Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՎերջին տարիներին որոշ թուրքական «գիտական» շրջանակներ, մասնավորապես՝ Թուրքական պատմագիտական ընկերության ներկայացուցիչները, փորձում են նորովի մոտենալ Սևրի պայմանագիրը թուրք հասարակության շրջանում և Թուրքիայի կրթական հաստատություններում ներկայացնելու հարցին:

Այսպես, օրինակ, Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահը 2018 թ. օգոստոսի 9-ին հայտարարել էր, թե ընկերությունն աշխատանքներ է սկսել Թուրքիայի կրթական հաստատությունների նոր ուսումնական ծրագրերում Սևրի պայմանագիրն ընդամենը որպես փաստաթուղթ ներկայացնելու ուղղությամբ: Խեղաթյուրելով պատմական փաստերը՝ նա նշում էր, թե իբր Սևրի պայմանագիրը չի ստորագրվել, և հավելում. «Այսուհետև Թուրքական պատմագիտական ընկերությունը՝ որպես հաստատություն, Սևրն անվանելու է «փաստաթուղթ» և պաշտոնապես հանդես է գալու «Սևրի պայմանագիր» արտահայտության օգտագործման դեմ: Նման պայմանագիր չի եղել: Մենք սույն հարցն այդ կերպ ենք ներկայացնելու նաև մեր կրթական ծրագրերում: Թեև իրավասու չենք դա օրենքով ամրագրելու, բայց ջանքեր ենք գործադրելու, որպեսզի մեր հասարակությունն սկսի այդ ձևով ընկալել սույն փաստաթուղթը»:

Ի դեպ, թուրք կեղծարարների այս, մեղմ ասած, ոչ գիտական մոտեցումը խիստ քննադատության է արժանացել անգամ որոշ թուրք պատմաբանների կողմից:  Թուրքիայի պաշտոնական պատմագրության խոսափողը հանդիսացող Թուրքական պատմագիտական ընկերության կողմից Սևրի դաշնագիրը ներկայացնելու տվյալ նախաձեռնության հիմնական նպատակը հետևյալն է. Սևրի պայմանագիրը Թուրքիայի պաշտոնական շրջանակներն ընկալում են որպես պարտության խորհրդանիշ: Եվ թուրք «գիտական» շրջանակները փորձում են հնարավորինս նվազեցնել այդ և նման պատմական փաստերի հոգեբանական ազդեցությունը թուրք հասարակության վրա, քանի որ ընդհանրապես չեն սիրում անդրադառնալ պատմության ընթացքում իրենց կրած պարտությունների թեմային: Նրանք առավելապես նախընտրում են հիշել և հիշեցնել իրենց «փառահեղ» պատմական անցյալի մասին: Որոշ թուրք պատմաբաններ երբեմն այնքան են տարվում այդ գաղափարով, որ ուղղակի ծիծաղելի դրության մեջ են ընկնում, քանզի որքան էլ փորձեն շրջանցել իրենց համար այդքան անհաճո «Սևրի թեման», այն պատմական փաստ է, օտար պետությունների և Օսմանյան կայսրության բարձրաստիճան պաշտոնյաների ստորագրած պայմանագիր, որն անշուշտ նաև փաստաթուղթ լինելով՝ պատմության մեջ է մտել որպես բազմաթիվ պետությունների կողմից կնքված միջազգային պայմանագիր:

 

ՄԵԼԻՆԵ ԱՆՈՒՄՅԱՆ

թուրքագետ, պատմական

գիտությունների թեկնածու

Խորագիր՝ #34 (1354) 26.08.2020 - 1.09.2020, Պատմության էջերից


27/08/2020