Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՅԾԵՄՆԻԿԻ ՄԵՐՕՐՅԱ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՅԾԵՄՆԻԿԻ ՄԵՐՕՐՅԱ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՅԾԵՄՆԻԿԻ ՄԵՐՕՐՅԱ ԺԱՌԱՆԳՆԵՐԸԱրցախյան առաջնագիծ է շտապում հայուհիների հերթական մարտախումբը։ Հաղթանակն իսկապես այլընտրանք չունի, երբ հայկական բնագծերը պաշտպանող խրամատում երեք սերունդ է կանգնում, երբ տղամարդկանց կողքին զենքը ձեռքին մեր կենսատարածքն են պաշտպանում նաեւ կանայք։ Այս պատերազմը համազգային համախմբում եւ ուժերի գերլարում է պահանջում…

Ու մեզ մնում է միասին ու բոլոր ճակատներով կռվել հանուն մեկ գերնպատակի՝ հանուն հաղթանակի ու խաղաղության։ Զինվորական համազգեստով ու մարտական զենքով պատերազմ գնացող աղջիկները զինվորական չեն, ոչ էլ ռազմական փորձառություն ունեն, բայց հայրենիքի համար օրհասական ժամին նրանք զենք են վերցրել ու պատրաստվում են մեկնել ռազմաճակատ:

-Թիկունքում տարբեր աշխատանքներ կատարելով՝ հասկացել ենք, որ մեր ֆիզիկական ներկայությամբ կարող ենք ավելի օգտակար լինել Արցախում: Դիմեցինք պաշտպանության նախարարություն, խնդրելով մեզ էլ ներգրավել ռազմական գործողություններում՝ վերապատրաստվելուց հետո: Ոգու և կամքի պակաս չկա, բայց զինվորական գործին հասու լինելու, տիրապետելու կարիք կա: Ուստի, մինչև առաջնագիծ մեկնելը, կոփվում ենք ֆիզիկապես, զինպատրաստություն անցնում, ռազմական գիտելիքներ ձեռք բերում ու հմտանում,- ասում է կանանց նորաստեղծ վաշտի հրամանատար Նարե Խլղաթյանը:

Մեր հերոսուհիները նաև առաջին բուժօգնության դասերն են սերտում։ Նրանք՝ որպես «սպիտակ» բանակի ներկայացուցիչներ, կմեկնեն ճակատ ու վիրավոր զինվորներին առաջինը կհասնեն օգնության։ Աղջիկները վստահեցնում են՝ հրամանատարների մարտական առաջադրանքները անվերապահ կկատարեն ու յուրաքանչյուրն իր դիրքում կօժանդակի Հայոց բանակի հաղթանակին…

-Միշտ հետաքրքրվել եմ ռազմական գործով, և երբ իրավիճակով պայմանավորված այս հնարավորությունն ստեղծվեց, առանց վայրկյան իսկ հապաղելու կամավորագրվեցի,- մեր զրույցին է միանում Դեմիրճյան Տանյան:

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՅԾԵՄՆԻԿԻ ՄԵՐՕՐՅԱ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ-Ամեն ինչով կփորձենք օգնել, թեկուզ առաջին բուժօգնությամբ,- ընկերուհու խոսքն է շարունակում Հայրապետյան Իլոնան:

Իլոնան էլ հարազատ եղբոր ու առաջնագծի բոլոր տղաների հետ միասին մեր հաղթանակը կերտելու մղումով է որոշել մեկնել ռազմաճակատ, նրա խոսքով՝ հիմա, ավելի քան երբևէ, կանանց ներկայությունը առաջին գծում անհրաժեշտ է:

-Փոքր եղբայրս Ապրիլյան պատերազմի մասնակից է, իսկ ավագ եղբայրս, պատերազմի լուրն առնելուն պես, Մոսկվայից եկավ ու մեկնեց Արցախ: Այս պահին նա առաջնագծում է: Ամեն ինչ քննարկել եմ և հասկացել, որ ես էլ կարող եմ պատերազմել թշնամու դեմ,- վճռական ասում է Իլոնան:

Հայրենական պատերազմն այսօր կռվի դաշտ է տանում թե՛ որդուն կորցրած մորը, թե՛ ապագա զինվորի մորը։ Լուսինեի երեխաները դեռ փոքր են, սակայն նա որոշել է մեկնել ռազմաճակատ: Զարմանքս ու հիացմունքս միախառնվեցին, երբ երկու երեխաների մոր շուրթերից լսեցի.

-Կամավոր եմ եկել՝ տանը թողնելով իմ երկու բալիկներին: Իմ գնալով ես նրանց ուժ եմ տալու ապագայում, քանի որ այսօր ես իմ տղաների գալիք ճանապարհն եմ բացում…

…Հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվող կանանց շարքերն օրեցօր համալրվում են։ Ու այս անմացորդ նվիրումն ու անքակտելի միասնականությունն է հայրենական պատերազմում հաղթելու մեր բանաձևը։

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ