Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ



ՆՐԱՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ«Հայ զինվորից լավ զինվոր չկա, նրանք հարյուր անգամ լավ են կռվելու, այդ հարյուրը վերածեք կիլոմետրի և կհասկանաք, թե ինչքան ենք առաջ գնալու». հայրենիքի նվիրյալ գնդապետ  Սևակ Ղուկասյանի տարիներ առաջ արտահայտած միտքն է։ Արդարև, հայ զինվորն ամենաուժեղն է, ամենախելացին ու անվախը։

Ինչպես բոլոր պատերազմների թողած վերքերը, այնպես էլ այս պատերազմի  վերքերը երբեք էլ չեն սպիանալու, ինչպես որ երբեք հետ չեն գալու այն հերոսները, որոնք ընկել են մարտի դաշտում՝ հանուն հայրենիքի… Իսկ այսօր շարքերում կռվում և շարունակում են ապրել մահին ու թուրքին հաղթող մերօրյա հերոսները, ովքեր կերտում են մեր նոր պատմությունը։  Նրանցից է արմատներով Արցախի Ճարտարից ու իր զինվորական ծառայությունը Մատաղիսի զորամասում անցկացրած սերժանտ Նարեկ Պողոսյանը։

…Շփման գծի ամբողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից սկսված ակտիվ հրետակոծության թիրախներից մեկն էլ Մատաղիս գյուղն ու հարակից բնակավայրերն էին, որոնք ռազմական առումով կարևոր նշանակություն ունեն։

Նարեկ Պողոսյանն  իր զինակից ընկերների հետ այդ օրը զորամասից տագնապով դիրքեր բարձրացավ՝ թշնամու ոտնձգություններից պաշտպանելու հող հայրենին:

-Առավոտյան տագնապով ռմբակոծության տակ դիրքեր բարձրացանք։ Արդեն զգում էի, թե ինչ է սպասվում, սակայն ոգին մարտական էր, ինչպես երբևէ,- պատմում է Նարեկը և հավելում, որ  այդ հատվածում համառ մարտեր են ընթացել, իրենց գումարտակը թշնամու 37 տանկ է խոցել, իսկ փոքրամարմին, եռանդով լեցուն մեր հսկան թշնամու մեկ ԱԹՍ և անհաշիվ կենդանի ուժ է ոչնչացրել:

Նարեկը հուզմունքը մի կերպ զսպելով պատմում է այդ համառ մարտերում զոհված իրենց քաջ հրամանատարի՝ Մանվել Կարապետյանի մասին:

ՆՐԱՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԵՐՏՈՒՄԱնգամ սիրելի հրամանատարի զոհվելը տղաներին չի ընկճել, և նրանք գումարտակի շտաբի պետ Սարգիս Սարգսյանի առաջնորդությամբ շարունակել են կատարել մարտական առաջադրանքը։

Կատաղի մարտերի հինգերորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Նարեկը բեկորային լուրջ վիրավորում է ստացել և տեղափոխվել հոսպիտալ:

-Ընկերներիս հետ ատամներով ենք պահել մեր դիրքը, և հիմա էլ ընկերներս  շարունակում են հերոսաբար կռվել ու պաշտպանել մեր դիրքը։ Աստված օգնի՝ շուտ ապաքինվեմ, գնամ հասնեմ ընկերներիս, որ միասին անառիկ պահենք մեր Մատաղիսը:

Մարտում կորցրած ընկերների մասին խոսելիս Նարեկը հազիվ է զսպում հուզմունքը և ասում է, որ տղաների արյամբ ներկված հողին երբեք չպետք է մոտենա շուն թուրքը։ Ինչպես 1992 թ-ին և 2016 թ-ին, այնպես էլ հիմա Մատաղիսը պետք է կանգուն մնա, որովհետև այստեղ ու այս հողի համար հարյուրավոր տղաներ իրենց կյանքն են զոհել։

Նարեկի մասին հպարտությամբ է խոսում նրա հետ նույն դիրքում կռված և վիրավորում ստացած լեյտենանտ Մարտիրոս Մկրտչյանը։ Նրա խոսքերով՝ Նարեկը համեստ, պարտաճանաչ և հզոր էներգիայով լեցուն զինվոր է և մարտի դաշտում առաջադրանքները կատարել է գերազանց։

Մեզ հետ, մեր կողքին ապրում են հերոս տղաներ, և երբ վտանգվում է հող հայրենին, նրանք ելնում են պայքարի` չխնայելով ամենաթանկը` իրենց կյանքը…

 

ՎԵՐՈՆԻԿԱ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/10/2020