Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ



ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎՄեկնարկել է նոր ուսումնական տարին: Ռազմական կրթօջախներում եւս սկսվել է ուսումնական գործընթացը: ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեր զրույցի թեման ռազմակրթական ոլորտի ձեռքբերումներն են, առանցքային խնդիրներն ու  նպատակները:

 

-ՊՆ կադրային քաղաքականության հենքային խնդիրներից մեկն էլ բանակը ռազմական լիարժեք կրթությամբ կադրերով համալրելն է:

-Մեր բանակը կազմավորման առաջին իսկ օրից աշխատել է  բոլոր օղակի կադրերին սեփական ուժերով պատրաստել: Սա ճիշտ մոտեցում է, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք պատերազմի թոհուբոհում էինք, սկզբնական շրջանում մեր կադրերի նշանակումը հաճախ հարկադրաբար և հապճեպ էր, նորանշանակ կադրերը հիմնականում չունեին ռազմական համապատասխան կրթություն։

ԶՈւ կազմավորմանը զուգահեռ, ընդամենը մի քանի տարվա ընթացքում ձևավորվեց ՀՀ ռազմական բուհերի համակարգը: Այժմ արդեն գործում է սպաների պատրաստության եռաստիճան համակարգ: Առաջին մակարդակն ապահովում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը: Երկրորդ փուլը մագիստրատուրան է, իսկ երրորդ փուլում ռազմական կրթությունը ակադեմիական մակարդակի հասցնելու գործում իր կարեւոր դերակատարումն ունի ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ-Պարոն Հովհաննիսյան, կապված ժամանակի պահանջների, ռազմական ոլորտի նորարարությունների հետ, փոխվում են նաեւ առաջնահերթությունները,  մեր ազգային ռազմական կրթությունը որքանո՞վ է այսօր համադրելի միջազգային գիտակրթական զարգացումներին:

-Իհարկե, ժամանակն իրենն է թելադրում: Վերանայվում են ռուհերի ուսումնական ծրագրերը, կիրառվում է դասավանդման նոր մեթոդաբանություն, վերապատրաստվում է պրոֆեսորադասախոսական կազմը: Դրական դինամիկան ակնհայտ է, սակայն վերջնական, համաշխարհային չափորոշիչներին համահունչ լիարժեք կրթական համակարգ առայժմ չունենք: Որոշակի բացեր դեռեւս կան, ու մեր բոլոր ջանքերը միտված են կրթական ոլորտը արդի պահանջներին համապատասխանեցնելուն և մեր սեփական ռազմագիտական խորհուրդը ստեղծելուն. կընդլայնենք բազմաստիճան ռազմական կրթություն ապահովելու մեր հնարավորությունները՝ ստեղծելով ասպիրանտուրա: Մինչ այդ նման հնարավորություն չի եղել, մենք հետբուհական այդօրինակ կրթությունն իրականացրել ենք Ռուսաստանում:

Ես երազում եմ 21-րդ դարում ունենալ սպայի նոր կերպար, 21-րդ դարի չափորոշիչներին համապատասխան: Դա մեր աշխատանքի գլխավոր ուղղությունն է: Մեր սպան պետք է փայլուն իմանա Հայոց պատմությունը, համաշխարհային պատմությունը, ռազմագիտակ լինի, քաջատեղյակ աշխարհաքաղաքական զարգացումներին, տիրապետի լեզուների, որպեսզի կարողանա մեր երկիրը մշտապես բաց ճակատով ներկայացնել միջազգային ամենատարբեր հարթակներում՝ զորավարժություններ, խաղաղապահ առաքելություն…

-Սպայի լիարժեք կերպարի համար սոսկ մարտավարամասնագիտական գիտելիքներով օժտված լինելը, կարծում եմ, դեռեւս բավարար նախապայման չէ,  կարեւոր են նաև բարոյահոգեբանական, մարդկային որակները:

-Այո՛, լիովին համաձայն եմ. հումանիտար բլոկը, որ ամբողջ աշխարհում սպայական կրթության հիմքում է դրված՝ լինել մանկավարժ, հոգեբան, լիդեր, հռետոր, կարողանալ զորքը տանել իր հետևից՝ այս ամենը ռազմական կրթության ոլորտի հիմնասյուներից է: Ռազմական կրթօջախներում ուշադրության առանցքում է կուրսանտների հոգեբանական դաստիարակությունը։ Դասավանդվող մի շարք առարկաներ ուղղակիորեն միտված են կամային և հոգեբանական հատկանիշները զարգացնելուն: Վերջերս էլ ռազմաուսումնական հաստատությունների 4-րդ կուրսի կուրսանտների համար մեկնարկել է  «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի դասավանդումը:

ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ-Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Ազգային կենտրոնն առանձնացրել էր ռազմական բուհերի ե՛ւ դրական, ե՛ւ խնդրահարույց կողմերը։ Օրինակ՝ «Լավ է, որ բուհերը հագեցած են ռեսուրսներով, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, ունեն պրակտիկ ուղղվածություն, սակայն, խնդիր է, որ ռազմական բուհերը չունեն բավարար ինքնավարություն»։

– Բարձրագույն ռազմական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպումն ու ղեկավարումը ունի  իր յուրահատկությունը, քանի որ բուհական համակարգին բնորոշ կառուցվածքը մեկտեղված է զորամասային կարգավիճակից բխող պահանջներին, սակայն, հարկ է նշել, որ այս պահին կա պատմական շանս՝ օրենսդրական նոր նախաձեռնություն, որից պետք է բխեցնել մեր բոլոր պլանները. այս տարվա ընթացքում նախատեսվում է փոխել բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, որը բավականին մեծ հնարավորություններ է տալիս մեզ, մասնավորապես՝ ռուհերի ինքնավարության բարձրացման առումով: Մենք, առաջնորդվելով այս օրենքով, մշակելու ենք կրթության մասին նոր հայեցակարգ՝ նոր չափորոշիչներ դասախոսական կազմի ընտրության, նշանակման ասպարեզում, առաջադրվելու են նոր պահանջներ, ռուհերի բոլոր օղակներում խստացվելու են ընդունելության կանոնները…

Այս տարի մենք բավականին խիստ չափորոշիչներով կատարեցինք ռազմական ակադեմիայի ընդունելությունը:

-Ի դեպ, հետաքրքիր է, այս ուսումնական տարում ռազմական հաստատություններ դիմողների աճի միտում կա՞ր:

-Միանշանակ: Օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմողների թիվն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել էր:

-Պարոն Հովհաննիսյան, որոշ նեղ մասնագիտությունների գծով մենք օգտվում ենք նաեւ քաղաքացիական բուհական ռեսուրսից։

-Հայաստանի Հանրապետության բարձրագույն ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցությունն իրականացվում է ռազմակրթական եռաստիճան համակարգի ներդրման, գիտատեխնիկական նախագծերի մշակման, համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման նպատակով:

Առաջիկայում մենք նախատեսում ենք հուշագրեր ստորագրել Հայաստանի առաջատար բուհերի հետ, այս պահին հուշագիր ունենք Պետական համալսարանի և Ճարտարագիտական համալսարանի հետ, նախատեսում ենք հուշագրեր ստորագրել Գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտկոմի հետ:

…Զինվորական կադրերի վերապատրաստման և որակավորման տարատեսակ ծրագրեր ունենք: Դրանք հիմնականում կարճաժամկետ ծրագրեր են` կապված արհեստավարժ շարքային եւ սերժանտական կազմի, ԱԹՍ տեխնոլոգիաների, ՌԷՊ կառավարման, կապի ավտոմատացված համակարգերի մասնագետների պատրաստելու հետ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում գործում են 16 և 24-շաբաթյա հրամանատարական դասընթացներ՝ հատուկ վաշտի և գումարտակի հրամանատարական օղակի համար: Այս բուհում, ինչպես արդեն նշել եմ, ունենք ռազմական մագիստրատուրա՝ Մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետը. այն ֆակուլտետի ստատուս ունի՝ բայց առանձին մագիստրոսական ծրագրով: Մենք պլանավորել ենք նաև եկող տարի լիցենզիա ստանալ, այսինքն՝ ստանալ ԿԳՄՍ նախարարության համապատասխան թույլտվությունը, որ նմանատիպ մագիստրատուրա ունենանք նաեւ Դրաստամատ Կանայանի անվան պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում. ինքն իր կարգավիճակով կլինի ավելի բարձր, քան հրամանատարաշտաբային ֆակուլտետը: Այնտեղ էլ մեկնարկած դասընթացները փորձելու ենք դարձնել մագիստրոսական ծրագիր, և հենց այդ ծրագրով էլ հետագայում կունենանք երկու  պրոֆիլավորում՝ զինվորական և ռազմաքաղաքական, որպեսզի այլ գերատեսչությունների, մարզպետարանների, տարբեր կառույցների ներկայացուցիչները եւս հնարավորություն ունենան մեզ մոտ ուսանելու:

-Պաշտպանության նախարարությունը լուրջ աշխատանք է իրականացնում նաեւ միջազգային ռազմական համագործակցության բնագավառում, որի կարեւորագույն բաղկացուցիչներից է համագործակցությունը  ռազմակրթական ոլորտում:

-ՀՀ ՊՆ-ն լայնորեն համագործակցում է օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների հետ, համագործակցության աշխարհագրությունը բավական ընդգրկուն է՝ Ռուսաստան, Ղազախստան, Գերմանիա, Հունաստան, Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա…

Փոխայցելություններ են լինում, իրենց մասնագետներն են գալիս, մենք ենք գնում փորձի փոխանակման, որակավորվում տարատեսակ դասընթացներում, մագիստրոսական ծրագրերում, ուսումնասիրում նրանց առաջատար փորձը:

-Ուսումնական մեկնարկը տրված է: Պարոն Հովհաննիսյան, Ձեր մաղթանքը  հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրած մեր երիտասարդներին:

-Ցանկությունս, հորդորս մեկն է բոլոր ժամանակների ամենապատվելի մասնագիտությունն ընտրած երիտասարդներին. մշտապես կատարելագործեք ձեր գիտելիքները, ձգտեք ամեն գործում կատարելության: Դուք մեր ազգի սերուցքն եք, այն ընտրախավը, որին վաղը վստահվելու է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը: Պատվախնդրորեն եւ բաց ճակատով իրականացրեք ձեր առաքելությունը. դուք եք վաղվա իրավիճակը ճիշտ վերլուծողն ու գնահատողը, որոշում կայացնողը, առաջնորդը, հաղթողը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ,

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1357) 16.09.2020 - 22.09.2020, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


17/09/2020