Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ
ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ

ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔՀարավարեւմտյան սահմանագոտում ենք՝ գնդապետ Վազգեն Հակոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

Գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Արթուր Համբարյանի ուղեկցությամբ ուղեւորվում ենք մարտական հենակետեր:

-Զորամասի պահպանությանը վստահված սահմանային որոշ հատվածներում ծառայությունն իրականացվում է բավականին բարձրադիր տարածքներում, տեղ-տեղ 3500մ եւ ավելի բարձրության վրա, բնակլիմայական խիստ պայմաններում՝ հողմ, ձնաբուք… Այս հատվածներում բնությունը հաճախակի է լուրջ խոչընդոտներ ստեղծում դիրքապահների համար,- ասում է մայորը ու շտապում հավելել,- սակայն ո՛չ անկանխատեսելի եղանակային պայմանները, ո՛չ թշնամին ի զորու չեն կոտրելու մեր արծիվ տղերքի վճռականությունը. մեր զինվորներն առաջադրված խնդիրները գերազանց են կատարում. մեր երկրի սահմանները ամուր եւ վստահելի ձեռքերում են:

♦♦♦

ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔԿապիտան Սուրեն Մովսիսյանի հրամանատարությամբ գործող վաշտի պահպանությանը վստահված հենակետում ենք:

-Մեր դիմաց հակառակորդն է, որ ունակ է ամեն սադրանքի, թշնամու գործելաոճը մենք հստակ գիտենք: Զգոնությունը չենք թուլացնում: Ամուր, անսասան կանգնած ենք,- նշում է կապիտանը:

Դիրքերում լայնածավալ աշխատանքն ակնառու է. տարիների ընթացքում կառուցվել են կացարաններ, խրամախորշեր, խրամուղիներ, հրամանատարական դիտարկման և կրակի ղեկավարման կետեր, անձնակազմի պատսպարման, քողարկման ուղղությամբ նույնպես հսկայածավալ աշխատանք է իրականացվել:

-Արվում է ամեն ինչ, որ սահմանն անառիկ լինի, զինվորն՝ առավել անվտանգ: Ապահովված ենք գիշերային, ջերմատեսիլ տեսադիտարկման սարքավորումներով: Հակառակորդի շարժը վերահսկելի է եղանակային ամենատարբեր պայմաններում, թույլ տեսանելիության ժամանակ:

♦♦♦

ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔԱյս հատվածում կլիմայական բարդ պայմանները, լեռնային կտրտված տեղանքը իրապես զգալիորեն բարդացնում են մարտական հերթապահության կրման պայմանները:

Ձնհալ, ցեխ, հոսող ավազ… ու այսպես անդադրում «կռիվ» նաեւ… բնության դեմ:

-Այստեղի բնությունն անկանխատեսելի է, կտրուկ փոփոխություններով, մի օրվա մեջ իրար կարող են հաջորդել արեւը, անձրեւը, կարկուտը, ձյունը… Ծննդավայրումս՝ Բերդում, անհամեմատ մեղմ է եղանակը,- ասում է շարքային Լավրենտի Բաբայանը:

-Անցյալ ձմռանն եմ զորակոչվել: Եկա այստեղ ու նոր հասկացա՝ ինչ ասել է «կտրող» ցուրտ. Արեւշատ գյուղից եկել եմ Ցրտաշատ,- կատակախառն հանգավորումով ներկայանում է արտաշատցի Գարիկ Հովհաննիսյանը: -Այստեղ ձմեռն ուրիշ է: Պատահում է՝ ձյունը գիշերն այնքան առատ, այնքան շատ է գալիս, որ փակում է գետնատնակների դուռումուտքը, փակում ճանապարհները: Գիշերվա արթուն հերթապահները անընդհատ մաքրում են ձյունը…

♦♦♦

ԱՆՍԱՍԱՆ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔՍառը քամին աշնան պաղ-տիրական շունչն է բերում լեռներից, իսկ նորոգ ու կոկիկ կացարանում ջերմ մթնոլորտ է, տղաները ծառայողական կյանքից հազարումի դեպք ու դրվագ են պատմում, կատակում: Մարտական պատրաստվածությունից պակաս կարեւոր չէ միասնական ոգին, ընկերական մթնոլորտը:

-Իմ ծառայության ավարտին 100 օրից քիչ ավելի է մնացել,- ասում է Գարիկը:- Երկմտանքի մեջ էի՝ մտածում էի բանակից հետո Ռուսաստան գնալ-չգնալու մասին, բայց մարտական ամեն հերթապահություն  քեզ ավելի է կապում քո հայրենի եզերքին, ու ոչ թե պարտք, այլ պատիվ է դիրքում կանգնելը, հայրենիքը պաշտպանելը:

-Պատիվ ու նաեւ բախտավորություն է սեփական եզերքը՝ քո բնօրրանը, պաշտպանելը,- զինվորի խոսքը լրացնում է կապիտան Մովսիսյանը:- Սիրում եմ իմ երկրի ամեն թիզ հողը: Չեմ հիշում, թե ով է ասել, բայց շատ դիպուկ է ասել՝ այս երկիրը միլիմետրերով սիրելու երկիր է, որովհետեւ ամեն միլիմետրը թանկ ու հարազատ մարդկանց կյանքի գնով է պահպանվել, պաշտպանվել ու մեզ ժառանգվել, ու հիմա մեր հերթն է այն անառիկ ու անկորուստ պահելու:

-Օտարի հողը որքան էլ սիրուն լինի, որքան էլ լավը, միեւնույն է՝ քո հայրենիքը չէ,- զրույցին միանում է շարքային Երջանիկ Գեւորգյանը:- Ինձ համար աշխարհի ամենասիրուն անկյունը իմ Երանոս գյուղն է:

-Իսկ գիտե՞ս, որ գյուղիդ անունը շատ սիրուն է, հունարենից թարգմանաբար նշանակում է խաղաղասեր, խաղաղարար,- հարցնում եմ զինվորին:

-Մենք երանոսցի չենք, բայց մենք էլ պակաս խաղաղարար ու խաղաղասեր չենք,- կատակում են տղերքը:- Զինվորներն են հենց խաղաղություն պահպանում ու պարտադրում:

-Երջանի՛կ ջան, փաստորեն, պատահական չէր նաեւ, որ մեր դիրքի մատուռը ավելի շատ հենց քո ակտիվ մասնակցությամբ այսքան արագ կառուցվեց, մեր խաղաղարար-խաղաղասեր ջան,- սրամտում են տղերքը:

Մարտական դիրքում վաշտի հրամանատարի նախաձեռնությամբ, բոլորովին վերջերս, ընդամենը 13 օրվա ընթացքում, մատուռ է կառուցվել: Դիրքի բոլոր զինվորներն էլ հանգստի ժամին ակտիվորեն մասնակցել էին, բայց հիմնական գործը հենց Երջանիկն է իրականացրել: Ասում է՝ ձեռքի հունարը, շինարարի ջիղը հայրիկից է ժառանգել:

Զինվորակերտ մատուռում մոմ ենք վառում. Տերը պահապան մեր հայրենիքի բոլոր պաշտպաններին….

Անփորձանք ծառայություն ու խաղաղ երկինք մաղթելով՝ շարժվում ենք հաջորդ մարտական հենակետ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ