Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
6-1-1-copy
«ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԽՐԱՄԱՏԻՑ…»

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԽՐԱՄԱՏԻՑ...»Դպրոցական տարիներից Մանվել Կարապետյանը զինվորական գործի հանդեպ առանձնակի ակնածանք ուներ. մոտակայքում զորամաս կար, իրեն գրավում էր համազգեստավորների ձիգ կեցվածքը, խրոխտ քայլքը, շատ էր սիրում ընթերցել ու առանձնապես տպավորվել էր Նժդեհի գաղափարներով.«Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ… Ուզո՞ւմ ես փրկվել. եղի՛ր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում։ Իսկ ուժիդ ապացույցը տալու համար ցո՛ւյց տուր երկու բան. առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն, իմաստալի մահով, երկրորդ, որ գիտես մեռցնել… Այսպես պիտի մտածի և ուժ հավաքի մեր սերունդը, մեր ցեղը այսօր, վաղը, հուր հավիտյան, քանի կա մարդագայլը, քանի ՎՐԵԺԻ ցասումը չի հանդարտվել և չպիտի հանդարտվի…»:

…Ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, լավ գնահատականներով ավարտեց ու ծառայության նշանակվեց առաջնագծում։ Զորամասն աշխարհի ծայրին էր՝ կիսաամայի տարածք, կտրված ամեն ինչից։ Տարածքը՝ բարդ, հարաբերությունները՝ բարդ. հեշտ չէ ղեկավարել գրեթե հասակակից զինվորներին։ Արցախ աշխարհի հյուսիսային հատվածում տեղակայված իրենց զորամասն էլ մշտապես թշնամու սադրիչ գործողությունների, հրադադարի հաճախակի խախտման թիրախային գոտում էր։

Նորաթուխ սպա էր, երբ ստացավ առաջին մարտական մկրտությունը։

2011 թ. աշնանային թխպոտ օրը էր, վարար անձրեւ էր սկսվել, գիշերվա ժամը 3-4-ի կողմերը հակառակորդի կողմից շարժ էր նկատվել։ Անձրեւի ուժեղ խշշոցի միջից որսում էին թաց կավահողի մեջ նրանց զգուշավոր քայլքը, թանձր մութի մեջ ուրվագծվող պատկերները դանդաղ մոտենում էին։ Դիվերսիոն ներթափանցումը հաջողությամբ կանխեցին՝ առանց կորուստների: Թշնամին վիրավորներ ուներ՝ տեղ-տեղ արյան հետքեր էին ու լքված զինամթերք։

Մարտական առաջադրանքը գերազանց կատարելու համար Մանվելը պարգեւատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով: Առաջին մեդալն էր…

Ժամանակի հետ ավելացան մեդալները, ուսադիրներին՝ աստղերը, ամեն ծառայողական աստիճանով բարձրացմանն էլ զուգահեռ՝ ավելացան նաեւ պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը:

Մանվել Կարապետյանի ղեկավարած գումարտակը զորամասում մշտապես լավագույնների շարքում էր, բայց երիտասարդ սպան երբեք չէր բավարարվում եղածով, մշտապես ձգտում էր առավելագույնի. «Բացվող ամեն օրը նոր պահանջներ է առաջադրում, նոր լուծումներ: Ամեն օր, ամեն ժամ հարկ է կատարելագործել մարտավարամասնագիտական գիտելիքներն ու ունակությունները: Սահմանին ենք, դիմացը՝ թշնամին, խաղաղությունը՝ երերուն, պետք է պատրաստ լինենք ամեն զարգացման»:

Փոխգնդապետը նաեւ Ապրիլյան մարտական գործողություններին էր մասնակցել, կռվել էր ամենավտանգավոր ուղղություններից մեկում՝ Թալիշում։ Գումարտակի տղաների հետ զրուցելիս հաճախ էր ապրիլյան օրերից դեպքեր, դրվագներ հիշում, ոգեւորված պատմում էր մարտերում հերոսացած քաջերի սխրանքներից ու պատգամի պես կրկնում՝ հայրենիքն սկսվում է խրամատից, որի ամեն միլիմետր ձեզ նման, ձեզ հասակակից տղերքի կյանքի գնով է պաշտպանվել, արժանապատվության ու պատվախնդրության խնդիր է այն անառիկ պահելը։

…Ինքը պահեց իրեն վստահված սահմանի ամեն միլիմետրը… կյանքի գնով: Նահանջի հրաման էր տրված, բայց չլքեց դիրքը, չլքեց մարտական ընկերոջը…

Զինակիցները պատմում են, որ Մանվելը զոհվել է, երբ փորձել է վիրավոր ընկերոջը կրակի տակից դուրս հանել: Երբ նրան զգուշացրել են, ասել են՝ մի՛ գնա, արդեն մահացած է, դարձյալ հետ չի կանգնել որոշումից՝ չեմ թողնի ընկերոջ անշնչացած մարմինը թշնամին խոշտանգի…

-Մեր քաջ հրամանատարը կռվեց ու զոհվեց հերոսի նման,- ասում են նրա զինվորները:- Զինվորի հոգսուցավով ապրող, զինվորապաշտ հրամանատար էր…

-Տասնմեկ տարի առաջնագծում է ծառայել, ու չի եղել մի նոր տարի, որ ընտանիքի հետ, հարազատ օջախում  անցկացնի,- պատմում է Մանվելի կինը՝ Վիկտորյան:- Միշտ կատակի էր տալիս. «Տանն ընդամենը երկու զավակ ունեմ, իսկ գումարտակում…»: Երկու աղջիկներիս ծնվելուց մեկի ժամանակ դիրքերում էր, մյուսի ժամանակ՝ դասընթացների: Մեկ-մեկ նեղսրտում էի՝ ախր, հեշտ չէ միայնակ այսքան հոգսի տակ, ասում էր՝ «դու էլ մեր տան զինվորականն ես, Վիկա, դու շատ ուժեղ ես, դու կարող ես, դու սպայի կին ես»:

2014 թ. նոյեմբերին ենք ամուսնացել: Հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվեցինք Թալիշ՝ Մանվելի ծառայավայր: Պայմանները շատ հեռու էին բավարար լինելուց, բայց ամեն դժվարություն հաղթահարելի է, երբ կողքիդ հոգատար, նվիրված ամուսին է, երբ ընտանիքումդ կա փոխըմբռնում: Հետո արդեն բնակարան ստացանք Մատաղիսում: Մանվելն էլ շուտով պետք է սպայական դասընթացների մասնակցեր, մայրաքաղաքում անցներ գրասենյակային աշխատանքի, բայց…

-Այդ օրը վաղ առավոտյան ռացիայով կապվեցին, ասացի, որ շտապ գնա զորամաս,- սեպտեմբերյան դաժան լուսաբացն է վերհիշում Վիկտորիան:- Այնքան էր շտապում, որ նույնիսկ հրաժեշտ էլ չտվեց: Նրա գնալուց քիչ անց մեր տան մոտակայքում արկ պայթեց, ապակիները փշուր-փշուր եղան: Պայթյունները չէին դադարում: Տագնապահար երեխաներիս հենց անկողնային հագուսով գրկեցի եւ իջա շենքի նկուղ-ապաստարան, բոլորը կիսահագնված շտապել էին ցուրտ ու խոնավ նկուղում պատսպարվելու: Որոշ ժամանակ անց արդեն հասկացանք, որ այդտեղ մնալով վտանգված է բոլորիս կյանքը. թշնամու զինվորներն արդեն գյուղ էին մտել: Պատահական մեքենայով դուրս եկանք Մատաղիսից: Ամուսնուս ընկերը՝ Սարգիսը, հետո ինձ պատմեց, որ Մանվելը զորամասից  տեսել է, թե ինչպես են արկերը պայթում մեր տան ուղղությամբ, գլուխը բռնել ու լաց է եղել՝ երեխեքս…, բայց երբ  զանգել էի, ասել, որ արդեն Հայաստանի ճանապարհին եմ, խաղաղվել էր…

Մանվելի հեռախոսային վերջին զանգը մինչ օրս ականջներումս է. «Բոլորիդ շատ եմ սիրում, շատ-շատ…»:

Հետո զանգում էի, զանգս անընդհատ մնում էր անպատասխան, հենց այդ ժամանակ էլ սիրտս ահավոր կասկած ընկավ…

Ինքը շատ ուշադիր էր բոլորիս հանդեպ, հոգատար հայր էր, նվիրված ամուսին, հրաշալի զավակ…

Վեց տարվա ամուսնացած էի, բայց սխալված չեմ լինի, եթե ասեմ վեցից ուղիղ երեք տարին, դեռ մի բան էլ ավելին, մենք միմյանց երես չենք տեսել, ապրիլյանի ժամանակ օրերով տուն չի եկել, հետո էլ՝ 14 օր դիրքերում էր լինում, դիրքերից իջնելիս էլ շատ անգամ մնում էր զորամասում՝ գործերը կիսատ չմնան, հանկարծ չթերանա մի գործում: Բայց ես հաստատ իրենից լավ ընտրություն արած չէի լինի. իր հետ ապրածս ամեն օրը մի տարի եմ հաշվում՝ ջերմության, ուշադրության, նվիրումի չափաբաժինն այնքան շատ էր, այնքան  առատ ու լիուլի…

Դժվար է, անասելի դժվար է առանց նրա…Երբ հուսահատությունն ու անորոշ տագնապները հանկարծ ուզում են սողոսկել սիրտս, Մանվելի խոսքերն ինձ սթափեցնում են. «Վի՛կ, դու շատ ուժեղ ես, դու կարող ես, դու սպայի կին ես …»:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ