Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԲԱՆԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է»
«ԲԱՆԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է»

«ԲԱՆԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է»Զրույց վաստակավոր նկարիչ ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ հետ

 

-Պարոն Շմավոնյան, վերջին 20 տարում Ձեր ցուցահանդեսների պարբերականությունը Միացյալ Նահանգներում տպավորություն է ստեղծում, որ Դուք սփյուռքահայ եք ու ապրում եք արտերկրում:

-Ոչ, ես հայաստանցի եմ, ավելի ստույգ՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղից:

-Մեր կողքի գյուղի՞ց: Ես Նորաշենից եմ, մենք համարյա համագյուղացիներ ենք, որովհետև Վերին Արտաշատն ու Նորաշենը բաժանված են ընդամենը մի առվով, որի անունը Աբրա է:

-Էտ ինչ լավ պան ասիր, մե խող ու ճրի մարթ եյ, իրար լավ կխասկնայ: Շատ ուրախացամ: Տու վի՞ր աղջիյն ես:

-Պողոյի Քեղամի թոռն եմ: Հարցազրույցեն հետո կպատմեմ մեր բարբառով, մկա յարեք գրական զուրցանք, որ կարդացողները խասկնան:

-Լավ: Իմ հայրը մասնագիտությամբ գյուղատնտես էր: Մեր գյուղում բրիգադիր է աշխատել, կուսքարտուղար, նաև ձեր գյուղի կոլտնտեսությունն է ղեկավարել:

-Ինչո՞ւ, մեր գյուղում մարդ չկա՞ր, որ արդըշարցին գար, մեզ ղեկավարեր, ո՞նց էլ մեր գյուղացիները հանդուրժել են:

-Նորաշենցիների պես սարթ ես: Արի, համաձայնիր, որ վերինարտաշատցիները ավելի աշխատասեր են, քան նորաշենցիները, գուցե այդ պատճառով էին իմ հորը նշանակել ձեր գյուղի կոլտնտեսության նախագահ: Հիշում ես հայտնի խոսքը՝ արդըշարցուն հարս բեր, բայց աղջիկ մի տուր: Հարս բեր, որովհետև աշխատասեր, տնտեսվար կլինի, բայց աղջիկ մի տուր, որովհետև արդըշարցու տանը բոլորը պիտի աշխատեն:

-Արդըշարցիների մասին ուրիշ աֆորիզմներ ու առասպելներ էլ են շրջում: Ձեզ ասում են՝ շուշա կշռող, ասում են՝ արդըշարցու խաց ուտողը բալա չի պերի:

-Այդ խոսքերի հետևում պատմություններ կան, որոնք արդըշարցիների իմաստության ու հնարամտության մասին են խոսում: Արդըշարցին, այո, կշռել է լամպը, որ թեթևն առնի. բարակ ապակին ուշ է ճաքում: Արդըշարցին պատժել է դաշտում իր ուտելիքը պարբերաբար գողացող կյաջըլային:

-Կյաջըլա, այսինքն՝ կաչաղակ: Բարբառով կպատմե՞ք…

-Մեր կեղացի մե տաշտվոր մարթ հմեն օր տաշտը պանելի, բեզարած իկյալի, որ մե կտոր պան տնի պերանը, տսնալի՝ պոխչան դարտակի, այնոյինը կյողցիրեն: Մե օր, էրկու օր, իրեք օր… Չորրորդ օրը կյողտու մտնելի ծառի քամակը, դենան գյոզի տնելի, մեկ էլ տսնալի՝ գո կյաջըլան կողերն շկալով եկավ, խացը վերցեց, թռավ իրա պոնը՝ ծառի վրա: Հենց կյաջըլան պոնեն էթալի, էտ մարթը՝ մեր կեղացին, յլելի ծառը, կյաջըլայի ծվերը վերցելի, էշնելի, ծվերը խաշելի, տանելի-տնելի տեղը: Կյաջըլան իկյալի, թուխսի նստելի: Մե օր, էրկու օր…Կռռալի, կռկռալի, բայց խաշած ծվերեն բալա կծնվի՞… Ու տաղան արդըշարցին ասելի պատմական նախադասությունը՝ արդըշարցու խաց ուտողը բալա չի պերի: Տկի վաստակած խաց ուտես, ոչ թե կյողցած: Հմեն կյողերի պնչեն թափելուի ուրիշի վաստըկածը:

-Հրաշալի է…

-Իմ արվեստը, իմ նկարչության գույները գալիս են մեր գյուղից… Հայրս աշխատում էր դաշտում, ես հաց էի տանում նրան: Կարծում եմ՝ կարիք չկա, որ քեզ բացատրեմ, թե կանաչի քանի երանգ ունեն մեր դաշտերը, նկարագրեմ խոտերի միջից պստպստացող դաշտային ծաղիկների գույները, հիշեմ տերևների, քամու, տեսակ-տեսակ միջատների ձայներից հյուսված համանվագը: Այդ ամենը մեկ բառով կոչվում է Հայրենիք: Ես հենց այդտեղ էլ թաթախում եմ վրձինս:

Մեր տունը Դվինի ավերակների մոտ էր: Ես, դպրոցական երեխա, վերցնում էի ջրաներկն ու գնում էի ավերակների մեջ նկարելու: Դու եղե՞լ ես Դվինի ավերակներում:

«ԲԱՆԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է»-Իհարկե, անցյալը իր վեհությամբ, ուժով, փառքով շնչում է կողքիդ: Սյուները, խոյակները, զարդաքանդակները անչափ տպավորիչ են:

-Ես լողանում էի Խանդաղ գետում, որի երգը ու մաքրամաքուր փայլը արևի տակ՝ դառնում էին գույն ու պատկեր:

-Մերը Յոթ աբյուրի առուն էր, էլի փայլուն, քչքչան ու մաքուր:

-Գիտեմ, շատ եմ լողացել Յոթ աղբյուրի առվում: …Հետո Եսայի Մինասյան անունով մի նկարիչ եկավ մեր գյուղ, որ նկարի Դվինի ավերակները: …Հեռվում կանգնած՝ նայում էի հեքիաթային պատկերին, թե ինպես է նա հանում նկարակալը, վրձինը, ներկերը… Այդ օրը ես առաջին անգամ յուղաներկ տեսա, շնչեցի ներկի հոտը, ու իմ հոգում ինչ-որ բան կատարվեց: Երեկոյան աննկատ վերցրի լաթի կտորը, որով Եսայի Մինասյանը մաքրում էր ներկի մնացորդները: Գիշերներն արթնանում էի ու հոտ էի քաշում այդ լաթից: Ամեն մեկի հոգում կա մի ուժեղ տենչ, որին պիտի ծնվելու, մեծանալու, ճախրելու հնարավորություն տաս: Եթե բոլորը գտնեն այդ տենչը, աշխարում չարությունը կվերանա:

Իմ գերդաստանում շատ կային կիրթ, մտավորական մարդիկ: Նրանք հաճախ հավաքվում էին մեր տանը՝ գիտնականներ, բժիշկներ, լրագրողներ: Ես անշշուկ նստում էի մի անկյունում ու լսում նրանց զրույցները: Այ, դա էր դպրոցը, հոգու կրթության դպրոց էր: Մի օր էլ նրանցից մեկը տեսավ իմ նկարները ու տարավ «Պիոներ Կանչ» թերթում տպագրելու: Դա իմ առաջին ցուցադրությունն էր:

…Հետագայում ես ավարտեցի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, սկսեցի մասնակցել տարբեր ցուցահանդեսների: Իմ երիտասարդության տարիներին արվեստաբանները ոչ մի ցուցահանդես անարձագանք չէին թողնում: Եթե տաղանդավոր էիր, քեզ անմիջապես նկատում էին: Եվ ուղղորդում էին քո ճանապարհը՝ ավագի իմաստությամբ, մեծի խորհուրդներով:

-Խորհրդային գաղափարախոսությունը պատկերող պատվերներ չկայի՞ն:

-Խորհրդային գաղափարախոսության բասացական կողմերը ես այդպես էլ չտեսա: Այն ամենուր էր, նույնիսկ՝ կենցաղում: Մենք 5 երեխա ենք, ես ու քույրս՝ երկվորյակ: Պապաս ասում էր՝ ես հնգամյակը կատարիր եմ 4 տարում, ջամուկ եմ ունեցի: …Այո, պետական պատվերներն անպակաս էին: Ես ծաղիկներ էի նկարում էր՝ որպես ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի ներբող, խորհրդային տոներին իմ գյուղն էի նկարում՝ «Հայրենիք» վերնագրով… Անցյալից վերցրու լավը և փոխիր, ինչը վատ էր: Իսկ խորհրդային տարիներից մենք շատ բան ունենք սովորելու:

-Դուք բանակում ծառայե՞լ եք:

-Այո: Մեր խումբը զորահավաքակայանից պիտի գնար Գերմանիա: Մեկ էլ ինձ մոտեցավ մի սպա ու առաջակեց որևէ բան նկարել հանպատրաստից, իր ներկայությամբ: Ես նկարեցի, ու ինձ առաջակեցին ծառայել Լենինականի զորամասում: Իմ ծառայությունն անցավ նկարելով: Իհարկե, նաև վարժանքների էի մասնակցում, սովորում էի կրակել: Բանակը շատ կարևոր շրջան էր իմ կյանքում: Իհարկե, ես սահման չեմ պահել ծառայության ժամանակ, չեմ զգացել դիրքերում կանգնելու հպարտությունը, բայց համազգեստ եմ կրել:

-Ե՞րբ եք դուրս եկել միջազգային ասպարեզ:

-Իմ առաջին արտերկրյա ցուցադրությունը Դուբայում էր, որտեղ ներկայացել էի 15 կտավներով: Դրանք հաջողություն ունեցան ու մեծ գնով վաճառվեցին: Կարևորը՝ ես հասկացա, որ իմ հայկական գույներն ու հույզերը հարազատ են նաև օտարի հոգուն: Այնուհետև «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հատեճյանի հրավերով. 20 նկար առած՝ ես ու ընկերս ուղևորվեցինք Ստամբուլ: Բայց թուրք մաքսավորները արգելեցին մեր նկարների մուտքը իրենց երկիր՝ դրանք համարելով խորհդային պրոպագանդա: Ու մենք Թուրքիա մտանք դատարկաձեռն: Սակայն տեղի հայերը մեզ ապահովեցին անհրաժեշտ ամեն ինչով, որ կարողանանք նկարել: Սրահը, որտեղ նկարում էինք, ապակեպատ էր: Մի օր մեր դուռը թակեցին ու ասացին, որ մի մեծահարուստ թուրք տեսել է, որ նկարում ենք, ու պատրաստ է լավ գին վճարել մեր նկարների համար: Զարմացանք՝ ախր նա չի տեսել մեր նկարները, ինչո՞ւ է համոզված, որ դրանք արժանի են մեծ գնի: «Նա իմացել է, որ դուք հայեր եք, իսկ հայերը տաղանդավոր են, նրանք երբեք վատ գործ չեն անում»,- ասաց այցելուն:

-Պատմում են, որ Դուք մտերիմ եք եղել արաբ շեյխի աղջկա հետ: Դա անձնակա՞ն է, թե՞ կպատմեք:

-Անձնական ոչինչ չկա: Քուվեյթում իմ նկարների ցուցադրությանը ներկա էր նաև շեյխի դուստրը: Նա Եվրոպայում կրթված, արվեստասեր ու շատ զարգացած աղջիկ էր, արաբական հնաոճ իրերի թանգարան ուներ, որտեղ նաև կտավներ էին ցուցադրում: Արաբուհին հավանեց իմ կտավներից մեկը և ուզում էր գնել, սակայն տեղի հայերը իրենք գնեցին նկարը ու նվիրեցին շեյխի աղջկան: Հետո ես պալատում շեյխի աղջկա հետ ճաշելու հրավեր ստացա:

-Քանի՞ տարեկան էիք այդ ժամանակ:

-42 տարեկան: Դա շքեղագույն ու նրբաճաշակ մոդեռն դղյակ էր, որտեղ ինձ պատվեցին ամենաբարձր մակարդակով: Շեյխի աղջիկն ասաց, որ իր մորական տատը հայ է:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր կապը Ամերիկայի հետ, Դուք ամեն տարի ցուցադրություն եք կազմակերպում Նահանգներում:

– Ամեն ինչ սկսվեց 1999-ին, երբ իմ երևանյան ցուցահանդես այցելեցին ամերիկյան հիվանդանոցի բժիշկները, որոնգ օգնություն էին բերել մեր երկրին: Նրանցից մեկը՝ Ամերիկյան հոսպիտալային ցանցի սեփականատերը, ինձ մի նկար պատվիրեց՝ «Հույս» վերնագրով, կենտրոնական հոսպիտալում կախելու համար: Ես հայկական հրեշտակներ նկարեցի՝ մեր մանրանկարչության մոտիվներով, որը ամերիկացուն շատ դուր եկավ: Որոշ ժամանակ անց հրավեր ստացա Ամերիկայի հայ համայնքից՝ «Ալբերտ Բոյաջյան» ցուցասրահում ցուցադրվելու համար: Հենց այդտեղ էլ կրկին հանդիպեցի ամերիկացի բժշկին: Նա ինձ ընդմիշտ Նահանգներում մնալու առաջակություն արեց, խոստանալով հրաշալի կենցաղային պայմաններ ու նկարելու հնարավորություն, բայց ես հրաժարվեցի: Մենք պայմանավորվեցինք ապրիլին հանդիպել Նահանգներում ու որոշել հետագա համագործակցության ձևաչափը: Ապրիլին մենք պայմանավորվեցինք, որ ես ընդմիշտ Նահանգներում մնալու փոխարեն՝ կմնամ տարին երեք ամիս, կնկարեմ ու ցուցահանդեսից հետո կվերադառնամ Հայաստան:

«ԲԱՆԱԿԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է»-Դա բիզնես է, ոչ թե բարեգործություն, ես ճի՞շտ հասկացա:

-Այո, որը շահավետ է և ինձ, և ամերիկացի բժշկի համար: Իմ կտավները կախված են նրա բոլոր հիվանդանոցներում: Բժիշկը վստահ է, որ ֆիզիկական ախտերի ակունքը մարդու հոգում է, ու մարմինը բուժելուց առաջ պիտի հոգին բուժել: Նրա կարծիքով՝ գունային թերապիան ամենաարդյունավետն է:

-Իսկ Հայրենիքո՞ւմ…

-Ես մշտապես ցուցադրվում եմ Հայաստանում, ինն ամիս տանն եմ լինում: Ստամբուլում, մի թուրք արվեստաբան իմ կտավներից ներշնչված՝ ասաց. «Պիտի աշխարհում սահմաններ չլինեն»: Ես նրան պատասխանեցի. «Սահմանները դուք եք հորինել, Հայաստանը անսահման հայրենիք է, որովհետև նրա մշակույթը ձգվում է ժամանկի ու տարածության անսահմանության մեջ»: Այն օրերին, երբ ադրբեջանցիները հրետակոծում էին մեր հայրենիքի սահմանները, ես հիշեցի թուրք մտավորականի հետ իմ զրույցը: Ոչինչ չի կարող հաղթել հայրենիքիդ հանդեպ սիրուն: Այդ սերը այնպիսի մեծ ներուժ ունի, որի դիմաց աշխարի բոլոր զենքերն անզոր են: Մեզ մեր հոգևոր հայրենիքն է սնում: Իսկ այդ հայրենիքը շատ մեծ է, ամենամեծերից մեկն է աշխարհում: Իմ բանակը հոգևոր արժեք է: Իմ բանակը առաջին հերթին առաքինություն է, հետո՝ ուժ: Եթե իմ բանակն այդքան վեհ չլիներ, իմ գույներն այդքան վառ չէին լինի:

-Երբևէ նկարե՞լ եք բանակային թեմաներով:

-Իմ բոլոր նկարներում բանակը կա: Կա հպարտության գույներում, արժանապատվության, հաղթանակի, սիրո, անձնվիրության… Բանակը մեր կյանքի ամենակարևոր իրողություններից է, նրանով է ներծծված մեր ամեն օրը, մեր էությունն ու ինքնությունը:

-Դուք երկու հրաշալի միտք ասացիք՝ «Հայաստանը անսահման հայրենիք է» և «Բանակը հոգևոր արժեք է», ո՞րը ընտրենք՝ որպես մեր զրույցի վերնագիր:

-Բանակը հոգևոր արժեք է:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ