Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԻ՛Ր ՇԱԲԱԹ ՕՐԸ



Տասը պատվիրաններ

Դ. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես եւ կատարես քո բոլոր գործերը. յոթերորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է

Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն՝ հեռու մնալ աշխարհիկ գործերից եւ այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծու փառավորմանը եւ հոգեւոր գործերին։ Հրեաների համար այդ օրը շաբաթն է, որը նշանակում է «հանգիստ»։ Աստված վեց օրում արարեց աշխարհը եւ յոթերորդ օրը հանգստացավ, որպեսզի մենք էլ վեց օր զբաղվենք մեր մարմնական գործերով եւ յոթերորդ օրը թողնենք աշխարհիկ գործերն ու հոգսերը։

Քրիստոնյաների համար հանգստի օրը ոչ թե շաբաթն է, այլ կիրակին՝ ի հիշատակ մեր Փրկչի հրաշափառ հարության։ Կիրակին Քրիստոսի մարդեղությամբ փրկագնված նոր արարչության տոնն է, որով մեզ տրվեց նոր կյանք եւ նոր ժամանակ։ Իսկ շաբաթ օրը քրիստոնյաների կողմից պատվվում է որպես սրբոց հիշատակության օր։

Կիրակին պետք է նվիրել Աստծուն. պետք է գնալ եկեղեցի եւ մասնակցել պատարագի, տանն աղոթել եւ հոգեւոր ընթերցանությամբ զբաղվել, օգնել աղքատներին ու կարոտյալներին, այցելել հիվանդներին եւ այլն։ Չի կարելի այդ օրն աշխատել առանց ծայրահեղ անհրաժեշտության կամ էլ՝ ծուլության պատճառով չգնալ եկեղեցի։ Այս պատվիրանը խախտում են ոչ միայն նրանք, ովքեր չեն գնում եկեղեցի, այլ նրանք, ովքեր գնում են ակամա, պարտադրաբար կամ ուղղակի հետաքրքրության համար, ովքեր անտարբեր կանգնում են եկեղեցում, բամբասում, շատախոսում, որոնց մտքերը այս ու այն կողմ են թափառում։ Այս պատվիրանը խախտում են նաեւ նրանք, ովքեր աներկյուղ եւ անպատկառ կերպով են կատարում իրենց հոգեւոր սպասավորությունը, աղոթում եւ երգում են ոչ թե Աստծու փառքի, այլ ինքնաբավարարման, ինքնամեծարման կամ մարդահաճության համար՝ գայթակղության առիթ դառնալով ուրիշների համար։

Կիրակի օրը հատկապես պետք է զգուշանալ մեղքերից եւ մեղսահարույց հանդիպումներից ու շփումներից, հեռու մնալ որկրամոլությունից, արբեցողությունից, բամբասանքից, չարախոսություններից, հայհոյանքներից եւ այլն։ Մեղքի տակ են ընկնում նաեւ նրանք, ովքեր անտեղի արգելում են իրենց հարազատներին, ենթականերին կամ գործակիցներին եկեղեցի գնալ Տիրոջ սուրբ օրը՝ աղոթելու եւ արարողություններին մասնակցելու։

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Հոգևոր-մշակութային


16/11/2011