Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՐԵՑԻ ԴԵՊԻ ԻՄ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ...»
«ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՐԵՑԻ ԴԵՊԻ ԻՄ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ…»

«ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՆ ԱՐԵՑԻ ԴԵՊԻ ԻՄ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ...»Տոնական եռուզեռ ու մեծ ոգևորություն էր տիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Խրոխտ կեցվածքով ու զինվորական կանոնակարգվածությամբ բուհի նորեկները սպասում էին զինվորական երդում տալու իրենց հերթին… Հուզմունք և անհանգստություն կար նրանցից յուրաքանչյուրի աչքերում։ Հավանաբար շատերը շարահրապարակից հեռու, դարպասներից այն կողմ փնտրում էին իրենց որոնող հարազատ հայացքներ ու սրտի խորքում ցավում, որ ծնողներն ականատես չեն լինելու իրենց կյանքի, թերևս, ամենակարևոր իրադարձությանը…

Հնչեց  Ազգային օրհներգը, և շարահրապարակ  մտավ դրոշակակիր խումբը:

Խորհրդանշական օրը, դիմելով զինվորական դառնալու ճանապարհի առաջին վճռորոշ քայլը կատարող  կուրսանտներին, Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանն ասաց.

-Սիրելի՛ կուրսանտներ, դուք կարևոր որոշում եք կայացրել եւ ընտրել եք մասնագիտություններից ամենավեհը: Վստահ եմ, որ այս շարային հրապարակում կանգնած յուրաքանչյուր ոք  վաղը դառնալու է լավ զորահրամանատար, ռազմական գիտնական ու հայրենիքին նվիրյալ սպա։

Գնդապետ Խաչատրյանի խոսքից հետո ամբիոնին մոտեցավ  կուրսանտ Արմեն Վանեցյանը: Բոլոր կուրսանտների անունից  նա վստահեցրեց .

-Կծառայենք  հավատարիմ զինվորական երդմանը, իսկ եթե հարկ լինի, հայրենի սրբազան հողը կպաշտպանենք անգամ կյանքի գնով: Մենք գիտակցաբար  ենք ընտրություն կատարել: Ամեն ինչ կանենք, որ մեր երկրի սահմաններում արշալույսները խաղաղ բացվեն, և մեր ժողովուրդն ավելի բարեկեցիկ երկրում ապրի…

Արմեն Վանեցյանը  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան է եկել «Փոքր Մհեր»  կրթահամալիրում ուսանելուց ու  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի բարձունքը հաղթահարելուց հետո: Զինվորական է նաև եղբայրը: Ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունն ու որոշել է դառնալ առաջնագծի պաշտպան։ Վստահ է՝ Հայոց  բանակի պատիվը բարձր է պահելու:

-Երդում  տվեցի Հայրենիքին ու խոստացա անձնվիրաբար ծառայել։ Հպարտ եմ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական բուհի կուրսանտը դառնալու պատիվն ունեմ։ Լավ եմ սովորելու  ու լավ զինվորական եմ դառնալու,- ասաց  կուրսանտ Վանեցյանը։

…Հիմա շարքում, իսկ հետո  արդեն զորքերում  նրա  զինակիցն է լինելու 18-ամյա Մելանյան: Ծնունդով տավուշցի աղջկան Ռազմական համալսարան ու զինվորական կյանք է բերել ոչ միայն երկիր հայրենին պաշտպանելու ձգտումը, այլ նաև մանկության երազանքը:

-Այսօր ես առաջին քայլն արեցի դեպի իմ մեծ երազանքը,- ուրախությունից ու հույզերի առատությունից շփոթված՝ ասաց Մելանյան: Նախքան երդման հանդիսավոր արարողությունը՝  ռազմական բուհի նորեկները երիտասարդ մարտիկի մեկամսյա դասընթացին  են մասնակցել: Հընթացս  ինչպես Մելանյան, այնպես էլ բոլորը, ձեռք են բերել առաջնային անհրաժեշտության ռազմական գիտելիքներ ու որոշակի փորձ։

Շարահրապարակում երդվյալ կուրսանտների շարքում  նաև մեկամյա սպայական դասընթացի ունկնդիրներն էին: Հայկազը գերազանց առաջադիմությամբ Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո է ընդունվել Ռազմական համալսարան և պարտադիր զինվորական ծառայության կմեկնի սպայական կոչումով:

-Ընդունվեցի հրաձգային ֆակուլտետ: Կավարտեմ, կդառնամ լավ հրաձիգ ու իմ սրբազան պարտքը կտամ Հայրենիքին: Վստահ եմ, որ այս մեկ տարվա ընթացքում մեծ փորձ ու գիտելիք ձեռք կբերեմ:

Խորհրդանշական օրվա ավարտին Տեր Պսակ քահանայի օրհնությամբ և «Տերունական» աղոթքով կուրսանտները զինվորական խրոխտ քայլքով գնացին անվտանգ պետություն ու հզոր բանակ կառուցելու իրենց ընտրած ճանապարհով…

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Լուս.՝ ՀԱԿՈԲ ՊՈՂՈՍՅԱՆԻ