Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՍՐՏՈՒՄ
ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՍՐՏՈՒՄ

 ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՍՐՏՈՒՄՄխիթար Համբարձումյանն ապրում է Մասիսում, արմատներով  Արցախի Խաչմաչ գյուղից է: Մխիթարի երկու եղբայրներն այս պահին առաջնագծի ամենաթեժ հատվածներում են կռվում:

– Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ավագ եղբայրս Շուշիից զանգեց, ասաց՝ քրոջդ, երեխեքին, բոլորին լավ կնայես, չասաց, որ կռիվ  է սկսվել, հետո իմացա…

Մխիթարն ինքն էլ եղբայրների հետ մասնակցել է ապրիլյան մարտական  գործողություններին,  կռվել է Մատաղիսում, Թալիշում, հայրն էլ՝  Արցախյան պատերազմի մասնակից է:

– Հայի ամեն մի սերունդ իր բաժին պատերազմն ունի: Մեր դիմաց թշնամին է, որը չի թողնում խաղաղ ապրենք, արարենք,- ասում է Մխիթարը:- Մասնագիտությամբ շինարար եմ, մի քանի տարի՝ որպես պայմանագրային, ծառայել եմ զինված ուժերում, հրետանավոր էի: Հետո մորս առողջական խնդիրների պատճառով դուրս եկա ծառայությունից:

Մխիթարի  երկու եղբայրները՝ Մանվելն ու Սամվելը, եւս մասնագիտությամբ շինարար են՝ իրենց հոր պես, սակայն, երբ խաթարվել է հայրենի հողի խաղաղությունը,  համազգեստ են  հագել, դարձել զինվորական:

– Մեզ մոտ, երբ մեկը պետք է երեխա ունենա, կատակով հարցնում են՝ աղջիկ է ծնվելո՞ւ, թե՞ պայմանագրային… Ուրիշ ելք չկա, երբ կռիվ է՝ կռվում ենք, երբ խաղաղություն է՝ ստեղծում ենք, արարում, նորոգում, ոտքի կանգնեցնում քանդվածը, շենացնում երկիրը: Պատերազմը ցավ է, տառապանք, կորուստ, ավերված շինությունները կառուցվում են, անդառնալին միայն մարդկային կորուստներն են…

– Հայ ժողովուրդը երբեք պատերազմ չի հրահրել, ուրիշի հողը չի սեփականել, -շարունակում է Մխիթարը,- սակայն թշնամին իր ստահոդ լուրերով փորձում է խաբել աշխարհին՝ հային ահաբեկիչ ու զավթիչ ներկայացնելով: Ստի, կեղծիքի վրա հիմնված պետությունը ուրիշ գործելաոճ չէր կարող որդեգրել… Մենք այս աշխարհից միայն մի բան ենք ուզում՝ մեր պատմական իրավունքը չոտնահարել, որ նորեն չդառնանք հայրենազուրկ, բնավեր: Եվ ուզում ենք նաեւ, որ դատապարտվի կեղծիքը, անարդարությունն ու բռնությունը:

Մեկ էլ կտեսնես՝ աշխարհը բարությունից, գթասրտությունից դասեր կտա,  հուզառատ խոսքեր կասի, որ, իբր, մոլորակի  ինչ-որ անկյունում ընձառյուծի ոտքն է վնասվել, պետք է դատել ընձառյուծի ոտքը վնասողին ու… այս ամենին զուգահեռ՝ չի նկատի, թե ոնց են հրթիռները վնասում քաղաքացիական նշանակության կառույցները, ավերում բնակելի տները, եկեղեցին, որ ծեր ու մանուկ է զոհվում: Աշխարհը խուլ ու անտարբեր է հայի ցավի հանդեպ, բոլորի աչքերը, ունկերը փակված են նավթով, դոլարներով… Ինձ ավելի շատ զարմացնում է Իսրայելի անմարդկային  պահվածքը. Հոլոքոստի գեհենը վերապրած Իսրայելն այսօր անուղղակիորեն մասնակիցն է մեր ժողովրդի հանդեպ իրականացվող ոճիրի… Շահը կուրացնում է մարդկանց, բայց չի կարելի հարստություն դիզել դիակների, մարդկային խորտակված ճակատագրերի վրա: Աշխարհը պիտի հասկանա, որ այս ամենը մի օր չոքելու է իր դռանը,  ու նաև՝ թող չմոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ փոքրիկ Հայաստանը, որ  քարտեզի վրա հազիվ է նշմարվում, քանի մարշալ, գեներալ ու հերոս տվեց, ու ինչքան հայորդիներ զոհվեցին… Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ցեղասպանություն վերապրած հայը, որ դեռ ուշքի չէր եկել անլուր տառապանքից, միացել էր բոլորին՝ ընդդեմ ֆաշիզմի, իսկ այսօր Հայաստանը մենակ է…

Մեր ուժը, մեր զորությունը, մեր հույսը մենք ենք, մեր զինվորը, մեր բանակը,-բանաձեւում է Մխիթարը:- Գոյապայքար է ՝ մեր տեսակը, մեր հավատքը, մեր ինքնությունը պահելու, ու  մեզնից ամեն մեկը մահապարտ է՝ արժանապատիվ մահը ստորաքարշ գոյությունից գերադասող: Մենք ցեղասպանություն ենք տեսել, հազար ու մի վայրագություն, բայց փլատակներից ոտքի ենք կանգնել, հառնել, պետականություն ստեղծել,  սա էլ կհաղթահարենք, որովհետեւ  այսօր ամբողջ ազգը  բանակ է դարձել: Ես ծառայել եմ սահմանին, տեսել եմ թշնամու զինվորը ոնց է բարձրանում դիրքեր՝ ծեծով, նվաստանալով, մերոնք երգով են բարձրանում…

 

***

Բակում ֆուտբոլ խաղացող երեխեքի աշխույժ ձայնը ընդհատում է մեր զրույցը:

– Եղբորս երեխեքն են, որ Արցախից օրերս են  եկել Հայաստան, իրենք ամեն օր խոսում են պատերազմից, պատմում են, թե իրենց տան վրա ինչ զենքով են կրակել, թե անօդաչու թռչող սարքն ինչպես քարուքանդ արեց իրենց տանիքը: Գիտեք՝ մի բան է ինձ ուրախացնում, որ իրենց մեջ վախ չկա, ասում են՝ հայրիկը, հոպարը, մեր քաջ զինվորները այնտեղ կռվում են, մենք վախենալու բան չունենք:

….

Երեխեքը խաղը թողած՝ խմբվել են մեր կողքին: Հետաքրքրվում եմ՝ ով ինչ է ուզում դառնալ: Մարատը՝ օֆիցեր, Հայկը՝ զինվոր, Տիգրանը՝ շինարար, Մարիամը՝ բժիշկ, որ բոլոր զինվորներին բուժի:

 

***

Մխիթարենց տնից պարզ երևում է Արարատն իր ամբողջ վեհությամբ: Ձեռքս լեռան կողմը պարզելով՝ տանտիրոջ  երեքամյա որդուն հարցնում եմ.

– Էս ո՞ր  լեռն է:

– Արարատն է,- պատասխանում է՝ պարզ ու վճիտ աչքերը վրաս հառած:

Հարցնում եմ՝ Արարատն  ո՞ւմն է:

– Ի՜մը,- ասում է պստոն՝ ձեռքը տանելով սրտին:

Հայրենիքն էլ այսպես ամեն մեկիս սրտում է՝ մեծից փոքր…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ