Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

 

Իմ Լեւոն քեռայրը Փարիզից հեռագրել է, որ հյուր է գալիս Երեւան: Հայրական պապիս դստեր ամուսինն է: Ըստ էության, մոտիկ չէ, բայց Արցախի ազատամարտի օրերին հանգիստ չտվեց: Կեսգիշերին հեռաձայնում էր, ճշտում ճակատամարտերի բոլոր մանրամասները: Զարմանում էի, թե ինչո՞ւ է այդքան փող ծախսում. ինձնից լավ գիտեր շրջանների, գյուղերի անունները, մեր գրաված դիրքերն ու թշնամու կորուստները:

Չնայած հենց դրա համար եմ սիրում իմ՝ յոթ պորտով զեյթունցի քեռայրին, բայց, հեռագիրը ձեռքիս, շվարել եմ: Բենզինը թանկ-կրակ, որտեղի՞ց ինքնաշարժ ճարեմ, ինչպե՞ս նրան Գառնի, Գեղարդ, Սեւան ու Էջմիածին հասցնեմ:

Բարեբախտաբար, նա ցրեց իմ բոլոր մտատանջությունները: Հենց ժամանման օրը բաժակ վերցրեց, հանդիսավոր ասաց.

-Սիրելի՛ զարմիկս, ես Հայաստանի դիտարժան վայրերը տեսած եմ, հայ մարաջախտ, ճատրակի աշխարհի ախոյան ալ տեսած եմ՝ միայն հայ զինվոր չեմ տեսած: Կուզեմ մեկը գտնամ, հետը նկարվիմ, նկարը Ֆրանսա տանիմ:

Նկատեմ սեղանակիցների տարակուսանքը, բացատրեց.

-Ողորմած հայրս, որ, հարկավ գիտեք, Զեյթունի հերոսամարտին մասնակցած է, մինչեւ մեռնելը կկրկներ, որ եթե մենք հույսերնիս  կամավորական խումբերու վրա չդնեինք, մարզված բանակ ունենայինք, առաջին աշխարհամարտին չէինք կոտորվեր, Կիլիկիո Հայկական հանրապետությունը չէինք կորսնցներ: Խեղճ մարդը հայկական բանակ երազելով գնաց աշխարհեն:

Քեռայրս պատրաստված է եկել: Հաջորդ առավոտ ուսն է նետում ճապոնական նորագույն սարքերը, մենք սուրճը արագ խմում-ելնում ենք տնից: Ու, որքան էլ տարօրինակ թվա, սկսում ենք զինվոր որոնել:

Հասել ենք մինչեւ Տիգրան Մեծի պողոտա: Արեւածաղիկ չրթող, բարձր-բարձր ծիծաղող երեք շարքային եմ նկատում:

-Տե՛ս,- ձայնում եմ ուրախացած:

Քեռայրս նայում է նրանց արձակած օձիքներին, չարդուկված համազգեստներին, օրորում է գլուխը.

-Չէ՛, ասոնք զինվոր չեն, թշնամի չեն կրնար հաղթել:

Մտել ենք «Գարեգին Նժդեհի» հրապարակը, մետրո ենք իջնում: Գնացքում կողք կողքի չորս նորակոչիկ են նստած: Շիկադեմ պատանիներ են, համարյա երեխաներ. Լայն չռել են ոտքերը, գլուխները կախել ու, թվում է, չեն նկատում ալեհեր ուղեւորներին, որոնք կանգնած են երթեւեկում:

Քաշում եմ քեռայրիս թեւից: Երկար զննում է, երեսը շուռ տալիս.

-Ասոնք ալ զինվոր չեն, ասոնք ալ չեն կրնար երկիր ազատագրել:

Այդպես աննկատ օրերն անցնում են, բայց իմ հյուրն ուզածը չի գտնում: Ճարահատ բացատրում եմ, որ մեր տեսած շարքայինները, երեւի, մի շաբաթով, մի օրով, նույնիսկ մի ժամով են զորանոցներից արձակվել, փորձում են յուրովի վայելել իրենց ազատությունը: Քեռայրս աչքերը խոշոր-խոշոր բացում, ձայնը խստացնում է.

-Զինվորը՝ հայ զինվորը, ուր ալ գտնվի, անթերի, կատարյալ պետք է ըլլա:  Ան մեր նահատակներուն երազները մարմնավորողն ու տարագիրներուն հույսերը իրականացնողն է: Հորս պատգամը ես այդ տեսակ կհասկնամ:

Արդեն շատ ուշ է, մութն, ուր որ է, կընկնի: Սեբաստիա փողոցով հոգնած-տանջված վերադառնում ենք տուն: Լուսանկարչական սարքերը, որ քեռայրս չի ուզում տեսնել, ես եմ գցել ուսս:  Հանկարծ Մալաթիայի խաչմերուկից քայլերգի ձայն է լսվում: Մի ակնթարթ անց մայրուղի է հորդում մի ամբողջ դասակ ու համաչափ քայլքով ասֆալտը դղրդացնում, բարձր-խրոխտ երգում է.

Ելե՛ք քաջեր դյուցազուն,

Ելե՛ք երթանք դեպ Զեյթուն…

Քեռայրս քարանում է: Ամուր բռնում է ձեռքս ու, զգում եմ, դողդողում է ողջ մարմնով:

-Աստվածս,- մրմնջում է,- երա՞զ է, թե՞ իրականություն:

Հետո, որպեսզի պատրանքը չցնդի, թողնում է ինձ, ընդառաջ նետվում ենթասպային:

-Պարոն, մեկ վայրկյան միայն…

Հրամանատարը կարճ, կտրուկ հրամայում է.

-Դասակ, կանգ ա՛ռ:

Շրջվում է քեռայրիս.

-Լսում եմ, հայրի՛կ:

Քեռայրս, սակայն, հուզմունքից չի կարողանում խոսել, կիսատ է արտաբերում բառերը.

-Պարոն հրամանատար, ես Ֆրանսայեն եկած եմ, հայ զինվորի հետ նկարվել ուխտած եմ, եթե կարելի է…

Հրամանատարը թույլ է տալիս.

-Նկարվեք ում հետ ուզում եք, միայն արագ, խնդրում եմ…

Անհամբեր ու անհանգիստ յոթը պորտով զեյթունցին  հայացքը պտտեցնում է, զգաստ, իրար նման կանգնած շարքայինների վրայով, բայց ընտրություն կատարել դժվարանում է.

-Ամեննուն, ամենուն հետը կուզեմ եւ կաղաչեմ, որ դուք ալ քովս կենաք, ճիշտ մեջտեղը: Զարմի՛կս, շուտ ըրե, գործի անցիր…

Ճապոնական սարքերը իրենք իրենց ճշտում են հեռավորությունը, կարգավորում լույսն ու ստվերը: Անընդհատ լուսանկարում եմ, բայց քեռայրիս չեմ գոհացնում, չնայած կադրերի թիվն էլ եմ արդեն կորցրել: Որտեղից էլ հայտնվեցին այս առնական, կարգուկանոնով խոսող զինվորները: Վերջապես իմ հյուրը, գոհ, երջանիկ, ձեռքը մեկնում է, որ շնորհակալություն հայտնի դասակի հրամանատարին: Բայց նա փոխանակ իրեն պարզված աջը սեղմելու, պիրկ ձգված մատները քունքին է տանում, թնդացնում օդը.

-Ծառայում եմ հայրենիքիս:

Քեռայրս չի կարողանում արձագանքել: Փղձկում է….

Գիշերը նա անհանգիստ անցկացրեց, անընդհատ սենյակից սենյակ էր մտնում: Լուսադեմին չդիմացավ, մոտեցավ անկողնուս.

-Զարմի՛կս, ես պետք է ետ՝ Ֆրանսա երթամ: Որքան շուտ, այնքան լավ:

-Ինչո՞ւ,- կեսքուն-կիսարթուն չհասկացա ես:

-Երթամ, որ լուսանկարները հայտածեմ, աշխարհով մեկ տարածեմ: Թող հայերը հպարտանան, թշնամիները՝ վախնան:

Մտմտաց մի պահ, ինքն իրեն եզրակացրեց:

-Եթե այդ դասակն էր, հապա մարտկոցը, գումարտակը, վերջապես բանակը ինչ կըլլա: Հիմա հայրս հանգի՛ստ կքնանա:

Նա հենց հաջորդ ինքնաթիռով տուն վերադարձավ…

 

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ