Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ ԹԱԳԱՎՈՐԸ ՉԷՐ ԾԻԾԱՂՈՒՄ



Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում։ Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր-տրտում է օրն անցկացնում։ Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.

-Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ։

Այնժամ թագավորը հրամայեց խորունկ փոս փորել եւ այն մինչեւ կեսը կայծկլտացող կրակով լցնել։ Հետո պատվիրեց փոսի վրա հին ու փտած աթոռ դնել եւ աթոռի վերեւում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայեց սեղան դնել՝ պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով եւ անուշահամ գինիով։ Իր եղբորը նստեցրեց այդ աթոռի վրա եւ սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցրեց, մեկին՝ թիկունքից, երկրորդին՝ առջեւից, երրորդին՝ աջից, չորրորդին էլ՝ ձախից, ովքեր իրենց սուսերները նրան մոտեցրին։ Եվ հրամայեց նրա առջեւ նվագել բոլոր քնարներն ու նվագարանները։ Եվ այդ ամենից հետո թագավորը եղբորն ասաց.

-Ուրա՛խ լեր եւ զվարճացի՛ր, կե՛ր, խմի՛ր, եւ թող քո սիրտն ուրախանա։

-Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել,- պատասխանեց եղբայրը,- երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ։ Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ, փտած աթոռս կջարդվի, եւ կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ՝ բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով։ Եվ այսպես, որովհետեւ այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ էլ ուրախանալ։

Այնժամ թագավորն իր եղբորն ասաց.

-Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է, եւ նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար։ Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի եւ դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ եւ դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ։ Երբ առաջ եմ նայում, մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ եւ չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը։ Երբ ձախ եմ նայում, դեւերին եմ տեսնում, որոնք գիշեր-ցերեկ իմ անձն են փնտրում եւ իմ փրկությանը հակառակ են։ Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս եւ ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավա՜ղ, բավականաչափ չկատարեցի եւ նրանց բարի խրատներին չհետեւեցի։ Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա եւ իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում, կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ։

Խորագիր՝ #44 (909) 10.11.2011 – 16.11.2011, Հոգևոր-մշակութային


16/11/2011