Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵՊԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ… ԱՅՍՏԵՂ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ



ԴԵՊԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ... ԱՅՍՏԵՂ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՃանապարհը ձգվում է միայն դեպի առաջնագիծ, ուր տղաները  սխրանքներ են հյուսում։ Եկեղեցիների զանգի ղողանջները մարդկանց ականջներում քարացել են։ Պատարագ չկա, բայց Բարձրյալի ներկայությունը միշտ զգում ենք։ Անգամ թռչուններն են լռել, էլ չեն ուտում  պատուհանագոգի վրայի  չոր հացի փշուրները։

Բոլորս մտածում ենք ու աղոթում։ Այս պահը խորհուրդ ունի` սարկավագն է  աղոթում։ Այս անգամ առաջնագծում է։ Առանց դադարի, նորից ու նորից  է աղոթում։

Արկի պայթյունի ձայնը ոչ ոք չի լսում, բոլորի շուրթերն են  աղոթում, բոլորի ոգին ապրում է Աստծով։

Ապրում ենք։ Հիմա է կյանքն ամենաթանկը դարձել, որ շատ անգամներ հաշվի էլ չէինք առնում։ Պատերազմի հետ ավելի ենք հասունացել։

Պատերազմի հետ նաև երկինքն է փոխվել։  Երկինքը մոռանում է այսօրվա մութը։ Մութ չի լինի, որովհետև տղերքը  Աստծո հետ են…

Սևակ սարկավագը քայլում է խաչը ձեռքին։ Փամփուշտների ու իր աչքերի մեջ ընկած տարածքն այնքան խորհրդավոր է,  որ անկասկած ապրե՛լ ես ուզում, բայց էլի՛ Աստծով։

Արծիվները  հողի ու երկրի պայքար են տանում, որն սպասեցնում է ինձ։ Մի քիչ էլ սպասենք, որ Աստծո լույսով կրկին բացվի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչի  վարագույրը, իսկ ճերմակաթև աղավնիների վերադարձը  խաղաղություն ավետի։

Մի քիչ էլ քայլենք։ Ու երբեք մեր հողից ուրիշ տեղ չգնանք։ Այստեղ մեզ հետ խաչ ունենք, մեզ կպահի։

Բայց ուրիշ ոչ մի բան չի փոխվել։ Էլի նույնն է ամեն ինչ։

Արկերի ձայնի ներքո փայլող աչքերն ու խնկաբույր ժամերն  Աստծո ներկայությունն են  խորհրդանշում։

Սևակ սարկավագը կանգնել է Սուրբ Վարդան եկեղեցու առջև ու գմբեթին է նայում լո՜ւռ, աղոթքներով…

Կրակում են, ձայնը մոտիկից է գալիս, բայց դա էլ չի խանգարում նրան, որ այս անգամ էլ առաջնագիծ մեկնի։

Զորավոր խաչը նրա ձեռքին է… կհաղթե՛նք։

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Նորություններ


16/10/2020