Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԱԾ
ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԱԾ

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ ԶԻՆՎՈՐԱԳՐՎԱԾԶորամասում ուսումնական եռուզեռ է: Հրետանային ստորաբաժանումները կրակային պատրաստություն են անցնում: Լեյտենանտ Վարդանյանի հրամանով ժամկետային զինծառայողները բացազատում են հրետանային միջոցն ու զեկուցում հաջորդ քայլերին պատրաստ լինելու մասին: Ստորաբաժանման գործողությունները հստակ են, արագ ու ճշգրիտ, զինվորների բարձր մարտական ոգին ու պատրաստականությունն՝ ակնառու: Իսկ ինչպես հայտնի է՝ անմիջական ղեկավարի դերակատարումն այս դեպքում ամենանշանակալին է:

 

Ծառայությանն անմնացորդ նվիրված, աշխատասիրությամբ ու մասնագիտական հմտությամբ աչքի ընկնող լեյտենանտ Վարդան Վարդանյանը հրետանային դիվիզիոնի մարտկոցի ավագ սպա է: «Միշտ ընտրեք ամենաբարդ ճանապարհը. այդտեղ դուք չեք հանդիպի մրցակիցների». գեներալ, հետագայում նաև Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի խոսքերը որպես ուղենիշ ընտրած լեյտենանտը հրետանավորի իր մասնագիտությանը առանձնակի սիրով է կապված:

-Հենց սկզբից սիրահարվեցի հրետանուն,- ասում է:- Սա ինձ համար զուտ մասնագիտություն չէ. ես այնքան եմ կապված զինատեսակին, որ օր ու գիշեր իրար խառնած, հմայված ու տարված` փորձում եմ ավելի ու ավելի շատ բան իմանալ դրա հնարավորությունների մասին:

Բուհը աշխարհագրագետի մասնագիտությամբ ավարտելուց հետո Վարդանը ժամկետային զինծառայության է անցել ՀՀ զորամասերից մեկում և ծառայության ավարտին զինվորական կարգուկանոնը, համազգեստը այնքան հարազատ են դարձել նրան, որ այլևս իրեն այլ ասպարեզում չի պատկերացրել: 2018 թ. գերազանցությամբ ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի սպայական դասընթացներն ու զինվորագրվել հայրենի եզերքի՝ Սյունիքի պաշտպանությանը:

-Մեր երկրի ամենաքաղցր տեղանքից՝ Մեղրիից եմ: Անունն արդեն իսկ ամեն ինչ ասում է ծննդավայրիս մասին՝ մեղրի պես քաղցր ու թանկ է: Մեր փոքրիկ դրախտն է՝ միշտ տաք, միշտ հյուրասեր, ջերմ՝ թե՛ կլիմայով և  թե՛ մարդկանցով: Մեզ մոտ «խոպան» գնացող չկա: Եթե մեր դպրոցականին հարցնես` «խոպանն» ի՞նչ է, կասի` անմշակ հողն է: Բացի այդ, դեռ Վազգեն Սարգսյանն է ասել. «Մեղրին պարզապես տարածք չէ, այլ կարևոր նշանակության դարպաս»: Մեր հարավային սահմանները ամենայն պատասխանատվությամբ ենք պահում, իսկ ես՝ նաև առանձնահատուկ սիրով: Սյունիքն իմ տունն է, անառիկ բերդը…

Վարդանի մայրական պապի հայրը՝ Թադևոս Համբարձումյանը, Գարեգին Նժդեհի զինակիցն է եղել: Սյունիքի ինքնապաշտպանական մարտերում Նժդեհի հետ մասնակցել է կենաց-մահու կռիվներին: Երբ ավելի ուշ Նժդեհին հետապնդումների էին ենթարկում, որոնում էին՝ Սիբիր աքսորելու համար, պապական Կուրիս գյուղում հավատարիմ զինընկեր Թադևոսը նրան երկար ժամանակ պատսպարել է իր տանը: Մեղրիում ու շրջակա համայնքներում մինչև այժմ էլ, ահել թե ջահել, ճանաչում ու հիշում են Թադևոսին՝ իրենց հերոս պաշտպանին:

-Ուղնուծուծով զինվորական է եղել մեծ պապս՝ Թադևոսը,- պատմում է Վարդանը:- Հայրենիքն ազատագրելու համար մղվող կռիվը, պայքարը նրա առօրյա կյանքն էր: Մասամբ հենց նրա կերպարը, պայքարող տեսակն է ինձ ոգևորել զինվորական մասնագիտությունն ընտրելիս: Արյունը ջուր չի դառնում: Քեռիս շարունակեց մեր պապի գործը. ազգային բանակի ձևավորման հենց սկզբից զինվորագրվեց Արցախյան պատերազմին ու նրա ակտիվ մասնակիցը դարձավ: Քեռուս շնորհիվ զինվորական գործին ավելի մոտիկից ծանոթացա: Հատկապես պատերազմական տարիներից նրա պատմություններն այնպիսի հափշտակությամբ էի լսում, ասես ֆիլմ դիտեի: Մեկը մյուսի ետևից մարտական գործողությունների ու իրենց կիրառած զինվորական հնարքների զարմանահրաշ դրվագներ էր պատմում: Աներևակայելի գործողություններ են կատարել…

Ռազմական համալսարանի սպայական դասընթացները մասնագիտական կատարելագործման առումով Վարդանի համար չափազանց կարևոր էին: Գերազանցությամբ ավարտեց դասընթացները:

-Գիտե՞ք, եթե մարդ սովորել է ուզում, ձգտում ունի, ապա քնի, հանգստի հաշվին էլ կսովորի: Հիշում եմ, մեր խմբի տղաներով գիշերներ էինք լուսացնում. խնդիր էինք լուծում, հաշվարկներ անում:

Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի դասախոսական կազմում զորքերում ծառայած, փորձառու զինվորականներ են: Նրանցից ոչ միայն մասնագիտական գիտելիքներ էինք ստանում, այլև հրամանատար լինելու, առաջնորդության արվեստը, որ պակաս կարևոր չէ: Զինվորական գործն ընտրողի մեջ ձգտում պետք է լինի, եռանդ, գիտակցությունն այն բանի, թե հանուն ինչի է սովորում և, ամենակարևորը, որ պետք է գիտելիքը կարողանա առավելագույնս փոխանցել իրանից հետո եկողներին:

Շուրջ երկու տարի է, ինչ լեյտենանտ Վարդանյանն իր գիտելիքներն ու հմտություններն է փոխանցում զինվորներին:

-Ուզում եմ, որ թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական առումով և թե՛ կարգապահությամբ նրանք ինձ գերազանցեն: Այդպե՛ս պետք է լինի: Երբ զինվորներս նորմատիվով առաջադրանքներ են կատարում, նրանց երբեք չեմ ասում. սա «լավ» արդյունքն է, սա՝ «բավարար»: Ասում եմ՝ սա է «գերազանց» ցուցանիշը, դրանից ցածրը «անբավարար» է: Կամ էլ պետք է ձգտեն գերազանցել «գերազանցին»:

Հրետանին կոլեկտիվ աշխատանք է: Եթե ես բոլոր հաշվարկները ճշգրիտ անեմ, բայց  շղթայում մի օղակ, մի զինվոր թերություն թույլ տա, արկը սխալ ուղղությամբ կթռչի: Ուստի, անընդհատ պետք է ստուգել և հղկել անձնակազմի բոլոր գործողությունները՝ դրանց շղթան, կատարելության հասցնել բոլոր գործողությունները, որպեսզի անձնակազմի յուրաքանչյուր անդամ իր տեղում հստակ ու վստահ գործի:

Ուրախանում եմ, երբ հաջողվում է երկրի ամենատարբեր վայրերից, 18 տարի իրենց ընտանիքներում տարբեր դաստիարակություն ստացած զինվորներիս գիտակցության բարձր աստիճանի բերել: Իրենք էլ են սկսում սիրել այս գործը, տարվում են, պատասխանատվություն են զգում վերջնական  արդյունքի համար:

Երբ դաշտային պայմաններում պարապմունքներ ենք անցկացնում, ճաշի ժամին ասում եմ` «Լավ, տղանե՛ր, հացը բերեցին, ուտեք, հետո կշարունակենք», խնդրում են՝ «Պարո՛ն Վարդանյան, վերջացնենք, հետո, էլի»: Արևի, անձրևի տակ, գիշերներով են պարապում տղերքը: Ոչ մի տրտունջ չես լսի:

Վարդանին հարցրի, թե զինվոր-սպա հարաբերություններում ի՞նչն է ամենակարևորը, ինչպե՞ս է հաջողվում տարբեր ընտանիքներից եկած արդեն ձևավորված երիտասարդներին վերադաստիարակել:

-Չէ՞ որ ես էլ իրենց պես զինվոր, հրետանավոր եմ եղել ժամանակին. գիտեմ՝ զինվորն ինչպես է մտածում, ինչ խնդիրներ է ունենում, ինչն է նրան ոգևորում, թևեր տալիս: Գիտեմ գիտելիքն ավելի հեշտությամբ մատուցելու նրբությունները: Պահ է լինում՝ անգամ տանձ ու խնձորի օրինակով եմ բացատրում,- ժպտում է:- Եվ, իհարկե, հատկապես զինվորական գործում կարևոր ու հիմնական նախապայմանը, իմ համոզմամբ, անձնական օրինակն է: Դաստիարակության ամենագործուն մեթոդն է սա: Ասում եմ՝ սափրված պետք է լինել, ուրեմն՝ զինվորներս ինձ միշտ սափրված պետք է տեսնեն: Եթե ասում եմ՝ առավոտյան 6-ին «վերկաց» է, ուրեմն՝ ինքս 6-ից 10 պակաս պետք է արդեն ոտքի վրա լինեմ: Իսկ երբ ասում եմ, օրինակ՝ «Տղե՛րք, այս քարը պետք է բարձրացնենք», ամբողջ ստորաբաժանումն անմիջապես պատրաստակամ մոտենում է: Եթե պարզապես կանգնեմ ու հրամայական տոնով ասեմ. «Մարտկո՛ց, շարվի՛ր: Քարը պետք է տանել այսինչ տեղը», նրանց կեսը, հնարավոր է, մոտենա, բայց բոլորը պատրաստ չեն լինի կատարելու: Չեմ էլ հրամայում. ասում եմ. «Տղե՛րք, այս քարը պիտի բարձրացնենք», ու առաջինն եմ գործի կպչում, անմիջապես ամբողջ մարտկոցը շուրջս է հավաքվում. «Պարո՛ն լեյտենանտ, դու գնա, մենք կանենք»: Ասում եմ. «Չէ՛, տղերք ջան, միասին»: Շատ լավ գիտեն, որ ես իրենցից մեկն եմ, բայց և ստույգ գիտեն` իրենց հրամանատարն եմ:

-Իսկ Դուք ինչպիսի՞ զինվոր եք եղել:

-Ես ու դպրոցական ընկերս նույն հրետանային դիվիզիոնում էինք ծառայում: Մի օր մեր դիվիզիոնի շտաբի պետը անվանականչին ասաց. «Եթե այս պահին դիվիզիոնի բոլոր սպաներին ասեմ՝ մի կողմ կանգնեք, և Վարդանյանին ու Ավետիսյանին հանձնարարեմ, վստահ եմ, նրանք դիվիզիոնի կրակի կառավարումը հստակ ինքնուրույն կիրականացնեն»: Եվ, իրոք, 12 հրանոթի կրակն էլ կվարեինք: Իսկ ինչպե՞ս էինք հասել դրան: Երբ դասակիս հրամանատարը հաշվարկ էր անում, կանգնում էի կողքին ու հարցերի տարափ տեղում. «Ո՞նց եք հաշվարկներն անում: Սա ինչպե՞ս է, նա ո՞նց պետք է ճիշտ արվի»: Երբ մեր ստորաբաժանման զինվորներով առաջադրանք էինք ստանում, մյուսներին ասում էի. «Տղե՛րք, միևնույն է, պիտի անենք, եկեք արագ անենք, վերջացնենք: Ավելի լավ չի՞ էդպես, քան, եթե գան, նորից ասեն, շարեն, ամոթանք տան և այլն»: Ու համոզում էի: Դեռ այն ժամանակվանից հաջողում էի անձնակազմի կորիզը համախմբել:

-Այսօր էլ սահմանամերձ զորամասում եք ծառայում, Վարդա՛ն:- Թվում է` խաղաղ է սահմանը, կրակոցները այնքան հաճախակի չեն, որքան այլ տարածքներում:

-Նախ, ասեմ, որ սահմանի խաղաղությունը միշտ ու ամենուրեք շատ հարաբերական է: Չկա պակաս կամ ավելի վտանգավոր սահման: Իսկ այն սահմանը, որն անընդհատ գնդակոծվում է, մի առավելություն ունի. միշտ ձիգ է պահում զինվորականին: Ճիշտ է՝ այսօր այստեղ հանգիստ է, բայց բոլորս գիտենք՝ «թշնամին մնում է թշնամի»: Մարմանդ գետից պետք է զգուշանալ: Մարտական հերթապահություն կրելիս անձնակազմին ասում եմ. «Միշտ իմացե՛ք, որ խաղաղությունը մեր սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական է. իրավիճակը յուրաքանչյուր պահի կարող է կտրուկ փոխվել, և մեր ցանկացած թերացում մեր ու մեր թիկունքում խաղաղ քնած մարդկանց համար ճակատագրական կարող է լինել»: Այն սահմանը, որ հսկում ենք, շատ կարևոր է: Լռությունը խաբուսիկ է, այնպես որ, ամեն պահի պետք է կազմ ու պատրաստ լինենք: Ես միշտ պատկերացնում եմ, որ հակառակորդն արթուն կանգնած է, միշտ դիտարկում է, ստուգում է մեր զգոնությունը, մեր թույլ կետերը որոնում: Նույն տրամադրությունը անձնակազմին եմ հաղորդում, որ հասկանան իրենց գործի լրջությունն ու կարևորությունը: Եվ այդպես էլ կա: Հպարտանում եմ տղերքովս, շատ եմ հպարտանում, թե՛ մասնագիտական, թե՛ մարտական ոգու առումով: Լիովին վստահ եմ, որ իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր կարող են ճշգրիտ կատարել: Մեր հայրենիքի կարևոր դարպասն ենք պահում. պատասխանատվությունն ու զգոնությունը մեր գործի առաջնահերթություններն են:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ