Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՑԻՆ ԿԱՅՍԵՐ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՀԱԿԱԶՈՐԸ
ՑԻՆ ԿԱՅՍԵՐ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՀԱԿԱԶՈՐԸ

Ցին դինաստիայի առաջին կայսր Ցին Շիխուանը (մ.թ.ա. 221-210թթ.) չինական պատմության մեջ մտել է որպես անգութ բռնապետ: Նա իրեն շրջապատել էր լրտեսների բազմությամբ, որոնք երկրի տարբեր ծայրերում դավադիրներ էին փնտրում: Կայսրը գտնում էր, որ գլխավոր վտանգը գալիս է գրքերից, ուստի մ.թ.ա. 213թ. կայսրությունում գտնված բոլոր գրքերը կրակին են հանձնվում, իսկ նրանց հեղինակները` մահապատժի ենթարկվում: Հայտնի է, որ 460 չինացի իմաստունների կայսրը հրամայում է ողջ-ողջ թաղել:

Իր կառավարման ընթացքում նա հիմնում է կենտրոնացված պետություն և հաստատում պատժող օրենսդիր համակարգ: Անջատողական տրամադրություններն ու միտումները բացառելու եւ իր հսկայական կայսրության քաղաքական ու վարչական միասնությունն ապահովելու նպատակով նա մտցնում է համընդհանուր դրամական միավոր, թվականություն, գրություն, ինչպես նաեւ չափի ու կշռի ընդհանուր համակարգ: Քանդվում են ամրոցները: Մնում են միայն նրանք, որոնք կարող էին չինական պարսպի մաս լինել: Կայսեր կամքով ոչնչացվում են մրցակիցներից բռնագրավված բոլոր զենքերը: Թույլատրվում է կրել միայն այն զենքը, որով զինված էր իր բազմահազարանոց բանակը:

Ցին Շիխուան կայսեր մասին նորից սկսեցին խոսել անցյալ դարի երկրորդ կեսին` 1974թ., երբ չին հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերեցին նրա դամբարանը` այն պահպանող հանդերձյալ զորքով` կավից ու բրոնզից պատրաստված հազարավոր զինվորներ:

Ցին Շիխուանը երազում էր անմահության մասին: Նրա հրամանով Չինաստանի լավագույն բժիշկները փորձում էին գտնել անմահության կախարդական ըմպելիքի բաղադրատոմսը: Իսկ երբ պարզ է դառնում նրանց փնտրտուքների ունայնությունը, Ցին կայսրը հրամայում է իր համար հսկայական դամբարան կառուցել Սիան մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա:

Լեգենդի համաձայն, դամբարանի գլխավոր դահլիճի հորինվածքը Ցին հզոր կայսրության մանրակերտն էր հիշեցնում` իր հարյուրավոր գետերով, որտեղ ջրի փոխարեն սնդիկ էր լցված: Դահլիճի առաստաղը զարդարված էր թանկարժեք քարերով, որոնք երկնային լուսատուներին էին փոխարինում:

Ցին կայսրը լրջորեն հավատում էր, որ կկարողանա կառավարել իր կայսրությունը նաեւ մահից հետո, ուստի իր հետ այն աշխարհ է վերցնում 8000 կավե զինվորի` հավատալով, որ նրանց մեջ կմտնեն կայսերական զինվորների հոգիները:

Հնագետների նախնական հաշվարկներով դամբարանը զբաղեցնում է 56 քառ. կմ մակերես: Այն կառուցել է 700 հազար մարդ: Ցին կայսեր ստորերկրյա թագավորություն այնքան էլ հեշտ չէր ընկնել. գործում էին տարբեր տեսակի թակարդներ, ավտոմատ աշխատող արբալետներ և նիզակ նետող մեխանիզմներ, իսկ ողջ դամբարանն էլ քողարկված էր անտառային բլուրի հաստ շերտի տակ:

Հետիոտն զինվորների մեծ մասը գտնվում է 210×60քառ.կմ մակերեսով գլխավոր դահլիճում: Նրանց հասակը 1,75-1,85մ է: Սպաներն ավելի բարձրահասակ են` համապատասխան իրենց աստիճանին ու կարգին: Զինվորականներն ու ձիերը կավից են պատրաստված, իսկ զենքերն ու զրահները` բրոնզից: Բոլորը դեմքերը դեպի հյուսիս` դեպի կայսեր հանգստարանը դարձրած: Ոչ մի դեմք չի կրկնվում, յուրաքանչյուրն ունի իր դիմագծերն ու արտահայտչականությունը:

Մարտակառքերը պատրաստված են փայտից, ուստի գրեթե չեն պահպանվել: Նրանց շուրջը կանգնած հետեւակը զինված է վեց մետրանոց հնդեղեգյա նիզակներով, որոնք թույլ չէին տալիս թշնամուն մոտենալ ձիերին: Երկու կառքերի վրա ժամանակին եղել են ազդանշանային զանգեր եւ թմբուկներ:

Հետեւակի մեծ մասը վահան չի կրում, քանի որ Ցին Շիխուանի զորքը բաղկացած էր անվախ մարտիկներից, ուստի չէին կրում ո՛չ վահան, ո՛չ էլ սաղավարտ: Սպաների գլխին փոքրիկ կլոր գլխարկներ են, իսկ շարքայինների գլխին` դնովի մազափունջ:

Վերջին տարիներին պեղումները կատարվում են երկրորդ դահլիճում, որտեղ հնագետները գտել են 1400 կավե զինվոր եւ ձիեր, որոնք տարբերվում են առաջին դահլիճում եղածներից: Այստեղ` առաջին շարքում, ծնկաչոք աղեղնավորներ են, իսկ նրանց հետեւում կանգնած են նիզակակիր զինվորներ: Կան նաեւ հեծյալներ եւ մարտակառքեր: Պեղումները դեռ ավարտված չեն, եւ ամենայն հավանականությամբ հնագետները կգտնեն նաեւ զորքի մնացած մասին, քանի որ, ինչպես հայտնի է, աղեղնավորները միշտ գնացել են հետեւակի եւ ձիավորների առջեւից:

Շուրջ 30 տարի շարունակվում են Ցին Շիխուան կայսեր դամբարանի պեղումները, եւ դեռ վերջը չի երեւում: Պատճառը ոչ միայն հանգստարանի հսկայական չափերն են եւ անբավարար ֆինանսները, այլ նաեւ չինացիների դարավոր վախը հանդերձյալ աշխարհի նկատմամբ: Նրանք դեռ այսօր էլ սրտի դողով են վերաբերվում նախնիների աճյունին` վախենալով պղծել այն իրենց անմաքուր հպումով: Այնպես որ, դեռ երկար տարիներ կանցնեն, մինչեւ ավարտվեն պեղումները:

Ցին կայսեր ժառանգներին չի հաջողվում երկար կառավարել: Կայսեր մահից չորս տարի անց կայսրությունում իշխանությունն անցնում է Հան դինաստիայի ձեռքը: Սակայն նոր տիրակալները չեն ոչնչացնում այն, ինչ ստեղծել էր իրենց նախորդը: Ընդհակառակը, նրանք ամրացնում են կայսրությունը, ինչպես նաեւ իրենց իշխանությունը` ուժեղացնելով այն քաղաքական-փիլիսոփայական օրենքների մի ամբողջ ժողովածուով: Օրենքներ, որոնք խստորեն պահպանվում էին ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբը:

Ցին Շիխուան կայսրը բացի դամբարանից իր կյանքի ընթացքում շարունակում է չինական պարսպի կառուցումը երկրի հյուսիսային մասում: Տեղացիներն այս պարիսպն անվանում են «Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել»: Պարսպի մյուս անվանումներն ավելի քիչ բանաստեղծական են` «Արցունքի և տառապանքի պատ», «Աշխարհի ամենաերկար գերեզմանոցը»: Մոտավոր հաշվարկներով, Պատի մեջ թաղված է մոտ մեկ միլիոն չինացի, որոնք մահացել են բոլոր ժամանակների` այս հզոր կառույցի շինարարության ժամանակ` մ.թ.ա. 3-րդ դարում:

Մեծ չինական պարսպի երկարության մասին մինչ այժմ գիտանականները վիճաբանում են` բերելով երկու թիվ. ավելի քան 4000 կմ եւ ավելի քան 5000 կմ: Սակայն այս տարի հայտնվել է նոր տվյալ` շուրջ 8000կմ: Պատի լայնությունն այնքան է, որ կողք կողքի հանգիստ կարող է անցնել հինգ ձիավոր:

Համարվում է, որ երկրի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով անցնող Չինական պարիսպը կառուցվել է թշնամիների ներխուժումից (հին ժամանակներում դրանք հոներն էին, մոնղոլները) Չինաստանը պաշտպանելու համար, սակայն միշտ չէ, որ այն փրկել է երկիրը օտար ներխուժումից: Օրինակ` պարիսպը արգելք չեղավ Չինգիզխանի զորքի համար: Պարսպի գրավման վերջին հաջող փորձը կատարվեց 1933թ., երբ Չինաստանի տարածք ներխուժեցին ճապոնացիները:

Այժմ որոշ գիտնականներ վիճարկում են Չինական պարսպի շինարարության եւ նշանակության մասին ավանդական պատկերացումները: Առաջ են քաշվում նոր վարկածներ, որոնց համաձայն այս հսկայական շինության ճարտարապետները եղել են ոչ թե չինացիները, այլ մեզ անհայտ քաղաքակրթության մարդիկ:

Վերջին տվյալներով, չինական կառավարությունը ձեռնամուխ է եղել Մեծ չինական պարսպի վերականգնման աշխատանքներին:

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ