Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր, ՆՇԱՆԱԿԵՏ ՏՈՒՐ՝ ԽՈՑԵՆՔ»



«ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր, ՆՇԱՆԱԿԵՏ ՏՈՒՐ՝ ԽՈՑԵՆՔ»Ձեռքիս դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանի պատերազմական լուսանկարն է՝ մարտական դիրքերում, ամենաթեժ օրերին է արված՝ կռվի խիստ հարաբերական ընդմիջման մի պահի: Աչքերն անքնությունից ու հոգնածությունից կարմիր են: Քամուց, արևից ու փոշուց սևացած դեմքին հաղթողի ժպիտ է՝ հանդարտ, վստահ…

Փոխգնդապետ Հակոբյանը հարցերիս ուղիղ, հակիրճ ու հստակ է պատասխանում, ինչպես որ սովոր է կռվել:  Իր գործին հրաշալի տիրապետող ու պատերազմում մարտական խնդիրները գերազանց կատարած հրետանավորը չի սիրում արած գործերի մասին խոսել… Մինչդեռ նրա վաստակը փոքր չէ. ծառայության շուրջ 25 տարիների ընթացքում զինվորականը հաջողությամբ մասնակցել է տարբեր պատժիչ գործողությունների, ներգրավված է եղել Ապրիլյան քառօրյայի մարտերում, պարգևատրվել է «Արիության» մեդալով: Նրա ղեկավարած դիվիզիոնն այս վերջին պատերազմում հերոսաբար է կռվել: Իրեն վստահված դիրքերից ոչ մի սանտիմետր չնահանջելու հաստատակամությամբ անառիկ են պահել դիրքերը՝ գերազանց կատարելով առաջադրված բոլոր մարտական խնդիրները:

«Մարդ, որն իր անձնականը մի կողմ թողած, ամբողջությամբ նվիրվում է ծառայությանը: Մարդ, որը երբեք չի մտածում, թե իր արածն ինչպես կգնահատվի, այլ, երբ իր կարիքը եղավ, անում է հնարավորն ու անհնարինը և անում է գերազանց»,- այսպես են փոխգնդապետ Հակոբյանի մասին արտահայտվում ծառայակիցները:- Չափից դուրս պարտաճանաչ ու պահանջկոտ զինվորական, որի խստությունը հաճախ չափազանցված էինք համարում,-ասում են ենթակաները,- բայց այն բանից հետո, երբ անցանք պատերազմի «դպրոցով», խորությամբ հասկացանք ու գնահատեցինք նրա «չափազանցված պահանջկոտության» իրական արժեքը…»:

«ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր, ՆՇԱՆԱԿԵՏ ՏՈՒՐ՝ ԽՈՑԵՆՔ»…Հակառակորդը, ինչպես Արցախյան ճակատի բոլոր ուղղություններով, այնպես էլ դիվիզիոնի պաշտպանության գոտին ճեղքելու ապարդյուն  փորձեր  էր անում: Ռազմավարական առումով կարևոր այս ուղղությունն ամեն գնով պետք էր պահել. եթե սահմանի այս հատվածում ճեղքումը հաջողվեր, թշնամու զորքը կարող էր ներխուժել և Մարտակերտի ու Ստեփանակերտի միջև սեպ խրել, մի քանի օրում հասնել Ստեփանակերտ, հետո՝ Շուշի… Բայց հենց հրետանու դիպուկ կրակի, մարտական գործողությունների հմուտ ղեկավարման շնորհիվ ամբողջ կենտրոնական ճակատով թշնամու գրոհը ետ շպրտվեց: Հակառակորդի գործը բարդացավ. ստիպված էր, պտտվելով Արցախի ամբողջ աջ թևով, վերադասավորվել, որի արդյունքում ծրագրվածից շատ ավելի ուշ ու մեծ դժվարությամբ հասավ Շուշիի մատույցները…

Երբ խոսք է լինում անձնակազմի մասին, փոխգնդապետ Հակոբյանն անմիջապես աշխուժանում է, ներկայացնում իր տղաներին:

-Իհարկե, կորուստներ էլ եմ ունեցել,- ցավով ու միաժամանակ մեծ հպարտությամբ է պատմում  հրամանատարը,- բայց, տղաներն անգամ իրենց կյանքի գնով կատարել են խնդիրը՝ պահել են մեզ վստահված դիրքերը: Հակառակորդին մեծ վնաս ենք պատճառել. բազմաթիվ զինտեխնիկա ենք խոցել՝ հրետանային մարտկոցներ, հակառակորդի մշտական տեղակայման վայրեր, ամենատարբեր նշանակետեր, եթե բոլորի մասին պատմեմ, երեք ժամ կարող եմ խոսել: Իսկ ամենատպավորիչը Տ-90 տանկի դիպուկ խոցումն էր: Սովորաբար հրետանին, ի տարբերություն գերճշգրիտ զինատեսակների, ավելի մեծ թիրախներ խոցելու համար է նախատեսված: Տանկի խոցումը հրետանիով տվյալ պայմաններում տեխնիկապես  անհնար էր թվում, բայց իրականացրինք: Եվ սա մեծ փորձի ու հմտության արդյունք էր:

Անձնակազմիս բարոյահոգեբանական վիճակը, ոգևորությունն աննկարագրելի էին: Երբ լինում էր այնպես, որ մի քանի րոպե չէինք կրակում, զինվորներս իրար էին անցնում. «Հրամանատա՛ր, ինչո՞ւ նշանակետ չես տալիս՝ խոցենք»: Մի մարտկոցի տղաներս մյուս մարտկոցի տղաներին նախանձով էին նայում, երբ վերջիններիս խնդիր էի տալիս.՝ «Բա մե՞նք,  կամանդի՛ր: Մե՛զ մոռացաք»: Նույնն էլ սպաներիս մասին կարող եմ ասել. գործել են շատ գրագետ, մեծ նվիրումով: Մեր ստորաբաժանման անձնակազմի աշխատանքը ես գնահատում եմ գերգերազանց:

Ժպիտով, ուրախությամբ էին նետվում մարտի, որից չգիտեին՝ հետ կդառնան, թե ոչ: Երբ մերոնք կրակ էին իրականացնում, նրանց վրա միաժամանակ կրակ էր վարում թշնամին: Երբ դիրքը հրետակոծության տակ է, անձնակազմը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է թաքստոց մտնել, այդուհանդերձ, մեր զինվորները շարունակում էին այդ պայմաններում կրակ վարել: Տղաներն այդ դժվար պահին գիտակցում էին՝ միայն այս կերպ էր հնարավոր կասեցնել հակառակորդի հուժկու կրակը:

«ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր, ՆՇԱՆԱԿԵՏ ՏՈՒՐ՝ ԽՈՑԵՆՔ»Խստապահանջ ու փորձառու հրամանատարը մինչև պատերազմը իր ստորաբաժանման անձնակազմին ըստ ամենայնի նախապատրաստել է մարտական գործողություններին, նախևառաջ՝ հոգեբանորեն. «Լինելո՛ւ է, պատերազմ է լինելու: Զոհեր էլ ենք ունենալու… Բայց պետք է բոլորս մեր խնդիրը հստակ կատարենք: Իսկ դրա համար ամենակարևորն այն է, որ թե՛ սպան, թե՛ զինվորը զենքին լիարժեք տիրապետեն, այդ դեպքում ոչ մի խառնաշփոթ, ոչ մի խնդիր չի առաջանա, ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես պլանավորել ենք»:

-Ու այդպես էլ եղավ: Պատերազմի ընթացքում, հիշում եմ, մի օր պատրաստվում էինք գիշերային կրակ վարելու: Մինչ այդ, գիշերային պարապմունքները ստորաբաժանմանս պատրաստության անբաժանելի մասն էին: Երբ սկսեցի խնդիրներ տալ, դասակի հրամանատարներից մեկը կատակեց. «Տղե՛րք, էսօր գիշերային պարապմունք ենք անելու»:

Կապի միջոցներով բոլոր տղաները սկսեցին ծիծաղել, ծաղկեցնել կատակը: Նրանց համար այդ ամենը խաղուպար էր, շատ վստահ էին իրենց ուժերին:

Նշանառուներն անվրեպ խոցումներով գերազանց կատարում էին իրենց խնդիրը, վարորդները գնդակների, արկերի տարափի տակ զենք-զինամթերք, ուտելիք էին տեղափոխում՝ դիրքեր: Ոչ մեկի մասին չեմ կարող ասել, որ որևէ պահի թերացել է: Անձնակազմիս զինծառայողներից առավել աչքի ընկածները՝ սպայից շարքային, ներկայացված են պարգևների: Միանգամայն արժանի են տղաները:

Այս պահին էլ անձնակազմի տրամադրությունը անկումային չէ, քանի որ մեր առջև դրված խնդիրը կատարել ենք լիարժեք: Բայց մեր հողերի կորուստը բոլորիս համար մեծ հարված էր…

Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է փոխգնդապետը, որն այժմ թշնամու հսկողության տակ է.

-Մեր գյուղն ինձ համար շատ թանկ է, սրբություն է… Մանկությունս այնտեղ է անցել, մինչև 18 տարեկան գյուղում եմ ապրել: Չեմ ուզում մտածել անգամ, որ էլ չեմ կարողանալու այնտեղ գնալ… Զենքի հանդեպ սերս դեռ մանկուց է եղել. տասը տարեկանում նվեր ստացա առաջին որսորդական հրացանս: Հիշում եմ, թե ինչպես էինք գյուղի մերձակա անտառներում  մեծ եղբորս ու ընկերներիս հետ որս անում՝ աղվես, նապաստակ, վայրի խոզ՝ ինչ այդ օրը կպատահեր:

Տասներեք տարեկան էր, երբ առաջին Արցախյան պատերազմը փոթորկվեց: Հայրենասիրությունն ու անբեկանելի կամքը թևածում էին շուրջբոլորը: Մեծ եղբայրը՝ Հայկը, որպես կամավորական կռվում էր հայրենի գյուղի ինքնապաշտպանական ջոկատում, հայրը՝ Վահան Հակոբյանը, թիկունքային ապահովումն էր իրականացնում: Հոր, եղբոր, համագյուղացիների հերոսական օրինակը, սերն ու նվիրումը հայրենի եզերքին, հաղթանակի բերկրանքն ու պատանու մեջ ամրացած համոզումը՝ «երկիրդ առանց զենքի չես պահի», դեռ այդ տարիքից զինվորական դառնալը Արսենի երազանքը դարձրին:

-Սկսեցի ուսումնասիրել հրետանավորի գործն ու հետագայում հենց այս զինվորական մասնագիտությունն ընտրեցի: Սա միայն մասնագիտություն չի, լուրջ գիտություն է, որը խորությամբ պիտի ուսումնասիրես, որ հաջողության հասնես: Մեծ եղբայրս էլ պատերազմից հետո որոշ ժամանակ որպես հրետանավոր ծառայեց պաշտպանության բանակում: Նա երեք պատերազմով է անցել: 18 տարեկան էր, երբ առաջին Արցախյան պատերազմին մասնակցեց, այնուհետև՝ Ապրիլյանին, հիմա էլ՝ 49 տարեկանում, այս պատերազմին կամավորագրվեց: Մարմնի տարբեր հատվածներում տասը վիրավորում է ստացել այս ընթացքում …

 Այս կռվում, որպես զինվորական, մենք արել ենք հնարավորը: Հիմա մեր քաղաքական ղեկավարությունն է զբաղվում խաղաղության հաստատման խնդիրներով: Բայց որ պահին կրկին կռվի դաշտում մեր կարիքը կլինի, միանշանակ պատրաստ ենք շարունակելու կատարել մեր մարտական խնդիրները և հասնելու հաջողության,- վստահեցնում է փոխգնդապետ Հակոբյանը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/12/2020