Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
TOGETHER BOTH AT THE REAR AND THE FRONTLINE
ՄԻԱՍԻՆ Ե՛Վ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, Ե՛Վ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

ՄԻԱՍԻՆ Ե՛Վ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, Ե՛Վ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՎերին Դվինում ենք, որտեղ կենտրոնացած է Հայաստանում ասորական ամենամեծ համայնքը: Համայնքապետարանի առջեւ ասորի երեխաները արքայանարինջ ու մանդարին են վաճառում:

-Երեխաները գումար ունեին հավաքած, մտադրվել էին փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բայց հետո որոշեցին այդ գումարը «գործի մեջ դնել», եկամուտ ստանալ ու նոր միայն ամբողջ հասույթը փոխանցել հիմնադրամին: Մեծերի աջակցությամբ մանրածախ գնով գնեցին 1,5 տ միրգ ու երեք օրում միահամուռ ուժերով վաճառեցին: Կողքի համայնքների բնակիչները եւս գնումներ էին անում, աջակցում երեխաների նախաձեռնությանը,- ասում է համայնքի հոգեւոր հովիվ Տեր Նիկադիմ Յուխանաեւը:

Սա ասորական համայնքի առաջին օգնությունը չէ. վեց բեռնատար մեքենա՝ սնունդ-դեղորայք-քաղցրավենիքով ծանրաբեռնված, արդեն ուղարկվել է առաջնագիծ: Երկու բեռնատար էլ՝ սնունդով, հագուստով լի, ուղարկվել է Արզնի, որտեղ Արցախից տեղահանված երեխաներ եւ կանայք են հանգրվանել:

-Հայաստանի կողքին են նաև արտերկրում ապրող ասորիները, ովքեր գումար են հանգանակում, կատարում փոխանցումներ: Ասորիները՝ մեծից փոքր, հայ ժողովրդի կողքին են ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում, սա մեր ընդհանուր պայքարն է,- ընդգծում է Տեր Նիկադիմը:- Մեր տղաները նվիրումով են ծառայում, պատրաստակամորեն: Մենք տեսել ու լսել ենք նաեւ, թե Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները ինչպես են ծառայում, ինչպես են գնում պատերազմ՝ չկամենալով, ստիպողաբար… Մինչդեռ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների զավակները այդ հոգեբանությունը չունեն. նրանք պատրաստ են հայրենիքի պես թանկ ու հարազատ դարձած հողը պահել անգամ կյանքի գնով…

-Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մասին լուրն առնելուն պես, շտապեցի գրասենյակ, ասորի տղաներն արդեն հավաքվել էին գյուղապետարանի առջեւ, չէին սպասել ծանուցագիր գար-չգար, շտապել էին կամավորագրվելու, որ մեկնեին ճակատ, եկել էին եղբայրներով, եկել էին հայր ու որդի, բոլորը մի մարդու պես ոտքի էին կանգնել: Մենք մեզ համարում ենք Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի եւ հայ ժողովրդի կողքին ենք մշտապես՝ ե՛ւ խաղաղ, ե՛ւ դժվար ու օրհասական պահերին,- նշում է համայնքի ղեկավար, ասորուհի Լյուդմիլա Պետրովան:- Ասորիների հավատարմությունը, նվիրումը հայ ժողովրդի հանդեպ բխում է իրենց իսկ վերաբերմունքից մեր հանդեպ, մենք երբեւէ չենք նկատել որեւէ խտրականություն, որեւէ ճնշում, մենք այստեղ զգում ենք, ինչպես մեր տանը, ու մեր տունը նաեւ մենք պետք է պաշտպանենք: Բազմաթիվ ասորիներ՝ թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային ու կամավոր, այս պահին կանգնած են թշնամու դեմ հանդիման: Մենք գիտենք՝ ինչ ծանր ցավ է հայրենի եզերքի կորուստը, ու ամեն ինչ կանենք, որ Հայաստանը պինդ ու հզոր մնա: Միասին շարունակելու ենք մեր պայքարը ընդհանուր թշնամու դեմ:

Թշնամու հրեշավոր էությունը մենք լավ գիտենք՝ նույն նենգ ոսոխն է, որ ոչ մի սրբություն չունի:

♦♦♦

Այցելում ենք նաեւ թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված Թորգոմ Սայադյանի ընտանիքին:

-Որդիս միշտ ասում էր՝ պա՛պ ջան, թասիբի, պատվի հարց է, պիտի ծառայենք, որ գլուխդ միշտ բարձր պահես,- հպարտությունն ու ցավն իրար խառնած՝ ասում է Թորգոմի հայրը:- Ռուսաստանից երկու տղաներս եկան, որ այստեղ ծառայեն…

-Մենք էս հողում ենք ծնվել-մեծացել, բայց հետո Ռուսաստան էինք տեղափոխվել, եղբորս հետ որոշեցինք մեզ պահած-սնած հողին մեր պարտքը տալ: Մեր կողքին ասորի էլ կար, եզդի էլ… Եկել էինք, կռիվ էինք տալիս, կյանք էլ տվեցինք…,- Թորգոմի եղբայրն է՝ Արթուրը:- Ինչքան ասորի կա, պատրաստ է կռվելու….

♦♦♦

ՄԻԱՍԻՆ Ե՛Վ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, Ե՛Վ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԱսորի Խլափէլ Բենիամին ANB (sat. Assyrian National Broadcasting) ալիքի լրագրող է, Իրաքից ժամանել է Հայաստան՝ լուսաբանելու ազգակիցների մասնակցությունը պատերազմին:

-Ամբողջ աշխարհի ասորիները համակ ուշադրությամբ, տագնապով եւ անհանգստությամբ հետեւում են ծավալվող իրադարձություններին: Նկատելի է, թե ինչ նվիրումով եւ վճռականությամբ, ինչ անձնուրացությամբ են ասորիները կանգնած հայ եղբայրների կողքին: Մեր երկու հինավուրց ժողովուրդների ճակատագրում ընդհանրությունները քիչ չեն. հայերի նման մենք էլ հայրենիք-ծննդավայր են կորցրել, քրիստոնյա հավատքի համար ցեղասպանության ենթարկվել ու հայերի նման էլ աշխարհով մեկ սփռվել: Անհուն ցավով եմ արձանագրում, որ մենք՝ ասորիներս, դարերի հոլովույթում կորցրել ենք մեր հայրենիքը, ու հիմա համակ ուշադրությամբ, սրտացավորեն հետեւում ենք, թե ինչպես են հայերը պայքարում, մաքառում, որ պահպանեն իրենց խաղաղ ապրելու իրավունքը, իրենց նախնիների բնօրրանը: Աղոթում ենք եւ պատրաստ ենք ամեն ջանք գործադրելու, որ Հայաստանում խաղաղություն հաստատվի: Ես ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ որպես հայրենազրկության ցավն ապրած ազգի զավակ, բնականաբար, պետք է կանգնեմ արդարության կողմը, այս դեպքում՝ հայ ժողովրդի կողքին, եւ միջազգային հանրությանը կոչ անեմ, որ թույլ չտրվի կրկնվի եւս մեկ ցեղասպանություն: Սա մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին… Ես պաշտպանում եմ հայ ժողովրդի շահերը, դրանով նաեւ՝ իմ ժողովրդի:

-Իրապես, ասորիներս հայերի հետ շատ ընդհանրություններ ունենք՝ փառահեղ պատմություն, հնագույն մշակույթ, ավանդապաշտություն, պատվախնդրություն,- զրույցին միանում է Ասատուր Բադալյանը: Ասատուրը Քառօրյա պատերազմի մասնակից է:- Մեր ասորի երիտասարդները պատվախնդրորեն, առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու, մեկնում են սահման:

-Հայաստանը բոլորիս հայրենիքն է, և մենք հարկ եղած դեպքում պատրաստ ենք միանալու մեր մարտական ընկերներին,- հավելում է Վասիլի Թամրազովը,- ինքս էլ առաջնագծում եմ ծառաել:

♦♦♦

Համայնքապետարանի առջեւ մրգով լի արկղերն արդեն վերջացել են: Երիտասարդները դասավորում են հանգանակած գումարով գնված քնապարկերը, որ նախատեսված են սահմանին կանգնած զինվորների համար: Ասորի երեխաները ջերմ բարեմաղթանք-նամակներ են գրում հայրենիքի պաշտպաններին.

«Ուզում ենք՝ ողջ-առողջ, հաղթանակած տուն դառնաք, շլամա ալ քյուլա բրիթա…»։

Ասորերեն չեմ հասկանում, բայց հաստատ խաղաղության մաղթանք է…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

 

16-ԱՄՅԱ ԱՍՈՐՈՒՀԻ ՆՈՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ…

 

ՄԻԱՍԻՆ Ե՛Վ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, Ե՛Վ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՊատերազմը լավ բան չէ,

Բայց գնալուց հիշեք՝ պետք է վերադառնալ…

Պատերազմը լավ բան չէ, բայց…

Չեք էլ կարող չգնալ:

Գնացե՛ք, եղբայրնե՛ր, գնացե՛ք,

Բայց, մի՛ մոռացեք, որ սպասողներ ունեք.

Տան մի անկյունում աղոթք անող մայր,

Իսկ մյուս անկյունում ցավը հազիվ սրտում զսպող հայր,

Եվ սենյակում փակված ու հավատով սպասող սերեր…

Գնացե՛ք, եղբայրնե՛ր,

Բայց ե՛տ եկեք:

Ե՛տ եկեք, որ մոր աչքը թաց չմնա,

Որ հոր սիրտը խաղաղվի,

Սիրած աղջիկն էլ՝ տանը չմնա…

♦♦♦

Պատերազմը մի օր ավարտվելու է,

Բայց չի ավարտվելու դրանից հետո մնացած լռությունն ու կյանքի հանդեպ անտարբերությունը։

Պատերազմն ավարտվելու է, բայց, ավա՜ղ…

Հայր եւ ընկեր կորցրածների պատերազմը չի ավարտվելու,

Չի ավարտվելու նրանց պատերազմը, ովքեր որբ են մեծանալու,

Նրանց պատերազմը, ովքեր իրենց կյանքի կեսին են հավերժ սպասելու,

Նրանց պատերազմը, ովքեր անկողնուն են գամված, անգամ մեկ բաժակ թեյ տվող չեն ունենալու,

Նրանց պատերազմը, ովքեր առաջվա պես հայրենիքի կանաչ արահետներով այլեւս չեն վազելու…

Նրանց պատերազմը, ովքեր հիասթափվել են աշխարհի լռությունից եւ էլ ոչ ոքի չեն հավատալու…

Պատերազմն ավարտվելու է, բայց հազարավոր մարդիկ իրենց կյանքի ընթացքում  այլեւս  չեն խաղաղվելու…

 

ՄԻԱՍԻՆ Ե՛Վ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, Ե՛Վ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԱՍՈՐՈՒՀԻ ԱԹՈՒՐԻՆԱ ՅՈՒԽԱՆԱԵՒԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

Հայրենիքի պաշտպան իմ սիրելի՛ եղբայրներ, հայրեր, դուք այսօր կատարում եք պատմական սուրբ առաքելություն հանուն մեզ, հանուն պայծառ գալիքի: Ձեր ձեռքերում է մեր հաղթանակը, ձեր աչքերում եմ տեսնում մեր Հաղթանակը: Իմ հերոսներ, խոնարհվում եմ ձեր առաջ:

Աղոթում եմ, որ բոլորդ ողջ-առողջ վերադառնաք հայրենի օջախներ: Անհամբեր սպասում ենք ձեր հաղթական վերադարձին: Մենք էլ խոստանում ենք՝ թիկունքն ամուր պահել, չթուլանալ: Հավատում եմ մեր Հաղթանակին, որը հավետ պահելու ենք մեր չմարող երգերում…