Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
…ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Կենտրոնական զինվորական հավաքակայանում ենք, որտեղ ՀՀ վարչապետի  ուղերձից հետո ամեն րոպե ավելանում է ռազմաճակատ մեկնելու պատրաստակամություն հայտնած՝ վերջին մեկ տարվա ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված երիտասարդների հոսքը: Նայելով այս տղաների աչքերին, տեսնելով նրանց հաստատակամ ու խրոխտ կեցվածքը, ակամա զուգահեռներ եմ անցկացնում այս օրերին Ադրբեջանում իրականացվող «զորակոչի» պատկերների հետ, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով հավաքում ու բառիս ուղղակի իմաստով ռազմաճակատ քարշ տալիս իրենց զինապարտներին:

Զրուցում եմ մեր արիասիրտ տղերքի հետ, ու հաղթանակի հանդեպ վստահությունը է՛լ ավելի է ամրանում ու բյուրեղանում:

 

...ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԱրման Գասպարյանի կուրծքը գերազանց ծառայության մասին վկայող բազմաթիվ կրծքանշաններ են զարդարում՝ «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ»… Արմանը ՀՕՊ-ի գերազանց մասնագետ է, այս տարվա հունվարին է ավարտել ժամկետային զինծառայությունը և այժմ հայրենիքի կանչով կրկին շարքում է.

«Համացանցում պտտվող տեսագրություններում տեսնում ենք Ադրբեջանում տիրող խուճապը, թե ինչպես են ադրբեջանցիները ծեծելով մարտադաշտ տանում իրենց զինապարտներին: Սա միայն մի բան է նշանակում. այս հողը նրանցը չի, այս հողը թանկ չէ նրանց համար, չեն սիրում այս հողը, պարզապես պարտադրված են գնալու: Ես տեսել եմ տեսագրություններ, որտեղ նրանք իրենց երեխաներին սովորեցնում են՝ «Եթե հայ է, ուրեմն թշնամիդ է»: Բայց այդպես հայրենասիրություն չեն սերմանում. դա ընդամենը նախանձի դրսևորում է: Ես ծառայել եմ Հադրութում, անչափ կապված եմ այդ տեղանքին, բնակչությանը… Այն հարազատ տուն է դարձել ինձ համար: Արցախի մարդկանց հետ շատ եմ շփվել ու համոզվել եմ, որ այդ գեղատեսիլ ու սքանչելի լեռնաշխարհի մարդկանց ոգին ուրիշ է՝ 5 տարեկան երեխայից մինչև 80 տարեկան պապիկներ, բոլորը զինվոր են: Ծառայությանս ավարտին ասում էին. «Չե՞ս ուզենա պայմանագրային մնալ այստեղ», ես էլ պատասխանում էի՝ «Միևնույն է, հետ եմ գալու մի օր: Հենց կարիքը լինի՝ գալու եմ»: Հիմա եկել է այդ օրը: Չեմ կարող անտարբեր մնալ. գնդակոծվում և հրթիռակոծվում են խաղաղ բնակավայրերը: Այնքա՜ն քրտինք ու արյուն է թափվել մեր այս բնակավայրերի համար, որ մի թիզ հող զիջելն անգամ անհնար է: Ամեն ինչ կանեմ, ինչ ինձնից կախված է: Զարմիկս է այնտեղ կռվել, ցավոք, հիմա վիրավոր է: Բոլորս էլ պատրաստ ենք մեկնելու և մեր բաժին մարտը վարելու: Սա առաջվա պատերազմներից ոչ մեկին նման չէ. սա նաև «խելքի պատերազմ» է: Մեր բանակին հիմա, որքան հնարավոր է, շատ խելացի, պատրաստված տղաներ են պետք: Ես միշտ այն կարգախոսով եմ առաջնորդվել, որ կյանքդ պետք է ապրես այնպես, ասես՝ վերջին օրդ է: Հիմա կրկին կենաց-մահու հարց է դրված՝ ոչ միայն իմ, այլև իմ ամբողջ ազգի, ժողովրդի առաջ: Պետք է ռեալ նայես ամեն ինչին ու սառը դատողությամբ առաջ գնաս: Մեր մյուս զորացրվածներին կոչ կանեմ նույնպես միանալու մեզ: Մեր հզոր բանակը կարող ենք ավելի հզորացնել նաև մեր՝ ծառայությունը նոր ավարտածների ամբողջ ներուժով: Այս օրերին թող բոլորը զինվորագրվեն ու կանգնեն մեր կողքին: Ոչ մի թիզ հայրենիք չունենք տալու, տղե՛րք ջան: Հաղթանակը մերն է»:

 

Եթե չճանաչես, երիտասարդների մեջ չես նկատի, չես առանձնացնի  համեստ ու հանդարտ երիտասարդին, որը տղաների հետ հերթով ու կարգով անցնում է հավաքակայանի համապատասխան սենյակներով: Մյուսներից ոչնչով չի տարբերվում. նույն մտահոգ, անհամբեր, բայց հաստատակամ հայացքը, նույն  ...ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆզինվորական համազգեստն ու  պահվածքը, նույն հույզերը: ՀՀ վարչապետի որդին է՝ Աշոտ Փաշինյանը: 

«Երկու ամիս է, ինչ զորացրվել եմ,- ասում է Աշոտը: -Մենք միշտ իմացել ու գիտակցել ենք, որ նման բան կարող է լինել ու միշտ սպասել ենք դրան: Ես իրատես եմ բնավորությամբ: Մեր խնդիրը մենք կլուծենք, բայց այն շատ կարևոր է նաև նրանով, որ աշխարհում շատ խնդիրներ ևս սրանով են լուծվելու: Հայաստանն ու Արցախը մեր տունն են: Լոկալ այս խնդիրը շատ ավելի մեծ խնդրի դրսևորումն է: Եվ մենք մեր խնդիրը կլուծենք: …Այս տղաները, որ այսօր այստեղ են՝ պատրաստ ռազմաճակատ մեկնելու, իրականում երջանիկ են, քանի որ եկել են այստեղ ուրիշների երջանկության համար ու աննահանջ քայլերով առաջ են գնում: Մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք մեր նպատակակետին: Երջանկության հիմքն է, երբ դու տեսնում ես, որ մի քայլ էլ մոտեցար երջանկությանը: Հիմա բեկումնային պահ է ճակատում: Կլուծենք այս հարցը: Հանուն խաղաղության, հանուն մարդկության, հանուն մեր մոլորակի խաղաղության: Միանշանակ, կլուծենք, մեզ համար էլ կլուծենք, մնացածի համար էլ կփորձենք լուծել, չգիտեմ, կհասցնե՞նք արդյոք լուծել, կյանքը այնքան երկար չի, որքան շատ են խնդիրները:

Բնավ մեծ բան չէ, որ ես այսօր բոլորի նման ու բոլորին հավասար գնում եմ ռազմաճակատ: Մենք բոլորս եղբայրներ ենք, հավասար ենք ամեն ինչով: Ծանոթներ ունեմ, որ այժմ վիրավոր են, ամեն օր մեր հերոս տղաների անձնուրաց սխրագործությունների մասին ենք լսում… Այս խնդիրը համամարդկային է ու մինչև չլուծվի, ես հանգիստ չեմ կարող լինել:

Այն, որ աշխարհն այսօր մեր կողմն է կանգնում և ոչ թե նրանց, արդեն մեծ բան է, հուսադրող է, ուրեմն՝ աշխարհում դեռ կան ու կարևորվում են այն համամարդկային արժեքները, որոնցով մարդկությունը փաստորեն դեռ առաջնորդվում է, և որը մեր պայքարի հիմքում է՝ ազատություն, խաղաղություն, համամարդկային երջանկություն: Իսկ մարդկային չափանիշներով որքան բացասական բան կա, մեր թշնամու պայքարի հիմքում է՝ փողի, հարստության պաշտամունքը, ավարը, ահաբեկչությունը և այլն: Եվ եթե աշխարհն այսօր շրջվում է մեր կողմը, ուրեմն՝ աշխարհը դեռ հնարավոր է փրկել:

Մեր առաջնագծում կռվող տղաներին ուզում եմ ասել: Տղե՛րք ջան, դուխո՛վ, մենք էլ ենք գալիս, ու բոլորս իրար հետ լուծելու ենք էս հարցը: Մեկընդմիշտ լուծելո՛ւ ենք»:

 

...ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԴավիթ Ճաղարյանը գնդացրորդ է: 2005 թ.-ից ծառայել է Արցախում. Ասկերան, Մատաղիս, Թալիշ, Քարվաճառ բնակավայրերի պաշտպանությունն է իրականացրել 14 տարվա ծառայության ընթացքում:

«Հիմա էլ մարտական տրամադրությամբ ենք գնում,- ասում է Դավիթը:- Հենց լսեցի մեր վարչապետի կոչը, առավոտ վաղ արդեն պատրաստ էի մեկնելու: Գրանցվեցի ու սպասում էի հերթիս: Իմ հերթը եկավ. անհամբեր եմ՝ երբ ենք շարժվելու, երբ ենք հասնելու տեղ: Մեր վիրավոր հողը կանչում է. նահանջի ճանապարհ չունենք: Եթե գնում ենք, ուրեմն՝ պիտի հաղթենք: Մեր հողը պետք է պահենք-պահպանենք: Մեր խաղաղ բնակչության խաղաղությունն ենք ապահովում: Ես ինքս 4 անչափահաս երեխա ունեմ, բայց առանց մի պահ երկմտելու գնում եմ, նաև իմ երեխաների համար եմ գնում, որ մեր տղերքի հետ միասնական կռվենք ու հաղթենք: Մեր ամբողջ հայությանը այս օրերին համբերություն եմ ցանկանում: Սրանից երկու օր առաջ հուղարկավորել եմ հերոս եղբորս: Ես վրեժ ունեմ լուծելու, ոչ միայն եղբորս, այլև մեր էն բոլոր հերոսների համար, որ այս օրերին զոհվում են հանուն բոլորիս: Դեռ չեմ հաշտվում եղբորս կորստի հետ, չեմ հավատում, որ չկա… Նա միշտ եղել է, կա ու կմնա իմ սրտում: Հրետանավոր էր, գրադի հրամանատար: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ եղբայրս զոհվել է զինվորին փրկել շտապելիս, և զոհվել են զինվորի հետ միասին:

Միայն մարտական տրամադրությամբ եմ գնում, ուրախ եմ, որովհետև մի վայրկյան անգամ չեմ կասկածում՝ հաղթելո՛ւ ենք»:

 

Հուսիկ Պետրոսյանը 2017-2019 թթ. Ռուսաստանից վերադարձել ու պարտքն էր տվել հայրենիքին՝ ...ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆպատվով ավարտելով ժամկետային զինծառայությունը: Դոնի Ռոստովում էր, երբ լսել է, որ հայրենիքում պատերազմ է, անմիջապես հավաքել է իրերն ու փութացել Հայրենիք: Ընտանիքը դեմ չի կանգնել որդու որոշմանը:

«Պետք է այս գործը ավարտին հասցնենք: Ես ծառայել եմ Մատաղիսում. գիտեմ, որ մեր տղերքով մինչև վերջին շունչը կպահենք, կզոհվենք, բայց ոչ մի թիզ հող չենք տա թշնամուն: Երբ լսեցի, որ կենաց-մահու կռիվներ են ընթանում, համբերությունս հատավ, այլևս չէի կարող հանդարտ նստել ու հետևել զարգացումներին: Վճռական որոշում կայացրի ու եկա: Եթե մենք բոլորս միավորվենք, մի բռունցքի պես հարվածենք, թշնամին իր ամբողջ զինանոցով հանդերձ ոչ մի շանս չի ունենա մեր դեմ: Ծառայակից ընկերներիցս շատերը նույնպես հերթագրված են, սպասում են իրենց հերթին: Ես գնդացրորդ եմ: Ձգում է ինձ Արցախը, ձգում է. լավ ու դժվար օրերով երկու տարի եմ անցկացրել: Ու այդ պատճառով ուզում եմ էլի գնալ: Մեր նպատակը այսօր հաղթելն է ու հաղթանակած վերադառնալը մեր օջախներ:

 

Արա Հովակիմյանը խոհարար է: Ընկերոջ հետ հենց լսել են վարչապետի խոսքը, իմացել, որ հանված է ...ՆԱԵՎ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆծառայությունը վերջերս ավարտած անձանց մարտի դաշտ մեկնելու սահմանափակումը, անմիջապես վճռել են մեկնել ռազմաճակատ:

«Մտադրությունը մինչև այդ էլ կար: Այս իրավիճակը հենց սկսվել է, անգամ աշխատավայրում, երբեք չենք կտրվել հեռուստացույցից ու տեղեկատվության այլ աղբյուրներից: Հենց սկզբից ուզում էինք գնալ, բայց չէին թույլատրում: Հիմա արդեն հնարավորությունն ստեղծվել է, և մենք եկել ենք, որ մեկնենք Արցախ: Իսկ զինվորական մասնագիտությամբ ես գնդացրորդ եմ: Վստահ եմ, որ գնալու եմ ու օգտակար եմ լինելու: Ես տեսել եմ այդ կյանքը, մարտական հերթապահություն ենք իրականացրել: Իհարկե, պատերազմ, այն էլ այս մասշտաբի, չենք տեսել, բայց պատրաստ ենք: Բանակը, ծառայությունը շատ բան է փոխել իմ կյանքում: Հադրութում եմ ծառայել. այս օրերին շատ բաներ ենք լսել, երկու հոգի մեր զորամասից արդեն հերոսի կոչման են արժանացել՝ մեր գնդապետ Շաքարյանն ու մայոր Ղազարյանը: Ամեն օր տեսել ենք նրանց, գիտենք՝ ի՜նչ մարդիկ են, ինչ զինվորականներ: Հպա՛րտ ենք իրենցով: Հիմա ընկերոջս հետ եմ եկել, ա՛յ, այն տղան է: Փորձում ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում հիմա Արցախում, բայց ավելի լավ կլինի՝ մեր աչքով տեսնենք, օգուտ տանք»:

«Գնում ենք՝ լիակատար անկախություն, ազատ ու երջանիկ հայրենիք ստեղծելու համար, որ էլ էսպիսի բան երբեք չլինի: Հաղթանակը վերջնական լինի»,- մեր զրույցի վերջին ակորդներն է անում Արայի ընկերը: Ու գնում են հաղթանակով հետ գալու հաստատակամությամբ:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ