Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՄՔ, ՈՒԺ, ԱՐԻՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄՔ, ՈՒԺ, ԱՐԻՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 5-ին` Հետախույզի օրը, զորատեսակի մասնագիտական տոնի կապակցությամբ պաշտպանության նախարարությունում անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներ, բազմաթիվ հյուրեր: Սկզբում հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները նախարարին և բոլոր հյուրերին ներկայացրին հետախույզների զինանոցում առկա զենքերը` միջին և մեծ հեռահարության դիպուկահար հրացաններ, տարատեսակ սառը զենք և այլն, ապա նաև` օգտագործվող հանդերձանքը, կապի և դիտարկման մասնագիտական միջոցները, հետախուզական և հատուկ նշանակության խմբերի արագ տեղաշարժման համար նախատեսված բարձր անցանելիության տրանսպորտային միջոցները: Ցուցադրվեցին նաև հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ վայրի կենդանիներ որսալու, թակարդներ պատրաստելու բազմաթիվ եղանակներ, ինչպես նաեւ տարբեր իրավիճակներում ու պայմաններում կրակ վառելու ձևերը: Զուգահեռաբար մի խումբ զինծառայողներ ներկայացրին որոշ միջոցների կիրառմամբ խնդիրներ կատարելու, հակառակորդին վնասազերծելու իրենց գործնական կարողությունները, իսկ տարածքում դիրքավորված դիպուկահարների զույգը և դիտարկման խումբը «հայտնաբերվեցին» միայն հրամանատարի հրամանով:

Քիչ անց պաշտպանության նախարարության վարչական համալիրի շարահրապարակում հետախուզական ստորաբաժանումներն արդեն շարվել էին հանդիսավոր տողանի: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նա, մասնավորապես, ասաց.

-Այս տարի ամբողջ հայությունը նշեց մեր հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությունների գագաթնակետը Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսն էր, որին մասնակցեցին նաև հետախուզական ստորաբաժանումները` ցուցադրելով դեռ Արցախյան պատերազմի տարիներին սկիզբ առած հայկական ռազմական հետախուզության ներկա զարգացման ներուժն ու հետագա աճի միտումները: Արցախյան պատերազմին մասնակցել են մեր շատ հետախույզներ, գործել հակառակորդի թիկունքում: Նրանք վերահաստատել են այն հայտնի ճշմարտությունը, որ յուրաքանչյուր բանակի հզորությունն ու մարտունակությունը ապահովում է նաև գրագետ ռազմական հետախուզությունը, քանի որ միայն այն բանակներն են ունեցել հաղթանակներ, որոնք ունեցել են հետախուզության հայթայթած հստակ տեղեկություններ և դրանց հիման վրա ընդունել են ճիշտ որոշումներ: Այսօր էլ մենք պնդում ենք` թույլ չենք տա հակառակորդի որևէ անակնկալ ոտնձգություն ՀՀ զինված ուժերի, ռազմաքաղաքական ղեկավարության, բնակչության դեմ:

Հատուկ նշանակության բրիգադի ժամկետային զինծառայող սերժանտ Վոլոդյա Մխիթարյանն ասաց.

-Թույլ տվեք շնորհավորել զորատեսակի իմ զինակից ընկերներին, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, իսկական հետախույզին բնորոշ համբերատարություն և ողջախոհություն, խաղաղ և անփորձանք ծառայություն: Դեռևս մինչև զորակոչվելը շատ էի լսել հատուկ նշանակության զորքերի մասին, նրանց մասին, ովքեր ծառայել էին հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Մի տեսակ անբացատրելի նախանձով էի նայում նրանց, ովքեր, դժվարին փորձությունները հաղթահարում էին արժանապատվորեն ու իսկական տղամարդու գիտակցումով: Ստացվեց այնպես, որ ես էլ հայտնվեցի հատուկ նշանակության բրիգադում: Հետզհետե ընդգրկվելով զինվորական կոլեկտիվում` հաղթահարեցի բոլոր դժվարությունները, համոզվեցի, որ բրիգադի բարձր համբավը պայմանավորված է սպայակազմի բարձր պատրաստվածությամբ, փոխըմբռնման բարձր որակներով: Անձնակազմի բոլոր անդամներն աշխատում են կատարելագործվել, ցույց տալ առավել բարձր արդյունքներ, դառնալ իսկական հետախույզ, իրենց ներդրումն ունենալ մեր անկախ պետության զարգացման և պաշտպանության ամրապնդման գործում:

Ելույթ ունեցավ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը.

-Թույլ տվեք բոլորիս շնորհավորել այս հանդիսավոր օրվա կապակցությամբ: Հետախույզի օրը նշվում է ոչ միայն այստեղ, այլև զինված ուժերի բոլոր զորամիավորումներում և զորամասերում: Դա խոսում է այն մասին, որ բանակի հրամանատարական կազմը որքան է կարևորում հետախույզի հետաքրքիր ու վտանգավոր մասնագիտությունը: Հետախուզական ստորաբաժանումները հայկական բանակում փառապանծ ճանապարհ են անցել, այսօր կարելի է փաստել, որ մյուս բոլոր ստորաբաժանումները կազմավորվել և գործել են հետախուզության առանձնահատկություններից և սկզբունքներից ելնելով, և դա է պատճառը, որ Հայաստանի զինված ուժերում հետախույզները միշտ եղել են առաջապահներ, ինչպես ընդունված է ասել` եղել են մեր բոլորի աչքերն ու ականջները: Առանց հետախուզական խնդիրներ կատարելու մենք ի վիճակի չենք հասնելու հաջողությունների: Կարծում եմ, որ մեր հետախույզները թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ այսօր իրենց առջև դրված խնդիրները բավական բարձր մակարդակով են կատարում: Նրանց միջանձնային հարաբերություններում առաջնային են փոխադարձ հարգանքն ու վստահությունը, դժվարագույն պայմաններում հրամանատարը ենթակային, ենթական հրամանատարին միշտ օգնելու պատրաստակամությունը. հետախույզները խնդիրներ են կատարում՝ գտնվելով վտանգավոր պայմաններում:

Մենք ունենք բազմաթիվ մարտական ընկերներ, հրամանատարներ, նաև ազատամարտիկներ, որոնք անձնուրաց, նվիրված ծառայությունից հետո այսօր էլ շարունակում են իրենց գործը պատվով կատարել: Հետախույզին միշտ էլ բնորոշ են եղել մասնագիտական բարձր պատրաստվածությունը, նվիրվածությունը հայրենիքին, ցանկացած պայմաններում, ցանկացած ճանապարհով մարտական և առօրյա խնդիրների իրականացումը: Իզուր չէ, որ հատուկ նշանակության ուժերի համար խնդիրների կատարման ընթացքում խոչընդոտներ և սահմաններ չկան: Հետախուզական ստորաբաժանումները օգնում են մարտական հերթապահություն իրականացնող համազորային զորամասերին, ավելին, նրանց կողմից բազմիցս հայտնաբերվել և չեզոքացվել են հակառակորդի կազմակերպված դիվերսիոն հետախուզական գործողությունները:

Ջերմորեն շնորհավորում եմ հայոց բանակի բոլոր հետախույզներին մասնագիտական տոնի կապակցությամբ և ցանկանում առաջին հերթին քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և հաջողություններ մեր այս սրբազան և բարձր գնահատանքի արժանի ծառայության մեջ:

Քիչ անց հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրեցին իրենց մասնագիտական ունակությունները: Մի քանի խմբեր հաջորդաբար գրավեցին պայմանական հակառակորդի զբաղեցրած շինությունները` նախապես վնասազերծելով ժամապահներին: Կրակոցներ, պայթյուններ, ձեռնամարտ` նախարարության տարածքը իսկական մարտադաշտի էր վերածվել: Մի-8 ուղղաթիռով դեսանտ իջեցվեց նախանշված վայրում: Խումբը շրջանաձև պաշտպանություն բռնեց, ապա դուրս եկավ առաջադրանքի կատարման շրջան, գրավեց հակառակորդի փոքր ռազմակայանը` նպատակ ունենալով գերիներ և փաստաթղթեր ձեռք բերել: Այնուհետև հետապնդումից խուսափելու համար ականապատվեց տարածքը, ծխաքողարկում կատարելով` խումբը հեռացավ գործողության շրջանից: Ամենագնաց մեքենաներից իջած խմբերը դարանակալում, ապա ոչնչացնում են հակառակորդի բեռնատարը իր անձնակազմով: Նրանց գործողություններին աջակցում են շենքերից մեկի տանիքին ամրացած հետախույզները:

Կարճ ժամանակում այս և մի քանի այլ խնդիրներ կատարվում են հստակ և անվրեպ: Ապա զինծառայողները ցուցադրում են ձեռնամարտ, տարբեր զենքերի տիրապետելու իրենց կարողությունը, ինչպես նաև` ֆիզիկական և հոգեբանական բարձր պատրաստություն: Վերջում բոլորը միաբերան ձայնարկում են ռազմական հետախույզների նշանաբանը` «Ուժ, կամք, արիություն»: Նշանաբան, որ վերացնում է հնարավորի ու անհնարինի սահմանները, օգնում է իրագործել ցանկացած բարդ խնդիր: Ու թեև նրանք բոլորը գիտեն, որ իրենց` անտեսանելի ճակատի մարտիկների մասին դեռ երկար ոչ ոք չի լսի, ոչ ոք չի իմանա իրենց կատարած գործերի մասին, սակայն կարևորը մեր երկրի սահմանների անվտանգությունն է:

Հատկանշական է, որ զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների հետ մեկտեղ ելույթներ էին ունենում «Փոքր Մհեր» կրթահամալիրի, ռազմականացված մարտարվեստների ֆեդերացիաների պատանիներ և աղջիկներ: Նրանք իրենց հրաշալի ելույթներով կարծես փաստում էին, որ ռազմական հետախուզությունը մեր պետությունում, ի դեմս իրենց, իր արժանի հերթափոխն ունի:

Միջոցառման ավարտին բնագավառի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին մեդալներով, խրախուսվեցին պատվոգրերով: Չանտեսվեցին նաև հանրապետության ռազմական հետախուզության կայացման ակունքներում կանգնածները. պահեստազորի գնդապետ Իվան Ղուկասովը պարգևատրվեց «Ռազմական հետախուզության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր