Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻԴեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ:

Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի  համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին:

Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավել անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


21/12/2020