Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ…



ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ...Հարավային սահմանագոտում ենք՝ գնդապետ Գ. Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում պատասխանատու և բարդ տեղամասում:  Զինվորական «Վիլիսով» գնում ենք դիրքեր: Լեռնային, կտրտված  այս տարածքում  դյուրին չէ ծառայությունը, բայց հայրենիքի պաշտպանները պատվով են կատարում իրենց առաքելությունը, նրանցից շատերը մարտական գործողությունների մասնակից են՝ թրծված կռվի թոհուբոհում:

Գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, մայոր Ալիկ Առաքելյանը Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից է:

-Աղավնաձորը ռազմական ինստիտուտի բազմաթիվ  շրջանավարտներ է տվել,- հպարտությունը չի թաքցնում մայորը:

Ալիկը պատերազմի օրերին կռվել է ամենաթեժ հատվածներից մեկում` Ջրականում (Ջաբրայիլ), հրաշքով ողջ մնացել: Ուժեղ հրետակոծության ժամանակ ծածկաճեղքը քանդվել է, մնացել է հողի տակ: Զինվորները կարծել են՝ իրենց շտաբի պետը մահացել է… Հողի հաստ շերտի տակից միայն ոտքերն են երեւացել, քաշել-հանել են ու զարմանքից ապշել՝ ողջ է:

Մարտական ընկերներն իրար լրացնելով տարբեր պատմություններ են պատմում  Ալիկի հերոսական արարքներից, ինքը այդ մասին խոսել չի սիրում, ասում է՝ մեր գործն ենք արել:

…Ճահճուտ անտառի կողմից թշնամին ականանետով անընդհատ նեղում էր: Որոշեց, որ պետք է անպայման պարզի կրակի աղբյուրը։ Խիտ աճած եղեգների արանքով գաղտնի տեղաշարժվեց առաջ. այդ հատվածում մի շենք էր՝  ահաբեկիչների որջը:  Քիչ անց արդեն իրենց հրետանին խփում էր այդ ուղղությամբ: Շենքից «Ալլահ աքբար» գոռալով՝ մի քանիսը գլխապատառ փախան…

ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ...Կրակահերթերը չէին դադարում,  օդում  ԱԹՍ-ներն էին, ներքեւում էլ  մեծաքանակ հակառակորդն էր մոտենում: Ուժերն անհավասարաչափ էին, հրամանատարից հեռակապով օգնական ուժ խնդրեց.

-Ամեն գնով դիրքը պահելու ենք, հրամանատա՛ր, ամեն գնով…

Հետո կապն ընդհատվեց…Վաղ առավոտյան միայն  օգնական ուժերին հաջողվեց մի կերպ մոտենալ, զարմանքից  քարացել էին՝ դիրքը կանգուն էր, իսկ թե գիշերը ինչ թեժ կռիվ էր ընթացել, ինչ սաստկության, միայն տղերքը գիտեին…

Գումարտակի հրամանատարն ուրախությունն անկարող էր թաքցնել.

-Էս դու ո՞ղջ ես, գիտեի՝ մեռած ես:

-Ես էլ գիտեի մեռած եմ,- հումորը չկորցրեց Ալիկը:

…Թշնամին ինչ զինատեսակից ասես չէր կրակում՝ գործի էր դրել իր ողջ զինանոցը:

Տղերքը կռվում էին ինքնամոռաց նվիրումով, կռվում էին  իրար սատարելով, իրար պահելով, մեկը մյուսի կյանքը սեփականից թանկ գնահատելով: Կրակի չմարող տարափի տակից  վիրավորներին, զոհվածներին էին հանում: Դասակի հրամանատարներից մեկը ծանր վիրավորվել էր, Ալիկը քարշ տալով, սողեսող հանում էր նրան կրակի տակից:

-Հանկարծ չթողնե՛ս, այստեղ մեռնեմ,- խնդրեց վիրավորը:

-Ո՞նց կթողնեմ, դու ինձ կթողնեի՞ր…

ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ...-Պատերազմում մահն անխուսափելի է, բայց ես  չեմ կարողանում այս իրականության, այս իրողության հետ հաշտվել,- ասում է Ալիկը:- Մենք կորցրել ենք հող, զենք-զինամթերք… Այդ ամենը ինչ-որ մի օր, ինչ-որ մի ժամանակ, վստահ եմ, հետ կբերենք, անդառնալին մարդկային կորուստներն են… Մեկը հարազատ եղբայր է կորցրել,  մեկի որդին է զոհվել, հայր ու որդի են իրար կողք կողքի  զոհվել… Կյանքն այդքան սիրող, կյանքով լեցուն տղերքը կյանքը տվեցին հայրենիքին… Չամոքվող ցավ է յուրաքանչյուր կորուստը, ընդամենը մի քանի օր առաջ իրար հետ ասում-խոսում-ծիծաղում էինք, կատակով մեկմեկու հոգու հետ խաղում,  իրար  հետ կիսում դժվար օրերի ծանրությունը ու հիմա… չկան, դարձել են հուշ, պատմություն…  Մինչ այժմ  ես փնտրում եմ  մեր գումարտակի հրամանատարին՝ Մհեր Ստեփանյանին, որն անհետ կորավ այդ օրերին… Հակառակորդը ամեն գնով փորձում էր մեզ շրջապատել, ես ձախ թեւում  էի, հրետանու կրակն էի ղեկավարում, աջում հրամանատարս էր: Աջակողմյան հատվածում թշնամին այնքան էր  մոտեցել,  որ արդեն պարզորոշ  լսվում էր նրանց խոսակցությունները…

Հերոսական կռիվ մղեցին, արեցին հնարավորն ու անհնարինը. թշնամու ոտքը խրամատ չմտավ: Երբ թշնամին հետ քաշվեց, կռվից հետո Ալիկը փնտրում էր հրամանատարին, քանի-քանի անգամ  գնաց այն հատվածը, որտեղ վերջին անգամ տեսել էր նրան կռվելիս…

-Զինվորները  պատմում էին, որ ինքը վիրավոր,  զենքը ձեռքին կրակելով ասել է զորքին՝ ես կպահեմ, դուք դուրս եկեք: Ինքն ինձ համար ավագ ընկեր էր, մարտական ընկեր, եղբոր պես հարազատ…

-Պատերազմից հետո վերաբերմունքս  փոխվել է ամեն ինչի նկատմամբ,- նկատում է մայորը։- Ավելի ուշադիր եմ, ավելի սրտացավ, ավելի հոգատար զինակից ընկերոջ հանդեպ. մարտի դաշտում ինքը քո կյանքն է  փրկել, դու՝ իրենը… Ու ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կարող է լինել՝ իրարից հանկարծ նեղացած չգնանք…

Պատերազմը դաժան բան է, ցավոտ դաս, նաեւ  մասնագիտական սխալները ուղղելու դաս,- եզրահանգում է Ալիկը,- պատերազմը ստիպում է վերանայել քո ապրած կյանքը, վերլուծել նախկին սխալները, ճիշտ հետեւություններ անել:

Պատերազմի դաշտում  թշնամին ակնհայտ առավելություն ուներ, ուժերի հարաբերակցությունը անհամաչափ էր, մենք միաժամանակ կռվում էինք ադրբեջանցիների, թուրքերի, սիրիացի վարձկան ահաբեկիչների դեմ… Ուրեմն՝ մենք պետք է է՛լ ավելի գերազանց  պատրաստվենք: Մեր հույսը մշտապես մենք մեզ վրա պետք է դնենք, վերակազմակերպվենք, ուժեղանանք, հզորանանք, թշնամուց էլ մի քայլ առաջ լինենք: Մեր պայքարը դեռ չի ավարտվել, մեր պատերազմը  չի վերջացել, բռնազավթված տարածքները  հետ ենք վերադարձնելու…

Ի դեպ, նաեւ ընտանեկան «ռազմավարական պլանների» մեջ եւս  պետք է փոփոխություններ կատարենք՝ շատ երեխաներ ունենանք…

♦♦♦

ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ...…Զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Արմեն Մկրտչյանը նույնպես  պատերազմի թոհուբոհն անցած սպաներից է: Արմենի  եղբայրն էլ է  զինվորական:

Գյումրեցի երիտասարդը  սպաների դարբնոցում է սովորել՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

-Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ միշտ էլ պատրաստ պետք է լինենք ամեն զարգացման, մեր  դիմաց  ոխերիմ թշնամին է, ու  հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը  ամենակարեւորներից է, ամենից առաջնայինը:

Երբ սկսվեց պատերազմը,  մեր գումարտակի հրամանատարի՝ փոխգնդապետ Մհեր Ստեփանյանի գլխավորությամբ ուշ գիշերով մշտական տեղակայման վայրից  շարժվեցինք առաջնագիծ: Մեզնից շատերը տնեցիներին չանհանգստացնելու համար չէր էլ ասել, թե ուր է գնում:

Լուսադեմին արդեն  առաջին գծում էին: Շուրջբոլորը պայթում էին արկերը՝ մահ, ավերածություն սփռելով… հետախուզական դասակի հրամանատարը զոհվեց երեք պայմանագրայինների հետ, հետո էլի զոհեր…

Մտքներում մի բան էր՝ արժանի հակահարված հասցնել թշնամուն, պատժել իր իսկ ձեռագրով, իր իսկ ոճով, դեռ մի բան էլ ավելին:

-Առաջին օրը մեր ստորաբաժանումը խոցեց հակառակորդի մեկ տանկ, զինամթերքով լի «Ուրալ», մեկ «Պիկապ»,- թշնամուն հասցրած վնասներն է թվարկում կապիտանը:

Սակայն թշնամին թե՛ մարդկային ռեսուրսով, թե՛ տեխնիկայով գերակշռում էր:

-Ծանր էր, անպատմելի ծանր տեսնել այն տարածքները, որտեղ քո զինակից ընկերների արյունն էր թափվել,  թշնամու  ոտքի տակ կրնկակոխ, աննկարագրելի ծանր էր տեսնել նաեւ,  թե ինչպես է հարեւան երկրի ղեկավարը իրենց դրոշը բարձրացնում բռնազավթած տարածքներում…

Արմենը լռում է: Գետնատնակում ծանր լռություն է, ամեն մեկն իր մտքերի հետ է:

-Տարիներ առաջ մենք կարողացանք սուղ հնարավորություններով, փոքր թվաքանակով,  որսորդական  հրացաններով զինված՝ հաղթել թշնամուն, հիմա էլ կկարողանանք,- ասում են զինվորականները, նրանց ամեն բառից վճռականություն է կաթում: -Ամեն րոպեն ու վայրկյանը միտված է լինելու  մեր հզորանալուն, որ կարողանանք հետ բերել մեր ընկերների կյանքի գնով է՛լ ավելի սրբացած հողը:

-Մենք պիտի աշխատենք մեզանով վերջակետ դնել այս պատերազմներին, որ մեր զավակներին ժառանգենք խաղաղ երկինք ու խաղաղ հող,- ընկերների խոսքը շարունակում է Արմենը,- բայց եթե մեր սերունդն էլ չկարողանա իր գործը լիարժեք ավարտին հասցնել, մեր որդիները կշարունակեն հայրերի գործը: Որդիս փոքր է դեռ, բայց զինվոր  է դառնալու…

♦♦♦

ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ...Ջոկի հրամանատար, պայմանագրային սերժանտ  Վահե Ստեփանյանը եղբոր՝ Մուշեղի  հետ ծառայում  է նույն զորամասում, երկուսն էլ մասնակցել են պատերազմին: Վահեն բանակից զորացրվելուց հետո է որոշել ծառայել պայմանագրային հիմունքներով, ժամկետային ծառայությունն էլ Շուշիում է անցել.

-Արցախ աշխարհը մի անկրկնելի հմայք ունի, հազար գողտրիկ անկյուն, շքեղ բնություն:

Վահեն հենց Արցախում, ավելի կոնկրետ՝ Շուշիում է  ծանոթացել ապագա կնոջ՝ Շուշանի հետ:

-Ինքս սահմանամերձ Բարձրունի գյուղից եմ, հայրս տարիներ առաջ մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին: Այսօր էլ նույն թշնամին է մեր դիմաց կանգնած,  որ երբեք չի խաղաղվում, չի թողնում, որ կյանքն ընթանա իր խաղաղ, բնականոն  հունով, մարդիկ արարեն, ստեղծեն, վայելեն, անընդհատ պատերազմներ է հրահրում…

Պատերազմի պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվեցին… Ինչքա՜ն երազանքներ անկատար մնացին…

Կռվի դաշտում, երբ մի ակնթարթ լռել էին զենքերը, մեր պայմանագրայիններից մեկի որդու տասնամյակը նշեցինք, ջուր  ու սիգարետով նշեցինք: Ասաց՝ հենց էս մղջավանջն ավարտվի, էս նույն կազմով որդուս ծնունդն ենք տոնելու մարդավարի… Չվերադարձավ…

ՎՐԵԺ ԵՎ ՊԱՐՏՔ...Մեկն իր անդրանիկ որդու ծնունդն այդպես էլ չտեսավ, մյուսն այդպես էլ չհասցրեց ընտանիք կազմել, վայելել ընտանեկան օջախի ջերմությունը, լսել մանկան առաջին թոթովանքը, մեկն էլ….

Մենք պարտք ունենք մեր զոհված ընկերների առաջ՝ վրեժ ու պարտք..

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս. հեղինակի եւ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

Խորագիր՝ #49 (1369) 9.12.2020 - 15.12.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


10/12/2020