Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՓԱՐՓԵՑԻ ԿԱՊԻՏԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԵՆ
ՓԱՐՊԵՑԻ ԿԱՊԻՏԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

ՓԱՐՓԵՑԻ ԿԱՊԻՏԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԵՆԿապիտան Արթուր Հովհաննիսյանի ամբողջ ընտանիքը ռազմական կենսագրություն ունի: Պատերազմական: Պապը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, հայրը՝ Արմեն Հովհաննիսյանը, մասնակցել է Աֆղանական պատերազմին, Արթուրն ու եղբայրը՝ կապիտան Արա Հովհաննիսյանը, կռվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ, հիմա երկուսն էլ ռազմաճակատում են:

Արթուր Հովհաննիսյանը սովորել է ՌԴ բարձրագույն հրամանատարական ուսումնարանում, ապա վերադարձել Երևան, ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մագիստրատուրան։

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո սպան սեփական ցանկությամբ ծառայության է անցել Արցախում եղբոր՝ կապիտան Արա Հովհաննիսյանի հետ։ Նա ՀՀ ԶՈՒ հրաձգության չեմպիոն է (2017թ.):

…Պատերազմի առաջին օրը Արթուր Հովհաննիսյանը ավագ լեյտենանտ Արցախ Հակոբյանի խմբի տղաների հետ արիաբար պաշտպանում է իրեն վստահված սահմանը ադրբեջանցիների ու վարձական ահաբեկիչների հարձակումից: Մեր երեսուն արծիվները հետ են մղում թշնամու 400 հոգանոց հրոսակախմբի գրոհը: Հասկանալով, որ չեն կարող դեմ առ դեմ չափվել մեր տղաների հետ, որքան էլ ուժերը անհավասար լինեն, թշնամին հրետանային կրակ է բացում դիրքը պաշտպանող հայ զինվորների ու սպաների վրա: Այդուհանդերձ, դիրքը մնում է անառիկ, տղաները դիմադրում են ու չեն նահանջում: Արթուր Հովհաննիսյանն ու Արցախ Հակոբյանը վիրավորվում են: Զինակից ընկերները նրանց դուրս են բերում մարտադաշտից, ցուցաբերում առաջին բուժօգնությունը ու տեղափոխում հոսպիտալ: Իմանալով, որ բեկորները երիկամները չեն վնասել, իսկ ոտքերի վնասվածքները այնքան մեծ չեն, որ չկարողանա քայլել, կապիտան Արթուր Հովհաննիսյանը դիմում է բժիշկներին ՝ իրեն հոսպիտալից դուրս գրելու և ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով: Բժշկական հանձնաժողովը սպային 15-օրյա արձակուրդ է հատկացնում, սակայն վերջինս հրաժարվում է արձակուրդից: Հաջորդ օրը գնում է «Եռաբլուր», այցելում մանկության ընկերոջ՝ «Արցախի հերոս» Ռոբերտ Աբաջյանի շիրիմին, քաջի գործը հաղթանակով ավարտելու երդում տալիս ու մեկնում ռազմաճակատ: Օրեր անց կապիտան Արթուր Հովհաննիսյանը մասնակցում է մի շատ կարևոր մարտական գործողության: Խումբը փայլուն է իրականացնում առաջադրանքը, թշնամին կրում է նյութական ու տեխնիկական մեծ կորուստներ: Նույն ժամանակ կապիտան Արթուր Հովհաննիսյանի եղբայրը՝ կապիտան Արա Հովհաննիսյանը, հարավային ռազմաճակատում էր սխրանքներ գործում:

Սա մի ընտանիքի պատմություն է՝ դասագրքային սեղմությամբ, ակադեմիական լեզվով, առանց հույզերի ու զգացմունքների: Այնպես, ինչպես գալիք սերունդներին կպատմեն հայոց պատմության դասագրքերը: Այնպես, ինչպես կգրվի մեր զինվորական հանրագիտարաններում: Ու անպայման կնշվի, որ նրանք՝ հարյուրավոր, հազարավոր հերոսները, իրենց կամքի, վճռականության, հայրենիքի հանդեպ իրենց սիրո ու ազգային բարձր արժանապատվության, հայոց պատմական հողերի փրկության համար ամենաթանկը չխնայելու պատրաստակամությամբ հաղթանակ պարգևեցին մեր ժողովրդին: Իսկ այսօր երկու կապիտան եղբայրները ռազմաճակատում կռում են այդ հաղթանակը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ