լինել: Բանակի մարտունակության բարձրացման համար պատերազմից ավելի լավ հնարավորություն չկա: Եւ միայն հանցավոր, քայքայիչ գործունեության կամ անգործության պատճառով կարելի է 2.5 տարի շարունակ մարտնչած բանակը զրկել մարտունակությունից: Ցավոք, դա էր իրականությունը, քանի որ հայկական բանակի սպայակազմի հիմնական մասը, որ կազմում էին նախկին ռուսահպատակ ու արհեստավարժ մասնագետները, իրականում հոգու ոչ մի թելով կապված չէր նորանկախ հանրապետության հետ:

Մեր օրերում, Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր, բավականին շատ պատմական աշխատություններ գրվեցին 1918-1920թթ. հայկական բանակի եւ նրա հրամանատարության մասին, որոնցում շեշտվում է միայն դրականը: Սակայն պետք է արձանագրել նաեւ բացասականը, մասնավորապես այն, որ հայոց բանակում, ցավոք, տարածված էր օտարամոլությունը: Ռուսերեն մտածող, ռուս ցարերի մասին երգող սպան, «կենացների վերջում միշտ հայացքը հյուսիս թեքող» սպան չէր կարող ամուր հենարան լինել հայոց պետականության համար: Այդ սպաներից շատերը հայկական պետականությունը ժամանակավոր մի սխալմունք էին համարում եւ անթաքույց երազում էին երկրի վերստին «ռուսականացման» մասին: Բնականաբար, նմանները պիտի հակասության մեջ մտնեին նախկինում ազգային-ազատագրական պայքար մղած ազգային հերոսների հետ, որոնցից շատերն էլ ոչ մի ռուսերեն բառ չգիտեին:

Մեր հասարակական ազդեցիկ գործիչներից մեկը նույնիսկ ուրիշների ներկայությամբ ասել էր. «Երանի թե Ռուսաստանը 1914-ի սահմանների վրա լիներ, թող ես էլ նրա բանտում լինեի»։ Ռուսական համակարգը կուրորեն պատճենած մեր սպաներն իրենց հանցավոր լռությամբ կամ աչքաթողությամբ ամեն ինչ անում էին` բանակն ապագա պարտություններին նախապատրաստելու համար: Այդպիսի պայմաններում առավել արդյունավետ էր դառնում օտար ուժերի նպատակասլաց, հետեւողական եւ ապակողմնորոշիչ ներազդեցությունը հայ քաղաքական գիտակցության վրա:

Գեներալ Փիրումյանի փեսան՝ գնդապետ Միրզոեւը, առանց կռիվ տալու, փախչում է Ալեքսանդրապոլ՝ նախօրոք այնտեղ տեղափոխելով իր ունեցվածքը։ Ռուբենը նրան բանտարկելու հրաման չի տալիս։ Սա այն սպան է, որի զինվորները քիչ էր մնում ապստամբեին 1919 թ. վերջին օրերին, երբ նա գողացել էր իր գնդին հատկացված սնունդը։ Քննությունը հաստատել էր կողոպուտի փաստը, եւ հակառակ իր աներոջ` գեներալ Փիրումյանի միջամտությանը, նրան ազատել էին գնդի հրամանատարի պաշտոնից։ Այդուհանդերձ, Միրզոեւը շատ շուտով նշանակվում է Կարսի մի գնդի հրամանատարի օգնական…

Ասում են՝ հայ զինվորները լավ կռվել չգիտեին, զորակոչը լավ չէր կազմակերպվում, կանադական հրացաններն էին անպիտան եւ այլն: Հեշտությամբ կարելի է ապացուցել, որ այդ ամենը հրամկազմի վատ, ապաշնորհ գործունեության հետեւանք էր: Պատճառների մի մասն իրականում անհիմն է, մնացածի իսկական մեղավորներն էլ նույն` ազգությամբ հայ, սակայն մտածողությամբ օտարազգի, օտարամոլ սպաներն էին: Ինչպե՞ս ստացվեց, որ 1918թ. սոված ու բոբիկ, անզեն ու որբ հայը հաղթանակ էր տանում, իսկ 1920թ. գրեթե կուշտ ու զենքի խնդիր չունեցող հայը պարտվում էր:

1920թ. հոկտեմբերի 30-ին անառիկ Կարսն ընկավ, հայ-թուրքական պատերազմը մենք տանուլ տվեցինք, եւ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: Ի՞նչն էր մեր պարտության հիմնական պատճառը, եթե ոչ` ստրկամտությունն ու օտարամոլությունը: Հայ ժողովուրդը կարծես մոռացել էր, որ ընդամենը երկու տարի առաջ իրեն միայն ինքը փրկեց, եւ ոչ մեկը չբարձրացավ մեր լեռները: 2.5 տարվա ընթացքում ստրկամիտ ու ստորաքարշ ղեկավարներն ու հոգեվաճառ հրամանատարները ժողովրդին էլ էին այդպիսին դարձրել: Սա մեր պատմության ամենամեծ դասերից մեկն է:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խմբ.կողմից – Պատրաստ ենք տպագրել այլ տեսակետներ եւս:

Խորագիր՝ #45 (910) 17.11.2011 – 23.11.2011, Պատմության էջերից


23/11/2011