Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ. ԴՈՐԿ ՍԱՀԱԿՅԱՆ
ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ. ԴՈՐԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ. ԴՈՐԿ ՍԱՀԱԿՅԱՆՆոբելյան մրցանակ ստանալու համար առայժմ միայն մեկ հայ է գնացել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո՝ ամերիկահայ նշանավոր գիտնական Դորկ Սահակյանը: Դորկ Սահակյանը կլիմայագետ է, ստեղծել, մշակել է անցյալում Երկրի օդային ճնշումը հաշվարկելու տեխնիկան՝ հիմնված սառեցված հրաբխային լավայի պղպջակների չափի տարբերության վրա:

Դորկ Սահակյանը ծնվել է 1954 թ. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Տարրական դասարաններում Դորկը հատուկ հետաքրքրասիրություն է ցուցաբերում բնական գիտությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով ծնողները խորհուրդ են տալիս նրան ընդունվել Ռենսելերի նյույորքյան պոլիտեխնիկական համալսարան, որը հայտնի էր ուսման ընթացքում բնական գիտությունների ու տեխնոլոգիաների հանդեպ հատուկ ուշադրությամբ: 1977 թ. Դորկն ավարտում է այդ համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան:

Համալսարանն ավարտելուց հետո նա ծառայության է անցնում ԱՄՆ ռազմածովային ուժերում՝ որպես օվկիանոսագետ: Ծառայությանը զուգահեռ Դորկը դասավանդում էր Կոլումբիայի հռչակավոր համալսարանում, միաժամանակ նա Օհայոյի հետազոտական կենտրոնի գիտաշխատող էր:

Այդ ժամանակահատվածում նա գրել է ավելի քան 100 գիտական հոդվածներ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների մասին: 1994 թ. արդեն Դորկ Սահակյանը հեղինակավոր գիտնական էր, երբ նրան նշանակեցին Նյու Հեմփշիրի համալսարանի Երկրի, օվկիանոսի ու տիեզերքի ուսումնասիրման ինստիտուտի բիոսֆերայի միջազգային ծրագրի գլոբալ վերլուծական, ինտեգրացիոն ու մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն:

2002 թվականից ի վեր Դորկ Սահակյանը դառնում է կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի տնօրեն, որը գնահատում էր  տեխնոգեն գործոնների պատճառով կլիմայի գլոբալ փոփոխությունների ռիսկեր ԱՄՆ Լիխայի համալսարանում:

2004 թ. նա ստանձնում է ՄԱԿ-ում կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի նախագահի պաշտոնը և ստանում Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Դորկ Սահակյանն ու ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը գիտական զեկույցներ են մշակել կլիմայի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ և կազմել են առաջարկությունների ցանկ, որոնք շրջակա միջավայրը պահպանելու նպատակով ենթակա էին ներկայացման գերտերությունների գլխավոր քաղաքական գործընկերներին: ՄԱԿ-ը զեկույցներն ընդունել է որպես դասագիրք՝ աշխարհում կլիմայական ճգնաժամը նկարագրելու համար:

2007 թ. հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորն ու Դորկ Սահակյանն արժանանում են Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Այսօր մեծանուն գիտնականը շարունակում է դասավանդել Կոլումբիայի համալսարանում և գրել գիտական հոդվածներ, որոնց թիվն արդեն անցնում է 2000-ը:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ