Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
...ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԷԻ ԿԱՐՈՂ
…ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԷԻ ԿԱՐՈՂ

...ԱՎԵԼԻ ԼԱՎ ՉԷԻ ԿԱՐՈՂԶրույց բանաստեղծ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ հետ

 

-Պարոն Էդոյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ, եղեք առողջ, երջանիկ, լի պայծառ հույզերով ու նոր բանաստեղծություններ գրեք արվեստասեր ընթերցողի համար:

Ես ուզում եմ զրույցն սկսենք ոչ թե պոեզիայից, այլ մեր իրականությունը մերթ ընդ մերթ ցնցող պատերազմ բառից: Արցախյան պատերազմ, ապրիլյան, տավուշյան:

 

-Ցանկացած պատերազմ՝ հաղթած թե պարտված, բերում է հոգեկան տրանսի, ծնվում է ներքին դատարկության անխուսափելի ախտանիշը։ Այդ են վկայում պատմությունը, գրականությունը։ Հիշենք Հեմինգուեյին. նրա հերոսը պատերազմած սերնդին անվանում է կորած սերունդ, քանի որ նրանք այլեւս չեն կարողանում մերվել խաղաղ ժամանակներին, չեն գտնում իրենց տեղը, իրենց տարածքը։ Նրանք զոհաբերված սերունդ են, անկախ նրանից՝ զոհվե՞լ են պատերազմում, թե ողջ են։ Ոչ մի պատերազմ հոգեբանական վերելքի խթան չի դառնում՝ որքան էլ զոհերը իմաստավոր ու արդարացված լինեն։

 

-Այո՛, Ձեր խոսքը մեծ պատերազմների մասին է:

 

-Իմ սերունդը նույնպես պատերազմի սերունդ է։ Մենք մեծացանք սովի ու կարիքի մեջ, հասարակ խաղալիքի կարոտ։ Անասելի շատ բան չունեցանք, շատ բանից զրկվեցինք։ Բայց մեր հոգում չմեռավ ճշմարիտ արժեքների հանդեպ ձգտումը, բացը չլցվեց ցինիզմով, նյութապաշտությամբ ու խոտոր գաղափարներով։ Ես չեմ ուզում ընդհանրացումներ անել։ Երիտասարդ սերնդի մեջ շատ կան հրաշալի մարդիկ, գրագետ, հարուստ հուզաշխարհով, վեհ գաղափարների դավանող, բայց խոտանն աններելիորեն շատ է։

 

-Մեկ պոետը, նույնիսկ մեկ բանաստեղծությունը կարող են մի ամբողջ սերունդ դաստիարակել, ձևավորել նրա ներքին մշակույթը, զգացմունքային աշխարհի գույները, ապրումներն ու ձգտումները:

 

-Նրանք, ում իրավունք ենք վերապահել սահմանելու լավի ու վատի չափանիշները, պիտի, իրոք, արժանավոր լինեն, որպեսզի մրցանակներ չշնորհվեն անասնական բնազդները գովերգողներին։ Ես կարող էի չխոսել այս մասին, բայց երիտասարդները՝ ազատության ձգտող, հախուռն, տպավորվող, հրապուրվում են հենց այդպիսի գործերով՝ շփոթելով ցինիզմն ազատության հետ։ Մարդիկ, ովքեր վաղվա զինվորներն են, ովքեր պիտի կարողանան սիրել, նվիրվել, պայքարել, վեհ գաղափարների, բարձր արժեքների կարիք ունեն։ Մարդուց հանիր սերը, ու նա անասուն կդառնա։ Մարդկային փոխհարաբերությունների առանցքը սերն է, մնացածը դրա շուրջն է պտտվում։ Առանց սիրո ամեն ինչ կկործանվի, կոչնչանա։

…Գրել սովորում են այն ժամանակ, երբ յուրացնում են գրականության ոգին։ Գրիչ վերցնելու համար մարդը պետք է վաստակի դրա բարոյական իրավունքը, պետք է ծանոթ լինի համաշխարհային մշակույթին՝ գրականությանը, երաժշտությանը, նկարչությանը։ Այսօր գրում են առանց կարդալու։ Ամերիկյան գրաշուկան ողողված է ինտիմ գրականությամբ, սակայն Ամերիկան աշխարհին ներկայանում է Աբդեյքով, Սելինջերով, Սարոյանով, Քոլդուելով, Ֆոլքներով… Պետության, մշակույթով զբաղվող պաշտոնյաների խնդիրն է՝ զանազանել խոտանը գրականությունից, հովանավորել բարձրարվեստ գործերը, քարոզել, հասցնել ընթերցողին։

 

-Անձրեւն այս ծանոթ է ինձ,

Մենք արտասվել ենք իրար հետ մի անգամ

աշնանը…

Այս տողերը Ձեր բանաստեղծությունից են։ Ես սա կարդացել եմ, երբ դպրոցական էի։ Այնքան էի տպավորվել, որ հեքիաթ հորինեցի վիրավորված անձրեւի ու նրան կարեկցող աղջկա մասին։

 

-Երեխայի երեւակայությունն անսպառ է, նրա հոգին բաց է աշխարհի առաջ, ու մեծերը չեն էլ պատկերացնի, թե ինչպես մի պատկերը, հնչյունը, գույնը կարող են հույզերի ու ապրումների ակունք բացել երեխայի հոգում, արթնացնել բարություն, սեր, կարեկցանք։ Եվ, ընդհակառակը, դաժանությունը, բռնությունը, նյութապաշտությունը, քաղքենիությունը, ցածր, ստոր գաղափարները կարող են ավերել նրա հոգու կառույցը։

 

-Պարոն Էդոյան, քանի որ զրույցը եկավ-հանգեց մանկությանը, եկեք խոսենք Ձեր արմատներից: Ձեր պապերի ծննդավայր Ղարսում շա՞տ էին Էդոյանները, ես երբեք այդ ազգանվանը չեմ հանդիպել։

 

-Աշխարհում մի Էդոյան կա՝ ես եմ։ Ղարսի Ագրակ գյուղում ապրած իմ նախնիները մեծ պապիս՝ Եդվարդի անունով կոչվել են Եդոյաններ։ Եդվարդը նույն Էդվարդն է, սակայն Ղարսի կողմերում դարձել է Եդվարդ, այդ ձեւով էլ հանդիպում ենք գրականության մեջ։ Հայրս, քույրերս ու եղբայրս Եդոյան են, իմ փաստաթղթերում սխալմամբ Եդոյանի փոխարեն գրել են Էդոյան, այդպես էլ մնացել է։ Ժամանակին Եդվարդ պապիս պարգեւատրել են Գեորգիեւյան խաչով Ռուս-թուրքական պատերազմում Լոռիս-Մելիքովին օգնելու համար։ Հայրս Ղարսում է ծնվել, գաղթել է 23-25 տարեկանում։ Նա այնքան մանրամասն ու պատկերավոր էր նկարագրում իր ծննդավայրը, որ առանց տեսնելու կարող եմ կողմնորոշվել այդ վայրերում։ Մայրս էրզրումցի էր, Խաչատուրյան հայտնի տոհմից։ Խելացի, մտածող, զգայուն կին էր։ Բանաստեղծ ընկերներս սիրում էին զրուցել նրա հետ, բանաստեղծություններ էին նվիրում, այդպես էլ գրում էին՝ Ատլասին (այդ անունը հանդիպում էր Էրզրումում)։ Էրզրումի Ջրասուն գյուղում, ուր ծնվել էր մայրս, կաթոլիկ հայեր էին ապրում։ Լավի, գեղեցիկի, բարոյականի մասին իմ առաջին պատկերացումները ձեւավորվել են մորս զրույցներից։ Մայրս անցել էր ջարդի սարսափներով, նրա բազմանդամ ընտանիքից մի քանի հոգի էին փրկվել։ Ասկյարները հայերի մի մեծ խմբի շարել էին պատի տակ, որ գնդակահարեն։ Նրանցից մեկը ճանաչել էր պապիս։ Հիշել էր, որ մանկության տարիներին պապս միշտ օգնել է իրենց աղքատ ընտանիքին։ Ասկյարը չոքել էր հրամանատարի առաջ, խնդրել էր խնայել մեր ընտանիքին, ասել էր՝ ես նրանց հացով եմ մեծացել։ Թուրք հրամանատարը մի պահ մտածել էր ու ասել՝ ձեր կյանքը բաշխում եմ…

 

-Ինչո՞վ է առանձնահատուկ մանկության տարիների դաստիարակությունը, ինչո՞ւ են հոգեբանները, մանկավարժներն այդքան կարեւորում մանկության տպավորությունները, ապրումները։

 

-Մի կին Սոկրատին ասում է՝ երեխաս 40 օրական է, կարելի՞ է այս տարիքից դաստիարակել նրան, փիլիսոփան պատասխանում է՝ դուք 40 օր ուշացել եք։ Երեխան, ի տարբերություն մեծերի, շատ ընկալունակ է, տպավորվող, ու անգամ ամենաչնչին թրթիռը, զգացողությունն անարձագանք չեն մնում նրա հոգում։ Շառլ Բոդլերի բնութագրմամբ՝ տաղանդը նորից գտնված մանկությունն է։ Յուրաքանչյուր երեխա աշխարհն ընկալում է ամբողջական, նրան խորթ են շինծու պայմանականությունները։ Նրա համար չկա լավ ու վատ, գեղեցիկ ու տգեղ, նա աշխարհին նայում է ամբողջական, անշահախնդիր, առանց ինչ-որ բան ստանալու ակնկալիքի։ Աշխարհը խաղ է նրա համար։ Ճշմարիտ արվեստագետներն արարման պահերին երեխա են դառնում: Արվեստը տարրալուծում է մարդու էությունը, փորձում դետալ-դետալ հասկանալ նրան, ինչպես երեխան է քանդում խաղալիքը՝ հասկանալու համար դրա կառուցվածքը։ Արվեստի հիմքը ինքնաճանաչողությունն է ու կատարյալի անվերջ փնտրտուքը։ Արվեստը գծում է մի պատկեր, որին ձգտում է մարդը։ Այդ պատկերը պիտի երեխային եւս տեսանելի դարձնես:

 

-Պարոն Էդոյան, եկեք անդրադառնանք Ձեր անցած ստեղծագործական ճանապարհին եւ գրական ժառանգությանը։

 

-Գրել սկսել եմ դպրոցից։ Բարձր դասարաններում արդեն որոշված էր, որ պետք է բանասեր դառնամ։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեցի։ Բանակն իմ կենսագրության մեջ թողեց երեք անմոռանալի տարիներ։ Քանի որ մեր զրույցն առաջին հերթին բանակայինների համար է, անհրաժեշտություն կա, որ քիչ ավելի մանրամասն անդրադառնամ այդ տարիներին ու խոսեմ մի քանի կարեւոր հարցերից։

Մեր զորամասում երկաթյա կարգապահություն էր։ Ռեժիմն ու պատիժները բոլորի համար էին հավասարապես։ Հիմա մտածում եմ, որ հենց այդ հավասարությունն ու արդարությունն էին մեզ ուժ տալիս։ Ես երբեմն պատժվել եմ, նույնիսկ հաուպվախտում եմ եղել։ Բայց պատիժը եղել է արդարացի։ Մենք մեզ որպես զինվոր պաշտպանված էինք զգում, գիտեինք, որ ոչ մի սպա չի հանդգնի սահմանափակել մեր օրինական իրավունքները, ձեռք չի բարձրացնի մեզ վրա, չի վիրավորի մեր տղամարդկային արժանապատվությունը։ Զինվորի ուժը նրա ոգու մեջ է։ Զինվորի ոգին այն շաղախն է, որ ապահովում է սահմանների ամրությունը։ Հողը ինքնին չի կարող հայրենիք լինել զինվորի համար, հողը հայրենիք է դառնում զինվորի սիրուց, ու հենց այդ սիրո մեջ է զինվորի ուժը, հայրենիքի ուժը։ Մեզ գաղափարի զինվորներ են պետք, գաղափարին զինվորագրված մարդիկ, որոնք գիտեն հանուն ինչի են իրենց զոհաբերություններն ու զրկանքները։

Ես բանակից վերադարձա կազմակերպված, հասուն, հավասարակշիռ ու հաստատակամ։ Հետո ընդունվեցի Երեւանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետ, սովորեցի նաեւ Մոսկվայի Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, ուր եւ պաշտպանեցի դոկտորական ատենախոսությունը։ Ինչ վերաբերում է իմ գրական ժառանգությանը, այն ամփոփված է 24 գրքերիս մեջ:

 

-Որպես մտավորական՝ ինչպե՞ս կբնութագրեք հայոց ազգային գաղափարախոսության միտումները անկախությունից ի վեր։

 

-Պետությունն ու հասարակությունը հենվում են երեք սյուների վրա՝ տնտեսություն, մշակույթ եւ իրավունք։ Սրանք փոխկապակցված որակներ են։ Մշակույթ չունեցող երկիրը չի կարող տնտեսություն զարգացնել։ Թույլ տնտեսությամբ երկիրը չի կարող ունենալ բարձր մշակույթ։ Իրավազուրկ երկրում ո՛չ տնտեսություն է զարգանում, ո՛չ մշակույթ, իսկ առանց զարգացած տնտեսության ու մշակույթի իրավական նորմերը չեն գործում։ Մշակույթը մտքի արգասիք է։ Ազգային գաղափարախոսության ամենասերտ առնչությունը մշակույթի հետ է: Ե՛վ տնտեսությունը, ե՛ւ իրավունքը վերջին հաշվով ծառայում են հասարակական մշակույթի առաջընթացին։ Այս օրինաչափությունը պետք է չխախտվի։ Եթե տնտեսությունը զարգանում է, եւ դա չի ազդում մտավոր դաշտի վրա, ապա ակնհայտորեն խախտված է ներքին հավասարակշռությունը, եւ լուրջ խաթարումներ կան արժեքային համակարգում։ Չի կարելի փողը դարձնել արժեք եւ նպատակ, փող աշխատել՝ շահագործելով ու ոտնահարելով իրական արժեքները, հարստություն դիզել՝ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Մեզ մտածող անհատներ եւ մտքի արգասիքը գնահատող հասարակություն է պետք։ Փողը չի կարող ազատագրել մարդու հոգին։ Ներքին ազատությունը պայմանավորված է մտավոր զարգացմամբ։ Իր պոետներին գնդակահարող երկիրն ու հասարակությունը ի վերջո ենթակա են կործանման։ Չարենցին սպանող երկիրը պիտի վերանար, Գարսիա Լորկային սպանող երկիրը պիտի կործանվեր, Պետրոս Դուրյանին սպանող հասարակությունը դատապարտված էր ինքնասպանության։

 

-Պարոն Էդոյան, որեւէ խորհուրդ ունե՞ք սահմանին կանգնած զինվորին։

 

-Թող իր գործն անի այնպես, որ խիղճը հանգիստ ասի՝ ավելի լավ չէի կարող։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ