Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՐԱԳ ԼԱՎԱՑՐԵ՛Ք, ՀԵՏ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ»
«ԱՐԱԳ ԼԱՎԱՑՐԵ՛Ք, ՀԵՏ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ»

«ԱՐԱԳ ԼԱՎԱՑՐԵ՛Ք, ՀԵՏ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ»ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ, գնդապետ Հրայր Աճեմյան

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն այս օրերին ծանրաբեռնված է աշխատում: Մարտական գործողությունների ծավալման սկզբից ռազմաբժշկական ծառայության օղակները բերվեցին մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, համալրվեցին նախատեսված բժշկական անձնակազմերով: Առաջին իսկ օրվանից հոսպիտալն ընդունում է հիվանդների, գործիքային և այլ հետազոտություններ իրականացնում, որից հետո բոլոր վիրավոր զինծառայողներն անմիջապես տեղավորվում են համապատասխան բաժանմունքներում: Անհրաժեշտության դեպքում, վիրավորները տեղափոխվում են վիրահատարան:

Հոսպիտալում նոր չէ, որ ծառայում եմ: Թշնամու կողմից սադրանքներ միշտ էլ եղել են, և մենք վիրավորների հետ աշխատելու զգալի փորձ ունենք: Այստեղ եմ եղել նաև 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ և պետք է ասեմ, որ այս պատերազմում, ի տարբերություն 2016 թվականի, գնդակային վիրավորումները հատուկենտ են. հիմնականում բեկորային վիրավորումներ են: Սա վկայում է ծանր սպառազինության կիրառման մեծ ծավալի մասին: Հույս ունենք, որ նեյրովիրաբուժական բաժանմունքի վիրահատված բոլոր հիվանդների բուժման դինամիկան դեպի լավն է գնալու:

Բուժանձնակազմն իր մասնագիտական պարտականություններն առավել քան լավ է կատարում: Առաջնահերթը  վիրավորների կյանքը փրկելն է: Մեզ մոտ բուժում ստանալուց հետո նրանց ուղղորդելու ենք վերականգնողական արհեստավարժ կենտրոններ, որոնք մեծ օգնություն կարող են ցուցաբերել հիվանդի հետագա ապաքինման ընթացքում:

Մեր բուժանձնակազմն անձնուրաց աշխատում է: Հանգստանում ենք 10-15 րոպե, կես ժամ, մի ժամ: Աշխատում ենք միմյանց խնայելով, հոգալով մեկս մյուսի մասին: Մեծ կազմակերպվածություն է պահանջվում, որպեսզի զինվորական հոսպիտալը կարողանա կատարել իր մարտական խնդիրները: Այստեղ տարվող կազմակերպչական ճիշտ աշխատանքը առավել քան կարևոր է: Մենք մտնում ենք վիրահատարան այն համոզմամբ, որ կկարողանանք լիարժեք բժշկական օգնություն ցուցաբերել: Նշեմ, որ հոսպիտալից բացի, մեծ ծավալի գործ  են կատարում նաև մեր քաղաքացիական հիվանդանոցները, որոնք նույնպես օրվա ցանկացած ժամի պատրաստ են հիվանդներ ընդունելու և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու:

Մեր զինծառայողների մասին մի բան կարող եմ ասել՝ շատերին ներկա պահին հազիվ ենք պահում հոսպիտալում: Բոլորը րոպե առաջ ուզում են դուրս գրվել ու վերադառնալ մարտադաշտ…

կլինիկական զինվորական հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի պետ, բուժծառայության կապիտան Համլետ Ղորխմազյան

«ԱՐԱԳ ԼԱՎԱՑՐԵ՛Ք, ՀԵՏ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ»Իմ ղեկավարած ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում հիմնականում որովայնի տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորներ ենք ընդունել: Համակցված վիրավորումների դեպքում՝ որովայն, կրծքավանդակ, վերջույթներ, տարբեր ուղղվածության ռազմական բժիշկներով համատեղ բուժում ենք իրականացնում: Հատուկ ուզում եմ նշել, որ առաջնագծում վիրավորներին ցուցաբերված մասնագիտացված առաջին բուժօգնությունը շատ լավ արդյունքներ է տալիս: Վիրավորներին տեղ են հասցնում արդեն կայուն  վիճակում: Դրա շնորհիվ էլ բուժումն ավելի արագ և արդյունավետ է անցնում, և շատերն այժմ արդեն վերականգնման փուլում են: Այս ընթացքում կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում:

Մեզ մոտ բուժում ստացող զինվորականներն ասում են. «Բժի՛շկ ջան, այնպես արեք՝ շուտ լավանանք, գնանք մեր խնդիրը մինչև վերջ կատարենք»: Թեթև վիրավորում ստացածներն էլ բողոքում են՝ «Ինչո՞ւ մեզ բերին, էստեղ հասցրին: Արագ լավացրե՛ք, հետ պիտի գնանք»: Ոչ մեկի մարտական ոգին ընկած չէ: Իրականում, այս  պատերազմը ցույց տվեց մեր միասնականությունը:  Մարտական են, ուժեղ են, լավն են: Ասում են. «Բժի՛շկ ջան, էս օրերն անցնեն, հավաքվենք, հիշենք, մեր հաղթանակը նշենք»:

«ԱՐԱԳ ԼԱՎԱՑՐԵ՛Ք, ՀԵՏ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ»Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Սևտերտերյան

Այս օրերին հիմնականում ականապայթյունային ու բեկորային վնասվածքներով հիվանդներ ենք ընդունում: Դիմածնոտային վիրավորումներով հիվանդների ընդհանուր վիճակը սովորաբար ծանր չի լինում, եթե համակցված վիրավորում չկա: Հիմնականում մեզ մոտ հասնում են արդեն առաջին բուժօգնություն ստացած հիվանդները.  բեկորները հեռացված են լինում: Տեղերում շատ մեծ ու կարևոր աշխատանք են տանում մեր գործընկերները՝ բուժակները,  ռազմաճակատում զորակոչով կամ կամավորական հիմունքներով գործող դիմածնոտային վիրաբույժները: Բոլորի հետ կապ ունենք, ցանկացած դեպքի մասին տեղյակ են պահում՝ ինչ են հասցրել անել: Սա շատ է օգնում հետագա աշխատանքներն իրականացնելիս: Մեծ օգնություն են ցուցաբերում նաև քաղաքացիական հիվանդանոցները, որոնք, հատկապես համակցված վիրավորումների դեպքում, հաճախ իրենց վրա են վերցնում հիմնական ծանրաբեռնվածությունը: Վիրահատությունների համար անհրաժեշտ ամեն ինչով ապահովված ենք:

Հոգեբաններն էլ զգալի աշխատանք են իրականացնում բոլոր վիրավորների հետ, անձնական զրույցներ են վարում: Նրանք էլ են արձանագրում, որ հիասթափություն, խուճապ չկա տղաների մոտ: Հոգեբանների այս աշխատանքը ավելի է նպաստում հիվանդի արագ ապաքինմանը:

Վիրավորների մեծ մասը ձգտում է առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս գրվել: Մի հիվանդ ունեինք Վարդենիսից, պահանջեց, որ դեմքի փափուկ հյուսվածքներից օտար մարմինը հեռացնելուց անմիջապես հետո դուրս գրենք իրեն: Դրական տեղաշարժ նկատելուն պես ընդառաջեցինք նրա խնդրանքին, ու զինվորը մեկնեց ռազմաճակատ:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, մայոր Արման Հակոբյան

«ԱՐԱԳ ԼԱՎԱՑՐԵ՛Ք, ՀԵՏ ՊԻՏԻ ԳՆԱՆՔ»Բավականին ծանր դեպքեր ունենք: Գնդակային վիրավորումները նախկինի համեմատությամբ քիչ են. ունենում ենք առավելապես բեկորային և ականապայթյունային ծանր վնասվածքներ: Առաջնագծի մեր ռազմական բժիշկները շատ արդյունավետ են աշխատում. առաջին հերթին կանգնեցնում են արյունահոսությունը, որի արդյունքում արդեն իսկ մեծ թվով կյանքեր են փրկվում, կարողանում ենք հիվանդների վերջույթները փրկել:

Մարտական ոգին շատ բարձր է: Ամեն օր վիրակապումների, այցերի ընթացքում ոչ մի ընկճվածություն չենք տեսնում նույնիսկ ծանր վիրավորում ստացած տղաների մոտ: Կարող եմ ասել՝ «հոգեբանական կորուստ» չունենք, և դա շատ կարևոր է, քանի որ վկայում է նաև այն մասին, թե ինչ նվիրումով ու հավատով են այժմ կռվում մեր զինվորականներն ու կամավորականները: Նույնպիսի նվիրումով, ոգևորությամբ է ծառայություն իրականացնում նաև բժշկական անձնակազմը:

Վիրավորումները շատ են, բայց բժիշկ մասնագետներն անում են առավելագույնը: Նախկինում էլ առնչվել ենք նման դեպքերի հետ՝ իհարկե ոչ նման ծավալների, և մեր ռազմաբժշկական անձնակազմի փորձն այս առումով շատ մեծ է: Որպես վիրաբույժ որևէ անհաղթահարելի խնդիր չեմ տեսնում: Ինչ ծանրության հիվանդ էլ ընդունենք, ի զորու ենք լիարժեք բուժօգնություն ցուցաբերել:

Այս օրերին բոլորիս խաղաղություն եմ ուզում ցանկանալ, մեր թշնամուն էլ՝ խելք ու խելամտություն, որ այլևս չփորձեն մեր համբերությունը: Ու իհարկե՝ հաղթանակ եմ ցանկանում բոլորիս: Հաղթելո՛ւ ենք:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ