Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻ՛Ք, ԱՆԹԵՐԻ ԿԵՐՊԱՐԴ ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ԿՊԱՀԵՆՔ



ՀԱՅՐԵՆԻ՛Ք, ԱՆԹԵՐԻ ԿԵՐՊԱՐԴ ՍՐԲՈՒԹՅԱՄԲ ԿՊԱՀԵՆՔՊահերը հոգուս պատերին փորագրվում են որպես ապրելու և պայքարելու պատգամ…

Հողն է ստիպում հային աշխատել ու քրտինք թափել, նաև պայքարել ու մի բուռ հողը արյամբ ներկել։ Այդ մի բուռ հողն է, որ  պատերազմների ժամանակ  սեղմում է հայ զինվորը մի վերջին ճիգով, այդ հողն է, որ ուժ է տալիս մեր զինվորին: Այդ մի բուռ հողի մեջ, սակայն, մեծ խորհուրդ, արարելու  և պայքարելու կամք կա:

Յուրաքանչյուր հայ սերունդ դաստիարակվում է հաղթանակակերտ պատգամներով։ Սխրանքները հենց այնպես չեն կերտվում, դրանց մասին երգեր հենց այնպես չեն ձոնվում։ Հայն անպարտ է, քանզի հազարավոր թելերով կապված է իր հողին։

… Օրը ձգվում է մինչև առաջնագիծ, որը գծված է մեր հերոս տղերքի արյամբ։ Սահման գծող տղաները հպարտ կանգնած են: Ու ես էլ եմ հպարտ, քանզի գիտեմ իմ ժողովրդի ամուր կամքն ու վճռականությունը։

Եվ ահա զինվորդ  նորից է գոչում.

-Հայրենի՛ք, միակ ձգտումս անթերի կերպարդ սրբությամբ պահելն է։

…Կարմիր ցայգ ու մոխիր մաղեց երկինքը, իսկ ես մտքերով դեգերում եմ այն անձավներում, որտեղ մնացել է հերոսների վերջին շունչը։ Ամպերի հանգիստ վազքը խնկաբույր ժամերի ու լռության րոպեների երևույթներն է իր հետևից տանում։ Հաղթելը հայի համար դարձել է ապրելու բանաձև։ Պայծառ ապագան ողբով չի գալիս, այլ՝ հիշատակով։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

Պատերազմը լռել չի սիրում, բայց ամեն անգամ հակահարված ստանալով անհետանում է՝ պատճառ դառնալով ծիածանոտ երազանքների ծնունդին։ Գրիչ  բանեցնելն իսկապես երանություն է, սակայն ես չեմ ուզում իմ գրիչն  արյան մասին գրի, այլ փորձում եմ ամբողջացնել այն սխրանքն ու պատիվը, որը մե՛րն է, միայն  մերը՝ հայերինս։

Մտածում եմ, որ չծրարված բոլոր նամակները մի օր կծրարվեն ու բարի ընթացքով կհասնեն այն ընտանիքներին, որոնք տարիներ շարունակ սգի մեջ են, և Բարձրյալի զորությամբ կխաղաղվեն հայոց օջախները։

«Մահ իմացյալ՝ անմահություն». ոսկեղենիկ պատգամն այսօր հնչում է ինչպես կոչնակ:

Հայոց եկեղեցիների զանգերի մշտարթուն ղողանջները վկայում են, որ եղել ենք, կանք ու կլինենք։

Կեցցե՛ մեր բանակը:

Կեցցե՛ն մեր հերոս տղաները։

Աստված է զորավիգ հայոց հողին, հայ մարտիկի բազկին ու մեր արդար կռվին:

Հաղթելու ենք…

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆ ԵՐԱՄԻՇՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/10/2020