Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
"YOU ARE ALREADY HEROES, GUYS"
«ԱՐԴԵ՛Ն ՀԵՐՈՍ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ»

«ԱՐԴԵ՛Ն ՀԵՐՈՍ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ»Վարդանին գտնում եմ հիվանդասենյակում պառկած. աջ ձեռքը անշարժացած է երկաթե ձողերով, առնական դեմքին այրվող բեկորներից մնացած, դեռևս լիովին չսպիացած վերքեր են: Բժիշկներն ասում են՝ միայն ձախ ձեռքն ու գլուխը վնասված չեն, բայց և շտապում են հուսադրել. լիովին վերականգնվելու հույսերը մեծ են: Իսկ երբ սկսում ենք Վարդանի հետ զրույցը, համոզվում եմ, որ մարտադաշտի ամենաթեժ հատվածից նրան միայն ֆիզիկապես են տեղափոխել հիվանդանոց. նա հոգով այնտեղ է, դեռ շարունակում է զինակից ընկերների, իր զինվորների հետ մարտնչել ճակատում ու մի րոպե անգամ չի կասկածում մեր հաղթանակին:

Հրետանավոր է Վարդանը: Նրա մասին գրածս հոդվածը «Հայ զինվորում» հրապարակվել էր այս տարվա սեպտեմբերին: Հետո պիտի իմանայի, որ այդ օրը Վարդանի ծննդյան օրն է: «Ամենալավ նվերս էր»,- ուրախ լսվեց խոսափողի մյուս կողմից: Ծառայությանն անմնացորդ նվիրված, հպարտ սյունեցու՝ Վարդանի մայրական պապի հայրը՝ Թադևոս Համբարձումյանը, Գարեգին Նժդեհի զինակիցն է եղել, մասնակցել է Սյունիքի պաշտպանության կենաց-մահու կռիվներին: Այսօր էլ Վարդանը շարունակում է մեծ պապի գործը: Երբ Արցախում պայթեց պատերազմը, նրա ստորաբաժանումը բացազատվեց մարտադաշտի ամենաթեժ ուղղություններից մեկում:

-Ջաբրայիլի ուղղությամբ ենք մարտ վարել,- պատմում է Վարդանը,- շատ խնդիրներ ենք լուծել: Անընդհատ էր աշխատանքը, հանգստանալու րոպե անգամ չկար: Իմ մարտկոցի Դ-30-ների փողերը մի շաբաթվա մեջ ընդհանուր առմամբ երևի միայն կես ժամ են առանց արկի մնացել: Երբ թշնամու հարյուրավոր արկեր են թռչում դիրքերիդ կողմը, երբ ԱԹՍ-ները, «Կամիկաձե»-ներն անընդհատ պտտվում են գլխավերևումդ, այլ կերպ հնարավոր չէ: Դիտակետից տալիս էին կոորդինատները, մենք կրակում էինք: Հաշվարկ չենք արել, թե որքան ինչ ենք խփել. հաճախ չէի էլ հասցնում իմանալ՝ ինչի վրա ենք կրակում՝ հետևա՞կ է, տա՞նկ է, թե՞ ինչ-որ ուրիշ զինտեխնիկա: Վերջում հարցնում էինք՝ ինչի՞ն էինք խփում»: Ասում էին՝ «տանկի շարասյան» կամ «հետևակին. փախնո՜ւմ են»: Մի անգամ էլ հետևակը մոտեցել էր այնքան, որ արդեն նրանց տեսնում էինք: Հրանոթների կրակով սկսեցինք քշել՝ կորուստներ պատճառելով հետ շպրտեցինք մոտ 3 կիլոմետր: Թշնամու անհաշիվ հետևակ, տանկեր ենք խոցել, բայց ՏՕՍ-ի խոցումն, իհարկե, շատ ոգևորող էր: Վերևից՝ դիտակետից հայտնեցին. ՏՕՍ են դուրս բերել. պատրաստվեք կրակի: Րոպե էլ չէր անցել, երբ սկսեցինք կրակել, վերևից գոռացին՝ «Կպա՜նք»: Ինձ համար շատ կարևոր պահ էր. գրքույկիս մեջ անմիջապես գրառում արեցի. «Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:13 րոպեին խոցեցինք հակառակորդի ՏՕՍ-ը»: Սակայն մի կարգին ուրախանալու ժամանակ էլ չունեցանք. 20 վայրկյան տևեց դադարը: Կրկին հուժկու հրետակոծություն…

«ԱՐԴԵ՛Ն ՀԵՐՈՍ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ»Առաջին օրը ամեն ինչ արտառոց էր թվում, հետո կամաց-կամաց սովորական դարձավ: Սկզբում, երբ տեսնում էինք, որ «Կամիկաձեն» բարձրանում է ու մոտ երկու ժամ օդում պտտվում, հոգեբանորեն մի քիչ ճնշվում էինք: Լսում էինք ձայնը՝ յուրահատուկ դզզոցը, որ մի քիչ «Դրուժբա» սղոցի ձայնն է հիշեցնում: Բայց արդեն հաջորդ անգամ, երբ «Կամիկաձեն» սկսում էր թռչել մեր գլխավերևով, անձնակազմը բանի տեղ չէր էլ դնում: Դրանց ձայնի ներքո մեր հրաձգությունն էինք իրականացնում: Շատ բաներ, որ նախկինում կատարելը անհնար կարող էր թվալ, հենց պահը գալիս էր, անմիջապես կարողանում էինք անել: Եթե խաղաղ ժամանակ զրահաբաճկոնն ու սաղավարտը կարող է մի կողմ դնեինք, հիմա արդեն ըստ կարգի բոլորս կրում էինք: Ես ընդհանրապես չէի էլ հանում: Դրանցով էի քնում: Զինվորներիս էլ չէի թողնում՝ հանեն. չես իմանա՝ հաջորդ պահին ինչ կլինի, միանգամայն պաշտպանված պիտի լինեինք: Անընդհատ բացատրում էի, հորդորում: Եթե տեսնեի, որ այդքանից հետո զինվորս զրահաբաճկոնը հանել է, քարով խփում էի ու ասում. «Կպնելուց թող քարը կպնի, ոչ թե արկի բեկորը»:

Մի օր անընդհատ կրակ էինք վարում: Ու հանկարծ հրանոթների հետ կապված համացույցներից մեկի խնդիր առաջացավ: Օպտիկական սարք է, որ հրանոթի վրա է դրվում՝ ուղղությունը որոշելու համար: Անձրևից խոնավացել էր, չէինք հասցրել փոխել: Ու հանկարծ տեսնում ենք, թե ինչպես մեր զինվորներից մեկը՝ ծխախոտը բերանը, գնում է այդ համացույցը հանելու, որ տանի-դնի հրանոթի վրա: Նրա կողքին արկեր էին պայթում, իսկ ինքը նույնիսկ ծխախոտը ձեռքից չգցեց. իր գործն արեց ու վազքով հետ եկավ: Հրանոթը կրակեց: Ա՛յ, արտառոցը սա է պատերազմում. իմ տղերքն են արտառոց…»:

Երբ խոսում է զինվորների մասին, Վարդանի հայացքն սկսում է դեգերել հեռուներում, այնտեղ, ուր իր տղերքը այս պահին էլ կռիվ են տալիս… «Երբ լսում էինք Ապրիլյան քառօրյայի մասին պատմությունները, թե ինչպես են 18-20 տարեկան տղաները հերոսաբար կռվել, չէինք կարողանում լիովին պատկերացնել, թե դա ինչ է: Հաստատ, ովքեր չեն եղել այնտեղ, չեն կարող պատկերացնել, թե ինչ կա այդ խոսքերի ետևում: Երբ իմ աչքով տեսա, թե այդ 18 տարեկան տղաներն ինչպե՜ս են կռվում՝ իրենց կողքին պայթող արկերն արհամարհելով, այդ պայմաններում կրակ վարում: Նրանց մղած կռիվը հաստատ պարտավորություն, պարտք չէ, այլ ուրիշ մի բան: Ինչպես ծնողը երեխայի ծնվելուց հետո խնամում է, պահում, դաստիարակում, նրա մասին հոգալով մեծացնում՝ առանց մտածելու, որ դա իր պարտքն է, ա՛յ էդպես էլ տղերքս Հայրենիքն են պաշտպանում, որովհետև իրենցն է, իրենց մի մասնիկը, իրենց տուն ու տեղը, իրենց շարունակությունը …Զինվորներս իմ էրեխեքն են: Նրանք 22-ն են, ես էլ իրենցից մեկը՝ 23-րդը»:

Երբ Վարդանն սկսում է իր «զորքից» խոսել, հիշում եմ մեր նախորդ հարցազրույցը, երբ մոտակա, լայնածավալ պատերազմի մասին դեռ չէինք էլ կարող գուշակել: Նա պատմում էր, թե որքան կարևոր է սեփական օրինակը ծառայության ընթացքում: Ռազմի դաշտում էլ ոչինչ չի փոխվել. երիտասարդ հրամանատարը ամուր կանգնած է եղել իր զինվորների կողքին. ցանկացած խնդրի դեպքում անմիջապես նետվել է օգնության: «Շատ հաճախ վերադաս հրամանատարությունից լսում էի՝ «Վարդանյա՛ն, դու սերժանտ չես, մի՛ մոռացիր»: Երբ հանկարծ ինչ-ինչ պատճառով կրակի խափանում էր լինում, սիրտս չէր դիմանում, վազում էի հրանոթի մոտ, անմիջապես վերացնում խափանումը. ամեն վայրկյանը հաշիվ էր, մի արկն էլ կարող էր կարևոր խնդիր լուծել… Բոլորս ենք սխալական: Նույն բանն էլ իմ վերադասն էր անում ինձ համար:

Զինվորներս, զգալով իմ վերաբերմունքը, փոխադարձում էին: Երբ արկերի պայթյունից վիրավորվեցի, 22-ն էլ շուրջբոլորս պտտվում էին, ինձ քաշում, դուրս էին բերում, իսկ արկերը պայթում էին, ու վերևից բեկորները թափվում էին մեզ վրա: «Վարդանյանին պի՛նդ բռնեք, քաշեք քարի ետևը: Վարդանյան ջան, դիմացի՛ր». զինվորներս մի վայրկյան անգամ կողքիցս չհեռացան: Դա ինձ համար ամեն ինչ է… Երբ արդեն շտապ օգնության մեքենան ինձ պատրաստվում էր պատգարակով դուրս բերել կրակի դաշտից, հերթով գոռում էի 22 զինվորներիս անուն ազգանունները, որ լսեմ ձայները, համոզվեմ, որ լավ են: Հանգստացա, երբ բոլորի ձայնը լսեցի: Վերջում արդեն, երբ բարձրացնում էին մեքենան, մեր հրետանու պետին ասացի. «Տղերքիս լա՛վ կնայեք…»:

«ԱՐԴԵ՛Ն ՀԵՐՈՍ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ»Վարդանը 5-6 օր վերակենդանացման բաժանմունքում է եղել: Այժմ մայրը՝ տիկին Ալլան, և Անահիտը՝ կինը, նրա կողքին են. «Երբ առաջին անգամ նրան տեսա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում,- պատմում է Անահիտը,- ասացի. «Ապրե՛ս, խոսքիդ տերն եղար. ինձ ու մորդ մենակ չթողեցիր»: Պատասխանեց. «Ամենածանր պահին խոստումս հիշեցի…»:

Ամսի 10-ի գիշերն էր, ժամը 11-12-ի արանքում: Նոր էր խոսել կնոջ ու մոր հետ: Գնացել էր հանգստանալու, երբ դեպքը եղավ: «Երբ արկը պայթեց, ու վիրավորվեցի: Ինչպես կինոներում է լինում, ասես դանդաղ կադրերով սկսեցի տեսնել շուրջբոլորս: Ես նույնիսկ իմ խոսքերն էի դանդաղեցված լսում: Ընկա ու անմիջապես զգացի ինչ վնասվածքներ ունեմ: Ոտքերս չէի զգում, աջ ձեռքս չէի զգում. միայն ձախ ձեռքս էր շարժվում: Չէի կարողանում շնչել: Զգում էի, որ շունչս կամաց-կամաց հեռանում է ինձնից: Օդը չէր հերիքում: Պահ եկավ, որ մի կերպ օդի վերջին կումը շնչեցի ու ինքս ինձ ասացի՝ վե՛րջ, սա վերջն է: Բայց հենց այդ պահին հարազատներս աչքիս առջև եկան: Մտածեցի՝ մայրս մի քանի ժամից կարող է իմանալ վատ լուրը. ի՞նչ կկատարվի նրա հետ: Կինս որ լսի, ինչպե՞ս է դրանից հետո ապրելու: Ու ինչ-որ անբացատրելի ուժ եկավ. հենց այդ պահին շունչս հետ բերեցի… շարունակեցի ապրել…»:

Անահիտը քնքշորեն շոյում է իր հերոսի ճակատը. մայրը բռնել է առողջ ձեռքը: Նրանք հիմա ուժ ու համբերություն են հաղորդում Վարդանին: Գիտակցում են՝ նրա հոգում դեռ պատերազմ կա, օգնում են, որ քայլ առ քայլ ապաքինվի ու իրեն լիարժեք մարտիկ զգա: «Պիտի շուտ լավանա, բա ո՜նց, տղաները սպասում են, դեռ մարտադաշտում ավարտելու գործ ունի»,- ոգևորում է Անահիտը: «Իմ լավագույն աշակերտն է, դպրոցի լավագույն մաթեմատիկա իմացողը. դրա համար էլ լավ հրետանավոր դարձավ»,- գորովանքով որդուն է նայում տիկին Ալլան, որը մաթեմատիկայի ուսուցչուհին է:

«Ուզում եմ օր առաջ ապաքինվել, գնամ, միանամ տղերքիս,- ասում է Վարդանը.- ինչ որ կիսատ եմ թողել, վերջացնեմ… Աստծուց հիմա միայն խնդրում եմ շուտ ապաքինում: Հենց կարողանամ երկու ոտքերիս վրա կանգնել, անմիջապես կգնամ տղերքիս մոտ: Երբ «Հաղթելու ենք» շարժումը նոր սկսվեց, ես մի քիչ այլ կերպ էի նայում խնդրին: Երբ տեսնում եմ մեր զորքի մասնագիտական պատրաստությունը, մարտական ոգին, նվիրվածությունը, համոզված եղեք՝ ոչ թե հաղթելու ենք, այլ արդեն հաղթել ենք»:

Իր քսաներկու հերոսներին էլ փոխանցում է. «Տղե՛րք ջան, իմացե՛ք, ճիշտ է, պառկած եմ, ճիշտ է, դեռ չեմ կարող վեր կենալ, գալ ձեզ մոտ, բայց մտքով անընդհատ ձեզ հետ եմ: Աչքերս հենց փակում եմ, մտովի տեղափոխվում եմ ձեզ մոտ՝ մարտադաշտ… Ձեզ լա՛վ նայեք, ամենակարևորը՝ զգույշ եղեք առաջնագծում: Ամեն ինչով ապահովված եք, միայն զգույշ պետք է լինեք: Մեզ այս պահին հերոսներ, հերոսություն անողներ պետք չեն. մեզ պետք են հրամանները ճիշտ ու ժամանակին կատարողներ: Հենց այդպես բոլորդ ինքնաբերաբար հերոսներ կդառնանք: Արդե՛ն հերոս եք»:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐՇԱԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ