Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Զորամասը կախարդական տպավորություն էր թողել երեխաների վրա: Ճիշտն ասած` ինձ վրա էլ, քանի որ ես էլ էի առաջին անգամ զորամաս մտնում: Սկզբում երեխաները միայն լուռ նայում էին, հետո, երբ մի քիչ ընտելացան, աշխուժացան, սկսեցին ամեն ինչի ձեռք տալ: Նրանց համար բացառապես ամեն ինչ անծանոթ, խորհրդավոր էր, ասես հայտնվել էին ուրիշ մոլորակում: Զարմացած նայում էին զորամասի սպիտակեցրած պատերին, ասֆալտի վրայի գծերին, նշաններին, ներկված մայթեզրերին… Սակայն, իմ կարծիքով, նրանց շատ ավելի հետաքրքրեց զորանոցը, այնտեղ, որտեղ ապրում, քնում են զինվորները: Անհամբեր շոշափում էին մահճակալները, ծածկոցները, պահարանիկները: Իսկ հարցերին վերջ չկար.

-Բոլորը միասին այս դահլիճո՞ւմ են քնում:

-Բա եթե մեկի քունը չի տանո՞ւմ…

Բարեբախտաբար, ես մենակ չէի, մեր դպրոցի զինղեկ պարոն Ս. Ղազարյանից բացի, մեզ զորամասում ուղեկցում էին հրամանատարները: Նրանք համբերատարությամբ ու սիրով պատասխանում էին աշակերտների նույնիսկ ամենածիծաղելի հարցերին: Երեխաների ոգեւորությունը գագաթնակետին հասավ զինվորական ճաշարանում: Ամանների, պատառաքաղների չխկչխկոցը, երեխաների աշխույժ աղմուկը աշխարհը բռնել էր: Բայց ինձ թվաց` պակաս ուրախ չէին սպաներն ու զինվորները. երեխաները խինդով ու ծիծաղով էին լցրել նրանց դժվարին ու պատասխանատու օրը:

Միակ տեղը, որ երեխաներին ստիպեց լռել, զինանոցն էր: Այդքան զենք, այն էլ իսկական, նրանք չէին տեսել: Զգուշորեն, նույնիսկ մի քիչ երկյուղած եւ շշուկով էին արդեն խոսում: Չէին համարձակվում մոտենալ, ձեռք տալ, թեեւ դպրոցի զինդասարանում այդ ինքնաձիգները շատ անգամ էին քանդել-հավաքել: Բայց այստեղ իսկական զենք էր եւ իսկական մարտական զորամաս, ոչ թե դաս ու դպրոց:

Երեխաների ակնհայտ կաշկանդվածությունը քիչ մեղմացավ միայն այն ժամանակ, երբ գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Այվազյանը հասկանալի ու պարզ լեզվով ներկայացրեց զենքերը, տվեց նրանց բնութագիրը: Ես ուշադիր նայում էի երեխաներին ու զարմանում, թե ինչպես են նրանք բառիս ուղղակի իմաստով կլանում հրամանատարի ամեն խոսքն ու արտահայտությունը: Դպրոցականների կաշկանդվածությունը իսպառ վերացավ, երբ հրամանատարն ասաց, որ այդ զենքերը, այո՛, ահարկու, բայց ծառայում են մեր ժողովրդին, պաշտպանում են թշնամուց եւ բոլոր նրանցից, ովքեր կհամարձակվեն խախտել մեր սահմանը, նվաճել մեր երկիրը, ստրկացնել մեզ, եւ քանի այդ զենքերը կան, նրանք կարող են հանգիստ դասի գնալ, սովորել, կրթություն ստանալ, քնել-արթնանալ, հիանալ բնության գեղեցկություններով, սիրել ծնողներին, հարազատներին, խաղալ, ծիծաղել ու ուրախանալ եւ հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ: Հրամանատարի այս ջերմ ու անկեղծ խոսքերը հալեցրին երեխաների սրտերը: Նրանք արդեն սիրով ու անթաքույց հպարտությամբ էին այդ զենքերին նայում: Եվ նրանց փակ լեզուն բացվեց.

-Պարոն հրամանատար, այսպիսի զենքեր շա՞տ ունենք:

-Շա՜տ,- ծիծաղելով պատասխանեց սպան:

-Մյուս զորամասերո՞ւմ էլ այսպիսի զենքեր կան:

-Գուցե նույնիսկ ավելի շատ,- ժպտաց սպան:

Տղաներից ամենից անհանգիստը` Ժակը, հարցրեց.

-Պարոն հրամանատար, երբ ես մեծանամ ու զինվոր դառնամ, ի՞նձ էլ այս զենքերից կտան…

-Իհարկե, կտան,- ասաց մայորը,- բայց մինչեւ քո մեծանալը, այս զենքերը կփոխվեն, ավելի կկատարելագործվեն, ավելի կհզորանան: Այնպես որ, դու շատ ավելի լավ զինված, ավելի ուժեղ ու քաջ զինվոր ես դառնալու:

-Հուռա՜,- ուրախ բացականչեցին երեխաներն ու ծափահարեցին:

Երբ «հուռաները» լռեցին, աղջիկներից Իրինան խռովկան ձայնով ասաց.

-Բա մե՞նք…

Ես արդեն չլսեցի, թե ինչ պատասխանեց հրամանատարը Իրինային, իմ միտքն արդեն ուրիշ տեղ էր: Ուրեմն` զորամաս մեր այցելությունը ավելի քան տեղին էր, մենք հասել էինք մեր հիմնական նպատակին, այն է` սեր արթնացնել բանակի, հայրենիքի պաշտպանի նկատմամբ, հայրենասիրության դասեր տալ ու հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակել մեր երեխաներին: Նրանց ոգեւորությունը, նրանց «Հուռա՜» բացականչությունը միայն մի բան էր նշանակում. զորամասում իրենց զգում են հարազատ միջավայրում, հարազատ մարդկանցով շրջապատված եւ հպարտ են հզոր, պաշտպանված հայրենիք ունենալու եւ այդ հայրենիքում ապրելու համար:

Երբ արդեն հրաժեշտ էինք տալիս զինվորներին ու զորամասին, ես, որպես դասղեկ ու նաեւ մայր, շնորհակալական անկեղծ խոսքեր ասացի հրամանատարին. «Դուք օգնեցիք մեր երեխաներին, որ ավելի լավ ճանաչեն իրենց հայրենիքը, ավելի շատ սիրեն իրենց հայրենիքը, գնահատեն հայրենիքի պաշտպանին ու սիրեն նրան: Դուք այսօր հայրենասիրության անմոռաց դաս տվեցիք մատաղ սերնդին»:

Ես ուզում եմ շնորհակալական անկեղծ խոսքեր ասել բոլոր նրանց, ովքեր մեզ պարգեւեցին մեկ օր զորամասում զինվորի կողքին լինելու հիրավի անմոռանալի տոնը` զորամասի հրամանատար գնդապետ Ս. Խաչատրյանին, մեր դպրոցի տնօրեն տիկին Նարինե Ադամյանին եւ, իհարկե, դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Սերգեյ Կարախանյանին:

Մեր դպրոցում, շնորհիվ տնօրենի եւ զինղեկի, ամուր հիմքերի վրա է աշակերտների զինվորական դաստիարակության գործը` վկան մեր ռազմագիտության դասարանը, որն իր զբաղեցրած տարածքով ու հագեցվածությամբ լավագույններից մեկն է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում:

ԱՆԱՀԻՏ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ
«Արգենտինյան հանրապետություն»
թիվ 76 դպրոցի ուսուցչուհի

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Բանակ և հասարակություն


16/11/2011