Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԻԶԱԽՆԵՐԻՑ ԽԻԶԱԽԸ
ԽԻԶԱԽՆԵՐԻՑ ԽԻԶԱԽԸ

ԽԻԶԱԽՆԵՐԻՑ ԽԻԶԱԽԸՀակոբ Հարությունյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, մեկը մերօրյա հերոսներից, կռվել է ամենաթեժ հատվածներում, աչքի ընկել անօրինակ սխրանքներով:

-Հակոբը փոքր տարիքում փայտից ինքնաշեն նետ ու աղեղ էր պատրաստում, ասում էր՝ գնալու եմ թուրքի հետ կռվելու…,-պատմում են հարազատները:

Իր տարեկիցներն այդ ժամանակ «մերոնք-նեմեց» «կռիվ-կռիվ» էին խաղում, Հակոբի կռիվը թուրքի դեմ էր. Սարիղամիշից գաղթած տատը հազար պատմություն էր պատմել թուրքի դաժանություններից, պատմել էր գաղթի ճանապարհներին անհետ կորած եղբոր մասին, որին վերստին հանդիպելու հույսը փայփայելով էլ մի օր աչքը փակեց հավետ…

♦♦♦

Հայրենապաշտ-հայրենանվեր ընտանիքում մեծացած Հակոբը որոշում է զինվորական դառնալ, ռազմական կրթություն ստանալ. հունահռոմեական ըմբշամարտ էր պարապում, կոփվում էր, ամրանում: Դպրոցում գերազանց էր սովորում, բանաստեղծություններ գրում սիրո, հայրենիքի մասին:

-Շռայլ հոգու տեր, անսահման բարի ու կամեցող, առատաձեռն էր, վերջին գումարն էլ կարող էր կիսել անծանոթի հետ, պատրաստ էր բոլորին օգնել, աջակցել,- այսպես են բնութագրում Հակոբին ճանաչողները:

Ընդունվեց ՌԴ օդադեսանտային հրամանատարական ուսումնարան, այստեղ էլ աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ. բազմաթիվ պատվոգրերն այդ ամենի խոսուն վկաներն են:

Հայոց բանակի սպայակազմը կհամալրվեր նվիրյալ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող մի զինվորականով եւս, եթե ազգային հողի վրա տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով չորրորդ կուրսում ստիպված կիսատ չթողներ ուսումնառությունը: Սովորական տողանի ժամանակ ազգությամբ դաղստանցի կուրսի պետը վիրավորական խոսքեր է հնչեցնում հայերի հասցեին, վերջում էլ հավելելով՝ ձեր հայերին ճիշտ են արել թուրքերը…

Պատվախնդիր ու բռնկուն երիտասարդն անկարող էր զայրույթը զսպել. ազգային արժանապատվությունը նվաստացնողին «տեղը տեղին» բացատրում է՝ որն է ճիշտ անելը….

Այս ընդհարումից հետո Հակոբը վերադառնում է Հայաստան, փորձում է կարատեի դպրոց բացել, կոփել-մարզել պատանիներին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նպատակն իրագործել չկարողանալով՝ ստիպված գնում է Ռուսաստան:

…Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Հակոբը իրենց մարզի «Մյասնիկյան» ջոկատի առաջին կամավորագրվողներից էր, զենք ստացավ ու մեկնեց կռվի դաշտ:

Եվ դարձյալ նույն թշնամին էր, նույն մարդասպանն ու ոճրագործը:

Հակոբը կռվում էր անձնուրաց նվիրումով. հայրենի հողի պաշտպանության գաղափարը նրա համար վեհ էր ամեն ինչից: Զինակից ընկերները Հակոբի հերոսական արարքների մասին այնպիսի դրվագներ են պատմում, որ ուզածդ մարտաֆիլմի համար ընտիր սյուժե կծառայեն: Պատանեկան տարիքում իր կուռքը Ռեմբոն էր, ընկերները նրան հենց այդպես էլ դիմում էին: Ինքն էլ, ասես, մարտաֆիլմի հերոս լիներ՝ համարձակ, անվախ: Ասում էր՝ ամենաբարդ վայրերը ինձ ուղարկեք, ամենադժվար հանձնարարությունները ինձ հանձնարարեք: Ոչ մի դժվարությունից չէր երկնչում, անընկճելի էր…

Մարտերը գնալով թեժանում էին, ահագնանում: Հակառակորդը գերազանցում էր թե՛ զինտեխնիկայով, թե՛ մարդուժով: Ու երբ ծայրահեղ լարված իրավիճակ էր ստեղծվում, ու հարկադրաբար նահանջի հրաման էր տրվում, Հակոբն ըմբոստանում էր՝ թուրքը մեր թիկունքը չպետք է տեսնի, վերջինը մենք պիտի կրակենք, վերջին զարկը մերը պիտի լինի: Իսկ երբ հակառակորդը խփվում էր, վտանգն անտեսելով, մտնում էր կրակի տարափի տակ, նրա զենքը վերցնում, ասելով՝ զենքն ափսոս է…

Հակոբը հետո միացավ հատուկ նշանակության խմբին, իրեն ջոկ էին վստահել, քաջազուն երիտասարդը թշնամու թիկունքում համարձակ գործողություններ էր ծավալում, ամեն առաջադրանք գերազանց կատարում:

Երբ իմացավ, որ հորեղբոր որդին՝ Հայկը, անհետ կորել է Կուբաթլուի (Սանասարավան) հատվածում, վճռեց՝ մինչեւ Հայկին չգտնի, տուն չի վերադառնա: Ջոկատից ջոկատ տեղափոխվելով, տարբեր առաջադրանքներ կատարելով, շարժվեց այդ ուղղությամբ:

Ճանապարհին, առանց մեկ վայրկյան իսկ երկմտելու, առանց հանգստանալու, մտնում էր ամենավտանգավոր տարածքները, վիրավորներին, զոհվածներին հանում առաջնագծից, ու երբ զինակից ընկերներն ասում էին, ստիպում՝ հերթափոխը հանձնիր, մի քիչ հանգստացիր, շունչ առ, հրաժարվում էր՝ ինչքան ուժս ներում է, վիրավոր երեխեքին կրակի տակից հանեմ, որ արնաքամ չլինեն, փրկվեն…Հասնեն իրենց տները, ծնողների աչքը թաց չմնա…

Ինքը հորեղբոր որդուն այդպես էլ չգտավ….

♦♦♦

Հակոբը մի որոշ ժամանակ կռվել է «Եղնիկներում»՝ Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ:

Լեգենդար հրամանատարը նրա մասին խոսելիս ակնածանքն ու հիացմունքը չի թաքցնում.

-Հակոբը խիզախներից խիզախն էր, համարձակներից համարձակը, հանդուգն….

Մարտական հերթական առաջադրանք կատարելիս ընկել է շրջափակման մեջ, վաթսուն հոգուց միայն հինգին է հաջողվել դուրս գալ օղակումից: Վիրավոր զինվորներից մեկը կապով հասցրել է ասել ՝ Հարությունյան Հակոբը խփվեց…

Հետո Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, երբ կարողացան մտնել նախանշված տարածք, Հակոբի մարմինն այդպես էլ չգտան…

Թշնամին վախենում է հերոսներից՝ թե՛ ողջ, թե՛ զոհված….

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ