Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲՈԼՈՐՍ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ»



«ԲՈԼՈՐՍ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ»Այսօրվա զրույցս հայր և որդի Բազինյանների հետ է: Կծանոթանանք նրանց  հիմնադրած ՍԻԱՍ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի աշխատանքներին և Հայրենիքի հզորացմանն ուղղված այն կարևոր  ու ծավալուն գործին, որին զինվորագրվել են: Հայրը՝ Արայիկ Բազինյանը, Արցախյան և Ապրիլյան պատերազմների մասնակից է, ՍԻԱՍ ակադեմիայի հիմնադիր-տնօրենն ու գաղափարական շարժիչ ուժն է: Որդին՝ Սարգիս Բազինյանը, Ապրիլյանի օրերին դիրքերում էր՝ զենքը ձեռքին: Մարտական դիրքերին օգնություն էր հասցնում և  համակարգում ակադեմիայում այդ ընթացքում հավաքագրվող կամավորների վերապատրաստման աշխատանքները: «Արմենիայի» հեռուստաեթերով հեռարձակվող «Եղի՛ր պատրաստ» դինամիկ, հետաքրքիր ու գրավիչ հաղորդաշարի հեղինակն ու վարողն է, Կրավ Մագայի` ձեռնամարտի և ինքնապաշտպանության համակարգի միջազգային կարգի փորձագետ, Հայաստանի Կրավ Մագայի ֆեդերացիայի նախագահ ու գլխավոր հրահանգիչ, մարտարվեստների միջազգային կարգի վարպետ, ՍԻԱՍ ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն: Քիք-բոքսինգի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է:

Այս անբաժան զույգը՝ հայր ու որդի, Տավուշի վերջին մարտագործողությունները սկսվելուն պես իհարկե շտապել էին սահման…

 

Շուրջ 4000 քմ մակերեսով երկհարկանի այս շինության ներսում  ամեն ինչ աչք է շոյում: Ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններ, ընտիր մարզասարքերով սպորտդահլիճներ, խոչընդոտների հաղթահարման ուղի, լեռնագնացության պատ, հրաձգարան, համակարգչային լսարաններ՝ տեսահսկման համակարգերի օպերատորների համար և այլն: Ակադեմիայում անվտանգության ապագա մասնագետների, նաև՝ քաղաքացիական անձանց մարզումների համար ստեղծված են բոլոր պայմանները:

Առաջինը հանդիպեցի ու զրուցեցի Սարգիս Բազինյանի հետ:

-Պարո՛ն Բազինյան, անկեղծ ասած՝ Ձեզ հետ հանդիպելու գաղափարը պատահականորեն  ծնվեց՝  զորամասի լավագույն զինվորներից մեկի՝ տանկի հրամանատար Հովնան Իսրայելյանի հետ զրույցի ընթացքում: Մեծ էր նրա ոգևորությունը, երբ խոսում էր ՍԻԱՍ-ում մարզումների տված այն առավելությունների մասին, որոնք անչափ կարևոր են եղել բանակում թե՛ ֆիզիկական, թե՛ կրակային պաստրաստությունից լավագույն ցուցանիշներ գրանցելու գործում: Որպես բանակի պաշտոնական հանդես` միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել այն հաստատությունները, որոնք իրենց գործունեությամբ անմիջականորեն աջակցում են բանակաշինությանը. զբաղվում են դեռահասների, նախազորակոչային տարիքի երիտասարդների ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստությամբ, առողջ «հումք» են տրամադրում բանակին: Ե՞րբ է ստեղծվել ՍԻԱՍ-ը և ի՞նչ ուղի է անցել:

-Ակադեմիան գործում է 2009 թվականից: ՍԻԱՍ-ը մեր տարածաշրջանում ամենամեծ մասնագիտացված հաստատությունն է, որ իրականացնում է անվտանգության ոլորտի ավելի քան 15 մասնագետների հավաստագրված պատրաստություն` պահնորդական, թիկնապահական, ծառայության ղեկավարների, ցանցային անվտանգության և այլն: Մեր սաների մի մասն էլ վճարովի հիմունքներով սովորում է ինքնապաշտպանություն: Ունենք նաև սաներ, որոնք անվճարունակ են, բայց փոխարենը՝ ունեն մարզվելու մեծ ցանկություն ու պատրաստակամություն, մարզական լավ տվյալներ:

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ մեր գործունեությունը միտված է երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը. պարբերաբար հասարակական հիմունքներով նախազորակոչային տարիքի տղաների համար տարբեր դասընթացներ ենք կազմակերպում: Ապրիլյան քառօրյային մեր մարզիչներից, նաև՝  նախկինում Արցախյան պատերազմին մասնակցություն ունեցած դասախոսական կազմը, մեր սաներից շատերը անդամագրվեցին, մեկնեցինք դիրքեր: Իսկ այն մարզիչները, որ մնացել էին Երևանում, ամենօրյա անվճար մարտավարական դասընթացներ էին անցկացնում կամավոր սահման մեկնելու պատրաստ մեր հայրենակիցների համար: Մոտ 2000 հոգու հետ մի քանի հերթով, ամենօրյա ռեժիմով մարտական պատրաստության և առաջին բուժօգնության պարապմունքներ են անցկացվել: Դրանք հիմա էլ շարունակվում են: Պարբերաբար սահմանամերձ բնակավայրերում անցկացնում ենք բազմաբնույթ դասընթացներ, որոնց հիմքում կրկին ինքնապաշտպանվելու ունակության համակողմանի զարգացումն է:

-Դուք բուժեղբայր եք, պաշտպանողական և հակավթարային վարման, հրաձգության հրահանգիչ, ՍԻԱՍ ակադեմիայում դասավանդում եք բախումնային իրավիճակների կառավարում, կոնֆլիկտաբանություն, բժշկական առաջին օգնություն, հատուկ տակտիկական պատրաստականություն։ Վերապատրաստվել եք ավելի քան 15 երկրներում։ Այս պարզ  թվարկումից անգամ երևում է, որ անվտանգության մասնագետի գործում, ֆիզիկական բազմակողմանի պատրաստությունից զատ, հսկայական դեր ու նշանակություն ունեն նաև բարոյահոգեբանական կայունությունն ու սթրեսադիմացկունությունը:

-Անվտանգությունը փուլային աշխատանք է, ինչին պետք է պատրաստ լինել հոգեբանորեն և ֆիզիկապես: Բարոյահոգեբանական պատրաստությունը ամենակարևորներից է, եթե ոչ՝ ամենակարևորը:

-Պատմե՛ք, խնդրեմ, Կրավ Մագա ինքնապաշտպանության համակարգի մասին: Եվ ինչո՞ւ եք հենց ձեռնամարտի այս համակարգի վրա դրել շեշտը:

-Կրավ Մագան այսօր աշխարհում համարվում է ձեռնամարտի և ինքնապաշտպանության լավագույն համակարգը: Այն իր մեջ ներառում է 10-ից ավելի մեզ հայտնի   մարտարվեստների լավագույն հնարքները, որոնք կարելի է կիրառել ինչպես առօրյա բախումնային, այնպես էլ մարտական գործողությունների պայմաններում: Ես խորապես ուսումնասիրել եմ 5 սպորտաձևեր, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ: Բայց մենք այսօր Հայաստանում զարգացնում ենք հենց Կրավ Մագան, որովհետև այն առաջին հերթին սերտորեն առնչվում է առողջ և պաշտպանված լինելու ապրելակերպին: Օգտակար համակարգ է նաև կանանց ու երեխաների համար, քանի որ այն կիրառելիս արտակարգ ֆիզիկական տվյալներ ունենալը պարտադիր չէ:

Ակադեմիայում մենք ունենք Կրավ Մագայի խմբակներ, որտեղ կարող են սովորել բոլորը՝ 4 տարեկանից սկսած, տարբեր տարիքային խմբերում: Կանայք և տղամարդիկ կարող են մարզվել կամ միասին, կամ առանձին խմբերով:

«ԲՈԼՈՐՍ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ»-Ի՞նչ են ներառում այս պարապմունքները:

-Ամենակարևոր բանը, որ սովորում են մեր սաները, ոչ մի դեպքում չհանձնվելն է, ամենաբարդ իրավիճակներում պայքարելը: Մշտական ֆիզիկական մարզումներով պատրաստում ենք կյանքի բոլոր բարդություններին դեմ հանդիման կանգնելու ունակ անձինք:

Մեր աշխատանքի մեջ են մտնում այցելությունները ուսումնական հաստատություններ, մշտական կապի մեջ ենք դպրոցահասակ մեր սաների, ուսուցիչների, տնօրենների հետ: Մենք պետք է լիարժեք պատկերացում ունենանք նրանց առօրյայի մասին, տեսնենք, թե ինչպես են կարողանում կյանքում կիրառել յուրացրածը: Ուժի և ինքնավստահության հետ մեկտեղ` մեր սաներին նաև իրավագիտակցություն ենք սովորեցնում, որ օրինակ լինեն մյուսների համար: Եվ մերոնք միշտ առանձնանում են իրենց պահվածքով, կարգուկանոնով:

-Դուք բացի 5 մարտարվեստների միջազգային կարգի վարպետ լինելուց, նաև երկու բարձրագույն կրթություն եք ստացել՝ միջազգայնագետ-դիվանագետ և իրավաբան եք: Սա որքանո՞վ է օգտակար Ձեր գործունեության համար:

-Հատկապես իրավագիտությունը մեծ տեղ ունի մեր գործունեության մեջ: Ինքնապաշտպանվելն ու կռվելը շատ տարբեր  հասկացություններ են: Հակառակ բևեռներ են: Տարբեր մարտարվեստներում, օրինակ, սովորեցնում են կռվել, բայց գրագետ կերպով ինքնապաշտպանվել չեն սովորեցնում: Եթե ինքնապաշտպանվելիս օրենքի խախտումներ թույլ տաս, գործողություններդ չեն որակվի որպես ինքնապաշտպանություն: Կրավ Մագայում մենք մարտը բաժանում ենք երեք փուլերի՝ մինչև մարտ, մարտի ընթացք և մարտից հետո: Սրանցից որևէ մեկում թերանալու դեպքում խնդիրներ կառաջանան:

-Սա շատ կարևոր է զինվորական ստորաբաժանումներում փոխհարաբերությունների ձևավորման խնդրում:

-Անշուշտ. թե ինչպես պետք է խուսափել էքստրեմալ, բախումնային իրավիճակներից: Մեր մարզիչների ամենօրյա հորդորն ու պատգամն է՝ լավագույն մենամարտը չկայացած մարտն է…

-Երբ հետևում եք Ձեր արդեն ծառայություն անցած, զորացրված սաներին, տեսնո՞ւմ եք, արդյոք, որ Ձեր ներդրածը բանակում իր նպատակին է ծառայել:

-Այո՛, միանշանակ: Այս պահին մեր լավագույն սաներից 17-ը ծառայում են տարբեր զորամասերում: Հրամանատարները մշտապես զանգում, իրենց գոհունակությունն են հայտնում` բանակին լավ զինվորներ տալու համար. տղաների պատվոգրերն ու գովասանագրերն անպակաս են: Մեր սաներին միշտ ասում ենք. «Փոփոխությունը սկսվում է մեզանից»: Ակադեմիայում «Մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար» սկզբունքը գերակա է: Գիտեն նաև, որ «Մեր ընտանիքի անդամ դառնալը հեշտ է, իսկ մնալը` շատ դժվար»: «Նա, ով չի գնահատում ունեցածը, պետք է կորցնի»:

-Ըստ Ձեզ, ո՞ր տարիքից է ճիշտ երիտասարդների ներգրավվելը մարզումներում:

-Ոչ միայն տղաները, այլև աղջիկներն, ըստ իս, պետք է 4 տարեկանից սպորտով զբաղվեն: Այսպիսի ակտիվությունը երեխաներին ազատագրում է շատ ու շատ բարդույթներից: Նրանց հասունացումը շատ ավելի առողջ է ընթանում: Երբեմն ծնողներն իրենց տղաների պատրաստության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ նա 18 տարեկան է դառնում ու շուտով բանակ պետք է գնա: «Խնդրում եմ, օգնե՛ք իմ տղային»: Շատ սխալ է հուսալը, թե երեք ամսում նա կդառնա «գերմարդ» և արժանապատիվ կծառայի, երբ իր ողջ կյանքում գրչից ծանր ոչինչ չի վերցրել:

-Մեծ հետաքրքրությամբ դիտում եմ Ձեր հեղինակային՝ «Եղի՛ր պատրաստ» հեռուստահաղորդաշարը: Դուք ամենատարբեր տեսանկյուններից անդրադառնում եք ինքնապաշտպանության խնդիրներին: 

-«Եղի՛ր պատրաստ»-ը մեր այն հասարակական նախագիծն է, որը շահույթ չի հետապնդում, իրականացվում է Ակադեմիայի հովանավորությամբ: Հիմնական նպատակը նույնն է՝ մեր հանրության շրջանում իրավագիտակցության բարձրացումն ու միաժամանակ պատրաստ լինելու սկզբունքն ու գաղափարը տարածելը, որով հարկավոր է առաջնորդվել հատկապես մեր երկրի՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում:

-Օրեր առաջ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց աշխարհազորի համակարգի ներդրման, աշխարհազորի հավաքագրման մասին նախագիծը, ինչը ՀՀ պաշտպանությանը համազգային, համընդհանուր բնույթ կհաղորդի: Ուզում էի Ձեր կարծիքը հարցնել, սակայն մեր զրույցից պարզ է, որ Դուք արդեն իսկ այդ գործընթացում ընդգրկված եք:

-Այո՛, կարելի է այդպես ասել: Բայց փորձում ենք երբեք չբարձրաձայնել: Երբ մարդ բարի գործ է անում ու դա PR-ի է վերածում, դա գործ չէ, այլ՝ գովազդ:

Սահմանից է սկսվում Հայրենիքը: Սահմանն է մեր առաջնահերթությունը:  Սահմանապահ գյուղեր հաճախ ենք այցելում. մարզական գույք ենք տրամադրում, մարզումներ ենք անցկացնում… Մեզ սպասում են. կարևորը սա է: Բայց անելիքները շատ են, ծրագրերը՝ նույնպես: Եվ մենք պատրաստ ենք մեր ուժերի ամբողջ ծավալով աջակցելու աշխարհազորայինների պատրաստության գործընթացին: Շատ գաղափարներ ու արդեն իսկ իրականացրած մշակումներ ունենք, որոնցով պատրաստ ենք համագործակցելու:

Մեր զրույցին շուտով միացավ նաև Սարգսի հայրը` ՍԻԱՍ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը: Միասին շրջեցինք մարզասրահներով, ծանոթացանք տարվող աշխատանքներին:

-Կրավ Մագան,- ներկայացրեց պարոն Բազինյանը,-գործնական գիտելիքների մի ամբողջ համակարգ է, որ այսօր ամենահզոր երկրների ուժային կառույցներն են սովորում: Կարծում եմ` մեր զինվորի համար էլ շատ ու շատ կարևոր հմտությունների հիմք է, մարտական իրավիճակներում գործնական լուծումներ առաջարկող համակարգ, որ մենք նաև համապատասխանեցրել ենք մեր՝ հայաստանյան պայմաններին:

Իրենց մեթոդաբանությամբ մեր մարզումները սթրեսակայուն են դարձնում մարդուն: Մարտական հոգեբանություն, իրավիճակին գերազանց տիրապետելու հմտություններ, սառնասիրտ որոշումների կայացում. այս ամենը ներառվում է մարզումներում:

«ԲՈԼՈՐՍ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ՝ ԱՆԿԱԽ ՏԱՐԻՔԻՑ»Պարոն Բազինյանն էլ նշեց, որ իրեն ու Սարգսին, հատկապես դիրքերում լինելուց հետո, անընդհատ նորանոր գաղափարներ են «այցելում»՝ դրանք է՛լ ավելի ամուր ու անառիկ դարձնելու շուրջ, իրենց մշակումներից որոշ հետաքրքիր նմուշներ ցուցադրեց:

Երբ խնդրեցի պատմել Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին, նա անմիջապես ընդհատեց.

-Ինչպես ես, այնպես էլ ընկեր Սարգիսը (իր որդու մասին է խոսքը), չենք սիրում խոսել մեր անցյալի, արդեն արված գործերի մասին: Խոսում ենք, եթե գիտենք, որ կարող է մեր խոսքը օգտակար լինել: Մենք պարզապես հայ ենք և մեր գործն ենք անում:

-Այդուհանդերձ, գիտեմ, որ Տավուշի վերջին դեպքերի ժամանակ կրկին մարտական ընկերներով հավաքվել, անմիջապես օգնության եք մեկնել: Մեկ շաբաթ անընդմեջ այնտեղ էիք:

-Ճիշտ է: Եվ ուրախությամբ ու հպարտությամբ պետք է ասեմ, որ այսօր մեր հայկական բանակը, մեր զինուժը, Ապրիլյան քառօրյա պատերազմից կարևոր դասեր քաղելով, մոբիլիզացրել է բոլոր ուժերը, հզոր ու շատ կազմակերպված է:

Իմ և ընկեր Սարգսի նպատակը մեր պահեստազորի վերապատրաստումն է: Ամեն ինչ չասենք, ծրագրերը շատ են, և դրանք կարելի է փուլերով իրականացնել:

Ուրախ եմ, որ մեր այսօրվա պաշտպանության նախարարը նման գործառույթ է իրականացնում, և ժողովուրդն էլ վստահում է մեր բանակին:

-Նախկինում միայն խոսում էինք հնարավորությունների մասին,- հավելում է ընկեր Սարգիսը,- իսկ այսօր տեսնում ենք արդյունքը:

…Ամենակարևորը՝ ժառանգություն ասվածն է: Այն, թե ինչ ենք թողնելու մեզնից հետո: Պատերազմն, իհարկե, բոլորիս համախմբում է, բայց չեմ ուզում, որ միայն պատերազմը համախմբի:

-Ես հենց այս պահին վստահ եմ,- որդու խոսքն է շարունակում պարոն Բազինյանը,- որ եթե մի բան եղավ, մինչև մեր տեղ հասնելը մեր զինվորական տղերքը պահելու են դիրքերը: Իհարկե, ամեն ինչ պետք է աչքներիս առաջ ունենանք. հնարավոր են նաև ավելի մեծամասշտաբ ռազմական գործողություններ: Այդ դեպքում հաստատ հերթը մեզ էլ կհասնի: Ապրիլյանի օրերին մեր աչքերով  տեսանք մեր զինվորի զորությունը: Էն զինվորիս՝ Նարեկիս ցավը տանեմ, որ նռնականետով ուղղաթիռ խփեց: Այդպիսի՜ արտառոց դեպք միայն Աֆղանստանում է եղել, այն էլ լանդշաֆտի առանձնահատկություններն էին օգնել. վերևից էին կրակել…

Մեր կարիքը, բոլորիս կարիքը միշտ էլ կա ու լինելու է: Եթե բոլորն իրենց տեղում են, պատերազմը չի կարող հանկարծահաս լինել: Մենք այժմ պատրաստ ենք: Բոլորս հայ զինվոր ենք՝ անկախ տարիքից ու սեռից: Նախ և առաջ, սիրում ենք մեր Հայրենիքը, մեր հողն ու ջուրը: Սա՛ է ամենակարևորը: Սա՛ է ամենակարևորը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

և ԲԱԶԻՆՅԱՆՆԵՐԻ անձնական արխիվից

Խորագիր՝ #35 (1355) 2.09.2020 - 8.09.2020, Բանակ և հասարակություն


03/09/2020