Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԱ՛Մ ՋԱՆ, ԵՍ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՄ...
ՄԱ՛Մ ՋԱՆ, ԵՍ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՄ…

ՄԱ՛Մ ՋԱՆ, ԵՍ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՄ...Սիրում եմ քեզ, ի՛մ հայրենիք՝ Հայաստան աշխարհ, և այդ սերը խոսքեր չեն լոկ քիմքին, ունկին հաճո բառաշարանով: Դարերի խորքից եկել ես խրոխտագին քո էությամբ…

Պատմությունդ  է վկա: Հեշտ չի եղել երթը քո դարերի. հանուն ազատության մաքառել ես և բազում հաղթանակներ սփռել հազարամյա ճանապարհիդ՝ շնորհիվ քո առյուծասիրտ զավակների և հզոր մայրերի, որոնք իրենց արյամբ ու կաթով սերմանել են հայրենասիրություն և հայրենապաշտ ոգի:

…Ահա և մեր հերթն է քեզ պաշտպանելու կրծքով, քեզ ծառայելու  և ի տես աշխարհի՝  քո անկախությունն ու հզորությունը թելադրելու:

Ես հազարավոր այն մայրերից եմ, որի որդին ծառայում է հայրենիքին:

Որդիս՝ Ալիկ Գագիկի Իխտիարյանը, գերազանց առաջադիմությամբ ավարտել է Վայքի ավագ դպրոցը, ունեցել մի շարք սպորտային նվաճումներ: Մարզում ամենաբարձր միավորներով ընդունվել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բուժական գործ բաժինը: 2019 թ. հուլիսի 15-ին իր անունը ապագա բժիշկների ցանկում կարդալուց անմիջապես հետո՝ հուլիսի 16-ին, մեկնեց ծառայության: Հիշում եմ ապրումներս, երբ ասաց. «Մա՛մ ջան, Տոնաշեն եմ, շատ լավ է…»: Տոնաշեն, Եղնիկներ… Մարմնովս դող անցավ: Չգիտեմ՝ ինչու էր այդպես. միգուցե, որ  մեզ բաժանելու էր յոթ սարերի  հեռավորությունը…

Կարոտախտն արդեն պատել էր ինձ:

…Ի՜նչ գեղեցկություն, հրա՜շք բնություն. Արցախի ճանապարհին ենք՝ զինվորական երդման արարողությանը ներկա լինելու: Հպարտությունս ու հուզմունքս  միախառնվել են: Ուզում եմ՝ աշխարհն իմանա, որ որդիս զարկն է հայրենիքիս բազկի, մի բուռն է իր հողի ու սանձողը նենգ ոսոխի:

…Ալիկս հրետանավոր է: Երբ վեց ամիս անց արձակուրդ եկավ, տեսա նրան առավել հասուն ու ծանրակշիռ: Ասում էր.

«Մա՛մ ջան, լինել զինվոր նշանակում է լինել ոչ միայն զենքի գիտակ, այլեւ նախ և առաջ սրբազան պարտականություն կատարող քաղաքացի:

… Երբ ամպերի մեջ մխրճված Մռավ սարի լանջերից նայում ես Արցախի հրաշք բնությանը, թշնամուն մեր երկրի խաղաղ երկինքը վերջնականապես պարտադրելու մղումը առավել է ուժգնանում: Զորեղ ու հաստատուն է այն պետականությունը, որի պահապանները զինված են ազգի արժանապատվության բարձր գիտակցումով: Եվ այդ գիտակցումով ենք մենք կանգնած  Հայոց պետականության առաջնագծում:

Մա՛մ ջան, անհատը դառնում է զինվոր, եթե նրա մեջ հասունանում և ամբողջանում է նաև առաջադրված հրամաններն ու խնդիրներն անվերապահորեն կատարելու գիտակցումը: Ուստի, մա՛մ ջան, ես հիմա ավելի բարձր կոչում ունեմ, քան որդին է. ես հիմա Զինվոր եմ»:  Սա է իմ որդու՝ Եղնիկներում ծառայող Ալիկ Իխտիարյանի ամրակուռ ոգու դրսևորումը, տասնիննամյա հայորդու գիտակցումը:

…Ինձ՝ որպես հայ մոր, մնում է մեր զինվորների կյանքի համար աղոթք հյուսել՝ յուրաքանչյուրի հոգու ներսում անհուն հավատ և ուժ դնելով ու մայրական ջերմ սերս հաղորդելով…

 

ՀԱՅԱՐՓԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ք. Վայք