Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐԱՆԱԼ, ՀԶՈՐԱՆԱԼ, ՀԶՈՐԱՆԱԼ…



ՀԶՈՐԱՆԱԼ, ՀԶՈՐԱՆԱԼ, ՀԶՈՐԱՆԱԼ...Զրույց գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր ԳԵՎՈՐԳ ՏՈՆԻԿՅԱՆԻ հետ

 

-Գևորգ, դու և ձեր գումարտակը մասնակցել եք պատերազմին։ Ես կարող էի ավելի ծավալուն և խորքային խնդիրներ արծարծող հարցազրույց անել պատերազմով անցած գնդի հրամանատարի հետ, բայց հետաքրքիր է լսել միջին օղակի հրամկազմի կարծիքը այս պատերազմի մասին։ Այն անակնկա՞լ էր Ձեզ համար, թե՞ սպասված էր։

-Հայկական բանակի զինվորականները Արցախյան պատերազմից ի վեր միշտ սպասել են Ադրբեջանի հարձակմանը և նախապատրաստվել են ընդունելու մարտահրավերը։ Այլ բան է, թե որքան էր պատերազմի հավանականությունը։ Սեպտեմբերյան հարձակումից առաջ, երբ Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն ծավալեցին մեր քթի տակ, երբ Թուրքիան զինվորական անձնակազմ և սպառազինություն կենտրոնացրեց Ադրբեջանում, հայկական սահմանի մոտ, բոլորս էլ հասկացանք, որ առանց պատերազմի այդ զենքն ու զինվորականները չեն հեռանալու Ադրբեջանից։

Մենք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն պատրաստ էինք այդ պատերազմին։ Բայց այն, ինչ տեսանք ռազմադաշտում, դուրս էր մեր ակնկալիքների շրջանակից։

-Այսինքն, մենք այդպիսի հուժկու պատերազմի չէինք նախապատրաստվել, ես ճի՞շտ հասկացա։

-Մենք չէինք նախատեսել, որ պետք է պայքարենք մարդկային ռեսուրսով ու սպառազինությամբ ՆԱՏՕ-ի երկրորդ երկրի՝ Թուրքիայի լավագույն ստորաբաժանումների դեմ։

-Բայց Դուք զրույցի սկզբում ասացիք, որ կանխատեսում էիք Թուրքիայի մասնակցությունը պատերազմում՝ ելնելով վերջին զորավարժությունների բովանդակությունից։

-Ներգրավված լինելը մի բան է, ուղղակի պատերազմին մասնակցելը և հակամարտող կողմին համակողմանի օգնություն ցուցաբերելը՝ այլ բան։ Ռազմադաշտում մենք հանդիպեցինք ահռելի մեծ ուժի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, տարբեր երկրներից ժամանած վարձկանների և մինչև վերջին պահը Ադրբեջանին զինող պետությունների համատեղ ուժին։

-Ինչպիսի՞ն էր զորքի տրամադրությունը, ոգին այդ ուժը տեսնելուց հետո։

-Ես կարող եմ խոսել մեր պայմանագրային գումարտակի մասին, որը քաջաբար, բարձր ոգով և ամենայն արժանապատվությամբ կռվեց թուրք-ադրբեջանա-ահաբեկչական զորքի դեմ։

-Դուք ո՞ր տարածքներում եք կռվել։

-Քարվաճառում և Հադրութում։ Պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Մեր գումարտակը առաջին ճակատամարտը տվեց Քարվաճառում։ Երբ թշնամու բանակն սկսեց հրթիռակոծել, մենք ապշեցինք կրակի խտությունից։ Կարելի է ասել, ամեն քառակուսի մետրի վրա մի հրթիռ էր ընկնում։ Պատահել է՝ երեք մարդու վրա մեկ «Կամիկաձե» են նետել։

Այո՛, թուրք-ադրբեջանա-ահաբեկչական զորքը միայն մեկ առավելություն ուներ մեզնից՝ զենքերի (հատկապես օդային հարձակման) քանակը։ Բայց անգամ այս պայմաններում, ուժերի այսպիսի հարաբերակցությամբ՝ մենք անհամեմատ մեծ կորուստներ ենք պատճառել թշնամուն։ Նրա զենքերն ու անձնակազմը ոչնչացվում էր անխնա, բայց անմիջապես համալրում էին ստանում։

– Զորքի՞, թե՞ զինտեխնիկայի համալրում։

-Ե՛վ մեկի, և՛ մյուսի։ Մենք կռվում էինք մեկը տասի, մեկը քսանի դեմ։ Մեր տղաների կրակից թշնամին տապալվում էր հնձած խոտի պես։ Տարօրինակ տեսարան էր, ֆիլմերում անգամ նման բան չես տեսնի. զորքն ընկնում էր, վիրավորներն անօգնական մնում էին մարտադաշտում ու անմիջապես նոր և ավելի մեծաքանակ զորք էր գալիս։ Զոհվածներին ու վիրավորներին տրորելով շարժվում էր առաջ, սրանք էլ էին կոտորվում, անմիջապես նորերն էին գալիս սրանց վրայով, թվում էր՝ վերջ չկա։

-Փաստորեն, ուզում եք ասել, որ անհնար էր հաղթել այս պատերազմում։

-Հայկական բանակը մեկը երեսունի, քառասունի դեմ կռվելով էլ լիներ՝ կհաղթեր, մենք կոչնչացնեինք թշնամու հետևակը, կդիմակայեինք անթիվ, անհամար տանկերին և այլ զենքերին, բայց օդային հարվածների դեմ անզոր էինք։ Այս պատերազմում գերիշխող էին թշնամու անօդաչու թռչող սարքերը։

-Ճի՞շտ է, որ անձամբ Դուք երեք տանկ եք խոցել։

-Այո՛, մենք պաշտպանում էինք Հադրութ մտնող կամուրջը։ Ես հենց այդտեղ էլ խոցեցի Հադրութ մտնող թշնամու երեք տանկերը, պայթեցրինք նաև զենքով բեռնված մեկ «Ուրալ»։ Քառասուն աստիճան տաքություն ունեի այդ ժամանակ։ Կաթիլային էի ստանում՝ մեքենայի նստատեղին պառկած, երբ գնդապետ Ղազարյանը (որը հետագայում զոհվեց մարտական առաջադրանք կատարելիս) ասաց, որ կրկին զրահատեխնիկա է մոտենում Հադրութին։ Ես անմիջապես հանեցի կաթիլայինի սարքը, վերցրի «Ֆագոտը» ու դիրքավորվեցի։ Մենք մեր անձնակազմով արել ենք անհնարինը, մինչև վերջ կռվել ենք մեր հողի համար: Ժողովուրդը պատերազմից վերադարձող զինվորներին ու սպաներին պետք է դիմավորի ինչպես հերոսների. նրանք անձնվիրաբար են կռվել…

-Ի՞նչ հոգեվիճակում եք հիմա Դուք և Ձեր անձնակազմը։

-Մեր հոգում ցավ կա, բայց մենք չենք հաշտվել կորստի հետ, և դա մեզ ուժ է տալիս։

-Ի՞նչ է նշանակում չենք հաշտվել։

-Մեր ժողովուրդը չի հաշտվել անգամ Արևմտյան Հայաստանի կորստի հետ և չի հաշտվելու։ Մենք պիտի շարունակենք մեր ճանապարհը՝ հաստատ իմանալով, թե ուր ենք գնում՝ տեր կանգնելով մեր համազգային երազանքներին: Ոչ թե ցաքուցիր ու աննպատակ, այլ՝ ծրագրավորված ու սևեռուն անցնելով այդ ճանապարհը։ Մենք պետք է հավատանք ինքներս մեզ ու հանուն մեր համազգային նպատակների իրականացման, պատրաստ լինենք թանկ զոհողությունների ոչ միայն պատերազմում, այլև խաղաղության մեջ։ Ամեն օր, նույնիսկ ամեն ժամ մի փոքրիկ քայլ անենք դեպի Շուշի, դեպի Հադրութ, դեպի մեր կորուսյալ յուրաքանչյուր հողակտորը, դեպի Արարատ, դեպի Արևմտյան Հայաստան։ Քանի քայլ կգումարվի քայլին, քանի սերունդ կանի իր փոքրիկ, բայց հաստատուն քայլը, դժվար է ասել, բայց, որ այդ ճանապարհը մեզ տեղ կհասցնի, անկասկած է։ Մեր ուղին արդար է, ազնիվ, մեր ժողովուրդը տաղանդավոր է, խիզախ, հայրենասեր, հզոր անցյալով… Եվ նրան մեծ ապագա է սպասում։ Մենք ընդամենը ճակատամարտ ենք տանուլ տվել։ Օրեցօր նոր թշնամիներ վաստակող, անանցյալ ու անհայրենիք Թուրքիան՝ իր փոքրիկ, բայց կեղտոտ պատմությամբ, իր ներքին էթնիկ խնդիրներով և ծավալապաշտական խելացնոր նկրտումներով, ապագա չունի։

-Դուք ավելի շատ Թուրքիայի անունն եք տալիս, քան Ադրբեջանի, ի վերջո, Շուշին Ադրբեջանի կազմում է, ոչ թե Թուրքիայի։

-Այս պատերազմում Ադրբեջանը երրորդական, չորրորդական դերակատար էր։ Վարձկանների թիկունքում թաքնված ադրբեջանական բանակը, ինչպիսի գլխաքանակ էլ ունենար, չէր կարող դիմակայել հայ զինվորին։ Մենք կռվել ենք Թուրքիայի բանակի ու վարձկանների դեմ ու տեղի տվել ոչ թե թուրքական զորքի արհեստավարժությանն ու ոգուն, այլ նրա գերժամանակակից զինտեխնիկային։ Մեր ու թուրքերի դարավոր կռիվը չի ավարտվել, այլ մտել է նոր փուլ, և այն ավարտվելու է մեր հաղթանակով։

-Ինչո՞ւ եք այդքան վստահ։

-Պետականությունը կորցնելուց 600 տարի հետո Հայաստանը կրկին հայտնվեց աշխարհի քարտեզին, որովհետև 600 տարի մենք չհաշտվեցինք կորստի հետ ու պայքարեցինք՝ հավատալով մեր հաղթանակին։ Ես վստահ եմ, որ այս պայքարը մենք մեր որդիներին չենք թողնելու և շատ ավելի շուտ ենք ավարտելու։ Մնում է լցվել լավատեսությամբ, հավատալ մեր Երկրի ապագային և հզորանալ, հզորանալ, անվերջ հզորանալ…

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1366) 18.11.2020 – 24.11.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/11/2020