Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵ՛ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ



ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵ՛ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒՀերոս այս երիտասարդը, որ հաշված օրերի ընթացքում հակառակորդի տասը տանկ է ոչնչացրել, գալիս ու համեստ նստում է ինձ հետ զրույցի: Աչքերը պա՜րզ-պարզ են, հայացքը՝ պայծառ ու լուսավոր: Մարտկոցի  հրամանատարի տեղակալ, հաշվարկի հրամանատար, սերժանտ Էդգար Մարկոսյանն է, որը մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն, խիզախություն և արհեստավարժություն: Եթե չասեր՝ «Ինձ փնտրել եք, Էդգարն եմ», ոչ մի դեպքում նրան չէի առանձնացնի այստեղ բուժվող մյուս տղաներից, չէի գուշակի, որ բացառիկ սխրանքի համար հենց նա է օրերս արժանացել «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

 

-Բոլոր այն արդյունքները, որ գրանցել ենք, թիմային աշխատանքի հետեւանք են,- ի սկզբանե իր պարգևը շտապում է մարտական ընկերների հետ «կիսել» Էդգարը:- Մեր սպան՝ ավագ լեյտենանտ Կարապետյանը, տարբեր ուղղություններով հրաշալի ղեկավարում էր կրակը: Գեներալ-մայոր Շաքարյանից  մինչև զինվորներ՝ բոլորս  միահամուռ ու  կազմակերպված աշխատանք ենք իրականացրել: Համլետ Հունանյանն ու Դիմա Հուսիկյանը՝ իմ օպերատորն ու վարորդը, մարտական ընկերներս են: Ինչ որ արել ենք, անձնակազմիս հզոր թիմով ենք արել: Միայն մեր զորքերի մարտական բարձր ոգու, միակամության շնորհիվ է, որ մենք այսօր կռվելով մինչև ատամները զինված Ադրբեջանի և Թուրքիայի զորքերի, վարձկան ահաբեկիչների դեմ, հաջողություններ ենք գրանցում:

-Ձեր առաջին մարտի մասին ի՞նչ կպատմես:

-Ամսի 27-ն էր: Հետախուզությունից տվյալներ ունեինք, որ հարձակում է լինելու: Վաղ առավոտյան պատրաստ էինք, զբաղեցրինք դիրքերը, ու մոտ երկու ժամ հետո սկսվեց հուժկու հրետակոծությունը: Սկզբում հակառակորդի երեք տանկ եկավ մեր դիրքերի կողմը: Տագնապ հայտարարվեց: Հակատանկային «Կոռնետը» գործի դրեցինք:  Որոշ հեռավորության վրա ես ու մեր մյուս հաշվարկի հրամանատարը՝ Հարություն Դոխոյանը, մի-մի ուղղության պաշտպանությունն էինք ստանձնել:  Դիտարկում էինք թշնամու տեղաշարժը: Երբ պարզում էինք, որ թիրախը մեկիս դիրքից անխոցելի է, կապ էինք տալիս մյուսին, որ հնարավորության դեպքում նա խոցի: Ճշգրիտ հաշվարկներով, անվրեպ խոցում էինք շարասյունով մոտեցող տանկերը, մի կրակով ոչնչացնում թիրախը: Թույլ չենք տվել, որ մի տանկ անգամ մոտենա մեր դիրքերին: Հաջորդ օրերին, երբ դուրս էինք գալիս դիտարկման, էլ ոչ մի տանկ չէր մոտենում:

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵ՛ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ-Գուցե հասկացան, որ անօգո՞ւտ է, որը գա խոցվելո՞ւ է:

-Որ կողմից, որքան եկան՝ խփեցինք,- անթաքույց հպարտությամբ ու ոգևորությամբ ասում է Էդգարը:- Պահեր են եղել, երբ հաջողության հավանականությունը 50/50 էր, բայց գիտակցելով, որ մեր գյուղն են վերցնելու, կյանքի գնով ամեն ինչ արել ենք: Շատ ծանր իրավիճակներում միշտ մտածել եմ՝ Աստված կպահի:

-Ի՞նչ է քեզ համար նշանակում այդ խոսքը՝ Աստված կպահի:

-Այն, որ հավատ ունեմ իմ մեջ: Գիտեմ, որ այս կռիվը նաև  մեր հավատի կռիվն է: Սրա շուրջ չեմ սիրում շատ խոսել: Սա շատ խորքային է, բառեր պետք չեն:

-Էդգա՛ր ջան, ի՞նչ արտակարգ իրավիճակներում ես եղել: Մի դեպք պատմիր:

-Ամեն ինչ էլ արտակարգ է այս պատերազմում: Վերջին դեպքն էր հետաքրքիր, երբ կարճ ժամանակահատվածում իրար ետևից երկու տանկ հաջողվեց խոցել: Երկու տանկ էր մոտենում: Հնարավորինս հեռու գնացի դիտակետից, որ դիրքը չթիրախավորեն, քանի որ հրթիռը արձակելուց անմիջապես հետո նշանառության տակ ենք լինում, բոլոր կողմերից սկսում են դիտարկել ու հրետակոծել: Ընկերոջս՝ Հունանյան Համլետի հետ զբաղեցրինք մեր դիրքը: Գրադի արկերը սկսեցին թռչել մեր ուղղությամբ, վերևում էլ երկու «Կամիկաձե» էին պտտվում:  Կործանիչն էլ մյուս կողմից էր խփում: Առաջին տանկը անմիջապես խոցեցի: Երկրորդը, որ այդ պահին դեպի մոտակա գյուղն էր շարժվում, նկատեց տեղս: Անմիջապես թեքվեց իմ կողմը ու ուղիղ նշանառության տակ առավ: Ես ականջակալներով էի, լավ չէի լսում. ընկերս ասաց. «Է՛դ, արագ արի՛». հետևից էլ «Կամիկաձեն» էր մոտենում: Անտառի մեջ մի փոս էինք նկատել: Վազքով մեզ նետեցինք այդ փոսը: «Կամիկաձեն» խփեց մեզնից մոտ տասը մետրի վրա: Մյուսը դեռ պտտվում էր մեր գլխավերևում: Երկրորդ տանկը կանգնած էր հենց գյուղի ճանապարհին, փորձում էր գյուղ մտնել: Վազելով ետ եկանք: Չորս բոլորը պայթյունների ձայներ էին լսվում, արկերը թռչում էին մեր գլխավերևում: Այս անգամ չբարձրացա տեղիցս: Կոշտ նշանոցով թմբի ետևից առանց նայելու, մոտավորապես ուղղությունը տվեցի, հաշվարկն արդեն արել էի. մոտ տասը վայրկյանում հրթիռս հասնելու էր տանկին: Հրթիռն արձակեցի ու ժամացույցով սկսեցի հաշվել. վեց վայրկյանը հաշվեցի ու վեր կացա տեղիցս: Օպտիկայի միջոցով տեսա, որ փողն ուղիղ իմ կողմն էր ուղղված, բայց տանկից հրթիռը տեսել ու փորձում էին փախչել:  Վերջին պահին հրթիռն ուղղեցի տանկի վրա, ճիշտ այն հատվածին, որտեղ տանկի արկերն են: Դիպո՛ւկ էր. տանկը պայթեց…

-Պատերազմական այս օրերին անընդմեջ տեղեկություններ ենք ստանում մեր զինվորների, հրամանատարների ու կամավորների անհավանական սխրանքների մասին: Ի՞նչն է, որ այսօր այսպիսի բացառիկ սխրանքի, հերոսության  է  մղում մեր մարտիկներին:

-Կռվում ենք մեր սեփական հողի համար: Այն հողի համար, որ միշտ եղել ու լինելու է մերը: Կորուստները շատ են ու թանկ, և կյանքի գնով են այս հողերը պահվում: Մենք ոչ մի թիզ հող չունենք ուրիշին տալու: Բոլորս պիտի համախմբվենք, ով ինչով կարող է,  և  օժանդակենք  մեր հաղթանակին: Թիկունքը նույնպես միշտ շատ կարևոր է:

ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵ՛ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ-Թիկունքի ամրությունը, օժանդակությունը դիրքերում զգո՞ւմ էիք:

-Էն էլ ո՜նց: Սնունդը, ջուրը, ծխախոտը, քնապարկերը, ամեն ինչ ստանում ու ցրում էին դիրքերով: Չգիտեմ՝ ում միտքն էր, բայց շատ էինք ոգևորվում սնիկերսներից, որոնց վրա գրված էր. «Անպայման կուտե՛ս, երկու հատ կուտես, որ կրկնակի ուժեղ լինես»: Շատ կարևոր է, երբ զգում ես, թե թիկունքից ի՜նչ հոգատարությամբ, ջերմությամբ են քեզ հետևում, օգնում. ավելի պարտավորված ես զգում: Գիտակցում ես, որ միայն հողը չէ, որ պահում ես, այլ նաև՝ այդ հողի վրա ապրող մարդկանց, որ արյունակիցներդ են, եղբայրներդ, քույրերդ… Հարազատ քույրս մի տղա ունի՝ Միքայելը: Ծառայության մեջ էի, երբ քույրս ամուսնացավ: Համավարակի պատճառով չէի կարողանում տուն գալ: Քրոջս երեխան հիմա չորս ամսական է: Երբ եկա, քրոջս որդուն առաջին անգամ ձեռքերիս առա… Այնտեղ՝ դիրքերում կանգնած, նախ և առաջ ամենաանպաշտպանների մասին ես մտածում՝ մեր երեխաների, մեծահասակների: Միքայելի ու մեր մյուս երեխաների համար ենք այսօր կռվում: Մեր հողը պաշտպանելու գործը հետագայում հանձնելու ենք նրանց:

-Հերոսի կոչմանն արժանանալու լուրը ե՞րբ, ինչպե՞ս իմացար:

-Այդ ժամանակ դեռ դիրքում էի՝ դիտարկման: Տանկերը խփում էին… Տարբեր կողմերից մեր տղերքի խոսքերի պատառիկներ էին հասնում ականջիս՝ «մեդալ», «հերոս», «Թաթուլ Կրպեյան», «Վազգեն Սարգսյան», «Էդգար Մարկոսյան»… և այլն, բայց ժամանակ չկար մտածելու այդ մասին: Հետո մեր հրետանու պետն ու մեր միավորման հրամանատարը մեքենայով եկան, կանչեցին ինձ: Դեռ չէի հասկանում՝ ինչի համար: Ասացին՝ «Արի՛, նկարվելու ենք մեր հերոսի հետ…»: Առաջին պահին շատ դժվար էր հավատալը. դա շատ բարձր կոչում է… Բայց, անկեղծ ասած՝ աչքներիս այդ ընթացքում բան չէր երևում… ընկերներ էինք կորցրել:

-Ի՞նչ է քեզ համար այդ կոչումը այս պահին, երբ պատերազմի մեջ չես: 

-Ինձ համար իմ արածը մի մեծ բան չէ: Պարզապես մասնագիտական պարտքս, ինձ վստահված խնդիրն եմ կատարել: Շատ մեծ պատիվ է, իհարկե, բայց հիմա այն պահն է, երբ նման բաները երկրորդական են, դեռ խնդիր ունենք լուծելու…

-Հիմա, երբ հեռու ես ընկերներիցդ, ի՞նչ զգացողություններ ունես:

-Անչափ անհանգիստ եմ: Երբ տեղում ես, գիտես՝ ինչ է կատարվում, ավելի հանգիստ ես: Ուզում եմ շուտ վերականգնվել: Քթիս միջնապատի խնդիրն էլ մի կողմից էր այնտեղ դժվարացնում գործս: Երբ ուղիղ տանկի դիմաց դուրս գալով շատ արագ պետք է խնդիրը կատարեինք, արագ տեղաշարժվելիս, վազելիս երբեմն կարիք էի ունենում նստելու: Եղել է՝ տանկերը ընդհուպ մոտեցել են, իսկ ես շունչս տեղը բերել չեմ կարողացել: Այս բոլոր խնդիրները հիմա արագ լուծվում են:  Արդեն կարողանում եմ նստել, կանգնել:

-Ձեր ստորաբաժանման տղաների հետ կապ ունե՞ս:

-Մի հինգ րոպե առաջ էլի խոսեցի: Հեշտ չի տղերքի համար. բայց դուխները, ինչպես միշտ, բարձր է: Այնպիսի՜ բաներով ենք անցել: Այնպիսի՜ հրաշքներ են գործել տղերքը: Միմյանց համար անգամ կյանքը տալու պատրաստակամությունը բացառիկ է: Երբ հետ եմ նայում, ասես ֆիլմ լինի մեր ապրած այս ժամանակահատվածը: Տղերքը էնպիսի բաներ են արել ու անում, աներևակայելի է:

-Տասը տանկ… մտքումդ հաշվո՞ւմ էիր խփածդ տանկերը:

-Ես չէի հաշվում: Իմ ուշքն ու միտքը միայն խփելն էր:

-Արցախի Հանրապետության հերոսի բարձրագույն կոչում ունես…

-Այս կռիվներում յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր սպա գիտակցելով, թե ինչ խնդիր է դրված իր առջև, թե որքան մեծ է վտանգը, չի ընկճվել, ամեն պահի պատրաստ է եղել զոհվելու ընդհանուր նպատակի համար: Սա է իրական հերոսությունը, ու մեր տղերքը բոլորը հերոսներ են: Միանշանա՛կ: …Մեր ու թշնամու տարբերությունն այն է, որ մեր կռիվը նպատակ ունի. մեր հայրենիքի, մեր հողի համար ենք կռվում, մեր ազգի, մեր երեխաների համար: Մենք մեր կամքով ենք կռվում, իսկ նրանք՝ ստիպողաբար ու աննպատակ:

-Մահն աչքերի առաջ ի՞նչ է մտածում մարդը, ի՞նչ է մտածում քեզ պես զինվորը, ո՞րն է քաջության մղող ուժը: Ինքնապաշտպանության բնազդը ո՞ր տեղում է: 

-Եթե հասկանում ես, թե ինչ իրավիճակում ես ու գիտակցում ես, որ ամեն պահի կարող է մեռնես, վախը շատ նորմալ ու բնական է: Ինքնապաշտպանական բնազդն է վախը: Բայց երբ սովորում ես այդ բնազդը ղեկավարել, զսպել, ոչ մի դեպքում չընկճվել, խուճապի չմատնվել ու ունեցածդ հմտությունները հնարավորինս արդյունավետ կիրառել, վախի զգացումն էլ հզոր զենքի է վերածվում:

-Հիմա, եթե ֆիզիկապես ի վիճակի լինեիր, էլի կգնայի՞ր:

-Պարտադի՛ր: Ես իջել եմ դիրքերից միայն այն ժամանակ, երբ հասկացել եմ, որ ֆիզիկապես անկար եմ, որ ընկերներիս համար բեռ կարող եմ դառնալ:

-Վիրավորումդ ե՞րբ ստացար:

-Վիրավորում չի եղել, մեջքի վնասվածք է: Հրթիռները շատ ծանր են. մոտ 50-55 կգ: Քանի որ ԱԹՍ-ները դիտարկում էին տեխնիկան, ստիպված էինք երկուական՝ 100 կգ քաշով հրթիռները ձեռքներիս վրա բարձրացնել սարն ի վեր: Հերթական հրթիռները բարձրացնելիս սուր ցավ զգացի մեջքիս հատվածում… Երկու-երեք օր դեռ հույս ունեի, որ կանցնի, լիարժեք կմասնակցեմ գործողություններին: Մտածում էի՝ գոնե կկրակեմ: Մի քանի օր, ցավը անտեսելով, մնացի, հետո հասկացա, որ եթե անգամ զենքը որպես ծանրություն եմ զգում, ուրեմն ընկերներիս օգնել չեմ կարող: Հրամանատարներս տեսնելով, որ օր օրի վիճակս ծանրանում է, համոզեցին իջնել…

Ստեփանակերտում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի. աննկարագրելի  ոգևորություն ու հպարտություն էր…

-Ձեր կռվող տղերքին ի՞նչ կուզես փոխանցել:

-Կասեմ, որ հաստատ հաղթելո՛ւ ենք: Տղե՛րք ջան, չընկճվեք: Զորեղ է մեր համախմբվածությունը: Ուզում եմ խաղաղություն ցանկանալ բոլորիս, բայց… միայն հաղթանակա՛ծ խաղաղություն:

-Անցյալ շաբաթ Հարություն Դոխոյանի հետ եմ զրուցել: Դու դեռ դիրքերում էիր: Քեզնից մի լա՜վ «բամբասեցինք»,- փոխում եմ թեման:- Նա՛ էլ ասաց, որ հրաշալի դուետ եք եղել մարտադաշտում: Քո մասին հիացմունքով էր խոսում:

-Շատ եմ ուզում տեսնել մեր Դոխին: Մոտ երկու ամիս չգիտեի, որ անունը Հարություն է: Դոխոյան, Դոխ էինք ասում: Մի օր տղերքը խոսում էին՝ «Հարութը, Հարութը»: «Հարութն ո՞վ է»,- հարցրի: «Ո՞նց թե, ես եմ Հարութը»: «Վա՛յ, Դոխ ջան, փաստորեն Հարութն ե՞ս»: Մի լավ ծիծաղեցինք: Գիտե՞ք՝ ինչ մարդ է Հարութը… Աներևակայելի նվիրված: Միշտ կողքիդ, միշտ հավատարիմ: Մի քիչ բնավորությամբ փակ է: Ու, անկեղծ ասած՝ երբևէ նախկինում չէինք պատկերացնի, որ Հարութը էդպես կելնի ու դուխով կռիվ կտա թշնամու զինտեխնիկայի դեմ՝ անվախ, աներեր: Բոլորս ապշած էինք. նրան բոլորովին նոր կողմից տեսանք: Ես ու Հարութը մի երկու օր այսպես իրար ուսումնասիրեցինք, հասկացանք, որ իրար հետ ենք «բոյ» տալու: Երբ մյուսներից ավելի հեշտ խփվող տանկ էր լինում, սկսում էինք իրար պաս տալ.«Դո՛խ, սրան դո՛ւ խփի»: «Չէ՛, Է՛դ, քոնն ա, դո՛ւ խփի»:  Ու խփված տանկերի, տեխնիկայի թիվն էլ կարևոր չէր, այլ՝ մեկս մյուսին թիկունք լինելու, օգնելու պատրաստ լինելը: Պատերազմի հենց սկզբից ինձ համար Հարութը շատ թանկ ընկեր դարձավ:

-Իրար հետ խոսե՞լ եք գալուցդ հետո:

-Հեռախոսահամարը չունեմ: Շատ կուզեի խոսել հետը:

-Դե, արի անակնկալ անենք. չգիտի, որ էստեղ ես: Զանգե՞նք:

-Հա՛, իհարկե:

-Հարո՛ւթ ջան, էստեղ մեկը կա, ուզում է հետդ խոսել,- հեռախոսը փոխանցում եմ Էդգարին:

-Իմ լավ մարտական ընգե՞ր,- անզուսպ ուրախությամբ խոսում է Էդգարը:

-Էդո՞: Էդո ջա՜ն…

-Ի՞նչ կա. ախպե՛րս:

-Ո՞ւր ես: Վիրավոր հո չե՞ս:

-Չէ՛, էն հրթիռների պատճառով մեջքս ի վերջո «ատկազ արեց»,- կատակի է տալիս Էդգարը:- Բուժվում եմ էս պահին:

-Հա՜: Ես արձակման մեջ եմ. կգամ քեզ տեսնելու…

-Դե՛, կտեսնվենք, կխոսենք:

-Եղա՛վ, ախպե՛րս…

…Այսքանը. տղաներն իրենց գաղտնիքներն ունեն, կխոսեն առանց ինձ՝ դեմ հանդիման: Դե, ասե՛ք, մարտական եղբայրությունից քաղցր ու թանկ բան կա՞ այս աշխարհում… Այս տղաներին լսելով, նրանց սխրանքները տեսնելով՝ էլի ու էլի ես համոզվում՝ հաղթանակը մե՛րն է լինելու: Լիակատար ու անշրջելի:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


17/10/2020