Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ



ԲԱՐԵՎԻ ՓՈԽԱՐԵՆ…Մի բուռ սեր եմ ուղարկում սահմանից։ Այստեղ պատերազմ է։ Կյանք կա, բայց կռվում ենք։ Հիշում ես, չէ՞, որ խոստացել եմ բռիս մեջ մի քիչ էլ խաղաղություն տեղավորել։ Այս անգամ ես մի լիքը երկինք խաղաղություն կբերեմ։ Գիտեմ, ճանապարհներին նայելով՝ անվերջ ինձ ես սպասում, մա՛մ… Սպասիր, բայց մի՛ լացիր։ Հերոսի մայրը չի՛ լացում։ Ով մարտադաշտում տղա ունի, չպիտի լացի։

…Գիտե՞ս՝ ինչքան եմ կարոտում ընկերներիս։ Հիմա եմ հասկանում, թե կարոտն ինչ է։ Հիմա ամեն անօդաչուի հետ աչքերս թափառում են երկնքում`ընկերներիս են փնտրում… Բայց չեն գտնում նրանց. ամպերի մեջ անհետացել են… Ես չեմ կոտրվում, մա՛մ, նրանց գործը պետք է շարունակեմ այնքան, որ մի քանի բուռ հաղթանակ էլ բերեմ` նաև իրենց մայրերի համար։ Որ խաղաղվեն նրանց հոգիները։

Սպասիր, մա՛մ…

Այս անգամ քեզ ծաղիկներ չեմ բերելու. բոլոր ծաղիկները նեղացել են ու խոնարհվել մեր ընկած հերոսների առաջ։

…Մեր խրամատում  ես եմ, ընկերներս՝ ամեն մեկը մի հերոս… Երբեք չմտածես, որ զոհվելու եմ։ Իմացի՛ր` հայրենիքի պաշտպանները չեն զոհվում։ Էլ սենց բաներից չխոսենք, լա՞վ։

Ճանապարհին նայիր… կգամ։ Մի քանի օր մնաց, միայն մի քանի օր…

Ու կգամ քո գիրկը, կշշնջամ ու կասեմ, որ իմ բաժին պատերազմն ավարտվեց.  մենք հաղթել ենք…

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #45 (1365) 11.11.2020 – 17.11.2020, Ազգային բանակ


12/11/2020